Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. Քիմիական անվտանգության ապահովումը խնդիր է նաև Հայաստանում. Ապրիլի 28-ը Քիմիական անվտանգության օրն է

ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ. Քիմիական անվտանգության ապահովումը խնդիր է նաև Հայաստանում. Ապրիլի 28-ը Քիմիական անվտանգության օրն է

Ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես քիմիական անվտանգոթյան օր: 1974թ. այդ օրը Նովոչեբոկսարսկի քիմիական զենքի գործարանում հսկայական հրդեհ է սկսվում զենքի նոր խմբաքանակի արտադրման ժամանակ: Այրվում են ավիացիոն ռումբեր` լցոնած թունավոր գազերով: Այս դեպքից հետո մարդկանց և հասարակական կազմակերպությունների ուշադրությունը սևեռվում է շրջակա միջավայրի քիմիական անվտանգությունն ապահովելու բարդ, բայց և անխուսափելի խնդրի վրա: Բազմաթիվ կենսաբաններ, էկոլոգներ, հասարակական կազմակերպություններ ապրիլի 28-ին մի շարք էկոլոգիական ակցիաներ են կազմակերպում, որպեսզի հասարակությունը ևս տեղյակ լինի անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքի մասին: Ռուսաստանում շրջակա միջավայրում մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորվում է ՌԴ սահմանադրությամբ:

 

Թե ինչպես է այս հարցը կարգավորվում Հայաստանում, ինչ ծրագրեր են իրականացվում և  ինչպես է ապահովվում անվտանգ միջավայրում ապրելու մարդու իրավունքը, փորձեցինք պարզել Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանի հետ:


–   Տիկին Սիմոնյան, անվտանգ շրջակա միջավայրում մարդկանց ապրելու իրավունքը երաշխավորվա՞ծ է Հայկական Սահմանադրությամբ, ինչպե՞ս:


–   Կան օրենսդրական մի շարք նորմեր, որոնք նախատեսված են մարդու առողջության պահպանման համար: Դրանք կարգավորում են այն հարցը,  թե ինչ պայմաններ է պետք ստեղծել, որպեսզի  արտաքին միջավայրը, տարբեր ազդակներ չկարողանան ազդել մարդու առողջության վրա: Դրա հիման վրա ենթաօրենսդրական տարբեր փաստաթղթեր են ընդունված: Առհասարակ, մեր հանրապետությունում շատ են փաստաթղթերը, որոնք նվիրված են մարդու առողջության պահպանմանը շրջակա միջավայրի տարբեր ազդակներից: Մեր կազմակերպությունը ավելի քան 13 տարի աշխատում է այս բնագավառում: Հիմնականում մեզ մոտ ընդգրկված են բժիշկներ, էկոլոգներ, սանիտարական բժիշկներ: Մենք աշխատում ենք ազդել թե´ կառավարության, թե´ անմիջական աշխատանքի միջոցով, որպեսզի կարողանանք պահպանել մարդու առողջությունը միջավայրի թունավոր նյութերի ազդեցությունից:


–   Ինչպիսի՞ն է այսօր միջավայրի, առանձին տարածքների, սննդամթերքի քիմիական աղտոտման իրավիճակը, ի՞նչ կառույցներ են զբաղվում այդ խնդիրներով:


–   Երկար ժամանակ մենք ուսումնասիրել ենք քիմիական նյութերի պարունակությունը սննդամթերքում, հիմնականում թունաքիմիկատների պարունակությամբ սննդամթերքի ուսումնասիրմամբ ենք զբաղվել: Պետք է նշել, որ ներկայումս գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատներ շատ ավելի քիչ են օգտագործում, իհարկե, պատճառներից է բավականին թանկ լինելը,  և գործածության մեջ են մտնում տարբեր տեսակի ազոտական պարարտանյութեր: Շատ բարդ աշխատանքներ են տարվել գյուղերում, որպեսզի ազոտական կամ մեկ այլ քիմիական պարարտանյութ փոխարինվի օրգանական պարարտանյութով, քանի որ օրգանական պարարտանյութերը վնասակար չեն մարդկանց առողջության և արտաքին միջավայրի համար:  Վերջին տարիներին կատարած աշխատանքներից մեկն ուղղված էր ձմերուկի մեջ նիտրատների պարունակության ստուգմանը: Բավականին բարձր թվեր էինք ստանում, իսկ դա հիմնականում սելիտրայի օգտագործման հետևանքներն են: Այդ պատճառով էլ ամեն տարի Հայաստանում գրանցվում են մի շարք թունավորումներ` մասնավորապես ձմերուկի կիրառումից:


Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյան–   Ի՞նչ մեթոդներ, միջոցառումներ են իրագործվում քիմիական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:


–   Հանրապետությունում շատ վաղուց սկսել են զբաղվել, հետաքրքրվել օրգանական գյուղատնտեսության զարգացմամբ: Եթե ոչ լրիվ օրգանական, ապա  այլընտրանքային նյութերով` բուսական և այլ նմանատիպ առողջությանը վնաս չհասցնող թուրմերով:


–   Մեզ մոտ` Հայաստանում, քիմիական անվտանգության ապահովումը (ինչպես մարդկանց, այնպես էլ բնության) համարվու՞մ է գլխավոր համապետական խնդիր, և ի՞նչ ծրագրեր են գործում կամ նախատեսվում` ուղղված մարդկանց կյանքի որակի բարելավմանը: 


–   Համապետական խնդիր է համարվում, քանի որ Հայաստանում բավականին զարգացած է արդյունաբերությունը: Մետալուրգիական, քիմիական արդյունաբերությունը և գյուղական միջավայրում քիմիայի օգտագործումը մշակումների ու տարբեր ոլորտների  համար, ինչ խոսք, պետք է հետաքրքրի մարդկանց:  Դաշտում շատ են օրենսդրական ակտերը, ցուցումները, նախագծերը: Դա վերաբերում է ինչպես  քիմիական արդյունաբերությանը, այնպես էլ գյուղատնտեսությանը, խաղալիքներին, կոսմետիկ նյութերին, հողին, ջրին, օդին, Դրանք երևույթներ են, որոնք անպայման թողնում են որոշակի ազդեցություն մարդու առողջության վրա: Բավականին երկար տարիներ աշխատելով տարբեր շրջաններում, ընդգրկելով տարբեր կառույցներ, կազմակերպություններ, նաև` հասարակական, փորձում ենք ներազդել այդ հարցերի շուրջ:  Այժմ մի ծրագրի վրա ենք աշխատում, փորձում ենք ուսումնասիրել երեխաների համար նախատեսված խաղալիքները, ստուգել նրանց անվտանգությունը, վնասակար ազդեցություը երեխաների վրա: Նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններ համախմբված են այս ծրագրի շուրջ: Վերջերս միջազգային ֆորում  կայացավ, որի ընթացքում  քննարկվեցին նշված հարցի շուրջ առաջացող խնդիրները, վիճահարույց հարցերը: Անելիքներ դեռ շատ կան: Միջավայրի քիմիական անվտանգությունը մշտապես արդիական խնդիր է և ուսումնասիրվում է փորձագետների, բնապահպանների ու  մի շարք կազմակերպությունների կողմից:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ