Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

Օձերն ակտիվացել են. Ի՞նչ օգնություն ցուցաբերել տուժածին

Օձերն ակտիվացել են. Ի՞նչ օգնություն ցուցաբերել տուժածին

Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 7 դեպք: Մահվան ելքով դեպքեր, բարեբախտաբար, չկան: Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները և մարզերում, և Երևանում ապահոված են անտիգյուրզինով: Դեղորայքով ապահովածության վերաբերյալ տվյալներին, ըստ մեր զրուցակիցի, ԱՆ-ում տիրապետում են: Օձի խայթոցի 4 դեպք գրանցվել է Արագածոտնում, մեկը` Վայոց Ձորում, երկուսը` Կոտայքում:

Մ. Հարությունյանը հիշեցրեց, որ այն ձեռք է բերվում բուժհաստատության միջոցներով, իսկ քաղաքացիներին` որպես անհետաձգելի բուժօգնություն իրականացվում է անվճար: Սպասվում է, որ մինչև հունիսի 10-ը նոր չափաքանակ է ներկրվելու:
Քանի որ հանրապետության տարածքում մայիսի վերջերից սկսում են ակտիվանալ օձերը, ԱՆ պաշտոնյան քաղաքացիներին հորդորեց ավելի զգույշ ու ուշադիր լինել:

Նշենք, որ թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում է թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերք, որոնց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած մանր հետքեր: Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են երկայնական դասավորված կետիկներ: Տեսակի առումով առավել վտանգավոր են գյուրզաները` հատկապես ամռանը:

Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղից և խորությունից: Առավել վտանգավոր են պարանոցի ու գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում: Լուրջ են նաև իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում:
Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում անհրաժեշտ է սեղմել կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից: Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելն անհրաժեշտ է դադարեցնել, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս: Անհրաժեշտ է նաև հանգստացնել տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը:

Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում: Այդ ընթացքում տուժածին պետք է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն: Կտրականապես արգելվում է արտածծել թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել օրգանիզմ: Կծած տեղի շրջանում կտրվածքներ չի կարելի կատարել կամ այրել կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը:
Հայաստանում հանդիպում է 21 տեսակի օձ, որոնցից թունավոր են միայն 4-ը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան:

Առողջապահության պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2008 թվականին Հայաստանում օձի խայթոցի հետևանքով ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստացել 135 բնակիչ` որից 119-ը մեծահասակ, 8-ը 0-14 տարեկան երեխա, 8-ը դեռահաս: Բացի այդ, 35 մարդ նույն խնդրով դիմել են ամբուլատոր բուժհաստատություններ: 2009 թվականին օձի խայթոցի հետևանքով ստացիոնար պայմաններում բուժօգնություն է ստացել 110 բնակիչ` որից 92-ը մեծահասակ, 9-ը 0-14 տարեկան երեխա, 9-ը դեռահաս: Նույն ժամանակահատվածում 21 հոգի դիմել են ամբուլատոր բուժհաստատություններ:
 
2004-ին Հայաստանում օձի խայթոցից տուժել է 67 մարդ, նրանցից 5-ի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել: 2005-ին` 50 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 20-րդ դարում օձի խայթոցից տուժել է կես միլիոն մարդ, որից միայն 300 հազարը` Հնդկաստանում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ