ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական ցիկլը հաջողությամբ ավարտելուց հետո, դիպլոմներ են ստանում անհետաձգելի բժշկության ոլորտի առաջին շրջանավարները:
Դեռևս Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Յելի համալսարանի բժշկական դպրոցի (ֆակուլտետի) անհետաձգելի բժշկության ամբիոնի դոցենտ, Գլոբալ առողջապահության և Միջազգային անհետաձգելի բժշկության ստորաբաժանման դասախոս Շարոն Չեքիջյանը խոսել էր անհետաձգելի բուժօգնության ծրագրի մասին: Ինչպես և նախատեսված էր, ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱՆ ակատեմիկոս Ս. ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ, որին մասնակցել և ներկայում դիպլոմ են ստանում 10 շրջանավարտ` հետագայում իրենց գիտելիքը գալիք սերնդին փախանցելու ակնկալիքով։
Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան կազմակերպիչներ, շրջանավարտներ, հյուրեր:
Հանդիսավոր բացման առաջին խոսքը տրվեց Շարոն Չեքիջյանին, ով ջանք չի խնայել Հայաստանում անհետաձգելի բժշկության որակը հասցնելու միջազգային չափանիշների:
«Շնորհակալություն բոլոր ներկաներին, առաջին հերթին` շրջանավարտներին, պատվարժան հյուրերին, առողջապահյության նախարարության ներկայացուցիչներին: Այսօր նշում ենք կարևոր իրադարձություն, ամփոփում ենք իրականացված մի ծրագիր, որը Հայաստանի առողջապահության ապագայի հիմնաքարերից է:
Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կրթում ենք բժիշկների, որոնք նեղ մասնագիտացված են անհետաձգելի բժշկության մեջ: Այսօր արդեն ունենք 10 բժիշկ` Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից և մարզերից, ովքեր 18 ամսվա ընթացքում անցել են առկա և հեռավար դասընթացներ, միաժամանակ, շարունակել բժշկի պարտականություններն աշխատավայրում:
Սա կարևոր իրադարձություն է մեր և շրջանավարտների համար` որպես շրջադարձային կետ անհետաձգելի իրավիճակների համար:
Հայաստանն ունի մեծ ձեռքերումներ, սակայն առկա են նաև խնդիրներ: Վերջին տարիներին տեսել ենք քովիդ, պատերազմ, ուստի անհետաձգելի բուժօգնությունն անհրաժեշտ է` լուծելու ազգային անվտանգության կարևորագույն խնդիր: Հայաստանի անհետաձգելի բուժօգնության ոլորտում լուծումներ պահանջող խնդիրները բազմաթիվ են, այս գործընթացը` հրատապ, որն իրականություն չէր դառնա, եթե չլիներ մեր հեռատեսությունը և համագործակցությունը:
Շնորհակալություն առողջապահության նախարարությանը, առողջապահության ազգային ինստիտուտին, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքին, ովքեր աջակցեցին ծրագրի իրագործմանը: Շնորհակալ եմ մեր շրջանավարտներին, որ հավատացել են մեր ուժերին: Շնորհակալություն մասնակիցներին, որ օգնել են այս կրթական ծրագիրը ճիշտ կազմակերպելու հարցում»:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանը, ով ելույթի շրջանակում շնորհավորեց` ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ:
«Լիահույս եմ, Յելի Բժշկական դպրոցի գործընկերների աջակցությամբ և մասնակցությամբ մշակված ու իրականացված անհետաձգելի օգնության կրթական ծրագիրը համալրել է ծրագրի մասնակից բժշկի մասնագիտական հմտություններն ու գիտելիքները և մոտեցրել նրանց ընդունված առողջական չափանիշներին: Համոզված ենք, որ կշարունակեք ձեր մասնագիտական գործունեությունն` ի նպաստ առողջապահական համակարգի և մեր ազգաբնակչության առողջության բարելավման»:
Ելույթով և շնորհավորանքով հանդես եկավ ՀՀ ԱՆ ակատեմիկոս Ս. ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը.
«Տարիներ առաջ, հավաքված, խոսում էինք շատ կարևոր ծրագրի մասին, և իմ սիրելի ընկեր դոկտոր Գևորգ Յանջյանը միտք արտահայտեց` նոր ծրագիր, որում ներգրավված լինեն հմտություններ տիրապետող մասնագետներ` Հայաստանում զարգացնելու անհետաձգելի բժշկությունը` իրենց փորձը փոխանցելով հայ գործընկերներին:
Եվ, ահա, այսօր` 2 տարի անց, իրականացվեց ծրագրի առաջին փուլը: Շնորհակալ եմ ծրագրի ստեղծմանը և մեր ինստիտուտում դրա ներդրմանը մասնակից մեր գործընկերներին:
Շնորհակալություն առողջապահության նախարարությանը, որն օժանդակեց ծրագրի իրականացմանը, բուժհաստատություններին, որոնք առաջարկեցին իրենց ներկայացուցիչներին` Երևանից և մարզերից, շնորհակալություն ընկերոջս՝ Գևորգ Յաղջյանին, որովհետև նրա միտքը միշտ մեր ինստիտուտի հետ է»:
Ի պատասխան Ալեքսանդր Բազարչյանի ելույթի, բ.գ.թ, պլաստիկ վիրաբույժ, ներկայում ամերիկաբնակ Գևորգ Յաղջյանը շնորհակալություն հայտնեց բոլորին.
«Այո՛, իմ սիրտը Երևանի պետական բժշկական համալսարանում է, իսկ մտքերս և գործերս Հայաստանի, Ազգային ինստիտուտի հետ են: Մենք գործընկերներ ենք և փորձում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում նաև կնոջս` Շարոնին, ով 18 ամիս շաբաթ-կիրակիներ չի ունեցել, և կրթել է ուսանողների առաջին խումբը, որոնք այսօր ավարտում են»: