ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը», «Հայկական բժշկական միջազգային կոմիտեն», «Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը» և «Իվենչր գլոբալ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են «Գլխացավերի իրազեկման արշավ», որը նվիրված է աշխարհահռչակ բժիշկ և գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յես Օլեսենին:
Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-12-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» կայացել է ՇՄԶ կրեդիտավորված միջազգային գիտաժողով` շուրջ 1000 հայ բժշկի մասնակցությամբ, որի շրջանակում կազմակերպված «Healthcare EXPO Armenia 2024» առողջապահական ցուցահանդեսին քաղաք Երևանից և ՀՀ մարզերից մասնակցել են 150 և ավելի առողջապահական ընկերություններ:
Ա. Ավետիսյանը պատմեց, որ գիտաժողովին` որպես թիրախային լսարան, դիտարկվել են թերապևտները, ընտանեկան բժիշկները, նյարդաբանները, նյարդավիրաբույժները և ճառագայթային ախտորոշման մասնագետները, սակայն, հաշվի առնելով թեմայի արդիականությունը, մասնակցել են բժշկական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցչները:
Արշավը նախատեսել է բազմաթիվ շնորհանդեսներ, մշակութային և այլ միջոցառումներ․ ֆիլմի պրեմիերաներ, գրքի շնորհանդես՝ «100 հարց գլխացավերի մասին» (հայ բժիշկների և Յես Օլեսենի հեղինակած), մրցանակաբաշխություն և այլն: Գիտաժողովին հրավիրված են անվանի ու մեծ համբավ ունեցող արտասահմանցի, այդ թվում` հայազգի բժիշկներ:
«Մեծ փորձ ունեցող միջազգային ասոցիացիաների հետ համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք բարձրացնել տեղացի գործընկերների մասնագիտական մակարդակը, ինչը, իր հերթին, կբերի մեր ազգաբնակչության բժշկական օգնության մատուցման որակի բարելավմանը: Գլխացավը` որպես երևույթ Հայաստանում, շատ քիչ է ուսումնասիրվել, և այս միջոցառման շնորհիվ մենք կկարողանանք քննարկումների շարք կազմակերպել հրավիրյալ պրոֆեսորի հետ։ Հուսով ենք, որ այս քննարկումները շարունակական կլինեն»,- ընդգծեց «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» նախագահը։
Ավետիս Ավետիսյանը նշեց նաև․ «Մեր հիմնական նպատակը գլխացավի մասին աղմուկ բարձրացնելն է։
Հստակ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում այս հարցը ճիշտ չի գնահատվում, ինչպես դա կատարվում է եվրոպական առաջադեմ երկրների մեծ մասում։ Ուստի մեր առաքելությունն է օգտագործել կառուցողական մեթոդ՝ հայտնի մասնագետների ներգրավմամբ, մեր բժիշկների շրջանում այս խնդրի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու համար»։
Մասնագետը բացատրում է, որ գլխացավը միայն մեկ խնդիր չէ։ «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք դա համարում ենք մեկ երևույթ։ Գոյություն ունի գլխացավերի միջազգային դասակարգում, որի հեղինակը մեր հյուր բանախոսն է։ Այս դասակարգման մեջ մանրամասն նկարագրված են առաջնային և երկրորդային գլխացավերը և դրանց ենթատեսակները, իսկ կլինիկաներում ախտորոշում կատարելիս մեզանից պահանջվում է պահպանել միջազգային ուղեցույցները»,- ասաց Ավետիս Ավտիսյանն ու հավելեց. «Գլխացավերի առաջնային պատճառների ախտորոշումը հատուկ ծախսեր կամ տեխնիկական հնարավորություններ չի պահանջում: Երբ խոսքը վերաբերում է երկրորդական պատճառների ախտորոշմանը, մենք, իսկապես, ունենք լավ բժշկական սարքավորումներ, բայց, միևնույն ժամանակ, կա գիտելիքի և կիրառվող տեխնիկայի պակաս: Այս խնդրի լուծման հաջողության բանաձևը կրթությունն է, ինչով էլ մենք զբաղվում ենք»։
Գլխացավի տեսակների դասակարգման մասնագետ, դանիացի պրոֆեսոր Յես Օլեսենը մեզ հետ զրույցում ասաց, որ գլխացավն այսօր շարունակում է խնդիր լինել, քանի որ երկար ժամանակ այն, մեղմ ասած, թերագնահատված է եղել։
«Վերջին 50 տարվա ընթացքում գլխացավերի մասին գիտելիքները զգալիորեն ավելացել են և աջակցվում են գիտական հետազոտություններով, սակայն գլոբալ մասշտաբով դեռևս կա գիտելիքների, ներառյալ գործնական փորձի պակաս: Սրանից հետևում է, որ խնդիր կա, բայց լուծումները հետ են մնում։
40 տարի առաջ մենք միգրենի մասին մտածում էինք որպես հոգեկան հիվանդություն, որն ազդում է միայն կանանց վրա: Նոր գիտելիքների և պրակտիկայի հիման վրա մենք սկսեցինք ճիշտ ախտորոշել, և պարզվեց, որ այս հիվանդությունը հոգեկան չէ, այլ ունի նյարդամոլեկուլային պատճառներ՝ կապված արյան շրջանառության խանգարումների և այլ գործոնների հետ։ Այս հիվանդությունն ունի տարբեր ենթատեսակներ, որոնք տարբերվում են իրենց ախտանիշներով։ Մենք չունենք բավարար դեղեր բոլոր տեսակի միգրենների դեմ պայքարելու համար: Եթե կա դեղերի հասանելիություն, ապա այլ խնդիրներ են առաջանում՝ որոշ երկրներում դեղերը հասանելի են, իսկ որոշ երկրներում՝ ոչ։ Նույնիսկ եթե երկրում առկա է ճիշտ դեղը, բժիշկը կարող է այն չնշանակել կամ նշանակել, իսկ հիվանդն իր հերթին` կարող է այն սխալ ընդունել: Այս բոլոր խնդիրներն ազդում են բուժման որակի վրա։ Սակայն, ներկայում, այս ոլորտում մենք զգալի առաջընթաց ունենք»,- եզրափակեց պրոֆեսորը: