Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Եգիպտացորեն՝ սովորական - Кукуруза обыкновенная- Zea mays L.

Եգիպտացորեն՝ սովորական  - Кукуруза обыкновенная- Zea mays L.

Եգիպտացորենի սռնակներում հայտնաբերվել են ճարպային, եթերային յուղեր, խեժեր, դառը գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, K վիտամին, կարոտինոիդներ, գլիկոկինիններ, սիտոստերոլ, ստիգմաստերոլ: Հատիկները պարունակում են 61% օսլա, 6% ճարպայուղ, B1, B2, B6 վիտամիններ, հանքային նյութեր` K, Ca, P, Mg, Fe և այլն:

 

Եգիպտացորենը հացազգիների ընտանիքին պատկանող մշակովի, միամյա խոտաբույս է: Եգիպտացորեն մշակել են դեռևս հնագույն ժամանակներում` Մեքսիկայի տարածքում: Եվրոպայում եգիպտացորենը հայտնվեց Քրիստափոր Կոլումբոսի շնորհիվ: Վերջինս Հարավային Ամերիկա կատարած ճանապարհորդությունից վերադառնալով Իսպանիայի թագավորին նվիրեց այնտեղից բերված եգիպտացորենը: Ընդամենը 30 տարի պահանջվեց, որպեսզի այս բույսը տարածում գտնի Պորտուգալիայից մինչև Չինաստան, իսկ 70 տարի անց այն գրավեց ամբողջ աշխարհը:

 

Բուժման նպատակով օգտագործում են եգիպտացորենի` կաթնային հասունության փուլում գտնվող կողրերից հավաքված թելիկանման սռնակները, որոնք պետք է 1-2 օր պահել սառնարանում, քանի որ հատիկներում պարունակվող շաքարն անմիջապես վերածվում է օսլայի: 

 

Եգիպտացորենը կարելի է համարել լիարժեք սննդամթերք և ընդգրկել ամենօրյա սննդակարգում: Նույնիսկ պահածոյացված վիճակում նրա մեջ պահպանվում է օգտակար հանքային նյութերի զգալի մասը: Ամենակարևորն այն է, որ եգիպտացորենը էկոլոգիապես մաքուր սննդամթերք է, քանի որ աճման ընթացքում նրա մեջ նիտրատներ չեն կուտակվում: Եգիպտացորենի ալյուրից պատրաստված շիլաները նվազեցնում են աղիքներում ընթացող խմորումները:

 

Գիտական, ինչպես նաև ժողովրդական բժշկության մեջ որպես դեղահումք օգտագործում են եգիպտացորենի սռնակները: Լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդությունների, լեղաքարային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում խմել սռնակներից պատրաստված ջրաթուրմը կամ եփուկը` որպես միզամուղ, քարերը տարրալուծող և հեռացնող միջոց:

 

Ջրաթուրմի պատրաստումը: 10 գ չորացրած սռնակը 15 րոպե թրմեք 200 գ եռացրած ջրում, քամելուց և հովացնելուց հետո խմեք 1-2 ճաշի գդալ, օրը 4-5 անգամ, 3 ժամը մեկ:

 

Եփուկի պատրաստումը: Մեկ ճաշի գդալ սռնակին ավելացրեք կես բաժակ ջուր, փակ ամանում եռացրեք 30 րոպե, քամելուց և հովացնելուց հետո խմեք 1-2 ճաշի գդալ, օրը 4-5 անգամ` ուտելուց առաջ:

 

Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում եփուկն օգտագործել նաև սակավարյունության, սրտային կամ երիկամային անբավարարության հետևանքով առաջացած այտուցների դեպքում: Բուժման արդյունքում խթանվում է լեղու արտազատումը, փոփոխվում է նրա որակական կազմը` նվազում են լեղու մածուցիկությունը և բիլիռուբինի պարունակությունը: Սռնակները հատկապես արդյունավետ են լեղու թերարտազատության դեպքում:

 

Եգիպտացորենի սռնակները միզաքարային հիվանդության, միզուղիների բորբոքային հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման, այտուցների դեպքում օգտագործում են որպես միզամուղ միջոց, ինչպես նաև` տարբեր բնույթի արյունահոսությունների ժամանակ: Եգիպտացորենում պարունակվող գլիկոկինինները կարգավորում են ածխաջրատային փոխանակությունը, որի շնորհիվ կարգավորվում է արյան մեջ շաքարի պարունակությունը, իսկ ֆիտոհեմագլուտինիններն օժտված են հակաուռուցքային ազդեցությամբ. փորձագիտական տվյալներով, մանրացրած հատիկների հանուկը արգելակում է ուռուցքային բջիջների աճը:

 

Լյարդի բորբոքումների ժամանակ օգտակար է կես տարվա ընթացքում խմել եգիպտացորենի սռնակներից պատրաստված թեյ, իսկ աղիքային հիվանդությունների դեպքում` եգիպտացորենի խոշոր աղացած ալյուրից պատրաստված եփուկը. օրը 2-3 անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց առաջ:

 

Քրոնիկական հեպատիտի` լյարդաբորբի ժամանակավոր մեղմացման` ռեմիսիայի ժամանակ օգտակար է եգիպտացորենի սռնակներից պատրաստված ջրաթուրմը. մեկ ճաշի գդալ սռնակը 1 ժամ թրմեք 1 բաժակ եռացրած ջրում, քամեք, խմեք 1 ճաշի գդալ, 3 ժամը մեկ: Նույն նպատակով կարելի է օգտագործել նաև եգիպտացորենի ձեթը: Քաղցած վիճակում օրական խմեք 1 ճաշի գդալ եգիպտացորենի ձեթ, որը կնպաստի լեղու արտազատմանը, արյան շիճուկում խոլեստերինի քանակի նվազմանը, լեղապարկի ֆունկցիայի բարելավմանը, աթերոսկլերոզի կանխարգելմանն ու բուժմանը:

Հեղինակ. դոցենտ Կարինե Դումանյան, դոցենտ Ելենա ՄԵԼԻՔՅԱՆ Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medgrasses.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ