Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ՀՀ ԱՆ. Առողջ ապրելակերպն ու Իմունականխարգելման ազգային ծրագիրն` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Առողջ ապրելակերպն ու Իմունականխարգելման ազգային ծրագիրն` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարության կողմից զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար Ծաղկաձորում ընթացող դասընթացի երկրորդ օրը  ներկայացվեցին առողջ ապրելակերպին և  Իմունականխարգելման ազգային ծրագրին վերաբերող հարցեր:  

 

Խոսելով առողջ ապրելակերպի և ոչ վարակիչ հիվանդությունների մասին` հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինա Գյուրջյանը նշեց, որ առողջ ապրելակերպն  առաջին հերթին ենթադրում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող համալիր միջոցառումներ, որոնք կարող են կանխել և նվազեցնել հիվանդացության և վաղաժամ մահացության աճը:

 

«Այդ միջոցառումների  նպատակն առողջության բարելավումն ու ամրապնդումն է»,- ընդգծեց նա` ներկայացնելով միջազգային փորձը:

 

Եվրոպական երկրներում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան ընդհանուր դեպքերի  80 տոկոսի պատճառ են: Դրանցից 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին,  20-ը` չարորակ նորագոյացություններին,  8 տոկոսը` վնասվածքներին և թունավորումներին:

 

Հայաստանում բնակչության մահացության պատճառների կառուցվացքում ոչ վարակիչ հիվանդությունները  կազմում են շուրջ  90 տոկոս: Այդ թվում` արյան շրջանառության համակարգի հիվանդությունները`  48, չարորակ նորագոյացությունները` 19.9, մարսողական օրգանների համակարգի  հիվանդությունները` 6.3, վնասվածքները և թունավորումները` 4.9, իսկ շաքարային դիաբետը` 4.8 տոկոս:  Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումների շարքում հանրային առողջապահության մասնագետը ներկայացրեց ռազմավարությունը, օրենսդրական դաշտը և իրականացվող միջոցառումները։ Բանախոսը կարևորեց պայքարը ծխելու,  ալկոհոլը չարաշահելու, անառողջ սննդի, ֆիզիկական թերակտիվության, ավելորդ քաշի և այլ ռիսկերի դեմ։  Բնակչության կրթումը,  առողջության բոլոր ռիսկերի բացահայտումը և հիվանդությունների համախտանիշների վաղ փուլերի հայտնաբերումը  և բուժումը նույնպես  անհրաժեշտ միջոցառումների թվում են:

 

ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար  Գայանե Սահակյանը ներկայացրեց Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը, նոր մարտահրավերներն ու խնդիրները: Խոսելով վարակիչ հիվանդությունների արմատական վերացման և վերահսկման մասին` նա նշեց , որ 1995 թվականից ի վեր մեր երկրում պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվել: 2000 թվականից չի արձանագրվել նաև դիֆթերիայի դեպք ( 1994-1995թթ. բռնկումից հետո իրավիճակը կայունացել է):  2007 թվականից չեն արձանագրվում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, իսկ խոզուկը` միայն եզակի դեպքերով է արտահայտվում։

 

2013- 2014թվականներին  գրանցվել է կարմրուկի 11  դեպք, բոլորը` համաճարակաբանորեն կապված Վրաստանի և Ռուսաստանի հետ:

 

Գայանե Սահակյանը, անդրադառնալով   2008-2014թթ. ընդգրկվածությանը,  փաստեց,  որ նպատակային տարիքային խմբերի պատվաստումների ենթակա երեխաների 90 տոկոսից ավելին ստանում են իրենց  անհրաժեշտ պատվաստումները: Իր զեկույցում նա  ներկայացրեց նաև  պնևմակոկային պատվաստումների ներդրման ընթացքը:

 

Բանախոսը նշեց, որ հաճախ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ թյուր կարծիքներ  են հնչում, որոնց ի պատասան հանրային առողջապահության մասնագետները, լրագրողները  հանրային իրազեկման մշտական պահանջարկ են իրականացնում նաև սոցիալական ցանցերում:  Գայանե Սահակյանը մասնավորապես շնորհակալություն հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղարեչյանին Ֆեյսբուքում «Իմ բալիկը» խումբը բացելու համար, որը կարծիքների և փորձի փոխանակման  հարթակ է  դարձել:

 

Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին, առողջապահական այլ ծրագրերի:  

 

Ամփոփելով աշխատանքները` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց  ակտիվ մասնակցության, կարծիքների փոխանակման համար: Նա կարևորեց նման հանդիպումների շարունակականությունը:  

 

Սեմինարի առաջին օրը` դեկտեմբերի 20-ին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի մասնակցությամբ  քննարկվեց ցորենի ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը:  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային առողջապահության մասնագետներ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ