Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Արցախում ստեղծվում են բարենպաստ պայմաններ բժշկական կադրերի ապրելու և աշխատելու համար

Արցախում ստեղծվում են բարենպաստ պայմաններ բժշկական կադրերի ապրելու և աշխատելու համար

Հարցազրույց ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանի հետ։

 

–  Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական համակարգը սկսել է ձևավորվել և զարգացում ապրել անցած 20 տարիների ընթացքում: Պատերազմից քայքայված տնտեսություն ունեցող երկիրն ինչպե՞ս կարողացավ իր մեջ ուժ գտնել վերականգնելու ոչ միայն տնտեսությունը, այլև առողջապահության համակարգը:

 

–  Մինչև 1992 թ. Լեռնային Ղարաբաղի առողջապահությունը ղեկավարվում էր ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի կազմում գործող առողջապահության բաժնի կողմից: 1992 թ. ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի կարգադրությամբ առողջապահության բաժինը վերակազմավորվեց առողջապահության նախարարության: 2004 թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը:

 

2005 թ. առողջապահության նախարարության աշխատակազմում ձևավորվեց պետական առողջապահական գործակալությունը, 2006 թ.` պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը: Նախարարության ձևավորման սկզբնական փուլերում բացակայում էր իրավական դաշտը, որն աստիճանաբար ստեղծվեց և որի կատարելագործման ընթացքը շարունակական բնույթ է կրում: Լուրջ դժվարություններ առաջ եկան նաև այն ժամանակ, երբ փոխվեց բուժհիմնարկների կարգավիճակը և անցում կատարվեց դեպի փակ բաժնետիրական ընկերություններ ու պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղում գործող բոլոր բուժհիմնարկներն ամբողջովին պետական ենթակայության են:

 

–  ՀՀ առողջապահությունը զգալիորեն նպաստել է ԼՂՀ առողջապահության համակարգի ձևավորմանը: Շարունակվու՞մ են, արդյոք, կապերը նրա հետ և ինչպիսի՞ն է համագործակցության մակարդակը, համատեղ ի՞նչ ծրագրեր են իրականացվում:

 

–  ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, սակայն դա չի նշանակում, որ այն առավել սերտացնելու հնարավորություններ չկան: Տարվա ընթացքում որոշակի թվով հիվանդներ (Արցախի բնակիչներ) պետական պատվերի շրջանակներում դժվարամատչելի ու թանկարժեք հետազոտություններ են անցնում Երևանում, ինչպես նաև բուժվում առաջատար կլինիկաներում: ԼՂՀ-ի բժշկական կադրերի հետդիպլոմային ուսուցումը, ինչպես նաև որակավորման դասընթացները կազմակերպվում են ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում: Կանխարգելիչ պատվաստանյութերի զգալի մասը, նաև` բարեգործական հիմունքներով ստացված հատուկ դեղորայքը տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պարբերաբար կազմակերպվում են առաջատար մասնագետների այցեր ԼՂՀ: Իրավական ակտերի դաշտում ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատվական օգնությունը խիստ կարևոր է մեզ համար: Բացի վերը նշվածներից, գործում են նաև բազմաթիվ այլ ծրագրեր:

 

–  Թվարկեք, խնդրեմ, այն հաջողությունները և դեռևս լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք կան առողջապահության ոլորտում: Համակարգի զարգացման ի՞նչ ծրագրեր են նախատեսվում:

 

–  Մեծ ձեռքբերում կարելի է համարել այն, որ բժշկությունը մատչելի է բոլորի համար: Առաջնային օղակի բժշկական օգնությունը, ինչպես ՀՀ-ում, անվճար է ամբողջ բնակչության համար, առանց բացառության: Ստացիոնար բուժօգնությունից անվճար օգտվում է բնակչության մի ստվար հատված, իսկ այն անձանց համար, որոնք ընդգրկված չեն այս կամ այն սոցիալապես անապահով խմբի մեջ, հաջողվել է պահպանել բուժծառայությունների մատուցման մատչելի վճարներ: Ձեռքբերում կարելի է համարել նաև այն, որ քրոնիկական ընթացք ունեցող, սոցիալական գործոններով պայմանավորված որոշակի հիվանդություններով հիվանդների համար դեղորայքի ձեռք բերման հարցում առկա է պետական շոշափելի աջակցություն, որի շնորհիվ հաջողվում է որոշ չափով կանխել հիվանդությունների բարդությունները: 

 

Լուրջ թերություններից կարելի է նշել ժամանակակից բժշկության հետ ոչ համահունչ զարգացումը, որը, անկասկած, իր ազդեցությունն է ունենում բժշկական սպասարկման որակի վրա: Իհարկե, հասկանալի է, որ դա ֆինանսական մեծ միջոցների հետ է կապված և հեշտ չէր հայթայթել հետպատերազմյան շրջանում, սակայն հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ հարցը ևս կլուծվի:

 

–  Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ առկա են ԼՂՀ առողջապահության ոլորտում և ինչպե՞ս պետք է հասնել դրանց լուծմանը:

 

–  Առկա հիմնական խնդիրները կարելի է բաժանել 4 խմբի` բուժհիմնարկների շենքային պայմաններ, բուժսարքավորումներով թերի հագեցվածություն, կադրերի սակավություն, ֆինանսավորման ոչ կատարյալ մեխանիզմներ:

 

Նշված բոլոր ուղղություններով կատարվել և կատարվում են աշխատանքներ: Այսպես, Հադրութում և Մարտակերտում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և կառուցվել են նոր հիվանդանոցներ, ընթացքի մեջ է Մարտունու և Քաշաթաղի հիվանդանոցների շենքերի կառուցումը: Ստեփանակերտում ավարտին են մոտենում հանրապետական բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները` նույնպես բարեգործական հիմունքներով: Ակնկալվում է, որ այն կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որին կնպաստեն ինչպես բարեգործական կազմակերպությունները, այնպես էլ պետական կառույցները: Մեծ ուշադրություն է դարձվում կադրերի պատրաստման, վերապատրաստման ու կատարելագործման գործընթացներին, ստեղծվում են բարենպաստ պայմաններ Արցախում բժշկական կադրերի ապրելու և աշխատելու համար: Պետական ֆինանսավորման դաշտում մշակվում են ծրագրեր ոչ հեռու ապագայում առողջության պետական պարտադիր ապահովագրական համակարգին անցնելու համար: 

 

–  «Առողջապահություն» հանդեսը, որը ժամանակին մեծ տպաքանակով առաքվում էր նաև ԼՂՀ բաժանորդներին, 55 տարեկան է, ի՞նչ կմաղթեիք հանդեսին:

 

–  Հանդեսին մաղթում եմ հարուստ ստեղծագործական ուղի և ընթերցողների առավել լայն շրջանակ:

 

Հեղինակ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ