Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեռական առողջության համաշխարհային օրվա առիթով հարցազրույց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ

Սեռական առողջության համաշխարհային օրվա առիթով հարցազրույց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ առիթով զրուցեցինք ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ:

- Նման օր մեզ պե՞տք է, կամ ի՞նչ կտա այն մեզ:

- Կարծում եմ՝ պետք է: Սեռական առողջությունն ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից եւ հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսեւորման աստիճանը։ Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք եւ վարում է անվտանգ սեռական կյանք՝ զերծ բռնությունից, հարկադրանքից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը եւ պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։ Եվ այսօր մենք արդեն ունենք սեռական առողջության համաշխարհային օր՝ սեպտեմբերի 4-ը, ինչը շատ ողջունելի է, քանի որ այս հանգամանքը հնարավորություն կտա մարդկանց սեռական առողջության հարցերում լինել առավել անկաշկանդ, տեղեկացված:

- Ավելացե՞լ է սեքսապաթոլոգին դիմողների թիվը եւ ընդհանրապես ինչո՞ւ են մարդիկ խուսափում դիմել:

- Ժամանակի հարց է: Հայաստանում սեքսուալ կուլտուրան դանդաղ քայլերով աստիճանաբար դուրս է գալիս հոգեվարքի ճահճից: Տարիներ առաջ դիմելիությունը համեմատաբար քիչ էր, պատճառները տարբեր էին՝ սեքսուալ կուլտուրայի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության պաշտպանն է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել մեզ դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտումից: Ինչ խոսք, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել: Սա վերաբերում է նաեւ սեքսուալ խանգարումներին, զանազան բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին: Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական խորհրդատվությունը պետք է ընդգրկի նաեւ սեքսուալության դրսեւորումների եւ սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշ սեքսուալ խանգարումների առաջացումը:

- Իսկ ինչպիսի՞ պատկեր է մարզերում:

- Բնականաբար, ավելի շատ են դիմում մայրաքաղաքի բնակիչները: Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասանելի է երեւանաբնակներին: Մարզաբնակներն այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության սակավությունը: Բացի այդ, նաեւ առկա է տրանսպորտի եւ տարածության խնդիրը: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունը ապահովելու համար ցանկալի է, որ «պացիենտը» լինի բժշկի հսկողության ներքո, ինչը այս դեպքում չի հաջողվում:

- Սեռավարակներն այսօր որքանո՞վ են տարածված երիտասարդության շրջանակներում:

- Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող «պացիենտների» թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել եւ քո, եւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:

- Իսկ ինչ անել, որ սեքսուալ կյանքի պատճառով չքայքայվեն ընտանիքներ, ու փոխարենն ավելի ամրանան:

- Պետք է հստակ գիտակցել, որ անկողնային անախորժությունները վաղ թե ուշ կարող են ընտանիքի կործանման պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով ցանկալի է ձգտել նրան, որ ընտանիքում միշտ տիրի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական ներդաշնակություն: Իսկ եթե սեքսուալ կյանքում ամպամած եղանակ է առաջանում, պետք չէ սպասել, լռել, հետաձգել: Պարզապես պետք է ժամանակին դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Չէ՞ որ կայուն ընտանիքը «առողջ» պետության գրավականն է:

Հեղինակ. ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Առավոտ» օրաթերթ
Աղբյուր. aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ