Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Ալկոհոլի համային հատկանիշները գենետիկ տարբերություններից են կախված. news.am

Ալկոհոլի համային հատկանիշները գենետիկ տարբերություններից են կախված. news.am

Փեննի պետական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները փոխկապվածություն են գտել՝ ալկոհոլի համային հատկանիշների եւ մարդկանց գենետիկ տարբերությունների միջեւ: Ասել է, թե՝ եթե որոշ մարդիկ ալկոհոլային ըմպելիքից առավել քիչ՝ դառնության եւ առավել շատ՝ քաղցրության համ են առնում, մեղավորը միայն նրանց գեներն են:

 

«Մենք վկայություններ ենք գտել առ այն, որ ալկոհոլի հրահրմամբ առաջացած համային զգացողությունները գենետիկ գործառույթների արդյունք են», - մեկնաբանել է կրթօջախի սննդագիտության ամբիոնի դոցենտ Ջոն Հեյսը:

 

Նրա գլխավորությամբ գործող գիտնականները 18-45 տարեկան, կովկասյան ծագում ունեցող 93 մասնակիցների (58 կին եւ 35 տղամարդ) 16 եզակի նուկլեոտիդ պոլիմորֆիզմների գենոտիպն են ուսումնասիրել: Մասնավորապես, նրանց դառնության զգացման համար պատասխանատու երկու՝ ալկոհոլ ընդունելիս ակտիվացվող ռեցեպտորային գեների՝ TAS2R13-ի եւ TAS2R38-ի տիպն է հետաքրքրել: Այնուհետեւ, Medical Daily-ի հաղորդմամբ, մասնակիցներին սպիրտի պարունակությամբ խմիչքներ են առաջարկվել երեք եղանակներով՝ բերանի ամբողջական ողողմամբ, կում անելով եւ թքելով ու լեզվի հետնամասում խոնավեցված բամբակ դնելով, համտեսի արդյունքում առաջացած համային զգացողությունները նկարագրելու համար:

 

Փորձարկման ընթացքում գիտնականները նկատել են, որ ալկոհոլի ազդեցությամբ կամավորների մոտ հրահրվող դառնության զգացման մակարդակը նրանց կողմից ժառանգված համապատասխան ռեցեպտորային գենոտիպից է կախված: Ի դեպ, այրոցի զգացումը եւս, կախված գեներից, կարող է տարբեր աստիճանի լինել: «Մարդիկ, սնվելիս կամ մի բան խմելիս, տարբեր համային զգացողություններ են ունենում, եւ, ինչպես գունակուրության դեպքում, ընկալական տարբերությունները կենսաբանական հենքի վրա են կառուցվում», - նշել է դոկտոր Հեյսը: 

 

Այդուհանդերձ, չի կարելի անհապաղ այն եզրակացությանը հանգել, թե մարդկանց որոշ մասին դուր է գալիս ալկոհոլային խմիչք օգտագործել, քանի որ մյուսներից տարբերվող համային զգացողություններով են աչքի ընկնում: Ընդհակառակը, գիտնականները չեն շտապում որեւէ եզրահանգում կատարել, քանի որ մարդու սննդային վարքագիծը բավականին բարդ եւ համալիր գործընթացների արդյունք է եւ չի կարող մեկ փոփոխականով պայմանավորվել: 

 

«Կենսաբանությունն ամենեւին էլ ճակատագիր չէ: Որոշ մարդիկ կարող են, դառնության զգացման բարձր աստիճանը հաղթահարելով, ալկոհոլից կախվածություն ձեռք բերել, իսկ մյուսները, որոնք համեմատաբար թույլ դառնություն են զգում, միայն առիթից առիթ խմիչքի համը տեսնել», - հավաստիացրել է հետազոտական խմբի ղեկավարը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. ribalych.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ