Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեկան առողջությունը պահպանելու համար միմյանց ժպտացեք. մասնագետների խորհուրդը

Հոգեկան առողջությունը պահպանելու համար միմյանց ժպտացեք. մասնագետների խորհուրդը

 

Հոգեկան առողջությունը պահպանելու համար հարկավոր է ժպտալ և ուշադիր լինել միմյանց նկատմամբ. հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը խորհուրդ տվեցին մասնագետները: 

 

Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը հստակեցրեց, որ հոգեկան առողջությունը վերաբերում է ցանկացած մարդու, և ոչ ոք պաշտպանված չէ այդ խնդրի հետ առնչվելուց՝ հատկապես այս դեպրեսիոն ճգնաժամի պայմաններում:

 

«Հոգեկան առողջությունը համաշխարհային խնդիր է, և ամբողջ աշխարհն է մտածում այն կանխարգելելու ուղղությամբ: Ֆինանսական ճգնաժամից հետո դեպրեսիան դարձել է համաշխարհային առաջին ճգնաժամը»,- ասաց նա և ավելացրեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է հոգեկան հիվանդների աճ:

 

Մասնագետի խոսքով՝ այս ամենը որոշ չափով կանխարգելելու համար ընդամենը պահանջվում է լինել մի քիչ ուշադիր և հոգատար շրջապատի նկատմամբ:

 

«Դրանով մենք մեր նկատմամբ ենք ուշադիր լինում,այսինքն՝ բոլորին է հայտնի, որ ինչ տալիս ենք այն էլ ստանում ենք»,- բացատրեց նա:

 

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ հոգեկան հիվանդության պատճառները 4–ն են՝ ժառանգական, կենսաբանական, հոգեբանական և սոցիալական:

 

«Եթե առաջին երկու դեպքում բժշկական է, ապա հոգեբանականի և սոցիալականի պատճառները առավել մեծ խնդիրներ են, որոնք առկա են հասարակությունում: Մեծ դեր ունի նաև ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը: Դա նույնպես բացասաբար է ազդում հասարակության վրա»,- ասաց նա:

 

Հրանտ Ավանեսյանը նշեց, որ դեպրեսիվ վիճակը բնորոշ է ոչ միայն գործազուրկներին, այլ նաև աշխատող մարդկանց: «Օրինակ՝ Ֆրանսիայի մի մեծ ընկերությունում նկատել են, որ մեծացել է աշխատողների ինքնասպանությունների թիվը, և պարզվել է, որ ընդհանուր մենեջմենտը շատ պրեսինգի է ենթարկում աշխատողներին, որն էլ նրանց դրդում է ինքնասպանության»,- ասաց նա:

 

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը, ի տարբերություն այլ երկրների, ավելի բարվոք վիճակում է գտնվում:

«Վիճակագրության սանդղակում մենք լավ տեղ ենք զբաղեցնում. ինքնասպանությունների ցածր տոկոսը և համեմատաբար դրական մյուս ցուցանիշները պայմանավորված է մեր ազգային մշակույթով ու ավանդույթներով, որոնք միմյանց լրացնելով որոշակի զսպվածություն են հաղորդում»,- ասաց Հրանտ Ավանեսյանը:

 

Անդրադառնալով Հայաստանում հոգեկան հիվանդներին՝ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը նշեց, որ հաշվառված հիվանդների թիվը 45.000 է: Ըստ նրա, ստացիոնար բուժում ստացողների մեջ կանայք մեկ-երրորդով քիչ են տղամարդկանցից, մինչդեռ տոկոսային առումով՝ հավասար են: «Սա հետաքրքրական է, քանի որ, ըստ էության, կանայք ավելի հակում ունեն դեպրեսիայի»,- ասաց նա:

 

Սամվել Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը գնում է արտահիվանդանոցային բուժման: «Հետաքրքիր բուժման մեթոդներ են կիրառվում՝ նկարաբուժություն, քանդակագործությամբ բժշկում, ժամանակակից դեղորայքային բուժման մեթոդներ, որոնք չեն բերում հիվանդի մոտ դեֆեկտային վիճակի»,- ասաց նա:

 

Մասնագետը նաև հավելեց, որ այսօր՝ օրվա առիթով, հոգեկան հիվանդների համար որոշ միջոցառումներ կկազմակերպվեն: 

«Նշում են տարբեր ձևերով՝ հիվանդների աշխատանքների ցուցահանդեսներ են կազմակերպվում, ներկայացումներ են դիտում: Այսօր նաև նախատեսված է հանդիպում հիվանդների և հարազատների հետ՝ կլոր սեղանի շուրջ, ուր անբռնազբոսիկ զրույց կլինի։ Այսօր նաև տոնական սեղան կգցենք»,- տեղեկացրեց նա։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ