Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Ընկերքից պատրաստված սպեղանին՝ սրտի վիրահատությունից արագ ապաքինվելու միջոց. med.news.am

Ընկերքից պատրաստված սպեղանին՝ սրտի վիրահատությունից արագ ապաքինվելու միջոց. med.news.am

Սրտի վիրաբուժական միջամտություն իրականացնող բժիշկները, հետվիրահատական բարդություններից խուսափելու նպատակով, սկսել են կնոջ ընկերքից պատրաստված սպեղանի կիրառել, հաղորդում է The Daily Mail-ը:

Այն ընկերքի ներքին՝ պտղին արյուն եւ սնուցիչներ մատակարարող շերտից՝ հակաբորբոքային ազդեցությամբ եւ նոր արյունատար անոթների ձեւավորում խթանելու հատկությամբ աչքի ընկնող ամնիոտիկ մեմբրանից է պատրաստվում:

Մասնագետների համոզմամբ, հատուկ սպեղանին կարող է սրտի վիրահատությունից հետո հաճախակի ի հայտ եկող բարդություններից, մասնավորապես՝ նախասրտերի թրթռումից (շողացում) խուսափելու միջոց ծառայել:

Այսօրինակ ռիթմի խանգարման դեպքում նախասրտերի մկանային շերտում ձևավորվում է էկտոպիկ  էլեկտրածին օջախ, ինչը կարող է օրգանի անկանոն եւ արագ աշխատանքի հանգեցնել, արդյունքում էլ՝ թռչող թրոմբների հաշվին ինսուլտի առաջացման պատճառ դառնալ:

Աորտակորոնար շունտավորման եւ սրտի այլ՝ բաց վիրահատության ենթարկված հիվանդների 40 տոկոսի մոտ, վիրահատությամբ պատճառված բորբոքման արդյունքում, կարող է նախասրտերի շողացում զարգանալ: Ճիշտ է՝ նման դեպքերում հիվանդությունը վերահսկողության տակ առնելու և կանխարգելելու նպատակով կիրառվում են բետա ադրենաընկալիչների շրջափակիչ դեղամիջոցներ: Սակայն դրանք էլ բազմաթիվ կողմնակի ազդեցություններ կարող են դրսևորել:

Նոր սպեղանին հիշյալ բարդություններից խուսափելու այլընտրանք է առաջարկում: Բժիշկները վստահ են, որ այն վիրահատությամբ պատճառված հյուսվածային բորբոքումները չեզոքացնելու հնարավորություն է ընձեռում:

Բուժամիջոցի պատրաստման եւ կիրառման եղանակը հետեւյալն է. կեսարյան հատման ենթարկված կնոջ ընկերքից հեռացված հյուսվածքները մաքրվում են, ախտահարվում եւ անհրաժեշտ չափերի բերվում, այնուհետեւ վիրահատության ավարտից հետո, մեմբրանի կպչուն հատկության շնորհիվ, հեշտությամբ ամրացնում են  սրտապարկի բացված մասին:

Ընկերքից ստացված սպեղանին դեռեւս փորձարկումների շրջանակում է կիրառվում, որոնց հերթական փուլը մեկնարկելու է Արիզոնայի համալսարանում: Պսակաձեւ զարկերակների շունտավորման սպասող 50 հիվանդ վիրահատությունից հետո նորարարական սպեղանի է  կրելու:

Բուժամիջոցի մտահղացումը Amnio Technology ընկերությունը ներկայացնող մասնագետներն են տվել, որոնք պնդում են, թե այն կարող է նաեւ այլ տիպի վիրահատությունների ընթացքում օգտագործվել: Սպեղանին ոչ միայն արագ ապաքինմանն է նպաստում, այլ նաեւ, մաշկի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ կոլագենի հարուստ բաղադրության շնորհիվ, կարող է սպիավորումից խուսափելու հնարավորություն ընձեռել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. bigpicture.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ