Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Առաջիկա հինգ տարիներին արյան քաղցկեղի առաջացում կանխորոշող մուտացիա է հայտնաբերվել. news.am

Առաջիկա հինգ տարիներին արյան քաղցկեղի առաջացում կանխորոշող մուտացիա է հայտնաբերվել. news.am

Գիտնականները պարզել են, որ կյանքի հետագա տարիներին լեյկոզի առաջացման ռիսկն արյան որակի հեշտ նկատելի փոփոխությամբ կարելի է գնահատել: Խոսքը գեների սպեցիֆիկ մուտացիայի մասին է, որի առկայության պարագայում արյան քաղցկեղով ախտորոշման 10 անգամ բարձր ռիսկ է սպառնում, հաղորդում էThe Daily Mail-ը:

Խնդրո առարկա նախաչարորակ փոփոխությունն առավել հաճախ տարիքի հետ է ի հայտ գալիս. այն հազվադեպ դեպքերում կարող է 40-ից ցածր տարիքի մարդկանց մոտ հայտնաբերվել, սակայն յուրաքանչյուր հաջորդ տասնամյակի ընթացքում առավել հաճախ երեւան գալու, իսկ 70 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ՝ 10 տոկոս հավանականություն կազմելու միտում է դրսեւորում:

ԴՆԹ-ի հետազոտությամբ պարզվել է, որ մուտացիան կրողները հետագա հինգ տարիներին լեյկոզով կամ լիմֆոմայով ախտորոշվելու՝ ընդհանուր 5 տոկոսի հասնող ռիսկի են ենթարկվում:

Ընդ որում, գենետիկ փոփոխությունը երբեք բնածին բնույթ չի կրում, եւ միայն տարիքի հետ է ի հայտ գալիս:

Բացահայտումը միմյանցից անկախ երկու գիտահետազոտական խմբեր են հեղինակել:

Նախընթաց՝ արյան քաղցկեղի վերլուծմանը միտված հետազոտությունների ընթացքում միայն բնածին մուտացիայով բնորոշվող գեներն են ուսումնասիրվել: Ասել է, թե՝ գիտնականների ուշադրության կենտրոնում առաջին անգամ սոմատիկ՝ բջիջների վերարտադրման ընթացքում ձեռք բերվող մուտացիաներն են հայտնվել:

«Մարդիկ հաճախ «սեւով» եւ «սպիտակով» են մտածում հիվանդության մասին. նրանց ընկալմամբ մարմինը կամ ախտահարված է հիվանդությամբ, կամ առողջ, մինչդեռ իրականում հիվանդությունների մեծ մասը աստիճանավար՝ ամիսների եւ տարիների ընթացքում են զարգանում: Հետազոտութան արդյունքները պարզապես պատուհան են բացում արյան քաղցկեղի զարգացման վաղ փուլերի ուղղությամբ», - նշել է պրոֆեսոր Սթիվեն ՄաքՔարոլը՝ Հարվարդի բժշկական դպրոցից:

Սիդհարթհա Ջայզվալն էլ՝ Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցից, այսպիսի մեկնաբանություն է տվել. «Քաղցկեղը գործընթացի վերջին փուլն է: Նախքան կլինիկորեն ախտորոշելի դառնալն այն հասցնում է տարիների ընթացքում ի հայտ եկող մի շարք մուտացիաներ կուտակել: Այն, ինչ մենք ենք հայտնաբերել, հիվանդության զարգացման դեռեւս չափազանց վաղ, նախաչարորակ փուլն է ներկայացնում, երբ բջիջները դեռեւս առաջին նախաձեռնող մուտացիան են ձեռք բերում»:

Երկու գիտահետազոտական խմբերի անդամները նույն եզրակացությանը միանգամայն տարբեր ճանապարհներով են հանգել:

Առաջին դեպքում գիտնականները փորձել են արյան մեջ ի հայտ եկող մուտացիաները բացահայտել՝ քաջ գիտակցելով, որ տարիքի հետ արյան քաղցկեղի առաջացման ռիսկի աճ է նկատվում: Նրանց հաջողվել է քաղցկեղի, ինչպես նաեւ երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացման բարձր ռիսկ ենթադրող մուտացիաներ գտնել, թեեւ բացահայտումների հավաստիությունը հետագա հետազոտություններով հաստատման կարիք է զգում:

Երկրորդ դեպքում գիտահետազոտական խմբի անդամները փորձել են սոմատիկ մուտացիաների եւ շիզոֆրենիայի առաջացման ռիսկի միջեւ կապի առկայությունը պարզել՝ ի վերջո հասկանալով, որ դրանք գլխավորապես քաղցկեղային գեների հետ են կապված: Արդյունքում մուտացիաների եւ արյան քացկեղի առաջացման բարձր ռիսկի միջեւ կապն է բացահայտվել:

Գիտնականների համոզմամբ, հետազոտությունների արդյունքները, մուտացիայի ենթարկված բջիջների՝ մարկերի տեսքով գործարկման պարագայում, կարող են արյան քաղցկեղի կանխարգելման միջոց ծառայել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. cancertreatments.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ