Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Գիտնականները հակաբիոտիկների այլընտրանք են ստեղծել. news.am

Գիտնականները հակաբիոտիկների այլընտրանք են ստեղծել. news.am

Շվեյցարացի գիտնականները այլընտրանք են գտել՝ հակաբիոտիկների համար. խոսքը լիպոսոմ անվանումը ստացած բջջային կառույցների մասին է, որոնք մահացու վտանգ ներկայացնող բակտերիալ թունանյութերը դեպի իրենց ձգելու, թակարդի մեջ առնելու եւ դրանցով սնվելու հատկություն են դրսեւորում, հաղորդում է Science Alert-ը:

 

Մինչ այդ, մի պահ մոռանալով, թե ներկայումս որչափ մեծ խնդիր է հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականությունը ներկայացնում, փորձենք պատկերացնել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե գրեթե 90 տարի առաջ նույն այդ հակաբիոտիկներից առաջինը՝ պենիցիլինը չհայտնաբերվեր: Մարդկությունը երախտապարտ պետք է լինի այդ՝ բորբոսից ստացված հրաշք-դեղամիջոցին, սակայն հենց դրա նկատմամբ բացարձակ վստահության շնորհիվ էլ այսօր մեծագույն ռիսկի առաջ ենք կանգնել: 

 

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, յուրաքանչյուր տարի աշխարհում 23 հազար մահվան դեպք է գրացվում՝ ի հետեւանք հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերած մանրէներով վարակման: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, հակամիկրոբային դիմադրողականությունն արդեն իսկ մարդկության առողջությանը սպառնացող եւ աստիճանաբար լայն թափ հավաքող սպառնալիքների շարքին է դասվում: «Պարբերաբար դիմադրողականության նոր մեխանիզմներ են ծագում եւ աշխարհով մեկ տարածվում՝ ի հակադրություն սովորական ինֆեկցիոն հիվանդությունները բուժելու կարողության, ինչն էլ բոլորովին վերջերս նորմալ կյանք վարող հազարավոր մարդկանց մահվան կամ հաշմանդամության պատճառ կարող է դառնալ: Առանց հրատապ եւ համագործակցված գործողությունների աշխարհը կարող է հետհակաբիոտիկային ժամանակաշրջանի իրականությանը բախվել, երբ տասնամյակներ շարունակ բուժելի համարվող սովորական վարակներն ու փոքր վնասվածքները կրկին մահվան սպառնալիք կպարունակեն», - նշվում է համաշխարհային կազմակերպության կայքում:

 

Այդուհանդերձ, Բեռնի համալսարանականներն արդեն կարծես թե խնդրի լուծմամբ են հանդես եկել: Nature Biotechnology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները մանրամասն նկարագրում են, թե ինչպես կարելի է քաղցկեղի, հեպատիտի, գրիպի եւ ՄԻԱՎ-ի նմանությամբ գործող հիվանդությունների դեմ մշակված դեղամիջոցների՝ դրանց օջախների ուղղությամբ առաքման նպատակով արհեստականորեն՝ բջջի մեմբրանային նյութից ստացված փոքրիկ պղպջակների՝ լիպոսոմների շնորհիվ բակտերիալ թունանյութերի ոչնչացման հասնել:

 

Էդուարդ Բաբիյչուկի եւ Անետ Դրեգերի գլխավորությամբ գործող գիտնականների ջանքերով լիպոսոմները սկսել են նաեւ խայծի գործառույթ իրականացնել: Դրանք մանրէներից արտազատված թունանյութերն իրենց ուղղությամբ գրավելու, այնուհետեւ էլ թակարդի մեջ առնելու եւ չեզոքացնելու հատկություն են դրսեւորում: Հիշյալ տոքսինները ո՛չ միայն հրահրվող հիվանդության, այլ նաեւ ինվազիվ մանրէների պաշտպանության համար են պատասխանատու: Այնպես որ, թունանյութերից զրկված մանրէներն արդեն հեշտությամբ կարող են օրգանիզմի իմունային համակարգի զոհը դառնալ: Գիտնականներն ինժեներիայի ենթարկված լիպոսոմների ազդեցությունը սեպտիցեմիա անվամբ հայտնի մահացու վտանգավոր մանրէով վարակված լաբորատոր մկների նկատմամբ են ուսումնասիրել. փորձարկումների արդյունքում բոլոր կրծողներին հաջողվել է, առանց հակաբիոտիկներ ստանալու, կենդանի մնալ:

 

«Մենք անդիմադրելի խայծ ենք ստեղծել՝ բակտերիալ տոքսինների համար: Նրանց լիպոսոմներին միանալու ճակատագրական գայթակղությունն է սպառնում, ինչի արդյունքում կարող են հեշտությամբ, առանց առողջ բջիջներին վնաս պատճառելու, չեզոքացման ենթարկվել», - նկարագրել է դոկտոր Բաբիյչուկը՝ մամուլի հաղորդագրության շրջանակում:

 

«Քանի որ լիպոսոմների թիրախում ոչ թե մանրէներն են, այլ դրանց կողմից արտազատված թունանյութերը, բակտերիալ դիմադրողականության առաջացման մասին խոսք անգամ լինել չի կարող», - հավելել է հետազոտության երկրորդ համահեղինակը:

 

Գիտնականները հույս ունեն, որ լիպոսոմների օգնությամբ կարելի է ո՛չ միայն օրգանիզմը թունանյութերի պատճառած վտանգից պաշտպանել, այլ նաեւ պայմաններ ստեղծել թուլացված մանրէների նկատմամբ իմունային արձագանք խթանելու, եւ այդ կերպ արդեն երկար տարիներ հակաբիոտիկներից կախվածությամբ բնորոշվող դիմադրողականության անկախությունը վերականգնելու համար: Բացի այդ, լիպոսոմների օգնությամբ հակաբիոտիկները եւս կարող են առավել արդյունավետ գործել: Հեղինակների խոսքով, «երկուսը միասին ջախջախիչ ազդեցություն կթողնեն՝ բակտերիալ վարակների վրա եւ թունանյութերի հրահրմամբ ի հայտ եկող հյուսվածքային վնասների չափը նվազեցնելու հրաշալի միջոց կծառայեն»: 

 

Հաջորդիվ, գիտնականները մտադիր են մեծածավալ լաբորատոր հետազոտություններ եւ կենդանիների նկատմամբ փորձարկումներ նախաձեռնել, սակայն այժմ էլ արդեն պարզ է, որ հսկայական ձեռքբերում է գրանցվել հակաբիոտիկային դիմադրողականության դեմ պայքարի ճանապարհին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. prishchi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ