Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Հիշողությունը վերածել գործողության. մայիսի երրորդ կիրակին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Հիշողությունը վերածել գործողության. մայիսի երրորդ կիրակին`  ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:

Հոդվածը տրամադրված է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից: Տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյան

 

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1983 թ.` Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Այդ ժամանակից ի վեր` ողջ աշխարհում, մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և «Քվիլթը»:


ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին մոմեր վառելու արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1983 թ., երբ գրանցված էր ՁԻԱՀ-ից մահվան ընդամենը մի քանի հազար դեպք: Արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մեջ համայնքներին ներգրավելու համար: Այն առաջացնում է համախմբվածության զգացում և գրավում համընդհանուր ուշադրություն: Այս արարողությունը տեղի է ունենում ազմաթիվ երկրներում: Տարբեր համայնքներում այն յուրովի է ընթանում. մեկ համայնքում կատարվում է ընդամենը մի քանի ընկերների միջավայրում, մեկ այլ տեղ` հազարավոր մարդիկ երթի  են դուրս գալիս վառվող մոմեր բռնած և հիշատակի երգեր երգելով:


 ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի «Քվիլթը» ողջ աշխարհում իրականացվող ամենամեծ հասարակական ծրագիրն է` ուղղված ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի կանխարգելմանն ու ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: «Քվիլթ»՚` նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի, ծածկոցը կարել են ի հիշատակ մահացածի նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:


ՄԻԱՎ վարակի համաճարակը նոր հնչեղություն հաղորդեց լաթերից կարվող ծածկոցի ավանդույթին: Առաջին անգամ «Քվիլթը» կարել է Ջոնս Քլիվը, ինչով արտահայտել է ՁԻԱՀ-ից մահացած իր ընկերոջ կորստի ցավը: Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը հավերժացնելն ու համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն էր: «Քվիլթի» յուրաքանչյուր կտորը նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին: «Քվիլթը» հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի իրական մասշտաբների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, ովքեր երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին` կարծելով, թե այդ խնդիրն իրենց չի վերաբերում:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնՔանի դեռ ՁԻԱՀ-ը շարունակում է ողջ աշխարհում կյանքեր խլել, «Քվիլթը» մեծանում է` իր մեջ ներառելով հիշողություն, հույս և հավատ, որը կօգնի հաղթա-հարելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազդեցության հետևանքները:


Թվում է, ՁԻԱՀ-ի մասին բոլորն արդեն ամեն ինչ գիտեն: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ անգամ տեղեկատվական մեծ հոսքերի մեր օրերում, շատերը չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին, ինչը համաճարակի դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտող կարևոր գործոններից է: Ուստի, ելնելով օրվա խորհուրդից, տեղին ենք համարում մեկ անգամ ևս անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերին և պատասխանել այս համատեքստում առավել հաճախ հնչող հարցերին:

Ինչպե՞ս է հնարավոր վարակվել մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ)

ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ` լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են.

 

  • առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,
  • արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագոր-ծելիս,
  • երեխաներն իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:


Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված

Այո, ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով վարակվածները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել վարակված է ՄԻԱՎ-ով, թե` ոչ: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մի զգալի մասը չգիտի իր վարակված լինելու մասին: Հիվանդության խարդավանքը հենց նրանում է, որ այն ընթանում է երկարատև անախտանիշ` թաքնված շրջանով (8-10 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:


Կարո՞ղ է արդյոք մարդը վարակվել ՄԻԱՎ-ով մոծակի կծելու միջոցով

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կծելու միջոցով, քանի որ վիրուսը կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ և շատ արագ քայքայվում է մոծակի ստամոքսում:


Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎ-ով ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, նրան ձեռքով բարևելիս:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնՀնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, նրան ձեռքով բարևելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ: Ուստի, առանց ավելորդ վախի, կարելի է հյուրընկալվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդուն և հյուրասիրվել: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել նաև ջրի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, ընդհանուր սպասքից, հեռախոսից, համակարգչից, սանհանգույցից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, լողավազանում լողանալիս:

 

Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը` միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:

Միայն մեկ հավատարիմ, ՄԻԱՎ-ով չվարակված զուգընկեր ունենալու դեպքում հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը: Սակայն պետք է հիշել, որ միայն երկկողմանի հավատարմությունը կարող է լիովին պաշտպանել վարակումից: Եթե զուգընկերները վարակված չեն և փոխադարձաբար հավատարիմ են միմյանց, սեռական հարաբերությունների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը բացառվում է:


Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով

Այո, հնարավոր է: Պահպանակը սեռական հարաբերությունների ժամանակ ՄԻԱՎ-ով վարակումը կանխելու առայսօր հայտնի ամենաարդյունավետ միջոցն է: Այն օգնում է կանխել ոչ միայն ՄԻԱՎ վարակը, այլև սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները, նաև անցանկալի հղիությունը: Պահպանակի օգտագործումը սեփական առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքի և զուգընկերոջ նկատմամբ հարգանքի նշան է:


Ի՞նչ անել ՄԻԱՎ-ով չվարակվելու համար

ՄԻԱՎ-ով չվարակվելու համար անհրաժեշտ է զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց և դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ, այսինքն` պահպանել փոխադարձ (ամուսնական) հավատարմություն, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց դեպքում մշտապես պահպանակ օգտագործել:


Ինչպե՞ս իմանալ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին

Դրա համար հարկավոր է ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցնել, որի արդյունքում հայտնաբերվում են իմունային համակարգի կողմից վիրուսի նկատմամբ արտադրված հակամարմինները: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո: Այդ ընթացքում հարկավոր է ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց, սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, իսկ կանանց խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից:


Ինչո՞ւ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսևորումներ դեռևս չկան:


Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է.  

 

  • անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու և հիվանդի կյանքը հնարավորինս երկարացնելու համար,
  • հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու,
  • հարազատ ու սիրելի մարդկանց չվարակելու,
  • մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելելու համար:


Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք:

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, ովքեր`

 

  • երբևէ  օգտագործել են թմրամիջոցներ` ներարկային ճանապարհով,
  • առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ,
  • երբևէ հիվանդացել են  որևէ սեռավարակով,
  • ենթարկվել են մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում և այլն)` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:  

 

 

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում.
Երևան, Ավան, Աճառյան 2

 

Հետազոտությունն անվճար է, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, կարող է կատարվել անանուն: Հետազոտության և դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է:


Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ