Հոգեկան առողջություն
Դեպրեսիա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Գայանե Մարգարյանը. armeniamedicalcenter.am
Դեպրեսիա բառը տրամադրության անկում է նշանակում: Սովորական վատ տրամադրությունը և դրա հետ կապված դեպրեսիան կարող են լինել միանգամայն առողջ մարդու մոտ՝ պայմանավորված այս կամ այն հուզական լարվածությամբ (անախորժություն ընտանիքում, աշխատավայրում): Սովորական տրամադրության անկումն առողջ մարդկանց մոտ տևում է մի քանի ժամից մի քանի օր, մի քանի շաբաթ և ոչ ավելի: Եթե դեպրեսիան տևում է մի քանի շաբաթից ավելի և դրա համար առանձնապես պատճառներ չկան, ապա այն արդեն հիվանդագին դեպրեսիա է, և պետք է դիմել մասնագետի: Առողջ մարդու մոտ դեպրեսիան անցնում է, երբ նա դիմում է ընկերոջը, բարեկամին, խոսում է, շփվում, լսում:
Ի՞նչ մասնագետի դիմել դեպրեսիայի դեպքում:
Դեպրեսիայի դեպքում պետք է տարբերակել սովորական տրամադրության անկումը և հիվանդագին վիճակը: Եվ ըստ այդմ էլ հասկանալի կլինի, թե ում դիմել՝ հոգեբանի, հոգեբույժի, թե թույլ տալ, որ մարդն ինքը վերադառնա իր նորմալ վիճակին:
Ինչո՞վ են տարբերվում սովորական վատ տրամադրությունը, կենցաղային հարցերի նկատմամբ ռեակցիաները, ապաթիան և դեպրեսիան:
Սովորական վատ տրամադրության դեպքում մարդն անտրամադիր է, տխուր, բայց շարունակում է աշխատել, զբաղվել առօրյա գործերով, կատարել իր պարտականությունները: Իսկ հիվանդագին տրամադրության անկման՝ դեպրեսիայի դեպքում, մարդը դառնում է անաշխատունակ, լրիվ կորցնում է հետաքրքրությունները, փորձում է իր պարտականությունները ձևական կատարել, ինչն էլ նրան շատ դժվարությամբ է տրվում: Բնորոշ է քնի խանգարումը, ցավերը մարմնի տարբեր մասերում՝ գլխացավը, ցավերը գոտկային շրջանում: Այդ ամենն ունի երկարատև բնույթ, տևում է մի քանի շաբաթից ավելի և անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:
Որո՞նք են դեպրեսիայի հաճախ հանդիպող պատճառները:
Դեպրեսիայի համար մեծ նշանակություն ունի ժառանգական գործոնը: Նևրոտիկ դեպրեսիայի ժամանակ վատ տրամադրության պատճառը սուր հոգեկան ապրումներն են: Իսկ հոգեկան հիվանդությունների սահմաններում առաջացած դեպրեսիայի պատճառը հաճախ շատ դժվար է հասկանալ: Եթե դեպրեսիան էնդոգեն է, այսինքն մարդու մեջ ի ծնե կա նախատրամադրվածություն, չնչին առիթ է պետք, որ արդեն հասուն տարիքում հիվանդությունն արտահայտվի:
Որո՞նք են դեպրեսիայի պատճառները և ընթացքի առանձնահատկությունները դեռահասի մոտ:
Դեռահասների մոտ դեպրեսիայի ամենատարածված պատճառներն են՝ անհաջող սերը, խնդիրները ծնողների հետ, ծնողների պահանջները, դիտողությունները, որոնք բերում են երեխայի ինքնագնահատականի անկման: Շատ կարևոր է դեռահասին ոգևորելը, գովաբանելը:
Դեռահասների մոտ ամենահաճախն է դեպրեսիա լինում և դա ամենավտանգավոր դեպրեսիան է, որը կարող է, ցավոք սրտի, ավարտվել սուիցիդով /ինքնասպանությամբ/:
Ինչպե՞ս կայունացնել մարդու հուզական շեմը՝ խուսափելով նևրոզից դեպրեսիա անցումից :
Մարդիկ իրարից տարբերվում են իրենց բնավորությամբ. ոմանք ունեն ներդաշնակ բնավորություն, երբ ճիշտ է ընկալվում իրական կյանքը, ոմանք էլ ունեն բնավորության շեշտվածություն. շուտ վիրավորվում են, զայրանում, ներշնչվում, տագնապում: Սակայն դա դեռ հիվանդություն չէ: Իհարկե, շատ կարևոր է այդ շեշտվածությունը ճիշտ ընկալելը, որովհետև այն տարիների ընթացքում բերում է հիվանդագին երևույթների, բացասական կամ հոգեկան ապրումների, որոնցից էլ կարող է զարգանալ հիվանդությունը:
Պետք չէ խուսափել հոգեբաններից: Դրական է այն, որ ներկայումս դպրոցներում, անգամ բուհերում կան հոգեբաններ: Եվ եթե ուսուցիչը կամ դասախոսը երեխայի մոտ նկատում է բնավորության շեշտվածության նշաններ (շուտ վիրավորվելը, վախկոտությունը, չշփվելը) երեխային ուղղորդում է հոգեբանի մոտ:
Արդյոք պե՞տք է բուժել նևրոզը:
Նևրոզն անկասկած բուժել է պետք, որովհետև, չնայած դա դեռ հոգեկան հիվանդություն չէ, բայց արդեն սահմանային վիճակ է: Նևրոզի ախտանիշներն են՝ ճնշող գլխացավը, տրամադրության տատանումը, լացկանությունը, դյուրագրգիռ լինելը, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը, տարբեր բնույթի ցավերը սրտի շրջանում, աղիներում, գոտկատեղում:
Հաճախ նևրոզով հիվանդները դիմում են տարբեր մասնագետների՝ նյարդաբանի, թերապևտի՝ խուսափելով դիմել հոգեբույժի: Մինչդեռ այլ մասնագետները, տարբեր հետազոտություններ և դեղեր նշանակելով, երկրաձգում են հիվանդագին վիճակը՝ ոչնչով չկարողանալով օգնել հիվանդին:
Չբուժված նևրոզը կարող է որոշ ժամանակ անց բերել նևրոտիկ անձի զարգացման: Այդ փուլում արդեն հնարավոր է, որ ոչ մի բժիշկ չկարողանա նրան լիարժեք օգնել: Նա միշտ դժգոհ է, ունի տրամադրության անկում, անաշխատունակ է: Այնպես որ, նևրոզն անպայման պետք է բուժել և այն պետք է բուժի հոգեբույժը:
Ինչպե՞ս ախտորոշել դեպրեսիան:
Դեպրեսիան ախտորոշվում է նախ գանգատների հիման վրա: Դրանք են՝ առանց պատճառի արտահայտված տրամադրության անկումը, ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը, լացկանությունը, անտարբերությունը սեփական կյանքի, հարազատների, մտերիմների, պարտականությունների նկատմամբ:
Արդյոք դեպրեսիային բնորո՞շ է սեզոնայնությունը:
Այո՛: Երկբևեռ պսիխոզի ժամանակ էնդոգեն դեպրեսիայի սրացում հիմնականում լինում է աշնանը և գարնանը:
Դեպրեսիայի ի՞նչ տեսակներ են տարբերում:
Տարբերում են կենցաղային (ոչ հիվանդագին) դեպրեսիա, հոգեկան հիվանդությունների սահմաններում արտահայտվող դեպրեսիա և ռեակտիվ դեպրեսիաներ: Վերջին 20-30 տարիների ընթացքում դեպրեսիան փոխել է իր կլինիկական արտահայտման ձևերը: Ներկայումս կարող է դեպրեսիան արտահայտվել սոմատիկ որևէ գանգատով միայն՝ գլխացավ, սրտի ցավ և այլն: Դա քողարկված, սոմատոգեն դեպրեսիան է:
Դեպրեսիայի մյուս տեսակը ռեակտիվ դեպրեսիան է, որն առաջանում է սուր հոգեկան ապրումից: Դա կարող է լինել հարազատի կորուստ, հրդեհ, սթրես առաջացնող որևէ այլ իրավիճակ: Ռեակտիվ դեպրեսիան ավելի հեշտ է անցնում կամ ենթարկվում բուժման:
Միայն հոգեբույժը՝ հիվանդի հետ զրուցելիս, կարող է պարզել դեպրեսիայի առկայությունը:
Ի՞նչ է պսիխոտիկ դեպրեսիան:
Պսիխոտիկ դեպրեսիան հոգեկան հիվանդությունների, շիզոֆրենիայի ժամանակ արտահայտվող դեպրեսիան է: Այն կարող է հիվանդության համախտանիշներից մեկը լինել և կոչվում է բիպոլյար աֆեկտիվ դեպրեսիա: Նախկինում այն անվանվում էր մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ: Այս դեպրեսիան պետք է բուժել արդեն ոչ միայն հակադեպրեսանտներով, այլև հակապսիխոտիկ դեղորայք ավելացնելով:
Որո՞նք են դեպրեսիայի առավել վտանգավոր և ուշադրության արժանի ախտանիշները:
Դեպրեսիայի ուշ հայտնաբերումը և ժամանակին չբուժելը կարող է բերել շատ վտանգավոր վիճակի՝ ինքնամեղադրման, ինքնանվաստացման և անգամ ինքնասպանության մտքերի: Նման դեպքերում անհապաղ պետք է դիմել հոգեբույժի: Անգամ հաճախ հարկ է լինում ստացիոնար բուժում անցկացնել, որովհետև դա կարող է տանել ինքնասպանության իրականացման: Ըստ վիճակագրության՝ 1-2 անգամ ինքնասպանության մասին արտահայտվելը, այնուամենայնիվ վաղ թե ուշ բերում է գործողության՝ սուիցիդի:
Ո՞րն է դեպրեսիվ տրիադան:
Դեպրեսիվ տրիադան արտահայտվում է հոգեկան հիվանդությունների ժամանակ և իր մեջ ներառում է Պրոտոպոպովի տրիադան՝ հաճախասրտություն, բբերի լայնացում, փորկապություն:
Ի՞նչ ընթացք ունի դեպրեսիան նյարդաբանական, նյարդավիրաբուժական և այլ օրգանական հիվանդությունների ժամանակ:
Գանգուղեղային վնասվածքների ժամանակ դեպրեսիայի առաջացումը շատ բնորոշ է, բացի այդ կարող են նաև այլ հոգեկան ախտանիշներ առաջանալ: Կաթվածի, ուռուցքային և այլ օրգանական հիվանդությունների դեպքում նույնպես հիվանդի մոտ կարող է դեպրեսիա առաջանալ, որովհետև հիվանդն սկսում է վախենալ հիվանդության կրկնությունից, առաջանում է տագնապային վիճակ, որն էլ տանում է դեպրեսիայի: :
Հնարավո՞ր է ինքնուրույն հաղթահարել դեպրեսիան, և ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ դրա համար:
Եթե դեպրեսիան չի կրում հիվանդագին բնույթ, մարդն ինքն իրեն կարող է օգնել: Հատկապես դա հեշտ է հայկական իրականության մեջ, որովհետև հայերը սիրում են կիսվել հարևանի, հարազատի, ընկերոջ հետ, հաճախ սուրճի սեղանի շուրջ խոսում են, արտահայտվում, լսում, խորհուրդ ընդունում և բժշկի կարիք այլևս չի առաջանում:
Բայց եթե դեպրեսիան հիվանդագին բնույթ է կրում, երկարատև է, օրգանական բնույթի է, էնդոգեն է կամ հոգեկան հիվանդության սահմաններում է, պետք է միայն և միայն հոգեբույժի դիմել:
Ինչպե՞ս տրամադրել հիվանդներին, որ նրանք հոգեբանին, հոգեթերապևտին և հոգեբույժին դիմեն առանց նախապաշարումների:
Ցավոք սրտի, մեզ մոտ կան նախապաշարումներ հոգեբանին, հոգեբույժին դիմելու հարցում: Բայց վերջին տարիներին որոշ տեղաշարժեր են նկատվում, եթե ոչ հոգեբույժի, ապա արդեն երբեմն դիմում են հոգեբանի և հոգեթերապևտի: Սակայն դա շատ քիչ տոկոս է կազմում: Հիմնականում հիվանդը, նրա հարազատները զգուշանում են հասարակական կարծիքից՝ մոռանալով, որ կարևորը մարդու հոգեկան առողջությունն է:
Որո՞նք են դեպրեսիայի բուժման մեթոդները :
Կենցաղային դեպրեսիան բուժման կարիք կարող է չունենալ: Որոշ դեպքերում հարազատների խորհուրդները, հոգեբանի մոտ լինելը, հոգեթերապևտի մոտ կարճատև բուժումն օգնում են:
Քաղաքակրթության բարդությունները, սոցիալական, սոցիալ- հոգեբանական վիճակը բերում են տագնապային վիճակների, անհանգստության, դեպրեսիայի և պետք է անպայման դեղորայք օգտագործել:
Բայց եթե դեպրեսիան հիվանդագին՝ պսիխոտիկ դեպրեսիա է, իհարկե շատ ավելի լուրջ բուժում է պահանջում, և հիմնական դեղորայքը հակադեպրեսանտներն են, որոնց խումբը շատ մեծ է:
Որո՞նք են հակադեպրեսանտների, նեյրոլեպտիկների կողմնակի ազդեցությունները: Որքանո՞վ է այդ խմբերի նոր սերունդը անվտանգ:
Ո՛չ միայն հակադեպրեսանտները, այլ ցանկացած դեղ կարող է կողմնակի ազդեցություն ունենալ: Նեյրոլեպտիկների հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններ են՝ թքարտադրությունը, ձեռքերի դողը, քայլվածքի փոփոխությունը: Բայց պետք է երկու չարիքից մեկն ընտրել և, բնականաբար, հոգեկան վիճակի կարգավորումն ավելի կարևոր է: Ավելի անվնաս են համարվում մի խումբ նոր դեղեր՝ զիպրեքս, զոլամաքս, օլազապին և այլն, որոնք բավականին թանկ են: Իհարկե գոյություն չունի բացարձակ առանց երկրորդական ազդեցության դեղ, իսկ դրանից հնարավորինս խուսափելու համար պետք է ճիշտ ընտրել դեղը, դեղաչափը՝ հաշվի առնելով հիվանդի քաշը, ներքին օրգանների վիճակը և շատ այլ գործոններ:
Հարկ է նշել նաև, որ դեղերն ունեն խիստ անհատական ազդեցություն. և երբեմն լավ համարվող դեղերը կարող են հասարակներից ավելի քիչ օգնել:
Կարևոր դեր ունի նաև բժշկի ճիշտ ընտրությունը, որի վերաբերմունքը նույնպես կարևոր է հիվանդի բուժման ընթացքի համար:
Հնարավո՞ր է կանխարգելել դեպրեսիան:
Եթե դա հոգեկան հիվանդություն է, հնարավոր չէ: Իսկ եթե ռեակտիվ դեպրեսիա է, կանխարգելել հնարավոր է: Մի բարի խոսքը նման դեպքերում շատ մեծ օգնություն է: Այդ է պատճառը, որ շատ հայեր արտասահմանում չեն դիմանում, որովհետև այնտեղ չկա հայ հարևանը, ընկերը, բարեկամը, որի հետ կարող է նստել, խոսել, կիսվել:
Հարցերին պատասխանեց Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի հոգեսոմատիկ բաժնի վարիչ, Հայբուսակ ինստիտուտի դոցենտ Գայանե Մարգարյանը
09.10.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ