Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Կրոնական աղանդների ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա. harmonia.am

Կրոնական աղանդների ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա. harmonia.am

Աղանդները գոյություն են ունեցել դեռևս անտիկ շրջանում` մարդկանց հոգեվիճակի վրա թողնելով շատ խոր ազդեցություն: Դրանք մարդկանց գրավում են երազանքների իրականացման, ներդաշնակ կյանքի ապահովման, սոցիալական բարեկեցության, հոգու փրկության և մահից հետո հավիտենական կյանքի արժանանալու խոստումներով:

 

«Աղանդ» հասկացությունը ծագել է լատիներեն «secta» բառից, որը թարգմանաբար նշանակում է դպրոց, ուսմունք: Առօրյա լեզվում «աղանդ» բառը զուգորդվում է «secare» բայի հետ, որը նշանակում է բաժանել, մասնատել: Այսպիսով, աղանդ ասելով մարդիկ սկսեցին հասկանալ կրոնական հանրություն կամ խումբ, որը բացառապես տարբերվում է ավանդական կրոնից:

 

Ժամանակակից անգլիական գրականության մեջ «աղանդ» բառը հաճախ փոխարինվում է «դեստրուկտիվ պաշտամունք» արտահայտությամբ: Սակայն, որոշ հեղինակներ, օրինակ` Շտամը, կարծում է, որ ավելի ճիշտ է կիրառել ոչ թե «դեստրուկտիվ պաշտամունք», այլ «ինքնաքայքայիչ պաշտամունք» արտահայտությունը:

 

Աղանդավորների վրա մեծ ազդեցություն է թողնում նրանց կյանքում  նոր իմաստի հայտնվելն ու անվտանգության զգացումի ձեռքբերումը: Այն մարդիկ, ովքեր հոգեբանական տրավմայի արդյունքում հայտնվել են ճգնաժամի մեջ, ավելի հեշտությամբ են ներքաշվում աղանդավորների շարքերը, քանի որ նրանք տոգորված են լինում իրենց հոգեկան ծանր ապրումները հաղթահարելու ցանկությամբ: Ամենից հաճախ աղանդի մեջ ընկնում են այն մարդիկ, ովքեր իրենց միայնակ են զգում կամ գտնվում են խոր սթրեսային կամ դեպրեսիվ վիճակում: Այս երևույթները ուսումնասիրող մասնագետները կարծում են, որ աղանդավորական խմբերի անդամ դառնալը հանգեցնում է հուզական ռեգրեսիայի, որի արդյունքում էլ փոխվում է մարդու կյանքի մոտեցումները աշխարհում տեղի ունեցող երևույթների հանդեպ և աստիճանաբար կտրվում է իրականության հետ կապը: Աղանդների կողմից առաջարկվող փախուստը դեպի տեսիլքային աշխարհ հանգեցնում է ինքնամեկուսացման: Նման իրավիճակում չի բացառվում հոգեկան հիվանդություններ ձեռք բերելու վտանգը, այդ թվում շիզոֆրենիայի: Դրա հետ մեկտեղ նվազում է տոլերանտությունը (հանդուրժողականությունը) դժվարությունների հանդեպ, և մարդ դժվարանում է լուծել նույնիսկ առօրյա խնդիրները: Մարդկանց մեծամասնությունը ներքաշվում են աղանդավորների խմբերը հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այնտեղ հայտնվելուց հետո իրականություն վերադառնալը բավականին դժվար է, քանի որ աուտոսուգեստիայի միջոցով մարդ համոզում է ինքն իրեն, որ հենց այդ խմբում  է նա ստանում այն ամենն, ինչ իրեն իրականում անհրաժեշտ է: Աղանդավորական խմբում գտնվելը ուղեկցվում է նրանից խորը հոգեբանական դեստրուկտիվ կախվածությամբ: Որոշ հեղինակներ այդ հոգեկան փոփոխությունները անվանում են հոգեկանի ռուինիզացիա, որի դեպքում մարդ ավելի ու ավելի դժվարությամբ է կարողանում օգտագործել իր մտավոր և կամային հնարավորությունները:

 

Հովիվը (գուրու) դիտարկվում է աղանդավորների կողմից որպես աստվածային կերպար, որն օժտված է փրկության գերհնարավորություններով և կարող է մարդկանց ցույց տալ ճշմարիտ ուղին: Հովիվը աղանդավորներին դարձնում է իր ինքնակամ հետևորդները, որոնք կուրորեն ենթարկվում են նրան և անում այն ամենն, ինչ պահանջվում է նրա կողմից: Աղանդներում հոգու փրկության հույսը հանգեցնում է սեփական <<Ես>>-ի կորստի: Աղանդավորները ընկալում են իրենց խումբը որպես քույրերի և եղբայրների կատարյալ հանրություն, որոնք ոգեշնչված են միևնույն գաղափարով և հետապնդում են միևնույն նպատակը: Նրանք խզում են կապերը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր դեմ են իրենց գաղափարներին կամ փորձում են խոչընդոտել այդ խմբերին մասնակցելուն:

 

Աղանդավորական խմբերում առկա դինամիկայի վտանգը կայանում է նրանում, որ հոգեբանական մանիպուլյացիան տեղի է ունենում աննկատ, աստիճանաբար և չի գիտակցվում աղանդավորների կողմից: Այդ խմբի նոր անդամների մոտ ստեղծվում է ինքնակամ վարքի ու ինքնաբուխ հույզերի տպավորություն:Նրանք համոզված են, որ իրենց առաջարկվող համոզմունքները լիովին համապատասխանում են իրենց սեփական գաղափարներին:

 

Շտամն առանձնացնում է աղանդավորների հրահանգավորման հետևյալ փուլերը.

 

 1. Քարոզչության փուլը իրականացվում է այն մարդկանց կողմից, ովքեր ինտուիտիվ զգում են պոտենցիալ աղանդավորին: Այս փուլում տեղի է ունենում հուզական ապակայունացման և հակասությունների մեջ խճճվելու գործընթացը: Քարոզող աղանդավորը փորձում է շահել մարդկանց վստահությունը, դրսևորում է օգնություն ցուցաբերող վարք` փորձելով նրանց կանգնեցնել ճշմարիտ ուղու վրա:

 

2.Այս փուլում խմբի քարոզող անդամը փորձում է մարդկանց գրավել տարբեր լեկցիաների, սեմինարների, գրքերի ընթերցանության, խմբակային երգեցողության, համապատասխան տեսանյութերի և ֆիլմերի դիտմամբ: Նկատվում է մարդկանց նոր պարտականություններով ծանրաբեռնելու միտում, որպեսզի նրանք ժամանակ չունենան այդ ամենի շուրջ ինքնուրույն վերլուծություններ կատարել: Ողջունում են այնպիսի հաճոյախոսություններով ու գովասանքներով, ինչպես օրինակ. «Ինչ լավ է, որ դու եկար, մենք  շատ ուրախ ենք քեզ տեսնելու համար» և այլն: Այսպիսով, մարդ դրական հոգեբանական աջակցություն է ստանում խմբի անդամների կողմից: Աղանդի մեջ ներքաշվելով` մարդու մտքերն ու զգացմունքները վերահսկվում են: Քարոզող աղանդավորները փորձում են մարդկանց ներշնչել, որ աղանդավորական խմբում  մնալը նրանց կմոտեցնի նոր ճշմարտության բացահայտմանը:

 

Շատ աղանդներին բնորոշ է տոտալիտար համակարգը, որն ունի խմբակային ստիպողականության և խմբի անդամների հնազանդության միտում, ընդհուպ մինչև մասսայական ինքնասպանությունը, այսինքն` տոտալիտար աղանդները իրենցից լուրջ սոցիալական վտանգ են ներկայացնում: Մի շարք տոտալիտար աղանդներում կիրառվում է հիպնոսը: Մարդու գիտակցությունը փոխարինվում է վարքագծային կարծրատիպերի լրակազմով: Հոգեբանները դա անվանում են աղանդավորական կեղծ անձ: Ուստի հարկ է նշել, որ հասարակության մաքսիմալ տեղեկացվածությունը այդ վտանգի վերաբերյալ անհրաժեշտ է տոտալիտար աղանդների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. drugoi.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ