Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Հոգեկան առողջությունը` երկրի անվտանգության հիմնական գրավական: Հարցազրույց Երևանի Մ. Հերացու անվ. ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր Խաչատուր Գասպարյանի հետ

Հոգեկան առողջությունը` երկրի անվտանգության հիմնական գրավական: Հարցազրույց Երևանի Մ. Հերացու անվ. ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր Խաչատուր Գասպարյանի հետ

–  Պարոն Գասպարյան, շատ տպավորիչ է հնչում` 20-ից ավելի մասնագիտական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ, էլ չեմ խոսում Ձեր պատվավոր տիտղոսի մասին: Որտե՞ղ է այդ ամենի ակունքները: Ինչպե՞ս հայտնվեցիք Օքսֆորդում:

 

–  Ավարտել եմ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, նույն համալսարանում 2005 թ.-ին պաշտպանել եմ թեկնածուական թեզը, մինչ այդ` 1995 թ.-ին, Օքսֆորդում ուսանելու համար կրթաթոշակ շահեցի, մասնագիտացա փախստականների և բռնի տեղահանված մարդկանց հոգեկան տրավմաների հետազոտման ուղղությամբ:

 

–  Մոսկվայում ևս այդ ուղղությամբ եք մասնագիտացել, որը զարմանալի է, քանի որ խորհրդային ժամանակաշրջանում փախստականների մասին խոսելն անգամ արգելված էր:

 

–  Ոչ, իհարկե, որոշել էի ուսումնասիրել արվեստի հոգեբանությունը, սակայն երկրաշարժից հետո սկսեցի զբաղվել հոգեկան տրավմաներով: Ես ծագումով վանաձորցի եմ, ու երկրաշարժի ժամանակ թեպետ ուսանող էի, Խորհրդային Հայաստանում հոգեբանական առաջին կենտրոնի, թող անհամեստ չհնչի, հիմնադիրներից մեկը եղա: Այդ մանկական կենտրոնը հիմնադրվել էր շվեյցարական բարեգործական կազմակերպության ջանքերով, կոչվում էր ՙԱրալեզ՚, գտնվում էր Վանաձորում: Օտարաբնակ մեր հայրենակիցներից շատերը, որ հայտնի հոգեբաններ են, այդ տարիներին մեծ ներդրում ունեցան Հայաստանում հոգեբանական ծառայությունների ստեղծման գործում` Հակոբ Աքիսկալն ԱՄՆ-ից, Լուիս Նազարյանը, որը մի ամբողջ տարի աշխատեց Գյումրիում և Վանաձորում, կանադահայ Ռիտա Կույումջյանը: Ի դեպ, այժմ նա զբաղվում է Կոմիտասի հոգեվիճակի և նրա հիվանդության պատմության վերլուծությամբ:

 

–  Այդ մասնագետների հետ շփումը հիմնականում ի՞նչ տվեց Ձեզ: 

 

–  Նախ, մեզ համար նոր հորիզոններ բացվեցին, նոր պատկերացումներ` մարդու հոգեբանության վերաբերյալ, որովհետև, ասենք, խորհրդային գաղափարախոսության համար մեզ համար անընդունելի էր, որ կոմունիզմ կառուցողի երեխան կարող է դեպրեսիա ունենալ: Բացի այդ, որն ամենակարևորն է, նրանք փոխանցեցին իրենց փորձը, թե ինչպես տեսական գիտելիքները կիրառել գործնական աշխատանքում:

 

–  «Արալեզից» հետո վերադարձաք Մոսկվա՞:


- Մեկնեցի Ղարաբաղ: Սկսվեց պատերազմը և, իմ պատկերացմամբ, յուրաքանչյուրս պետք է մեր պարտքը կատարեինք: Ի դեպ ասեմ, որ միակ զինվորականը, ով լավ էր պատկերացնում հոգեբանական օգնության անհրաժեշտությունը, Մոնթեն էր: Նրա կնոջ` Սեդայի հետ միասին հոգեբանական օգնություն էինք ցուցաբերում ոչ միայն զինվորներին, այլև ընտանիքներին, երեխաներին: Այդ տարիներին ՙԲժիշկներ` առանց սահմանների՚ կազմակերպության ջանքերով հիմնադրեցինք առաջին հոգեբանական ծառայությունը Ղարաբաղում:

 

–  Դեռ գործու՞մ է:


–  Այո, և բավական լավ պայմաններում, մանկական հիվանդանոցի տարածքում:

 

–  Ինքներդ սթրեսի չե՞ք ենթարկվել այդ ծայրահեղ հոգեբանական լարվածություն պահանջող գործունեության ընթացքում:

 

–  Այո, զգացի, որ ինքս էլ եմ հոգեբանական օգնության կարիք զգում` պատերազմի, երկրաշարժի հետ կապված: Երբ շահելով Օքսֆորդում ուսանելու կրթաթոշակը, մեկնեցի Անգլիա, գիտականորեն ձևակերպեցի այն բոլոր տրավմաները, որոնց ինքս էի ենթարկվել այդ տարիներին: Օքսֆորդ մեկնելիս ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, հատկապես Մարտունաշենի և Ոսկեպարի դեպքերից հետո, ուստի և դասընթացն ավարտելուց հետո անմիջապես վերադարձա հայրենիք: Այդ ժամանակ արդեն դասավանդում էի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Մի կիսամյակ դասավանդում էի, մյուսն անցկացնում Ղարաբաղում` մեր կենտրոնում: 

 

–  Հոգեբանական ծառայության դիմելը մեզ մոտ մի տեսակ ընդունված չէ...


–  Նոր սերնդի համար կարծես թե փոխվել է վերաբերմունքը: Ինձ շատ են դիմում, ավելի շատ, քան կարողանում եմ ընդունել: Դարն է փոխվում, ժամանակը, մենք չենք կարող անմասն մնալ մեր շուրջը տեղի ունեցող փոփոխություններից: Ընթացքում, իհարկե, կարող ենք նաև կորցնել այն, ինչը դժվար կլինի վերականգնել:

 

–  Մեր ժողովրդի պահվածքն ավելի ագրեսիվ է դարձել, ավելի անկանխագուշակելի, քան, ասենք, քսան տարի առաջ էր: Արդյո՞ք դա հոգեբանական խնդիրների մասին չի վկայում, նույնիսկ` հոգեբուժական: 

 

–  Ամբողջ աշխարհում բնակչության 5-7%-ը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, մեզ մոտ այն կազմում է 1,5%, սակայն դա ամենևին էլ չի խոսում այն մասին, թե հիվանդները քիչ են, պարզապես շատ հիվանդներ չեն դիմում հոգեբանի: Այդ հարցի լուծման ուղղությամբ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: 

 

–  Ո՞րն է հոգեբանության և հոգեբուժության սահմանը:

 

–  Հոգեբանները նրա համար են թերևս, որ հոգեբույժներին դիմելը կանխեն:

 

–  Մեզանում ընդունված է ընտանեկան բռնությունը, թեև ընդունված չէ բարձրացնել այդ խնդիրը, որն, ըստ իս, ևս հոգեբանական է:

 

–  Բռնությունն ընդհանրապես իր բոլոր դրսևորումներով չարիք է հասարակության համար: Բռնություն ցուցաբերողը, իբրև կանոն, երբեմն ինքն է ենթարկվել բռնության: Բայց հայ ընտանիքը շատ բարդ համակարգ է, յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը: Երբեմն մարդկանց թյուրիմացաբար թվում է, որ եթե չբարձրաձայնեն իրենց խնդիրները, ապա դրանք ինքնըստինքյան կվերանան: Սովորաբար բռնությունն ուղղված է լինում դեպի թույլ օղակը: Չեմ կարող ասել, թե ագրեսիվ ազգ ենք, բայց նոր սերնդի մեջ, ցավոք, ագրեսիվ պահերն ավելի հաճախ են դրսևորվում: Արժեքային համակարգն է փոխվել: Որքան ուզում եք հոգևոր բարձր արժեքներ քարոզեք, եթե կյանքում պատանին ուրիշ արժեքներ է տեսնում, դժվար թե նրա ագրեսիան պակասի:

 

–  Որքան հասկացա, դասավանդելուց զատ, զբաղվում եք գործնական աշխատանքով:


–  Այո, աշխատում եմ որպես գլխավոր հոգեբան նորաստեղծ ՙԻնթրա՚ հոգեբանական կենտրոնում: Այն ավելի շատ հոգեկան առողջության կենտրոն է: Այսօրվա գիտությունն ուղղված է ոչ թե հիվանդությունը բուժելուն, այլ կանխարգելիչ միջոցներին: Կենտրոնի կարևորությունը հոգեկան առողջության պահպանման գործում շատ մեծ է, չէ± որ հոգեկան առողջությունը մեր երկրի անվտանգության գլխավոր պայմաններից է: 

 

–  Անկախության կայացմանն անմիջական մասնակցություն եք ունեցել: Երբ հետադարձ հայացք եք նետում, ինչի՞ մասին եք խորհում:

 

–  Անկախությունը հարսանիքից հետո մեղրամիսի պես մի բան է, հատկապես սփյուռքահայության համար: Մենք դեռ այդ մեղրամիսն ըմբոշխողներն ենք, բայց ընտանիքի առաջին հիասթափություններն այդ շրջանից հետո են սկսվում: Պատմության տեսադաշտից մենք դեռևս մանկական շրջանում ենք գտնվում: Իրականություն դարձած անկախությունն իր հետ խնդիրներ է բերում, այդ թվում` սոցիալական, բարոյական, մշակութային: Չհիասթափվենք. անկախությունը սկիզբն է, շարունակության կերտողները` մենք, եթե մեր ստեղծածն այն չլինի, հաղթանակած թշվառների կնմանվենք: Առողջությունը չի լինում առանց հոգեկան առողջության: Առողջ մարմինը կարող է ունենալ հիվանդ հոգի, բայց հակառակը չի լինում: Մենք պետք է մաքրենք մեր էգոն, ազատագրենք այն տրավմատիկ հիշողություններից և տեղափոխվենք անցյալից դեպի ապագա:

 

–  «Առողջապահություն» հանդեսին ի՞նչ կցանկանայիք հոբելյանի առթիվ:

 

–  Դեռ մանկուց միշտ տեսել եմ այն մեր տանը և ընկալել գրեթե աստվածաշնչյան ճշմարտությանը համարժեք: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում «Առողջապահությունը» ավելի պահանջված է դառնալու, քանի որ նրա այսօրվա դեմքը, այսօրվա որակը շատ համակրելի է, իսկ ինքը` հանդեսը, ընթերցողի կողմից սպասված: Մաղթում եմ, որ հանդեսը ընթերցողի կողմից միշտ սպասված լինի:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ