Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Երևանի տոնը հաշմանդամների աչքերով. Մենք օտար ենք այս քաղաքում, Երևանը մերը չէ

Երևանի տոնը հաշմանդամների աչքերով. Մենք օտար ենք այս քաղաքում, Երևանը մերը չէ

 

Նախօրեին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն իր ասուլիսում, որը նվիրված էր «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության ընթացքում մայրաքաղաքի տրանսպորտի որոշակի սահմանափակմանը նշեց, որ քաղաքապետարանը որևէ հատուկ միջոցառում չի իրականացրել, որպեսզի տոնական միջոցառումներին ներկա լինեն նաև հաշմանդամները: Խոսքը մասնավորապես տրանսպորտին էր վերաբերում, որով հնարավորություն կընձեռվեր սահմանափակ կարողություններով անձանց ևս տեղաշարժվել, սակայն քաղաքում միայն երկու տրոլեյբուս է, որ այդպիսին է: Բայց, վստահություն հայտնվեց քաղաքապետարանում, քանի որ փոքր կենտրոնը այդ օրը գրեթե ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտի համար, ապա հաշմանդամները կկարողանան հանգիստ տեղաշարժվել քաղաքում, առավել ևս, որ թեքահարթակներով կենտրոնական փողոցները ապահովված են:

 

Հիշյալ ասուլիսից մեկ օր անց, այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դեպի Երևանի քաղաքապետարան ակցիա կազմակերպվեց` «Երևանը նաև իմ քաղաքն է» խորագրով, որը նվիրված է մայրաքաղաքի մատչելիության խնդրին ու նպատակ ունի կառույցի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը: Ակցիայի շրջանակում ակտիվիստները նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որը երկու նամակի հետ միասին կհանձնվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

«Հույսի կամուրջ» հկ-ի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ պայման այսօր քաղաքում ստեղծված չէ և հաշմանդամները ուղղակի զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ վայրեր այցելելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներից օգտվելու ու առհասարակ հասարակական կյանքին մասնակցելու տարրական հնարավորություններից. «Մենք բոլոր քաղաքապետերին հերթով նամակներ ենք ուղարկել, մեր խնդրով դիմել ու հանդես ենք եկել կոնկրետ առաջարկներով: Բայց մինչ օրս խոտսումներ ենք լսում, որ կփորձեն, կանեն և այլն»,- նշեց նա ու ավելացրեց, որ Հայաստանի օրենսդրությունն ու զանազան իրավական ակտերը այս իմաստով բոլոր խնդիրների լուծումներ առաջարկում են, պարզապես անհրաժեշտ է դրանց հետևել ու կամք դրսևորել դրական արդյունքներ արձանագրելու համար:

 

Խնդիրներից մեկը, որ նա առանձնացրեց այն է, որ շատ նախագծեր, ծրագրեր ու գործողություններ Հայաստանում իրականացվում են առանց սահմանափակ կարողություններով անձանց կարծիքը առնելու ու նրանց հնարավորությունները հաշվի առնելու…

 

«Պարոն քաղաքապետ, Ձեզ երբևէ չի հետաքրքրել, թե ո՞ւր են մեր քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակիչները, ինչո՞ւ նրանց չեք հանդիպում այն վայրերում, ուր մյուսներին կարելի է տեսնել: Անգնահատելի է Ձեր նախաձեռնությունը Երևանում մանկական խաղահրապարակներ կառուցելու գործում, բայց երբևէ մտածել եք` ո՞ւր են հաշմանդամություն ունեցող երեխաները, թե նրանք խաղալ չեն ուզում»,- ասված է նամակներից մեկում, որի շեշտը դրված է այն հանգամանքին, որ սահմանափակ կարողություններով անձինք իրենց օտար են զգում մայրաքաղաքում, քանզի իրենք չեն կարող լիարժեք մասնակցություն ունենալ Երևանի զարգացմանը և որքան էլ ցավալի է` Երևանը ամենևին էլ իրենցը չէ: 

 

Մինչդեռ ավելացնենք, որ հանրապետությունում բնակվող հաշմանդամություն ունեցող 180 հազար անձինք միայն Երևանում չէ, որ փակված են իրենց բնակարաններում, քանի որ շենքերի մուտքերը թեքահարթակներով ու կամ նորմալ աշխատող վերելակներով ապահովված չեն, տրանսպորտն էլ դեռ հարմարեցված չի նրանց տեղաշարժի համար: Նրանք ապրում են նաև մարզերում, հեռավոր գյուղերում, որտեղ վիճակն էլ ավելի վատթար է ու որտեղ ավելի շատ է զգացվում պետության անտարբերությունը նրանց խնդիրների նկատմամբ:

 

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ