ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ: Բուժառուն գանգատվում էր արտահայտված խեղդման զգացումից, սրտխփոցից, հևոցից: Գոյացությունն առաջացնում էր պարանոցի արտահայտված դեֆորմացիա: Իրականացվեց պարանոցի և կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա՝ ն/ե կոնտրաստրավորմամբ։ Արդյունքում հայտնաբերվեց վահանագեղձի երկու բլթերի արտահայտված մեծացում՝ աջ բիլթ՝ 7,2 * 5,8 * 12,0 սմ, ձախ բիլթ՝ 3,8 * 3,6 * 9,0 սմ։ Բլթերն ունեին հարթ, հստակ արտաքին եզրեր՝ առանց անմիջական ներաճի: Առկա էր նաև շնչափողի լուսանցքի դեֆորմացիա, նեղացում՝ C7- TH1 մակարդակում:
Կատարվել է բիոպտատի բջջաբանական քննություն: Բուժառուի զննման և հետազոտությունների հիման վրա ախտորոշվել էր Հաշիմոտոյի աուտոիմուն թիրեոիդիտ, խպիպ V աստիճան, առաջնային հիպոթիրեոզ:
Բուժառուին անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն: Իրականացվել է թիրեոիդէկտոմիա՝ ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունն իրակացրել է Ա. Ռ. Նալբանդյանը (օգնականներ՝ Գ. Հ. Սիմոնյան, Ժ. Ն. Նիկոլայան):
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների: Բուժառուն դուրս է գրվել հետվիրահատական չորրորդ օրը` բավարար վիճակում:
Եթե բուժառուն չվիրահատվեր, գեղձի աստիճանական մեծացման արդյունքում ավելանալու էր շնչափողի սեղմումը՝ վատացնելով շնչառությունը: Շնչափողի երկարատև սեղմումը կարող էր առաջացնել նաև նրա անվերադարձելի դեֆորմացիա, այնուհետև` տրախեոմալյացիա (դեֆորմացված հատվածի փափկացում, ընդհուպ մինչև թափածակում, ինչը բավականին լուրջ խնդիր է): Բացի այդ, բուժառուն մշտապես պետք է ստանար բարձր դեղաչափերով փոխարինող թերապիա, իսկ վիրահատության շնորհիվ դեղերն այսուհետև ստանալու է փոքր և նվազող դեղաչափ:
Նման դեպքերում հարկ է զգոն և ուշադիր լինել. անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել և, անհրաժեշտության դեպքում, ժամանակին վիրահատվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար: