Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Բռնության տեսարաններն ազդում են աճող սերնդի արժեքային համակարգի վրա

Բռնության տեսարաններն ազդում են աճող սերնդի արժեքային համակարգի վրա

Հեռուստասերիալները հասարակության ծնունդն են, բայց ոչ պահանջմունքը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ հոգեբան Արմինե Ղազարյանն` անդրադառնալով հեռուստասերիալների դեմ սկսված արշավին, հասարակության շրջանում հեռուստասերիալների թողած ազդեցության շուրջ:

Արմինե Ղազարյանը նկատեց, որ հեռուստասերիալը հասարակության ծնունդն է, այն օդից չի ստեղծվում, բայց որը նաև ազդում է հասարակության վրա, դա օղակ է: Արմինե Ղազարյանի խոսքով՝ երբեմն բռնության մշակույթ կրողը և կիրառողը չի էլ դիտում սերիալը, միգուցե դասական երաժշտություն է լսում, բայց սա մասնավոր դեպքեր են:

Այնուամենայնիվ, Արմինե Ղազարյանի կարծիքով` սերիալն իր բացասական ազդեցությունը թողնում է: «Բռնության տեսարաններն ազդում են հասարակության, աճող սերնդի արժեքային համակարգի վրա: Կոպիտ, բռի վարվեցողությունը և վերաբերմունքը միմյանց նկատմամբ և ուռճացված կարող են լինել, և իրական, սակայն չի կարելի մեկի վառ երևակայության արդյունքը փաթաթել հասարակության վզին և դեռ մտածել, որ հասարակական պահանջմունքն է այդպիսին: Ֆիլմն ինքը նախադեպերի վրա է հիմնված, այսինքն` հասարակության շրջանում գոյություն ունեցող երևույթներն արտացոլվում են սերիալներում: Իհարկե, մենք կատարյալ հասարակություն չենք, որ ասենք, թե նման տեսարաններ կյանքում, մեր հասարակությունում չկան, բայց, ամեն դեպքում, այդ որակը ցույց տալ ֆիլմերում պետք չէ: Դա մեկ սերիա չէ, մի քանիսը չէ, հեռուստասերիալները տարիներով կաթեցվող նյութ են: Եթե այսպես շարունակվի, շատ վատ ազդեցություն կունենա հատկապես աճող սերնդի արժեհամակարգի ձևավորման վրա, հատկապես, որ դերակատարները, դերասանները դեռահասական, պատանեկան տարիքի համար որոշակիորեն էտալոնային կերպարներ են: Մեկ սերիալից հասարակությունն անմիջապես որակափոխ չի լինում, իսկ մի քանի սերիալ նույն բարքերով եւ կասկածելի հերոսներով արդեն որոշակի կշիռ է դառնում: Բոլոր հասարակություններում կա վատը, բայց վերցնել և վատ կողմը ցուցադրել, դա մտածված կոնկրետ ռազմավարություն է արդեն»,- մեկնաբանեց հոգեբանը՝ շարունակելով, որ բռնի, անհաշտ տեսարանները հեռուստատեսությամբ ցուցադրելն ու քարոզելը, լուրջ և ազդեցիկ է, քանի որ լծակն անմիջականորեն մարդկանց հոգեկան ներաշխարհի վրա է: Նրա խոսքով` բռնությունը բոլոր երկրներում, հասարակարգերում կա, այլ բան է դրա ենթագիտակցական քարոզումը:

«Հեռուստատեսությունն այն հարթակն է, որտեղ մարդիկ ցանկանում են իրենցից մի կամ մի քանի քայլ բարձր գիտակցությամբ մոտեցումներ, օրինակելի երևույթներ տեսնել, իմանալ, որ իրենց համար չափանիշային լինի: Բայց հանկարծ էկրանին տեսնում են առավել անհանդուրժողաբար ցածր առօրեական եւ կենցաղային երևույթներ: Հեռուստատեսությունը պետք է բարձր լինի սովորականից եւ սովորաբարից, եւ մատչելիության սկզբունքով, հասանելիությամբ իրական արժեքներ ներկայացնի: Օրինակ` ցանկացած մարդ ավելի հաճույքով հեռուստատեսությամբ լսում է գրագետ խոսքը, քան ժարգոն կամ առօրյա խոսակցական, քանի որ հեռուստաեթերից ժարգոնային խոսքը տհաճ է հնչում անգամ այդպես խոսողի համար»,- եզրափակեց իր խոսքը ՌԱՀՀԿ հոգեբան Արմինե Ղազարյանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ