Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը

ԵՊԲՀ. Կաթնախառնուրդներ և ամառային խնամք․ ռիսկեր, անվտանգություն և օգտակար խորհուրդներ՝ մայրիկներին

ԵՊԲՀ. Կաթնախառնուրդներ և ամառային խնամք․ ռիսկեր, անվտանգություն և օգտակար խորհուրդներ՝ մայրիկներին

Մանկական կաթնախառնուրդները, որոնք այսօր կիրառվում են նորածնային և վաղ մանկական սննդակարգում, հատուկ մշակված սննդամթերք են և խորհուրդ են տրվում այն դեպքում, երբ կրծքի կաթը հասանելի չէ կամ լրացուցիչ սնուցում է անհրաժեշտ։ Դրանք ունեն թե՛ օգտակար կողմեր, և թե՛ ռիսկեր, որոնք կարևոր է հաշվի առնել, և որոնց վրա ցանկանում ենք հրավիրել ուշադրությունը՝ հատկապես ամառային շոգերին, երբ դրանց պատրաստումը և պահպանումը պահանջում են առավել մեծ ուշադրություն և զգուշություն։

Կրծքի կաթը լավագույն սնունդն է, սակայն որոշ մայրիկներ չեն կարող կրծքով կերակրել տարբեր պատճառներով (կաթի պակաս, հիվանդություններ, դեղամիջոցների օգտագործում և այլն)։ Այդ պարագայում կաթնախառնուրդները դառնում են կարևոր այլընտրանք։ Դրանք ունեն հավասարակշռված բաղադրություն, պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, երկաթ, կալցիում և այլ սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են երեխայի առողջ աճի և զարգացման համար։ Կարելի է հեշտությամբ պատրաստել, պահել և տալ երեխային՝ նույնիսկ դրսում։ Նաև հնարավորություն են տալիս հայրիկին կամ խնամողին մասնակցել կերակրման գործընթացին։

Այս ամենի հետ միասին խիստ կարևոր է հաշվի առնել, որ կրծքի կաթի հետ համեմատած՝ դրանք ունեն ցածր իմունաբանական պաշտպանություն։ Խառնուրդները չեն պարունակում հակամարմիններ, որոնք փոխանցվում են մոր կաթով և օգնում երեխային պայքարել վարակների դեմ։

Որոշ երեխաներ կարող են ունենալ փքվածություն, գազեր, փորկապություն կամ՝ հակառակը, փորլուծություն խառնուրդին հարմարվելու փուլում։ Կովի կաթի հիմքով խառնուրդները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ որոշ երեխաների մոտ։ Եվ կարևոր ռիսկերից մեկը կապված է սխալ պատրաստման կամ պահման հետ․ ջրի անբավարար սանիտարական որակը կամ սխալ չափաբաժինը կարող են բերել վարակների, թունավորումների կամ սննդային արժեքի անբավարարության։

Հարկ է նշել նաև, որ որակյալ կաթնախառնուրդները թանկարժեք են, և երկարաժամկետ օգտագործումը կարող է մեծ ֆինանսական բեռ դառնալ ընտանիքի համար։

Եթե հնարավոր է, ապա կրծքով կերակրումը մնում է առաջին և ամենաառողջ տարբերակը։ Եթե անխուսափելի է կաթնախառնուրդի օգտագործումը, ապա կարևոր է խառնուրդ ընտրել միայն բժշկի խորհրդով, հատկապես՝ երեխայի հատուկ առողջական խնդիրների առկայության դեպքում։ Կան բազմաթիվ գրանցված դեպքեր, երբ մանկական կաթնախառնուրդը երեխաների մոտ առաջացրել է կողմնակի ազդեցություններ։ Դրանք կարող են տարբերվել ծանրության աստիճանով՝ թեթև անհանգստությունից մինչև լուրջ բժշկական միջամտություն պահանջող խնդիրներ։

Անբավարար թերմիկ մշակում անցած ջրով պատրաստված կամ սխալ պահված խառնուրդի օգտագործումից երեխան կարող է վարակվել տարբեր հարուցիչներով, օրինակ՝ Cronobacter sakazakii-ով, որը վաղ նորածնային տարիքում կարող է հարուցել մենինգիտ և սեպսիս։ Բազմաթիվ են երեխաների գերաճի կամ ավելորդ քաշի դեպքերը։ Որոշ երեխաներ, խառնուրդով կերակրվելով, ստանում են ավելի շատ կալորիա, քան անհրաժեշտ է, ինչը կարող է բերել հավելյալ քաշի կամ նույնիսկ ճարպակալման։

Խորհուրդ է տրվում ընտրել խառնուրդ՝ բժշկի խորհրդով, հատկապես եթե երեխան ունի ալերգիկ նախատրամադրվածություն։ Խստորեն հետևել պատրաստման ուղեցույցին՝ ջրի ջերմաստիճան, չափաբաժին, պահպանման կանոններ։ Հետևեք երեխայի արձագանքին նոր խառնուրդ օգտագործելիս։ Եթե նկատում եք ցան, փսխում, լուծ կամ բարձր ջերմություն՝ անմիջապես դիմեք մանկաբույժին։

Եվս մեկ անգամ, ամառային շոգերին ցանկանում ենք նշել, որ մինչև 2 տարեկան կրծքով, իսկ մինչև 6 ամսական՝ բացառապես կրծքով կերակրումն աղիքային վարակների կանխարգելման և առողջ օրգանիզմի ձևավորման հիմնական նախապայմանն է։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ