Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

4-7 ամսական երեխաների սնուցումը

Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում։

 

Հավելյալ սնուցումը երեխային ավելի վաղ ժամկետներում (մինչև 4 ամսականը) խոոհուրդ է տրվում նշանակել սակավարյունության, ռախիտի, համառ գղտոցների դեպքում։ Մյուս կողմից, տարվա շոգ եղանակներին, ինչպես նաև սուր հիվանդությունների, հատկապես աղիքային խանգարումների դեպքում, հավելյալ սնուցումը նշանակվում է ավելի ուշ ժամկետներում (5-5,5 ամսականում)։


Հավելյալ սնուցում տալիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ հիմնական կանոնները.


—    հավելյալ սննդի յուրաքանչյուր տեսակը օրաբաժնի մեջ պետք է մտցնել աստիճանաբար, սկսելով 5-10 գ-ից և 10-15 օրվա ընթացքում այն հասցնել անհրաժեշտ քանակության։


—    Հավելյալ սննդի երկու նոր տեսակները չպետք է տրվեն միաժամանակ։ Նոր տեսակին կարելի է անցնել միայն այն դեպքում, երբ երեխան կընտելանա նախորդին։


—    Հավելյալ սնունդը պետք է տրվի կրծքով կերակրելուց առաջ։


—    Հավելյալ սնունդը իր կազմությամբ պետք է լինի միատարր և չպետք է դժվարացնի կլման ակտը։ Աստիճանաբար պետք է անցնել ավելի խիտ, իսկ հետո նաև պինդ սննդի, հնարավորինս երեխային վաղ ընտելացնելով գդալով ուտելուն և ծամելուն։ հավելյալ սնուցում տալու պահից երեխայի օրական կերակրումների թիվը կրճատվում է և հասնում է մինչև 5 անգամի։ Առաջին տարվա վերջում լավ զարգացող երեխաներին կարելի է օրական չորս անգամ կերակրել։


4-6 ամսական երեխայի անհրաժեշտ սննդի ծավալը կազմում է նրա մարմնի զանգվածի 1/7 մասը (900-1000 մլ), 6 ամսականից մեծ՝ 1/8 մասը (1000-1100 մլ), առաջին տարվա վերջում՝ 1/8 –1/9 մասը (1000-1200 մլ)։


Չորս ամսականից մեծ երեխաներին տրվող հյութերի և մրգերի խյուսերի քանակությունն աստիճանաբար ավելացնում են և մեկ տարեկանում հասցնում են մինչև 100-ական մլ/գ։


Հավելյալ սնուցումը նախընտրելի է սկսել բանջարեղենային խյուսից, որը պատրաստում են բազմատեսակ բանջարեղենից, գերադասելի են տարբեր զուգորդումները։


Խյուսեր պատրաստելիս կարտոֆիլը չպետք է գերազանցի կերակրաբաժնի ընդհանուր ծավալի կեսը, քանի որ հարուստ է օսլայով և աղքատ է կալցիումով։ Երեխաներին շատ օգտակար են գազարը, կաղամբը, պոմիդորը, ճակնդեղը։ Գազարը հարուստ է կարոտինով, կալիումական աղերով, կաղամբը՝ կալցիումով, մագնեզիումով, ասկորբինաթթվով։ Ծաղկակաղամբը պարունակում է երկաթ, ցինկ, կոբալտ։ Պոմիդորը հարուստ է կարոտինով, ասկորբինաթթվով, երկաթի, պղնձի, կոբալտի, մանգանի աղերով։ Ճակնդեղը պարունակում է կոբալտ։
Պետք է նշել, որ ի տարբերություն մյուս բանջարեղենի, դդումը, կաղամբը, դդմիկը պարունակում են համեմատաբար քիչ ածխաջրեր։ Այդ կարևոր հանգամանքն անհրաժեշտ է հաշվի առնել սովորականից ավելի քաշ ունեցող երեխաների կերակրման ժամանակ։


Խյուս պատրաստելիս բանջարեղենը եփում են կամ քիչ քանակությամբ ջրով կամ էլ կափարիչի տակ՝ գոլորշիով։ Պատրաստի խյուսին ավելացնում են կարագ կամ բուսական յուղ։ Կարելի է ավելացնել նաև ձվի դեղնուց, իսկ հետագայում՝ միս։
Երկրորդ հավելյալ սնունդը, որը սովորաբար նշանակվում է 5-5,5 ամսականից, ձավարից կամ ձավարի ալյուրից (բրնձի, սևաձավարի, վարսակի, սպիտակաձավարի) պատրաստած կաթնային շիլան է։ Ձավարները հարուստ են հանքային նյութերով, B խմբի վիտամիններով, բուսական սպիտակուցով։ Շիլա պատրաստելիս նպատակահարմար է օգտագործել տարբեր ձավարների խառնուրդը, որը բարձրացնում է կերակրի սննդային արժեքը։ Կաթնային շիլա եփելիս վիտամինների պահպանման և կաթնային սպիտակուցի բնազրկումը (ռենատուրացիան) նվազեցնելու նպատակով սկզբում ձավարը լավ եփում են փոքր քանակությամբ ջրով, հետո ավելացնում կաթ (չնոսրացրած) և շարունակում եփելը մինչև շիլայի լրիվ պատրաստ լինելը։ Ըստ ցուցումների (ռախիտ, կաթի նկատմամբ ալերգիա), շիլաները պատրաստվում են բանջարեղենի եփուկի վրա։ Օգտակար են բանջարեղենի և ձավարների խառը կերակրատեսակները, օրինակ՝ «վարդագույն շիլան», որը պարունակում է գոլորշեխաշ ու տրորած գազար, դդում և մի որևէ ձավար։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ