Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպե՞ս երեխային սովորեցնել ճիշտ խոսել զարգացման վաղ շրջանում. tuntunik.wordpress.com

Ինչպե՞ս երեխային սովորեցնել ճիշտ խոսել զարգացման վաղ շրջանում. tuntunik.wordpress.com

Երեխայի զարգացման վաղ շրջանը (ներառյալ պտղի սկզբնավորման և ձևավորման ընթացքը) թեև առաջին հայացքից աննկատ, սակայն էական դեր է կատարում նրա հետագա ամբողջ կյանքի համար:

 

Երեխայի խոսքի համակողմանի զարգացման նախադրյալները, որոնք հետագայում պայմանավորում են նրա ընկալման, հաղորդակցման, մտածողության, երևակայության, ուշադրության, հիշողության ձևավորումն ու զարգացումը, պետք է նուրբ և խնամքով ձևավորել շատ ավելի վաղ, քան կսկսի երեխայի մոտ ի հայտ գալ կապակցված խոսքը: Մեծահասակի մեղմ ձայնը, պարզ, հստակ և ամենակարևորը՝ դրական էմոցիոնալ լիցք կրող խոսքը խթանում է երեխայի խոսքային ակտիվությունը:

 

Աստիճանաբար փոքրիկը սկսում է ուշադրությունը կենտրոնացնել, որսալ և փորձել պատասխան ձայնային ռեակցիա տալ, ինչը նման է յուրօրինակ երկխոսության: Նման պահերին կարելի է կրկնել երեխայի ձայնարկությունները, արտաբերած հնչյունը կամ վանկը, որով կամրապնդենք նրա վարքը, իհարկե, ավելացնելով օրինակելի խոսք: Միշտ պետք է հիշել, որ որքան փոքր է երեխան, այնքան նրա համար առաջնային է խոսքի հուզական կողմը, ձայնի հնչերանգը, դեմքի արտահայտությունը, իսկ աստիճանաբար, մեծանալով, դրան ավելանում է արդեն խոսքի իմաստային կողմի կարևորությունը:

 

Ընդհանրապես և հատկապես խոսքի զարգացման վաղ շրջանում երեխան պետք է լսի հստակ խոսք: Երեխայի բառապաշարը պետք է հարստացնել հատկապես ուշադրություն դարձնելով բայերին և ածականներին: Պետք է խրախուսել երեխայի հարցերը, միշտ պատասխանել դրանց, միևնույն ժամանակ երեխային տալ այնպիսի հարցեր, որոնց պատասխանը չի սահմանափակվում մեկ բառով, այլ պահանջում է հետազոտական միտք, տրամաբանված պատասխան: Եթե երեխան գիտի տվյալ առարկայի անվանումը, հարկ չկա ժամանակ առ ժամանակ հարցնել՝ ինչ է դա, ստուգելու՝ հիշու՞մ է արդյոք, թե՝ ոչ: Ավելի նպատակահարմար է հարցնել՝ ինչպիսի՞ն է այն, ինչի՞ համար է կամ ի՞նչ կարելի է անել դրանով, ինչը կդրդի երեխային մտածել, ուշադիր լինել, դիտարկել, փորձել և այլն:

Խոսքի զարգացումը սերտորեն կապված է երեխայի առաջատար գործունեության՝ խաղի հետ, հետևապես այն պետք է դիտարկել որպես խաղի մաս, բաղկացուցիչ:

Մեկ այլ կարևոր գործոն ևս կա խոսքի զարգացման ընթացքում՝ նուրբ մոտորիկայի, այսինքն՝ մատների նուրբ շարժունակության զարգացումը: Քանի որ գլխուղեղում մոտ են տեղակայված մատների նուրբ շարժունակությունն ապահովող և խոսքի կենտրոնները, զարգացնելով մատների ճկունությունը՝ խթանվում է նաև խոսքի զարգացումը: Ահա թե ինչու նախադպրոցական, կրտսեր դպրոցական երեխաների համար էապես կարևորվում են կավով, խմորով, պլաստիլինով, մկրատով, ավազով և նմանատիպ խաղերը:

Ինչպե՞ս վարվել խոսքի զարգացման դժվար հաղթահարելի անկանոնությունների դեպքում:

Երեխայի դաստիարակությամբ, խնամքով անմիջականորեն զբաղվող մարդիկ հարկ է, որ լավ պատկերացնեն մարդուն՝ իր հոգևոր, մտավոր, ֆիզիկական ասպեկտների ամբողջականության մեջ: Կարևոր է տեղյակ լինել երեխայի զարգացման, և, մասնավորապես, խոսքի զարգացման ճգնաժամային փուլերին: Հնարավորինս ուշադիր պետք է դիտարկել երեխային, նրա վարքը, փորձել գտնել խնդիրների բուն պատճառները և համապատասխան մասնագետների օգնությամբ ու խորհրդատվությամբ օգնել փոքրիկին հաղթահարելու դժվարությունները:

Ո՞ր տարիքում է առավել բարձր խոսքային խանգարումների շտկման արդյունավետությունը: Արդյո՞ք մանկական հասակում խոսքի խանգարումների վաղ ախտորոշումը թույլ կտա կանխել խոսքային զարգացման շատ բարդություններ:

Քանի որ խոսքը սերտորեն կապված է երեխայի հոգեֆիզիկական զարգացման հետ, ուշադիր հետևելով երեխայի զարգացմանը, կարելի է հետագայում հնարավոր կամ անխուսափելի խանգարումները նկատել մինչև դրանց դրսևորումը, այդպիսով, որոշ դեպքերում նաև հնարավորություն ունենալ կանխելու այնպիսի խոսքային խանգարումներ, ինչպիսիք են՝ լոգոնևրոզը (կակազություն), խոսքի զարգացման հապաղումը, գրավոր խոսքի խանգարումները և այլն:

 

Իսկ եթե, այնուամենայնիվ, որևէ խոսքային խանգարում արդեն առկա է, ապա հնարավորինս վաղ միջամտությունը կտրուկ մեծացնում է լիարժեք շտկելու կամ վիճակն առավելագունս բարելավելու հնարավորությունները: Ընդ որում, տարբեր խնդիրների դեպքում այդ ժամանակահատվածը տարբեր է: Այսպես, եթե հնչարտաբերման շտկման, օրինակ՝ «ռ» հնչյունի, ճիշտ արտասանության համար մասնագիտական միջամտությունը կատարվում է 4,5-5 տարեկանում, ապա լսողության խանգարման առկայության դեպքում անհրաժեշտ է սկսել արդեն մի քանի ամսականից:

Արդյո՞ք խոսքային հաղորդակցման սահմանափակ հնարավորություններն առաջացնում են խոսքային մտածողության, ուշադրության, հիշողության ձևավորման դանդաղում, զգայակամային ոլորտի այլ խանգարումներ:

Ինչպես նշվեց, խոսքը զարգանում է երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը զուգընթաց: Այն ընդհանուր զարգացման ցուցիչ է և սերտորեն կապված է մտածողության զարգացման հետ: Իր հերթին, մտքի խոսքային ճիշտ դրսևորումը նպաստում է հաղորդակցմանը: Ստացվում է. ուշադրությունը, հիշողությունը, երևակայությունը, հոգեկանի մյուս գործընթացները փոխկապակցված են: Հետևաբար, երեխայի խոսքային հաղորդակցման սահմանափակումներն առաջ են բերում տարաբնույթ խնդիրներ:

Կարո՞ղ ենք արդյոք երեխայի մոտ ձևավորված շփման խանգարումը համարել դաստիարակման անբարենպաստ պայմանների արդյունք:

Այս հարցին չի կարելի միանշանակ պատասխանել: Կան դեպքեր, երբ դաստիարակման պայմանները որևէ կերպ չեն պայմանավորում շփման խանգարումը, օրինակ, եթե խոսենք աուտիզմի մասին: Սակայն մեկ այլ պարագայում անհամապատասխան դաստիարակությունը կարող է նպաստող գործոն կամ հավելյալ պատճառ հանդիսանալ ու խորացնել շփման դժվարությունները:

Ընդհանրապես նյարդահոգեկան առողջությունը, որն ապահովում է երեխայի շփման, հաղորդակցման, խոսքի նորմալ զարգացումը, մեծապես կախված է ընտանիքում միջանձնային հարաբերություններից: Ընդ որում, առավել կարևոր է ո՛չ միայն դաստիարակման ընտրված մեթոդը, այլ այն, թե որքանով են ընտանիքի անդամները համակարծիք և հետևողական այդ մեթոդի կիրառման գործում:

Հեղինակ. լոգոպեդ Սուսաննա Դավթյանի «ԲժշկականԳենետիկայիևԱռողջությանԱռաջնայինՊահպանմանԿենտրոն»
Սկզբնաղբյուր. tuntunik.wordpress.com
Լուսանկարը. tuntunik.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ