Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Նորածնի անատոմո-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները.

Մաշկը: Նորածնի մաշկն ունի թույլ զարգացած եղջերաշերտով նուրբ էպիթելային ծածկույթ։ Մաշկը հարթ է, էլաստիկ, որոշ այտուցվածությամբ, գերարյունային (հիպերեմիկ)՝ ծածկված նախածնային լոռանման ճարպաձուսպի քսուքով։

 

Մաշկը հարուստ է արյունատար անոթներով։ Մազանոթները, չափահասների մազանոթների համեմատությամբ, առավել լայն են։ Նորածին երեխաների մոտ մեծ է նաև մաշկի մակերեսի և մարմնի զանգվածի հարաբերության ցուցանիշը։ Ճարպային գեղձերը լավ են զարգացած, քրտնագեղձերը՝ թույլ։ Սահմանափակ քրտնարտադրությունը և մաշկի ոչ լիարժեք անոթային ռեակցիաները պայմանավորում են ջերմակարգավորման ֆունկցիաների անկայունությունը։


Մաշկը միաժամանակ շնչական օրգան է, որի արտազատական հատկությունը լավ է արտահայտված։ Մաշկի պաշտպանական ֆունկցիան ցածր է, որի պատճառով հաճախ մուտքի դռներ է ծառայում վարակների նամար։

 

Հասուն նորածինների մոտ լավ է զարգացած ենթամաշկային ճարպաշերտը։ Պտղի մոտ այն սկսում է կուտակվել ծնվելուց առաջ՝ վերջին 2 ամիսներին։ Երեխաների ճարպաշերտում գերակշռում են դժվար լուծվող ճարպաթթուները (պալմիտինա և ստեարինաթթուները)։ Համեմատաբար քիչ է օլեինաթթուն, որով և, ի տարբերություն ավելի մեծ տարիքի երեխաների, պայմանավորված է նորածինների ենթամաշկային ճարպաշերտի առաձգականությունը։

 

Ոսկրա-մկանային համակարգը

 

Նորածինների մկանային համակարգն անբավարար է զարգացած։ Այն կազմում է մարմնի զանգվածի 25%-ը (չափահասների մոտ՝ 40%ից ավելի): Մկանաթելերը բարակ են, լավ զարգացած է միջանկյալ հյուսվածքը։ Այդ տարիքի երեխաների համար հատկանշական է մկանների գերլարվածությունը։ Վերջույթների ծալիչ մկանների տոնուսը գերազանցում է տարածիչ մկանների տոնուսին։ Նորածինների մկանների այդպիսի գերտոնուսը պայմանավորված է նրանց նյարդային համակարգի առանձնահատկությամբ՝ զոլավոր (ստրիար) համակարգի անբավարար զարգացումով և դժգույն կորիզային (պալիդար) համակարգի գերակշռումով։


Նորածնի ոսկրերը
հարուստ են անոթներով և ոսկրածուծի բաղադրիչներով։ Մեծ գաղտունը մշտապես բաց է լինում։ Փոքր գաղտունը բաց է մոտավորապես 25% դեպքերում։ Կրծքավանդակը տակառաձև է, կողերը փափուկ են և տեղադրված հորիզոնական դիրքով։ Ողնաշարը ֆիզիոլոգիական թեքություններ չունի։ Հոդերն օժտված են մեծ շարժողականությամբ։

 

Շնչական օրգանները

 

Շնչական օրգանները ծնվելու պահին դեռևս լիարժեք չեն գործում։ Քթանցքներն ու վերին շնչուղիները նեղ են և անբավարար զարգացած։ Նորածնի քիթը փոքր է, քթի աճառները` փափուկ, լորձաթաղանթը` նուրբ և առատ անոթավորված։ Վերջինս նպաստում է լորձաթաղանթի ուռճեցմանը, որն էլ պատճառ է դառնում ինչպես քթային շնչառության, այնպես էլ ծծելու գործողության դժվարացմանը։ Նորածնի մոտ բացակայում են ճակատային և հայմորյան խոռոչները։ Եվստախյան փողը համեմատաբար կարճ է ու լայն և չափահասների համեմատությամբ առավել հորիզոնական ուղղություն ունի։ Եվստախյան փողի ըմպանային անցքը տեղադրված է կարծր քիմքի մակարդակով։ Քթաըմպանում կատառային երևույթների զարգացման ժամանակ եվստախյան փողի կառուցվածքային առանձնահատկությունները նպաստում են բորբոքային պրոցեսների տարածմանը դեպի միջին ականջը։


Կոկորդը և շնչափողը նեղ են՝ փափուկ աճառներով և թույլ զարգացած էլաստիկ հյուսվածքով։ Շնչափողի լորձաթաղանթը նուրբ է և արյան անոթներով հարուստ։ Շնչափողի երկճյուղումը գտնվում է III-IV կրծքային ողների մակարդակին։ Բրոնխները համեմատաբար նեղ են։


Թոքերը
հարուստ են մազանոթային ցանցով և աղքատ՝ էլսատիկ հյուսվածքով։ Ստոծանու բարձր դիրքի պատճառով թոքերի ստորին սահմանը քիչ ավելի բարձր է։ Սուր շնչական վիրուսային վարակների և բակտերիալ հիվանդությունների դեպքում այդ գործոնները պատճառ են դառնում նորածինների թոքերում ատելեկտազների զարգացմանը։

 

Նորածնի առաջին ներշնչման հետ սկսվում է նրա թոքային կամ արտաքին շնչառությունը։ Արյան մեջ թթվածնի ցածր լարվածության պայմաններում բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը։ Առաջանում է նյութափոխանակային թթվագարություն (մետաբոլիկ ացիդոզ)։ Բացի այդ, որոշակի դեր են խաղում ռեֆլեքսային ռեակցիաները, որոնք սկիզբ են առնում պտղի ծնվելու պահին։ Ջերմաստիճանային, շոշափողական (տակտիլ) և արտաքին միջավայրի այլ գրգռիչները ներգործում են պտղի ընկալիչ (ռեցեպտոր) ապարատի վրա և նպաստում են շնչական կենտրոնի գրգռմանը։

 

Առաջին ներշնչման պահից թոքերում էական փոփոխություններ են զարգանում։ Առաջին ներշնչման ժամանակ գոյացած բացասական ճնշման շնորհիվ իրագործվում է թոքերի օդափոխությունը (աերացիան)։ Այնուհետև առաջացած դրական ճնշումը պայմանավորում է նորածնի ակտիվ արտաշնչումը։ Յուրաքանչյուր ներշնչման հետ աստիճանաբար մեծանում է նորածնի ներշնչած օդի ծավալը։ Ներշնչման խորացման հետ ավելի է բարձրանում արյան թթվածնային հագեցումը՝ 87-97%, PՕշ՝ 67-90 մմ սնդիկի սյան։

 

Սրտանոթային համակարգ

 

Նորածնի սրտի չափերը համեմատաբար մեծ են։ Սրտի զանգվածը միջին հաշվով կազմում է մարմնի զանգվածի 0,89%֊ը (չափահասների մոտ՝ 0,5 %): Ստոծանու բարձր տեղադրության պատճառով սիրտն ավելի հորիզոնական դիրք է ունենում։ Փորոքների պատերի հաստությունը մոտավորապես հավասար է լինում և կազմում է մոտ 5 մմ։ Նորածնի սրտի տարողության ծավալը 20 մլ է։ Այն պոտենցիալ մեծ հնարավորություններով է օժտված։ Հայտնի է, որ ախտաբանական պրոցեսների դեպքում նորածնի սիրտը կարող է աշխատել առանց անբավարարության նշանների և ավելի երկարատև, քան չափահասների սիրտը։ Պարզորոշ է, որ դա պայմանավորված է թթվածնաքաղցի նկատմամբ սրտամկանի կայունությամբ և անօդակյաց (անաերոբ) նյութափոխանակությանն անցնելու սրտամկանի հնարավորությամբ։ Նորածնի պուլսի հաճախությունը 1 րոպեում կասմում է 110-130։ Շնչառության և պուլսի հաճախությունների հարաբերությունը հավասար է 1:2,3-1:2,5։ Պուլսը սովորաբար հաճախանում է ճչալու, ծծելու և այլ շարժումների ժամանակ։ Քնած ժամանակ պակասում է 20-25 զարկով։ Չափահասների համեմատությամբ, նորածնի սրտի կծկումների բարձր հաճախականությունը պայմանավորված է թափառող նյարդի թույլ ազդեցությամբ, որն էլ նորածնի սրտի նյարդավորման առանձնահատկությունն է։

 

Ա.Ա. Բալունովայի տվյալներով, նորածնի կյանքի առաջին օրը զարկերակային առավելագույն և նվազագույն ճնշումը միջին հաշվով կազմում է սնդիկի սյան 66/36 մմ, II օրը՝ 67/31, III օրը՝ 68/37, IV օրը՝ 71/39, V օրը՝ 72/40, VI օրը՝ 73/41, VII օրը՝ 75/42 մմ։

 

Արյուն, արյունաստեղծ օրգաններ

 

Նորածնի արյունաստեղծ գլխավոր օրգանը կարմիր ոսկրածուծն է։ Արյունաստեղծ լրացուցիչ օջախներ կան լյարդում, փայծաղում, ավշահանգույցներում և այլն։ Նորածնի ավշահանգույցները ծայրամասային լավ տարածված ցանց ունեն։ Ավշահանգույցները լինում են գնդասեղից մինչև սիսեռի չափ, փափուկ են, հարուստ արյունատար անոթներով և ավշահյուսվածքով, ծոցերը լայնացած են։ Ավշահանգույցները թերզարգացած են, վարակներից պաշտպանելու նրանց արգելակող ֆունկցիան թույլ է արտահայտված։


Արյունն առաջնակարգ դեր ունի հյուսվածքային շնչառության ապահովման մեջ։ Նորածնի արյան ընդհանուր քանակությունը կազմում է նրա մարմնի զանգվածի 10,7-19,5%-ը (միջինը՝ 12%)։


Ծնվելու պահին երեխայի արյան մեջ հեմոգլոբինի երկու տեսակ է լինում՝ ֆետալ կամ սաղմնային (HbF) և հասուն (HbA)։ Նրանց հարաբերությունը նորածնի արյան մեջ ենթակա է անհատական զգալի տատանումների։ Սաղմնային հեմոգլոբինի պարունակությունը օրվա ընթացքում պակասում է մոտավորապես 1%-ով և մի քանի ամսվա ընթացքում լիովին անհետանում է։


Հասուն նորածինների կյանքի առաջին օրը էրիթրոցիտների թիվը կազմում է 6,02.1012/լ±0,14.1012/լ, 2-4 շաբաթականում դրանց թիվն իջնում է մինչև 4,81.1012/լ±0,1.1012/լ։ Համապատասխանաբար փոխվում է հեմոգլոբինի պարունակությունը՝ 208±3,0֊ից մինչև 150±4,0 գր/լ և ռետիկուլոցիտների թիվը՝ 10±1,1–ից մինչև 8±0,6%: Աոաջին շաբաթվա ընթացքում գունային ցուցանիշը տատանվում է 0,9-ից մինչև 1,3։ Նորմայում, ոչ հազվադեպ, նորածինների արյան մեջ կարող են լինել նաև կորիզավոր էրիթրոցիտներ (նորմոբլաստներ, էոիթրոբլաստներ)։ Նորածնային շրջանում զգալի փոփոխություններ են տեղի ունենում և լեյկոցիտային բանաձևում։ Կյանքի առաջին չորս օրը գերակշռում են նեյտրոֆիլ գրանուլոցիտները (65%), լիմֆոցիտների քանակը կազմում է 16-34%։ 5-րդ օրը նկատվում է նեյտրոֆիլ գրանուլոցիտների և լիմֆոցիտների պարունակությունն արտացոլող կորագծերի առաջին խաչաձևումը։ Նորածնային շրջանի վերջում նեյտրոֆիլ գրանուլոցիտների թիվն իջնում է մինչև 26-30%, իսկ լիմֆոցիտների թիվն աճում է մինչև 50-60%: Կյանքի առաջին ամսվա ընթացքում մոնոցիտնեոի քանակը կազմում է 6-12%, թրոմբոցիտներինը՝ տատանվում 100.109/լ-ից մինչև 400.109/լ սահմաններում, էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ) դանդաղած է՝ 2-4 մմ/ժամում, որն, ըստ երևույթին, պայմանավորված է արյան մեջ ֆիբրինոգենի և խոլեսթերինի ցածր պարունակությամբ։ Արյան մակարդելիությունը մոտավորապես այնպիսին է, ինչ որ չափահասներինը՝ սկիզբը 4-5 րոպե հետո, իսկ ավարտը՝ 6-10 րոպեին։ Արյունահոսության տևողությունը 2-4 րոպեի սահմաններում է գտնվում։ Էրիթրոցիտների օսմոտիկ կայունությունը որոշակի բարձր է և տատանվում է լայն սահմաններում (առավելագույնը՝ նատրիումի քլորիդի 0,48 % լուծույթ, իսկ նվազագույնը՝ 0,26 % լուծույթ)։


Մարսողական համակարգ

 

Նորածնի բերանի խոռոչի ծավալը համեմատաբար փոքր է։ Այն պատված է նուրբ, հեշւո վնասվող լորձաթաղանթով։ Շրթունքների լորձաթաղանթի տեսանելի մասն ունի սպիտակավուն փոքրիկ բարձիկների ձև, որոնք միմյանցից բաժանված են շրթունքների երկայնքի նկատմամբ լայնակի ընթացող խոր ակոսիկներով։ Քիմքի միջին գծի ուղղությամբ կարելի է նկատել սպիտակադեղնավուն կետեր` այսպես կոչվող բոնովյան հանգույցներ։ Ծնոտային ելուստների երկարությամբ ամուր գլանիկ է ձգվում, որը պարզորոշ երևում է երեխայի ծծելուց հետո՝ Ոոբեն-Մաժիտոյի ծալքը։ Վերջինս ավելի լավ է արտահայտված ապագա ժանիքների ծկթման տեղերի միջև ընկած հատվածում։


Լեզուն համեմատաբար մեծ է։ Լավ զարգացած են ծամիչ մկանները։ Առողջ, հասուն նորածինը ծնվում է ծծելու արտահայտված ունակությամբ։ Այտերի հաստության մեջ գոյություն ունեն բավականին ամուր և համեմատաբար լավ սահմանազատված ճարպի կուտակներ՝ Բիշի կոշտուկներ։ Կոշտուկներ առաջացնող ճարպն աղքատ է հեղուկ օլեինաթթվով, որով էլ բացատրվում է նրա ամրությունը։ Բիշի կոշտուկները, նույնիսկ երեխայի խիստ նիհարելու դեպքում, երկար ժամանակ չեն անհետանում։ Այդ կոշտուկներով է պայմանավորված նորածնի այտերի առաձգականությունը, որն ավելի արդյունավետ է դարձնում նրա ծծելու գործողությունը։ Ծծելը բարդ, բնածին ռեֆլեքս է, որը ծագում է առանց ուղեղի կեղևի մասնակցության։ Նրա կենտրոնը երկարավուն ուղեղում է գտնվում։ Ծծելու ակտիվ շարժումները երեխայի հասունության և առողջության կարևորագույն ցուցանիշներն են:


Նորածնի կերակրափողը
10-12 սմ երկարություն ունի։ Ծնոտների ելուստներից մինչև ստամոքսի մուտքը կազմում է 16-18 սմ։ Կերակրափողի լորձաթաղանթը նուրբ է, հարուստ անոթներով։ Մկանային շերտը, էլաստիկ հյուսվածքը թույլ են զարգացած։
Ստամոքսը գրավում է թեթևակի թեք դիրք, նրա մեծ մասը տեղակայված է ձախ թուլակողմում։ Ստամոքսի մկանային շերտը, էլաստիկ թելերը, լորձաթաղանթի գավաթանման բջիջները թույլ են զարգացած։ Տարողությունը նորածնի կյանքի աոաջին օրը հավասար է 7-10 մլ, առաջին շաբաթվա վերջում՝ 50 մլ, երկրորդ շաբաթում՝ 70-80 մլ, երրորդ շաբաթում՝ 90-100 մլ։ Ստամոքսի շարժողական և արտազատական ֆունկցիաները բավարար են զարգացած։ Բնական սնուցման ժամանակ ստամոքսի դատարկումը կատարվում է կերակրումից 2-3 ժամ հետո։ Նորածնի ստամոքսահյութը պարունակում է աղաթթու, պեպսին, լաբֆերմենտ և լիպազա։ Պեպսինի ակտիվությունը ցածր է։ Ստամոքսահյութի հիմնական ֆերմենտը լաբֆերմենտն է։


Նորածնի աղիքները չափահասների համեմատությամբ երկար են։ Նրանց մկանային շերտը և էլաստիկ հյուսվածքը թեր զարգացած են։ Աղիքների պատով թույները, հորմոնները, զանազան իմուն մարմինները, դեղորայքը և այլն հեշտությամբ են ներթափանցում։ Նորածնի կյանքի առաջին 10-12 ժամվա ընթացքում աղիքները համարյա մանրէազերծ են։ Հետագայում հայտնաբերվում են աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, ացիդոֆիլ մանրէներ և այլն։ Աղիքների մանրէական ֆլորան նպաստում է մարսողության ֆերմենտատիվ պրոցեսներին, B խմբի և K վիտամինների գոյացմանը։ Տասներկումատնյա աղիքի լուսանցքն արտահոսված ենթաստամոքսային գեղձի արտազատուկը պարունակում է տրիպսին, լիպազա, ամիլազա և այլ ֆերմենտներ։ Աղիքների յուրահատուկ ֆերմենտը էնտերոկինազան է։
Ծնվելուց հետո նորածնի աղիքներում 70-90 գ սաղմնակղանք (մեկոնիում) է պարունակվում։ Դա առանց հոտի, մուգ կանաչավուն միատարր զանգված է։ Մեկոնիումը կազմված է մարսողական տրակտի տարբեր հատվածների արտազատուկներից, պոկված էպիթելից և ծննդաբերության ժամանակ կուլ տված շուրջպտղային ջրերից։ Սաղմնակղանքայրն արտաթորանք նկատվում է նորածնի կյանքի առաջին 3 օրերին։ Այնուհետև այն փոխարինվում է շագանակագույն, դեղնականաչավուն, իսկ ավելի ուշ՝ դեղնոսկեգույն, թթու հոտով շիլայանման կղանքով։


Նորածնի լյարդը կազմում է մարմնի զանգվածի 4,4%-ը (չափահասների մոտ՝ 2,8%): Այն լավ է մատակարարված արյան անոթներով։ Լյարդի բլթերը թույլ են սահմանազատված, շարակցական հյուսվածքը անբավարար է զարգացած։ Լեղին հարուստ է գունավորող նյութերով, աղքատ՝ լեղաթթուներով և աղերով։ Լյարդի ֆունկցիան կապված է մարսողության, արյան շրջանառության և նյութափոխանակության պրոցեսների հետ։ Լյարդի գլիկոգենագոյացման ֆունկցիան լավ է արտահայտված, իսկ թունազրկող (դեզինաոքսիկացնող) ֆունկցիան դեռևս անբավարար է։


Միզային համակարգ

 

Նորածնի երիկամների զարգացումը ծնվելու պահին դեռևս ավարտված չէ։ Թերզարգացած են կեղևային շերտը և ոլորուն խողովակները։ Կծիկների քանակը համեմատաբար շատ է, սակայն յուրաքանչյուր կծիկի չափերը դեռևս փոքր են։ Երիկամների խտացնող հատկությունը թույլ է արտահայտված։


Երիկամներն ունեն ցածր տեղադրում, և նրանց հարաբերական զանգվածը գրեթե երկու անգամ գերազանցում է չափահասների երիկամների զանգվածին։ Միզածորանները ոլորաձև են, լայն, թերզարգացած էլաստիկ հյուսվածքով և մկանային շերտով։ Նրանց երկարությունը 6-7 սմ է։ Միզապարկն ունի բարձր տեղադրություն։ Նորածնի կյանքի առաջին օրերին մեզի տեսակարար կշիռը կազմում է 1.008-1.013, իսկ ավելի ուշ՝ 1.002-1.004։ Երիկամների խողովակներում թթուների չեզոքացման մեխանիզմների դեռևս լիարժեք չլինելու պատճառով նորածինների մոտ հնարավոր է նյութափոխանակային ացիդոզի զարգացումը։


Միզապարկի տարողությունը մոտ 50 մլ է։ Տղաների միզուկի երկարությունը մոտ 5-6 սմ է, իսկ ադջիկներինը՝ 2-2,5 սմ։
Ծնվելու ժամանակ երեխայի միզապարկում ոչ մեծ քանակությամբ մեզ է լինում։ Աոաջին երեք օրվա ընթացքում նորածինը օրվա մեջ միզում է 4-5, շաբաթվա վերջում՝ 15-25 անգամ։ Սկզբնական շրջանում մեզի ռեակցիան խիստ թթվային է, հետագայում՝ թույլ թթվային։ Նորածնի մեզի քանակությունը կյանքի I օրը կազմում է 19, II օրը՝ 46, III օրը՝ 82, IV օրը՝ 122, V օրը՝ 145, VI օրը՝ 183, VII օրը՝ 188, VIII օրը՝ 215 մլ։


Նորածնային շրջանում երիկամների խողովակները միներալոկորտիկոիդների և հակամիզամուղ հորմոնի նկատմամբ թույլ զգայնություն ունեն։ Սակայն, չնայած այդ հանգամանքին, առոդջ նորածնի երիկամներն ի վիճակի են ապահովելու օրգանիզմի ներքին միջավայրի մշտական կազմը։


Ներզատական համակարգ

 

Նորածինների ներզատական գեղձերի վերաբերյալ տվյալները դեռևս անբավարար են ։ Նորածնի հիպոֆիզը կշռում է 100-150մգ։ Այդ ներզատական գեղձում լավ են զարգացած սոմատոտրոպ հորմոն արտադրող ացիդոֆիլ ադենոցիտները (էոզինոֆիլ բջիջները)։


Նորածնի վահանաձև գեղձը
կշռում է 1-7 գ: Կյանքի առաջին ամիսներին գեղձի հյուսվածաբանական կառուցվածքը դեռևս ավարտված չէ և ֆունկցիան կատարյալ չէ։ Յոդը պարունակվում է ոչ մեծ քանակությամբ, անբավարար է արտադրվում թիրոքսինը։


Հարվահանագեղձերը հայտնվում են ներարգանդային զարգացման 6-րդ շաբաթում։ Երեխայի ծնվելուց հետո շարունակվում է գեղձի զարգացումը, որի մասին է վկայում տարիքի մեծացմանը զուգընթաց արտադրվող հորմոնի ավելացումը։ Թիրոքսինը կարգավորում է կալցիումի փոխանակությունը և օգնում է պահպանելու թթվահիմնային հավասարակշռությունը։


Ուրձագեղձի
կշիռը միջին հաշվով 12 գ է։ Գեղձում գերակշռում է կեղևային նյութը, շարակցական հյուսվածքն աննշան է։
Նորածնի կյանքի առաջին երկու ամիսներին ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների թիվը համեմատաբար մեծ է, քան զարգացման հետագա շրջաններում, որով էլ պայմանավորված է գեղձի ֆունկցիայի բավարար վիճակը։


Նորածնի մակերիկամները կշռում են մոտ 7 գ, որը, ինչպես չափահասների մոտ, կազմում է մարմնի զանգվածի 0,3%-ը։ Մակերիկամների կեղևը կարող է սինթեզել կորտիկոստերոիդներ՝ կորտիկո– ստերոնի հարաբերական գերակշռությամբ։ Երեխան ծնվում է արյան մեջ կորտիկոստերոիդների քանակության բարձր մակարդակով։ Ծնվելուց հետո կորտիկոստերոիդները աստիճանաբար նվազում են, և արյան մեջ նրանց ամենացածր քանակը նկատվում է կյանքի 3-5֊րդ օրերին։ Հետագա օրերին կորտիկոստերոիդների խտությունն աստիճանաբար բարձրանում է և առաջին շաբաթվա վերջում հասնում չափահասների օրգանիզմում եղած մակարդակին (10մկգ/100 մլ)։ Կորտիկոստերոիդներն իրականացնում են օրգանիզմի պաշտպանահարմարվողական հակազդեցություններն արտաքին միջավայրի ազդակների նկատմամբ, ինչպես նաև մասնակցում են ժառանգական գործոնների իրականացմանը։


Նյարդային համակարգ

 

Նորածնի գլխուղեղը կշռում է 350–400գ: Մեծ կիսագնդերի կեղևը բարակ է, ուղեղի գորշ նյութը հստակորեն չի սահմանազատված սպիտակ նյութից, գանգլիոզ բջիջները թույլ են տարբերակված։ Նկատվում է գլխուղեղի կեղևի ցածր դրդելիություն, արագ հոգնելիություն և ենթակեղևի ֆունկցիայի գերակշռում։ Ուղեղիկը զարգացած է անբավարար, ունի երկարավուն ձև և ոչ խոր ակոսներ։ Կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների համեմատությամբ, ողնուղեղն ունի ավելի ավարտուն կաոուցվածք և ֆունկցիա։ Ծնվելու պահին հաղորդչական ուղիներն ընդհանրապես լավ են զարգացած, բացառությամբ բրգաձև ուղիների, որոնց միելինապատումը դեռևս չի ավարտված։


Ուղեղաողնուղեղային հեղուկի ընդհանուր քանակությունը միջին հաշվով 60 մլ է։ Այն մշտական շարժման մեջ է գտնվում և օրվա ընթացքում վերափոխվում է 4-5 անգամ, նորմայում թափանցիկ է, հաճախ՝ դեղնագույն (քսանտոքրոմ)։ Նման ֆիզիոլոգիական դեղնությունը պայմանավորված է նորածնի ֆիզիոլոգիական դեղնության ժամանակ արյան շիճուկից ուղեղաողնուղեղային հեղուկի մեջ բիլիռուբինի ներթափանցումով։


Վեգետատիվ նյարդային համակարգը
սկսում է գործել ծնվելու պահից։ Նրա գործունեության առանձնահատկությունները դեռևս անբավարար են ուսումնասիրված։ Հայտնի է, որ որոշ օրգանների ֆունկցիաներում գերակշռում է պարասիմպաթիկ, իսկ մյուսների ֆունկցիաներում՝ սիմպաթիկ բաժինների ազդեցությունը։ Նորածինների նյարդային համակարգի առանձնահատկություններով է բացատրվում աթետոզանման (ձեռքերի և ոտքերի մատների որոշ կանոնավորությամբ կատարվող անկամ և դանդաղ շարժումներ), չկոորդինացված շարժումները, որոնք պայմանավորված են տեսաթումբ-դժգունակորիզային (թալամոպալիդար) համակարգի գերիշխող ազդեցությամբ։


Նորածինների վերջույթների ծալիչ մկանների բարձր տոնուսի պատճառով վերջիններս ծալված (ֆլեքսիո) վիճակում են գտնվում: Նկատվում է գլխի և վզի տարածիչ մկանների տոնուսի բարձրացում, որի հետևանքով առկա է գլուխը ետ թեքելու հակումը։ Կյանքի առաջին օրերին նկատվում է վերջույթների դողոց (տրեմոր)։ Ջլային ռեֆլեքսներից ամենամշտականը ծնկային ռեֆլեքսն է։

 

Զգայական համակարգ

 

Նորածնային շրջանի երեխաների համար բնորոշ է զգայական օրգանների անկատարելիությունը։ Գործում են որոշ ընկալիչներ (ռեցեպտորներ) և զգայական ուղիներ։


Համային զգացողության օրգանը լավ է զարգացած և երեխան զանազան համային գրգռիչներին տարբեր ձևով է պատասխանում։

 

Հոտառությունը թույլ է զարգացած, չնայած կյանքի առաջին օրերից արդեն արտահայտվում է պարզորոշ։ Նորածինները երբեմն հրաժարվում են ծծել կուրծքը, եթե ստինքաբորբերի (մաստիտների) բուժման ժամանակ տհաճ հոտ ունեցող քսուքներ և լուծույթներ են գործածվում։

 

Նորածինների շոշափողական զգացողությունը համեմատաբար լավ է զարգացած։

 

Տեսողությունն աստիճանաբար է զարգանում և արտահայտվում է լույսի զգացողությամբ։ Աչքերի շարժումները, որպես կանոն, համադասեցված չեն, որն էլ պայմանավորում է նորածինների ֆիզիոլոգիական շլությունը։


Բբային և եղջերաթաղանթային ռեֆլեքսները՝ դրական են և որոշ չափով դանդաղած։ Առարկան աչքին մոտեցնելու դեպքում թարթման ռեֆլեքսը բացակայում է, թարթման պաշտպանական ռեֆլեքսն առա֊ ջանում է միայն ուժեղ լույսից։

 

Նորածնի լսողությունը դեռևս թույլ է, քանի որ օդը նրա թմբկախոռոչի մեջ աստիճանաբար է անցնում։ Սակայն կյանքի աոաջին օրերից արդեն երեխան ուժեղ ձայներին պատասխանում է ցնցվելով, դեմքի մկանների կծկումներով, շնչական շարժումների հաճախության և խորության փոփոխություններով։

 

Նորածինների ցավային ռեֆլեքսը համեմատաբար թույլ է արտահայտված, չնայած արտաարգանդային կյանքի առաջին ժամերից սկսած ցավային ռեֆլեքսները հեշտությամբ են առաջանում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ