Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՀՀ հրամաններ

Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց

Սրածայր գործիքներով  վնասվելու և արյան հետ  պատահական շփման դեպքում բուժաշխատողների  մասնագիտական վարակվածության կանխարգելման   մեթոդական  ուղեցույց

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով


Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների սրածայր գործիքներով  վնասվելու,  արյան և այլ  կենսահեղուկների  հետ պատահական շփման դեպքում մասնագիտական վարակվածության նվազեցմանը: Այն կարող է օգտագործվել նաև բուժաշխատողների  ուսումնա - մեթոդական դասընթացներ կազմակերպելու նպատակով:


Կիրառման ոլորտը` բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների   բուժաշխատողների համար:

I.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

21-րդ դարում բժշկագիտությունը  շարունակում է մեծ քայլերով զարգանալ: Բժշկագիտության բնագավառում ստեղծվում և զարգանում են նոր ուղղություններ: Նախկինում առասպել թվացող  օրգանների փոխպատվաստումը աստիճանաբար դառնում է սովորական երևույթ, կատարելագործվում են ներդիտակային վիրահատությունների տեխնոլոգիաները, մշակվում են արյան և լորձաթաղանթների հետ շփումը բացառող` անարյուն բժշկական միջամտությունների ժամանակակից մեթոդներ: Այս ամենի առաջնահերթ նպատակը իհարկե հիվանդին հնարավորինս արագ և առանց լրացուցիչ տրավմաների բարձրորակ բուժօգնության տրամադրումն է: Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ հիվանդի մյուս կողմում կանգնած է բուժաշխատողը, որը բժշկական միջամտություններ իրականացնելիս կարող է ենթարկվել բազմաթիվ վնասակար գործոնների ազդեցությանը: Քիմիական, ֆիզիկական, ճառագայթային, վարակային, մարմնի հարկադրական դիրքի, հոգեհուզական և այլ գործոններից բացի բուժաշխատողների մաշկի և լորձաթաղանթների պատահական շփումը արյան և այլ կենսահեղուկների հետ, սրածայր գործիքներով վնասումը եղել և շարունակում են մնալ որպես օրակարգի խնդրահարույց հարց: Այդ պատճառով, չնայած  բժշկության զարգացմանը, այնուամենայնիվ բուժանձնակազմը որպես վարակման ենթակա ռիսկի խումբ շարունակում է մնալ «վտանգի գոտում»:


Բժշկական օգնություն ցուցաբերելիս բուժանձնակազմը մաշկի և լորձաթաղանթների արյան հետ պատահական շփման հետևանքով կարող  է վարակվել արյան միջոցով փոխանցվող  վարակներով: Դրանցից առավել վտանգավոր  են համարվում հեպատիտ  Բ-ի /ՎՀԲ/, հեպատիտ Ց-ի /ՎՀՑ/ և մարդու իմունային անբավարարության  /ՄԻԱՎ/ վիրուսները:


Արյան հետ պատահական շփման դեպքում, թեպետ  հազվադեպ, բայց հնարավոր է վարակվել նաև այլ  մանրէներով`  վարակային հեպատիտի այլ վիրուսներով, ցիտոմեգալովիրուսով (ՑՄՎ),  Էպշտեյն-Բարրի վիրուսով (ԷԲՎ), Պարվովիրուսով, դժգույն սպիրոխետով (սիֆիլիս), պլազմոդիաներով:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տասնամյակի վիճակագրական տվյալների համաձայն վարակման վտանգ պարունակող բժշկական միջամտությունների կատարման հետևանքով  բժշկական սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման արդյունքում արձանագրվել են վիրուսային հեպատի Բ-ի    21 մլն. դեպք    (որոնց  32%     թարմ վարակման դեպք), վիրուսային հեպատիտ Ց –ի  2 մլն.  դեպք`(40% թարմ վարակման դեպք), և ՄԻԱՎ –ի     260 000 դեպք` (որոնց 5% թարմ վարակման  դեպք):


Արյան հետ պատահական շփման դեպքում նշված վիրուսներով վարակների փոխանցման հավանականությունը խոցելի խմբի բուժաշխատողների շրջանում կազմում է.


ՎՀԲ`     5-40%, ՎՀՑ`    3-10%,  ՄԻԱՎ`0,2-0,5%:

 

ՍԱՀՄԱՆՈՒՄ 
Խոցելի խմբին են պատկանում այն բուժաշխատողները ովքեր  չեն ստացել կանխարգելիչ պատվաստումներ և հետկոնտակտային կանխարգելում


Բազմաթիվ ուսումնասիրություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների հեպատիտ Բ-ի մասնագիտական վարակման իրական մակարդակը  կազմում է միայն «այսբերգի» տեսանելի մասը:
Հետազոտվել են նաև Երևան քաղաքի և հանրապետության մարզերի տարբեր բուժհիմնարկներում աշխատող 1538 բուժաշխատող, այդ թվում 605 բժիշկ, 848 բուժքույր եւ 85 կրտսեր բուժաշխատող: Բացահայտվել են բուժաշխատողների վարակվածության նկատելի տարբերություններ` կախված բժշկական մատուցվող բժշկական ծառայության տեսակից: HbsAg հայտնաբերման բարձր հաճախականություն է դիտվել է վիրաբուժական բաժանմունքների բուժանձնակազմի շրջանում (13,6%), ապա հաջորդում են ծննդատների (9,0%), հեմոդիալիզի (8,3%), վերակենդանացման (8,1%) բաժանմունքների, այնուհետև լաբորատորիաների (6,0%), ատամնաբուժական հիմնարկների (4,1%) աշխատակիցները:


Հաստատվել է, որ բուժաշխատողների վարակվածությանը ուղղակիորեն կախված է մասնագիտական գործունեության ստաժից: Հայտնաբերված HBsAg առկայությամբ անձանց միայն 2,7%-ը  սկսնակներ են, 25%-ն  ունի մինչև հինգ տարվա, 32,1%-ը` հինգ-տաս տարվա աշխատանքային ստաժ և 40,2%-ը աշխատել են տասը տարուց ավելի: («Պարէնտերալ վիրուսային  B և  C  հեպատիտների համաճարակաբանությունը Հայաստանում», ըստ Գ.Գ.Մելիք-Անդրեասյանի հետազոտությունների,  ատենախոսություն բ.գ.դ., Երևան, 2004):


Բուժաշխատողների մասնագիտական վնասակարության «ռիսկի» գործոնների ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, / «Համաճարակաբանական հսկողության հիմնական սկզբունքները ներհիվանդանոցային ինֆեկցիաների նկատմամբ բազմապրոֆիլ ստացիոնարում» ըստ Ա.Ս.Սարգսյանի հետազոտությունների` ատենախոսություն բ.գ.թ. Երևան 2004թ/, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների մասնագիտական գործնեության ընթացքում արյան  և այլ կենսահեղուկների հետ պատահական շփումը ավելի հաճախ առաջանում  է հետևյալ իրավիճակներում.

 

  1. oգտագործված ներարկիչի  ասեղը  կափարիչով փակելիս,
  2. վիրահատությունների ընթացքում ` հատկապես կար դնելիս,
  3. կենսաբանական հյուսվածքների նմուշառման ժամանակ,
  4. երբ բաց սրածայրը ընկնում է անկողնային սպիտակեղենի կամ  վիրաբուժական փափուկ նյութի մեջ,
  5. օգտագործված սրածայրերը թափոնների  բեռնարկղի մեջ տեղափոխելու ժամանակ,
  6. օգտագործված բժշկական նյութերը /բժշկական թափոնները/ փոխադրելու և օգտագործված բեռնարկղերը մաքրելու ժամանակ,
  7. արյուն նմուշառման բարդ մեթոդների կիրառման ժամանակ,
  8. շտապ օգնության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում,
  9. արյունահոսող հիվանդների այնպիսի բժշկական միջամտություններ  կատարելիս, որոնք ընթանում են շտապ և սթրեսային իրավիճակներում:


Բուժաշխատողների մասնագիտական գործունեության ընթացքում  հաճախ հանդիպում են վարակման վտանգ պարունակող հետևյալ իրավիճակները`

 

  1. սրածայրով վնասվելը ,
  2. տարբեր կենսանյութերի ցայտումը:


II.     ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ  ՎԱՐԱԿՄԱՆ ՎՏԱՆԳ  ՊԱՐՈՒՆԱԿՈՂ  ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ   ՀԱՄԱՐ


1.    Սրածայրով վնասվելուց խուսափելու համար անհրաժեշտ է բացառել օգտագործված ասեղի վրա կրկին կափարիչ անցկացնելը:


2.   Օգտագործված ասեղը առանց կափարիչ հագցնելու պետք է նետել անջրանցիկ, չթափածակվող բեռնարկղերի մեջ:


3.   Բեռնարկղերը տեղադրվում են այնպես, որ հարմար լինեն օգտագործման համար (ձեռքի հեռավորության վրա, դեմքից ցածր) և չշրջվեն: Բեռնարկղերը պետք է փոխարինվեն նորով`  ծավալի  2/3-ի  լցման դեպքում:


4.    Նախքան օգտագործված սուր գործիքներով լցված բեռնարկղերը տեղափոխելն անհրաժեշտ է այն ամուր, հերմետիկ փակել: Եթե բեռնարկղի հերմետիկությունը կասկածելի է թվում, ապա անհրաժեշտ է, այն տեղադրել լրացուցիչ բեռնարկղի մեջ և ուղարկել օգտահանման:


5.    Սրածայրով վնասման կանխարգելման համար կարևոր է նաև անհատական պաշտպանիչ միջոցների` ռետինե ձեռնոցների  օգտագործումը, որոնք պետք է ճիշտ ձեռքի չափով լինեն, այլապես խիստ մեծանում է սրածայրով վնասման վտանգը:


6.   Արյան կամ այլ կենսահեղուկների ցայտացրման վտանգի առկայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել նաև դիմակ, պաշտպանիչ ակնոցներ, խալաթ և անջրանցիկ գոգնոց:


7.    Արգելվում է  կտրող գործիքները ձեռքից ձեռք փոխանցելը:


8.    Արգելվում է հատակին ընկած սրածայր գործիքները վերցնել մերկ ձեռքերով` անհրաժեշտ է այդ նպատակի համար օգտագործել ունելի, մագնիս, և կրել ձեռնոց:


III.   ՍՊԵՑԻՖԻԿ  ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ 


9.    Արյունային վարակներից  պաշտպանության հուսալի միջոց է համարվում սպեցիֆիկ կանխարգելումը:  Այն բուժաշխատողները,  ովքեր աշխատանքային գործունեության ընթացքում շփվում են արյան և կենսահեղուկների հետ, պետք է ենթարկվեն պատվաստման հեպատիտ Բ  վիրուսի դեմ:  Հեպատիտ Ց-ի և ՄԻԱՎ-ի նկատմամբ դեռևս պատվաստանյութեր  չեն ստեղծվել:  Այդ  պատճառով կանխարգելիչ  միջոցառումների իրականացումը ձեռք է բերում առաջնակարգ նշանակություն:


IV.   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԵՆՍԱՆՅՈՒԹԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՑԱՅՏԵԼՈՒ  ԴԵՊՔՈՒՄ


10.    Արյան կամ այլ կենսանյութի շրջակա միջավայր  ցայտելու դեպքում, վարակազերծման նպատակով անմիջապես թափված կենսահեղուկի վրա անհրաժեշտ է լցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում  տվյալ պահին կիրառվող որևէ ախտահանիչ նյութ: Այս գործողությունը անհրաժեշտ է կատարել միայն  ձեռնոցներով:  Թափված կենսահեղուկը հեռացնելուց հետո  աղտոտված տարածքը հարկակոր է կրկին ախտահանել:


V.    ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՇԿԻ՝ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿՈՎ  ԱՂՏՈՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ


11.    Եթե բուժօգնություն ցուցաբերելիս տեղի է ունեցել բուժաշխատողի մաշկի կամ լորձաթաղանթների վնասում և կենսահեղուկով աղտոտում, ապա անհրաժեշտ է մի քանի վայրկյան թողնել, որ վնասվածքը արյունահոսի, իսկ հետո լվանալ առատ հոսող ջրով կամ հոսող ջրի բացակայության դեպքում` ֆիզոլոգիական  լուծույթով:  Այնուհետև թույլատրվում է լվանալ հոսող ջրով և օճառով:  Արգելվում է արյան արտահոս ապահովելու նպատակով սեղմել կամ շփել վնասված մակերեսը, ինչպես նաև վերքից արտածծել արյունը:


12.    Չի կարելի օգտագործել ուժեղ ազդող միջոցներ (սպիրտ, գունազրկող լուծույթներ, յոդ), քանի որ դրանք կարող են գրգռել վերքային մակերեսը և առաջացնել լրացուցիչ արյունալցում:


VI.    ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԵՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՉՔԻ ՄԵՋ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿԻ  ՑԱՅՏՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ


13.    Աչքի մեջ կենսահեղուկի ցայտման վտանգը հատկապես մեծ է այն դեպքերում, երբ կատարվում է կենսահեղուկով լցված օրգանական փակ խոռոչների դատարկում /պունկցիա/: Երբեմն էլ բժշկական միջամտությունների կատարման ընթացքում խոռոչը լցնող կենսահեղուկի բարձր ճնշման տակ դրանք կարող են ինքնուրույն բացվել: Դրա հետևանքով կենսահեղուկը կարող է ցայտել աչքի մեջ, մաշկի և բերանի լորձաթաղանթի վրա: 


14.    Վերը նշված երևույթի դեպքում  բուժաշխատողի  վարակման վտանգը շատ բարձր է և դրանից խուսափելու համար անհրաժեշտ է օրգանական խոռոչներում կուտակված կենսահեղուկների դատարկման միջամտությունները կատարելիս անպայման կրել դեմքին ամուր հպվող պաշտպանիչ ակնոց, դիմակ և անջրաթափանց գոգնոց: Եթե այնուամենայնիվ պատահական շփումը տեղի է ունեցել, ապա անհրաժեշտ է անհապաղ աչքը լվանալ ջրով կամ ֆիզոլոգիական լուծույթով: Լվանալիս ժամանակ առ ժամանակ կոպերը զգուշորեն բարձրացնել, որպեսզի դրանց տակ նույնպես լվացվի: Եթե կան կոնտակտային ոսպնյակներ, ապա դրանք հարկավոր է  հանել միայն աչքերը լվանալուց հետո: Արգելվում է  աչքերը լվանալ օճառով կամ ախտահանող լուծույթով:


15.    Եթե ցայտումը կատարվել է բերանի մեջ, ապա անհրաժեշտ է անհապաղ թքել բերանն ընկած հեղուկը, ապա  ողողել առատ ջրով կամ ֆիզիոլոգիական լուծույթով և նորից թքել: Կրկնել ողողումները մի քանի անգամ: Ողողման համար չի կարելի օգտագործել օճառ կամ ախտահանող լուծույթ:


Արյան և կենսահեղուկների հետ պատահական շփումների,  ինչպես նաև սրածայրով վնասումների մասին անհապաղ անհրաժեշտ է տեղեկացնել  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուին` ժամանակին անհրաժեշտ  հետկոնտակտային կանխարգելիչ միջոցառումների և խորհրդատվություն ստանալու համար:


VII.   ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ  ՍՐԱԾԱՅՐՈՎ, ԱՐՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿՆԵՐՈՎ  ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՊԱՏԱՀԱԿԱՆ  ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ


16.   Բուժաշխատողի սրածայրով վնասման, մաշկի և լորձաթաղանթների արյան հետ պատահական  շփման դեպքում անհրաժեշտ է բուժաշխատողի արյան նմուշը  հնարավորինս արագ հետազոտել արյունային վարակների նկատմամբ` ՎՀԲ, ՎՀՑ, ՄԻԱՎ: Արյան հաջորդ նմուշները պետք է հետազոտել  1, 3, 6 և 12 ամիս հետո:


Աղյուսակ 1.
ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՅԱՆ  ՀԵՏ  ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 


 
VIII.   ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՍՐԱԾԱՅՐՈՎ  ՎՆԱՍՄԱՆ, ԱՐՅԱՆ ԵՎ  ԱՅԼ  ԿԵՆՍԱՀԵՂՈՒԿՆԵՐԻ  ՀԵՏ  ՊԱՏԱՀԱԿԱՆ  ՇՓՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ  ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


17.    Բուժաշխատողների սրածայրով վնասման, արյան և այլ կենսահեղուկների հետ պատահական շփման դեպքում բուժման անհրաժեշտությունն ու մեթոդները ընտրվում են ՎՀԲ, ՎՀՑ և ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը գնահատելուց հետո, հաշվի առնելով արյան նմուշների շճաբանական հետազոտությունների արդյունքները:


18.    Կանխարգելիչ միջոցառումներ հեպատիտ Բ-ի նկատմամբ`  Արյան հետ պատահական շփում ունեցած  անձի նկատմամբ կիրառվող կանխարգելիչ միջոցառումները տարբեր են:  Դրանք պայմանավորված են բուժաշխատողի հեպատիտ Բ վիրուսի նկատմամբ ունեցած  իմունային կարգավիճակից:

 

  1. Բուժաշխատողի  իմուն կարգավիճակը համարվում է լարված, եթե
    ա/ ստացել է եռանվագ պատվաստում ՎՀԲ-ի դեմ, սպեցիֆիկ հակամարմինների մակարդակի հետագա  հսկողությամբ,
    բ/պատվաստման նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիան  ավելին է քան 10 IU/L
    գ/ անցյալում հիվանդացել է հեպատիտ Բ-ով
  2. Բուժաշխատողի իմունիտետը բացակայում է կամ թերի է,  եթե
    ա/ եթե պատվաստումը կատարվել է թերի, կամ չի պատվաստվել: Այդ դեպքում անհրաժեշտ է ներարկել  մ/մ 5մլ իմունոգլոբուլին հեպատիտ Բ-ի դեմ վնասվածք ստանալուց 48 ժամվա ընթացքում:


Աղյուսակ 2. 
ՀԵՊԱՏԻՏ Բ-Ի  ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ  ԱՐՅԱՆ ՀԵՏ  ՊԱՏԱՀԱԿԱՆ ՇՓՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

XIX.    ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎՀՑ-ՈՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԱԿՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ


19.    Այսօր աշխարհում դեռևս մշակված չէ ՎՀՑ-ի նկատմամբ որևէ սպեցիֆիկ կանխարգելման մեթոդ: Արյան հետ պատահական շփում ունեցած անձի նկատմամբ պետք է սահմանել հսկողություն` ոչ պակաս, քան մեկ տարի: Այդ ընթացքում անհրաժեշտ է կատարել հեպատիտ  Ց-ի նկատմամբ արյան շճաբանական հետազոտություններ 3, 6, 9 և 12-րդ ամիսներում: Որևէ թեստում հակամարմիններ հայտնաբերելիս արդյունքն անհրաժեշտ է  համեմատել պատահարից անմիջապես հետո կատարած  հետազոտության արդյունքի հետ: Դա թույլ կտա պարզել, որ վարակումը տեղի է ունեցել մասնագիտական պարտականությունները կատարելիս: Վարակման առկայությունը հաստատելուց հետո անհրաժեշտ է կազմակերպել բժիշկ հեպատոլոգի խորհրդատվություն:


XX.    ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ  ՄԻԱՎ-ՈՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ  ՎԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ


20.    ՄԻԱՎ-ով    վարակման ռիսկը արյան հետ շփման դեպքում կազմում է 0.1-0.5%:

 

Աղյուսակ 3
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ  ՌԻՍԿԸ  ԱՐՅԱՆ  ՀԵՏ  ՊԱՏԱՀԱԿԱՆ  ՇՓՈՒՄԻՑ  ՀԵՏՈ


ՄԻԱՎ-ով վարակման հնարավորությունը կտրուկ նվազում է, եթե ՄԻԱՎ –ի ինհիբիտորներով կանխարգելումը սկսվում է արյան հետ պատահական շփումից  2-8 ժամվա ընթացքում

21.    Կան որոշ գործոններ, որոնք մեծացնում են ՄԻԱՎ-ով վարակման ռիսկը: Նախազգուշական միջոցառումներ ձեռնարկեու նպատակով արյան հետ շփման տեսակը գնահատելիս դրանք անհրաժեշտ է հաշվի առնել: Այդ գործոնների թվին են պատկանում.

 

  1. խորը վերքեր,
  2. գործիքի վրա արյան տեսանելի հետքեր,
  3. մաշկի վնասում սնամեջ ասեղով, որի լուսանցքում առկա է վարակված արյուն,
  4. հիվանդի արյունը, որը պարունակում է վիրուսի բարձր տիտր:

 


XXI.   ԱՆՀԱՊԱՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՐՅԱՆ  ՀԵՏ  ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՇՓՈՒՄԻՑ ՀԵՏՈ


22.   Սրածայրով վնասվելիս կամ արյան հետ շփումից հետո անհապաղ անհրաժեշտ է տեղյակ պահել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուին: /վերջինիս բացակայության դեպքում` ադմինիստրացիային:/ Կատարվում է պատահարի պայմանների մանրամասն վերլուծություն և այն քննարկվում է «ՁԻԱՀ-ի կամխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի  մասնագետների հետ:


23.    «ՁԻԱՀ-ի կամխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի  մասնագետների հետ համատեղ գնահատվում են  վարակման ռիսկի մակարդակը և դրանից  ելնելով որոշում է կայացվում հետագա կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու անհրաժեշտության մասին: 


XXI.    ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սրածայր/սուր/կտրող/ծակող գործիք- ներարկիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, կարեր դնելու ասեղներ, վիրադանակներ և այլ սայրեր, նշտարներ, սղոցներ, դանակներ, կոտրված կամ չկոտրված ապակի, սրվակներ, և այլն:

Պատահական շփում արյան  հետ -  բժշկական միջամտություններ
կատարելիս  արյան կամ արյուն պարունակող  այլ  կենսահեղուկների հետ ակամա  շփում:  

«ՍՐԱԾԱՅՐ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ  ՎՆԱՍՎԵԼՈՒ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԵՏ  ՊԱՏԱՀԱԿԱՆ
ՇՓՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ»   ՄԵԹՈԴԱԿԱՆ  ՈՒՂԵՑՈՒՅՑԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012  թվականի հունիսի  28-ի  N  26 «Ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագիրը և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման առաջնահերթ  միջոցառումների  ցանկը հաստատելու մասին»  արձանագրային  որոշման «VIII. ՆՀՎ-ների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում» բաժնի ռազմավարական ուղղություն 1. «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով  մասնագիտական վարակման կանխարգելում» բաժնի «Մշակել և  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ընդունել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմա-կեր¬պությունների բուժաշխատողների շրջանում վարակիչ հիվանդություններով վարակման կանխարգելման մեթոդական ցուցումները» կետի պահանջները.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ
1.  Հաստատել`
1)  «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման» մեթոդական ուղեցույցը`  համաձայն հավելվածի:
2) Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին: 
                                                                      ԴԵՐԵՆԻԿ    ԴՈՒՄԱՆՅԱՆ

Սկզբնաղբյուր. ՀՐԱՄԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի
Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013

Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...

Վարակաբանություն Վիրաբուժություն Առաջին բժշկական օգնություն Թերապիա
Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ
Ծայրամասային երակային կատետրների  տեղադրման և խնամքի մեթոդական  ցուցումներ

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ  ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ  


I. Ներածություն...

Վարակաբանություն Վիրաբուժություն Առաջին բժշկական օգնություն Թերապիա
«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ
«Ժամանակակից մոտեցումներ  ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկ

 Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

 I.   ՆԱԽԱԲԱՆ

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...

Վարակաբանություն Վիրաբուժություն Առաջին բժշկական օգնություն Թերապիա
ՀՀ առողջապահության նախարարի N 128 հրամանը

ՀՀ առողջապահության նախարարի 2001 թվականի մարտի 7-ի N 128 հրամանը սահմանում է ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովելու կարգը...

ՀՀ ԱՆ մոտ քաղաքացիների ընդունելության կարգը

ՀՀ առողջապահության նախարարի N 1009-Լ հրամանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելուն...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ