Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

«...Որ վիրավորումներից մահերը լինեն բացառություն. սա այն է, ինչի մասին երազում եմ…». Նիկոլայ Բուրդենկո (1876-1946). Սալուտեմ ամսագիր №2

«...Որ վիրավորումներից մահերը լինեն բացառություն. սա այն է, ինչի մասին երազում եմ…». Նիկոլայ Բուրդենկո (1876-1946). Սալուտեմ ամսագիր №2

Ականավոր ռուս վիրաբույժ, ռուսական նյարդավիրաբուժության հիմնադիր, ռազմաբժշկական գործի կազմակերպիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ստեղծման նախաձեռնող և առաջին նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։


Ահա թե ինչ պատմություն է պահպանվել նրա մասին։


Ընթանում էր գլխուղեղի բարդագույն վիրահատություն։ Բուրդենկոն վիրահատում էր լուռ, կենտրոնացած։ Ներկաները երկյուղած հետևում էին վիրաբույժի ձեռքերին, գործիքներին։ Վիրահատությունը հաջող ավարտվեց։ Նիկոլայ Բուրդենկոն շտապ դուրս եկավ նախավիրահատարան և դիմեց բուժքրոջը,


- Մարֆուշա, Կոխեր և վիրախծուծ։


Բուժքույրը լուռ տվեց պահանջվող գործիքը և ստերիլ թանզիֆե վիրախծուծը։ Նրա դեմքը նույնիսկ զարմանք չարտահայտեց։ Մեկ շարժումով Բուրդենկոն հեռացրեց իր ատամը, վերքի մեջ դրեց թանզիֆե վիրախծուծը և թեթևացած շունչ քաշեց՝ նայելով ատամին.


- Ահա թե ով էր հինգ օր ինձ տանջում։ Անպիտան...


Ինչպե՞ս կարելի էր 65 տարեկանում փայլուն կատարել հինգ ժամ տևողությամբ գանգի վիրահատություն՝ սուր ատամնացավով։ Իսկ եթե ուշագնացություն կամ ցավային շո՞կ լիներ։ Այս դրվագում, ինչպես ջրի կաթիլի մեջ, արտացոլվում է ռազմական վիրաբույժ Նիկոլայ Բուրդենկոյի բնավորությունը, որը Խորհրդային Միությունում նյարդավիրաբուժության հիմնադիրներից էր։

 


Վիրավորին զննելու համար Նիկոլայ Բուրդենկոյին բավական էր մի քանի րոպեն։ Այդ ընթացքում նախանըշվում էր վիրահատության պլանը, և նա անմիջապես անցնում էր գործի։  Մոսկվայում Ն. Ժուկովսկու անվան ակադեմիայի շենքում 1941 թ. իրականացվում են նյարդավիրաբուժության սեմինարներ։ Ն. Բուրդենկոյի ռազմադաշտային վիրաբուժության դասախոսություններին հաճախում էին ճակատ մեկնող բոլոր վիրաբույժները։


Նիկոլայ Բուրդենկոն վերքի առաջնային մշակումը և առաջնային կարերի տեղադրումն առաջին անգամ իրականացնում է ռազմադաշտային վիրաբուժության մեջ գանգի վնասվածքների ժամանակ։ Հետագայում այս մեթոդը կիրառում են վիրաբուժության այլ բաժիններում։ Նա ընդգծում է, որ խոշոր վիրավորումների և հատկապես զարկերակների վնասման դեպքում կյանքի փրկության համար մեծ դեր է խաղում «ադմինիստրատիվ կողմը», այսինքն՝ տեղում վիրաբուժական օգնության կազմակերպումը։ Պիրոգովի աշխատանքների ազդեցության տակ՝ Բուրդենկոն մանրամասն ուսումնասիրում է սանիտարական և հակահամաճարակային ծառայության կազմակերպումը, զբաղվում ռազմական հիգիենայի, սանիտարաքիմիական պաշտպանության, վեներական հիվանդությունների կանխարգելման հարցերով։

 

Նիկոլայ Բուրդենկոն ծնվել է 1876 թ. հունիսի 3-ին Պենզա նահանգի Նիժնելոմովսկի շրջանի Կամենկա գյուղում՝ քահանայի ընտանիքում: Հինգ տարեկան Կոլյան ինքնուրույն՝ առանց ծնողների, դպրոց է գնում։ «Դեռ փոքր ես սովորելու համար»,- փոքրիկ տղային ասում է ալեհեր ուսուցիչը և նրան տուն ուղարկում։ Սակայն Կոլյան ամեն օր գալիս է դպրոց ու դասարանի դռան հետևում համբերատար սպասում, թե երբ իրեն դպրոց կընդունեն։ Տնօրենը, տեսնելով տղայի համառությունը, ի վերջո, հանձնվում է և թույլատրում նրան դպրոց հաճախել։ Հաջողությամբ ավարտելով գյուղական դպրոցը՝ Նիկոլայը գնում է Պենզա, որտեղ գերազանցությամբ ավարտում է հոգևոր ճեմարանը։ Նկատելով երիտասարդի օժտվածությունը՝ նրան ուղարկում են Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիա։ Հայտնի չէ՝ ինչը կամ ով է ազդում նրա վրա, բայց Նիկոլայ Բուրդենկոն որոշում է փոխել իր կյանքը և մասնագիտությունը։ Նա ուղևորվում է Տոմսկ, որտեղ ընդունվում է համալսարան՝ բժշկական ֆակուլտետ։
Նիկոլայ Բուրդենկոյի այրին՝ Մարիա Բուրդենկոն, իր հիշողություններում գրում է. «Տոմսկի համալսարանի պրոֆեսոր, տաղանդավոր վիրաբույժ Սալիշչևի փայլուն վիրահատությունները բորբոքեցին երիտասարդ Բուրդենկոյի երևակայությունը։ Շատ կարճ ժամանակում նրա ընտրությունն արդեն կատարված էր՝ նա վիրաբույժ էր լինելու»։


Վիրաբուժության ճանապարհն անցնում էր անատոմիայի միջով։ Եվ ուսանող Բուրդենկոն ընկղմվում է այս առարկայի ուսումնասիրության մեջ։ Երեք դասընթաց անցնելով՝ նա տիրապետում է դիահերձման և անատոմիական պրեպարատների պատրաստման արվեստին։ Նրան նկատում են և գնահատում։ Երրորդ կուրսի ուսանող Նիկոլայ Բուրդենկոյին պաշտոնապես նշանակում են պրոռեկտորի օգնական։ Լավ սկիզբ էր։ Սակայն 1901 թվականին Նիկոլայը մասնակցում է հեղափոխական ցույցին՝ ի ցույց դնելով իր անհաշտությունը ինքնավարության հետ, ինչի հետևանքով «դուրս է թռչում» համալսարանից։


Երբ սկսվում է Ռուս-ճապոնական պատերազմը (1904-1905), Նիկոլայ Բուրդենկոն մեկնում է ճակատ՝ Մանջուրիա, որտեղ որպես բժշկի օգնական աշխատում է խրամատներում, առաջնագծի վիրակապական կետերում, մարտադաշտից կրակոցների տակ դուրս է բերում վիրավորներին, ցուցաբերում է առաջին բուժօգնություն, իրականացնում ոչ բարդ վիրահատություններ։ Մարտի դաշտում ցուցաբերած քաջության համար նա պարգևատրվում է Գեորգիևյան մարտական խաչով։ Բժիշկ Բուրդենկոյի հոգում ճակատամարտը թողել է խոր, չլավացող վերք։ Իր բազմաթիվ աշխատություններից մեկում նա ավելի ուշ գրում է. «Մուկդենի մոտակայքում կորցրինք 25 հազար վիրավոր, քանի որ ամբողջ բանակում ընդամենը հազար սայլ կար»։

 


1909 թ. նա ատենախոսություն է պաշտպանում «Venae Portae վիրակապության հետևանքների մասին» թեմայով։ Փայլուն պաշտպանությունից հետո շարունակում է կատարելագործել իր գիտելիքները, համակցում է կլինիկական դիտարկումները փորձարարական հետազոտությունների հետ, վիրահատություններն իրականացնում վիրտուոզ տեխնիկայով։


Չնայած վիրաբուժության ռուսական դպրոցի ավանդույթներին (Պիրոգով, Սկլիֆոսովսկի)՝ Նիկոլայ Բուրդենկոն կատարելագործման նպատակով մեկնում է արտերկիր։ Առաջին աշխարհամարտի սկզբին Բուրդենկոն արդեն խոշոր վիրաբույժ էր։ Պատերազմն սկսվելուց անմիջապես հետո Բուրդենկոն ձևավորում է վիրաբուժական ջոկատ և մեկնում մարտական գործողությունների թատերաբեմ։ Շուտով նա նշանակվում է Բանակի վիրաբույժ-խորհրդատու։ Հատկապես ուշագրավ է Ժիրարդուվում նյարդավիրաբուժական վիրավորների համար հոսպիտալի ստեղծումը։ Սա Բուրդենկոյի վիրաբուժական լայն գործունեության և գլխուղեղի վիրավորումների բուժման հարցերով նրա կարկառուն բացահայտումների սկիզբն էր։


Պրոֆեսոր Բուրդենկոն առաջարկում է գլխուղեղի վիրավորումների բուժման բաց եղանակ, որը հետագայում պետք է կոչվեր նրա անունով։ Գանգուղեղային վիրավորումների բուժման բաց եղանակը Բուրդենկոն համարում էր հիմնական։


Նիկոլայ Բուրդենկոն 1918 թվականից Վորոնեժի համալսարանի պրոֆեսոր էր և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, իսկ 1923 թվականից` Մոսկվայի համալսարանի Բժշկական ֆակուլտետի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1930 թվականից մինչև կյանքի վերջը նա ղեկավարում է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժական կլինիկան։


1936 թվականին, ընդունելով Լենինի շքանշանը, Բուրդենկոն ասաց. «Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ մարտիկների շրջանում։ Չնայած իմ քաղաքացիական հագուստին՝ ես հոգով մարտիկ եմ, արյունով կապված եմ բանակի հետ, բոլոր ուժերս տալիս եմ բանակին և հպարտանում եմ իմ այդ պատկանելիությամբ։ Մենք՝ բժիշկներս, կարողանում ենք փրկել վիրավորների 97 տոկոսի կյանքը։ Մենք հույս ունենք, որ վիրավորումներից մահերը կլինեն բացառություն և կլինեն մահեր միայն դժբախտ պատահարներից։ Սա այն է, ինչի մասին երազում եմ»։


1937 թվականից Նիկոլայ Բուրդենկոն Խորհրդային բանակի գլխավոր վիրաբույժ-խորհրդատուն էր։ 1939-1940 թթ. Ն. Բուրդենկոյի և Ե. Սմիռնովի ղեկավարությամբ ստեղծվում է «Ռազմադաշտային վիրաբուժության նյութեր» ձեռնարկը, որի կազմման գործում ներգրավվում է 40 հեղինակ։


Խորհրդային Միությունում Նիկոլայ Բուրդենկոն առաջիններից էր, որ կլինիկական պրակտիկա ներմուծեց կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի վիրաբուժությունը (ԿԾՆՀՎ), բազմակողմանիորեն մշակեց վիրաբուժության այս նոր բնագավառի տեսությունն ու պրակտիկան։ ԿԾՆՀՎ ոլորտում իրականացված աշխատանքների համար Ն.Ն. Բուրդենկոյին շնորհվեց Ստալինյան մրցանակ։ 1943-ի մայիսին նրան շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։


Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհըրդային բանակի գլխավոր վիրաբույժ, բուժծռայության գեներալ-գնդապետ Նիկոլայ Բուրդենկոն զբաղվում է օրգանիզմի տարբեր մասերի վիրավորումների ժամանակ պենիցիլինաբուժության խոր ուսումնասիրությամբ։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվում են բրիգադներ, և բուժտարահանման տարբեր փուլերում իրականացվում են վարակի վրա պենիցիլինի ազդեցության մանրակրկիտ դիտարկումներ:


Բուրդենկոյի գիտական և կազմակերպչական գործունեությունն ընդգրկում է վիրաբուժության մի շարք խոշորագույն բաժիններ և դրանց հարակից բնագավառներ: Նա է մշակել է շոկի ախտածնության և բուժման հարցերի տեսությունը: Համաձայն Բուրդենկոյի կոնցեպցիայի` շոկը նյարդային համակարգի գերգրգռման հետևանք է, որն ուղեկցվում է նրա բոլոր բաղադրիչների խանգարումներով:


Նա գրել է ռազմադաշտային վիրաբուժությանը վերաբերող բազմաթիվ աշխատություններ: Հայտնի են նյարդային համակարգի վնասման վերաբերյալ Բուրդենկոյի ուսումնասիրությունները: Նա մշակում է բուլբոտոմիայի՝ ողնուղեղի վերին մասի վիրահատությունը` էնցեֆալիտից հետո մնացորդային երևույթների դեպքում, առաջարկում է թափառող նյարդի բաց պաշարման սեփական եղանակը:


Նիկոլայ Բուրդենկոն պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով, Կարմիր դրոշի երկու շքանշանով, Կարմիր աստղի շքանշանով, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով և մեդալներով:


Տարիներ շարունակ Բուրդենկոն «Ժամանակակից վիրաբուժություն», «Նյարդավիրաբուժության հարցեր» ամսագրերի խմբագիրն էր, «Վիրաբուժություն», «Ռազմաբժշկական ամսագիր» պարբերականների խըմբագրակազմի անդամ: Մեծ բժշկական հանրագիտարանի 1-ին հրատարակությունում նա բաժիններից մեկի խմբագիրն էր: ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիան սահմանեց Բուրդենկոյի անվան մրցանակ՝ վիրաբուժության ոլորտում լավագույն աշխատանքի համար:


1946-ի հոկտեմբերին Մոսկվայում՝ Պոլիտեխնիկական թանգարանում, տեղի է ունենում Վիրաբույժների համամիութենական համագումարը: Նիկոլայ Բուրդենկոն՝ նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկը, նստած էր նախագահությունում՝ լսողությունը լիովին կորցրած, նա բացատրվում էր գրառումներով: Մեքենային Բուրդենկոն մոտեցավ դժվարությամբ, ուղեկցողի օգնությամբ: Մեկ ամիս հետո՝ 1946 թ. նոյեմբերի 11-ին, ընդհատվեց Նիկոլայ Բուրդենկոյի երկրային կյանքը:

 


https://www.historymed.ru
http://vrngmu.ru/membook/20741/
https://www.sechenov.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
«Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի». Կարել Ալեքսիս (1873-1944). Սալուտեմ ամսագիր №2
«Խելքը գրեթե անօգուտ է այն մարդու համար, որն այլ որակներ չունի». Կարել Ալեքսիս (1873-1944). Սալուտեմ ամսագիր №2

Ֆրանսիացի վիրաբույժ, կենսաբան և ախտաֆիզիոլոգ, 1912 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ անոթների կարման օրիգինալ մեթոդների և հյուսվածքային կուլտուրաների աճեցման...

Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»`շարքից. Կարլ Լանդշտեյներ (1868-1943). արյան խմբերը. Սալուտեմ ամսագիր №2
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»`շարքից. Կարլ Լանդշտեյներ (1868-1943). արյան խմբերը. Սալուտեմ ամսագիր №2

Արյան հետ կապված մեկ այլ խոշոր բացահայտում կատարվել է Վիեննայում 1900 թվականին։ Ամբողջ Եվրոպան խանդավառված էր արյան փոխներարկման հեռանկարով...

Պատմության էջերից Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2

Բժշկության ոլորտում կարևորագույն բացահայտումները վերափոխեցին աշխարհը, փոխեցին պատմության ընթացքը՝ փրկելով անհամար մարդկային կյանքեր։ Դրանց շնորհիվ մարդկային գիտակցությունը հասավ նոր սահմանների...

Պատմության էջերից Սալուտեմ 2.2021
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը: Մարդու անատոմիա. Անդրեաս Վեզալիուս (1514-1564). Սալուտեմ ամսագիր
Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը: Մարդու անատոմիա. Անդրեաս Վեզալիուս (1514-1564). Սալուտեմ ամսագիր

Բժշկությունը զարգացման երկար ճանապարհ է անցել մինչև դարձել է այնպիսին, ինչպիսինն այսօր է։ Դժվար է պատկերացնել, որ դեռևս 100-200 տարի առաջ ապենդիցիտը կարող էր արագահաս մահվան պատճառ դառնալ...

Սալուտեմ 1.2021
Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր
Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր

Մանրէաբանները ստիպված չեն պատասխանատու լինել իրենց թշնամիների զոհերի համար: Նա Ի.Ի. Մեչնիկովի աշակերտն էր:
Ականավոր մանրէաբանը և իմունոլոգը մշակել է անաֆիլակտիկ շոկի կանխարգելման մեթոդը...

Սալուտեմ 1.2021
Գերմանացի բժիշկ, հոմեոպաթիայի հիմնադիրը. Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեման (1755-1843). Սալուտեմ ամսագիր
Գերմանացի բժիշկ, հոմեոպաթիայի հիմնադիրը. Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեման (1755-1843). Սալուտեմ ամսագիր

Պատմում են, որ մի անգամ, Հենրիխ Հայնեն գնացքով Փարիզ գնալիս, նրա ընկերը երշիկ է փոխանցում իր ծանոթ բժիշկ-հոմեոպաթի համար: Բանաստեղծը ճանապարհին գրեթե ամողջ երշիկն ուտում է: Ժամանելով Փարիզ՝  նա ուղարկում է...

Սալուտեմ 1.2021
Նիկոլայ Վասիլիի Սկլիֆոսովսկի (1836-1904). ռուս վիրաբույժ, վաստակավոր պրոֆեսոր. Սալուտեմ ամսագիր
Նիկոլայ Վասիլիի Սկլիֆոսովսկի (1836-1904). ռուս վիրաբույժ, վաստակավոր պրոֆեսոր. Սալուտեմ ամսագիր

Ապրիլի 6-ին ծնվել է ռուս մեծ վիրաբույժ, մարդ-լեգենդ Նիկոլայ Սկլիֆոսովսկին վիրաբույժ-նորարար, որովայնի խոռոչի ռազմադաշտային վիրաբուժության մասին աշխատությունների հեղինակ Նիկոլայ Սկլիֆոսովսկին...

Սալուտեմ 1.2021
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը

Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ