Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանրահռչակ բժիշկերի կյանքից

Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը

Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը

«Մարդը դառնում է առաջին բացահայտողը` ցանկացած երևույթի ծագումն իմանալու ձգտմամբ»

Այս պատմության հերոսը Չարլզ անունով մի երիտասարդ անգլիացի է, ով ապրել է նախանցած դարում: Սակայն այն, ինչ եղավ նրա հետ, ստիպում է մտորել ինչ-որ բանի մասին նաև այսօր:

 

ՄԻ ԱՆՓՈՒՅԹ ԾՆՈՒՆԴ

 

1809 թվականի փետրվարի 12-ին Շյուրսբերի քաղաքում ծնվեց Չարլզ Ռոբերտ Դարվինը, ում հայրն այդ նույն քաղաքում բժշկական գործունեություն էր ծավալում: Նա երկու որդիներից փոքրն էր, ուներ նաև երեք քույր: Երբ Չարլզը 8 տարեկան էր, մահացավ նրա մայրը, ում մասին նրա մոտ ոչ մի հիշողություն չպահպանվեց: Երիտասարդ Դարվինը դպրոցում առանձնահատուկ ունակություններ չդրսևորեց և սեր էլ չուներ դեպի կրթությունը: 9 տարեկան հասակում նրան ուղարկում են տարրական դպրոց, որտեղ սովորում է մեկ տարի՝ զգալիորեն հետ մնալով իր քույր Կատերինայի հաջողություններից: Հաջորդ տարի Դարվինը սկսում է հաճախել բժիշկ Բետլերի գիմնազիան, ուր սովորում է յոթ տարի: 

 

Չարլզը դարձել էր իր դասընկերների և ուսուցիչների ծաղրի առարկան: Միանգամից ասենք՝ ծուլությունը նրա գլխավոր, բայց ոչ միակ արատն էր: 

 

Որքան էլ դպրոցի ուսուցիչները փորձում էին խորանալ նրա կապույտ, մշտապես կիսաքուն աչքերի մեջ, այնտեղ ոչ մի առարկայի նկատմամբ հետաքրքրության նշույլ անգամ չէին գտնում: Անգամ հարազատ անգլերենն էր ծուլանում սովորել: Նա իր տեսքով կարծես ասում էր. «Խոսում, գրում եմ անգլերենով, էլ ի՞նչ է պետք»: Պետք է նշել, որ այս գիմնազիայում աշակերտները, բացի սովորական առարկաների ուսուցումից, պետք է գրեին նաև բանաստեղծություններ: Չարլզն այս բանագավառում ևս անհույս վիճակում էր. ամենապարզ բառերով անգամ չէր կարողանում հանգեր ստանալ: «Չա՛րլզ» բղավում էին նրա ուսուցիչներն ամեն անգամ, երբ ծույլ փոքրիկը փորձում էր նիրհել դպրոցական սեղանին:

 

Ամենազարմանալին այն էր, որ նա ծագումով Անգլիայի հայտնի և հարգված ընտանիքներից մեկից էր:  Նրա հայրը՝ Ռոբերտը (երկու մետր հասակով և երկու հարյուր կգ քաշով) համարվում էր շրջանի լավագույն բժիշկներից մեկը: Իսկ Չարլզի պապն է՛լ ավելի հայտնի կերպար էր՝ աշխարհահռչակ  գիտնական-բուսաբան: Հետաքրքիր է նաև, որ պապն իր գիտական տեսակետը երբեմն՝ ի հակադրություն թոռի, արտահատում էր բանաստեղծական տողերով:

 

Բնական է, որ այս գիմնազիայում միայն տաղանդներ չէ, որ սովորում էին: Սակայն Չարլզի համադասարանցիները գոնե ջանում էին, անգիր էին անում, ուրիշինը սեփական անվան տակ էին փորձում ներկայացնել, գիմնազիան ավարտելուց հետո էլ ընդունվում էին համալսարաններ և հաջող կարիերա ստեղծում: Իսկ մեր պատմության հերոսն անգամ չէր փորձում լավը լինել:

 

Սակայն, արդեն ութ տարեկանից Չարլզի մոտ նկատվում էր բնության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը: Նա հավաքում էր բույսեր, հանքանյութեր, խխունջներ, միջատներ, անգամ կնիքներ, ինքնագիրներ, դրամներ և նմանատիպ այլ բաներ: Նա տարվում է ձկնորսությամբ, ժամեր էր անցկացնում կարթը ձեռքին, հատկապես սիրում էր որսորդությունը:

 

Չարլզը սիրում էր բզեզներ, թիթեռներ բռնել և հավաքածուներ կազմել: Երբ նրա հասակակիցները փորձում էին իսկական ջնթլմենի դեր ստանձնել. գոլֆ խաղալ, ձի քշել, աղջիկների սիրահետել, Չարլզը պարզունակ կարթով կնստեր տեղի արհեստական լճակի մոտ: Թող որ ոչինչ չբռներ, սակայն նա ժամերով նստում էր ու ջրին նայում՝ ուրիշ ոչինչ չանելով: Երբ նա մեծացավ և իրավունք ստացավ որսորդական հրացան ունենալ, միայնակ թափառում էր ճահիճների մոտ և ցախուտներում, ինքնամոռաց սլանում այն ամենի ետևից, ինչ թռչում կամ վազում էր՝ տուն վերադառնալով մթին:

 

Թախիծով և հուսահատությամբ էր որդուն նայում հարգարժան պարոն Ռոբերտը: Չարլզի մոջ հուսադրող ոչինչ չկար: Սակայն, ինչպես հետո Չարլզը խոստովանում է, մեկ կաթիլ անգամ չէր մտածում այդ մասին... Չի տրվել, ուրեմն չի տրվել, ինչ կարող ես անել... Տղան շարունակում էր ձուկ բռնել ու որսի գնալ...

 

Չկասկածելով անգամ, որ Չարլզը չի կարող իր կյանքի ճանապարհը գտնել, Ռոբերտը որդուն ուղարկում է մի ուսումնական հաստատություն, որտեղ բժիշկներ էին կրթում: Ցավոք, ինչպես բանաստեղծություններ գրելուց, այնպես էլ բժշկության մեջ, երիտասարդը փոքր հետաքրքրություն անգամ չցուցաբերեց: Պարոն Ռոբերտը հարկադրված էր նրան հանել այդ կրթօջախից:  

 

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՓՈԽԵՑ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ

 

1825 թ. Չարլզի հայրը հասկանալով, որ գիմնազիայից բան դուրս չի գալիս, վերցնում է որդուն և գնում Էդինբուրգի համալսարան՝ բժշկական կարիերայի պատրաստելու: Լեկցիաները նրան անտանելի անհետաքրքրիր էին թվում: Դարվինը երկու տարի մնաց Էդինբուրգում: Վերջապես հասկանալով, որ որդին ոչ մի ձգտում չունի բժշկության հանդեպ, հայրը նրան հոգևոր ուսում է առաջարկում: Դարվինը մտածում և համաձայնվում է. 1828 թ. նա ընդունվում է Քեմբրիջի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ՝ քահանայի սքեմ կրելու մտադրությամբ: 

 

Սակայն այստեղ ևս Չարլզը չի ծանրաբեռնվում ուսմամբ: Նրա համար առաջին տեղում դարձյալ որսորդությունն էր, ձկնորսությունն ու միջատներին բռնելը: 

 

Պարապմունքներն այստեղ ևս նույն բնույթն ունեցան: Դպրոցական առարկաների թեթևակի հաջողություններ և միջատների, թռչունների, հանքանյութերի  ջանասիրաբար հավաքում, ինչպես նաև՝ որսորդություն, ձկնորսություն, կենդանիների կյանքի ուսումնասիրություն: 

 

1831 թ. Դարվինն՝ առանց որևէ լուրջ ձեռքբերման, ավարտեց համալսարանը: 

 

Հավանաբար Չարլզի համար ամեն ինչ վատ ավարտ կունենար, եթե նրա վրա երկու դասավանդող ուշադրություն չդարձնեին: Նրա հետ զրուցելու արդյուքնում նրանք երկուսն էլ եկան այն եզրակացության, որ այս անուղղելի, բայց խաղաղասեր ու ազնիվ Չարլզը հոյակապ գիտի ձկների, թռչունների ու միջատների սովորությունները: Բացի այդ, նրանք Դարվինի մեջ գիտական վերլուծության ձգտում տեսան: Եվ ահա նրանք էլ խորհուրդ տվեցին Չարլզին մեկնել շուրջերկրյա ճամփորդության մի առագաստանավով՝ որպես լաբորանտ, և հազվագյուտ բույսեր ու կենդանիներ հավաքող: Չարլզը համաձայնվում է: Սակայն դեմ էին նրա հայր Ռոբերտը և նավապետը: Հայրը կարծում էր, որ նավարկության ժամանակ Չարլզն ամբողջովին կծուլանա, իսկ նավապետն էլ կարծում էր, որ նա պարզապես ավելորդ ուտող բերան կլինի նավատախտակին:

 

Դարվինին վերջանական որոշում կայացնելու մեջ օգնեց բուսաբանության պրոֆեսոր Ջոն Հենսլոուն: Նա նկատեց Դարվինի ունակությունները և նրան առաջարկեց Հարավային Ամերիկա գնացող փորձախմբում բնաբանի գործը: Նավարկելուց առաջ Դարվինը կարդաց աշխարհագրագետ Չարլզ Լայելի գրքերը, իսկ նոր դուրս եկած գիքրը նա իր հետ վերցրեց: Դա այն քիչ գրքերից էր, որ նրա զարգացման մեջ դեր ունեցավ: Լայելը այն ժամանակի մեծ մտածողներից էր և Դարվինի հոգուն մոտ թվաց:

 

Փորձախումբը մեկնեց 1831թվականին «Բիգլ» նավով: Նավարկությունը տևեց 5 տարի: Այդ ընթացքում հետազոտողներն այցելեցին Բրազիլիա, Արգենտինա, Չիլի, Պերու և Էկվադորի մոտ Խաղաղ օվկիանոսում գտնվող Գալապագոսսյան կղզիներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր յուրահատուկ ֆաունան:

 

Դարվինը մյուս փորձագետների հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ նստում է ամերիկյան մայրցամաքի ափերին, ուսումնասիրում ֆլորան և ֆաունան, բարձրանում բարձր լեռներ, ապրում Գալապագոսյան կղզիներում, որոնք հայտնի էին իրենց յուրահատուկ թռչուններով ու կրիաներով: Այստեղ ևս նա առանձնանում է: Փորձախմբի մյուս անդամները, ովքեր ավելի մեծ փորձ ունեին, արշավին  եկել էին գիտական նյութեր հավաքելու և հետագայում գիտական աստիճան ստանալու համար թեկնածուական պաշտպանելու: Նրանցից ոմանք ֆլորան և ֆաունան ուսումնասիրելու հետ մեկտեղ փնտրում էին ինչ-որ նոր սենսացիոն մի բան:  Իսկ դանդաղկոտ Դարվի՞նը: Նա ամողջ օրը կարող էր  նստել և մի բզեզ ուսումնասիրել այնպես բազմակողմանի, կարծես դա այլ մոլորակից հայտնված լիներ: 

 

Դարվինը ենթագիտակցական մակարդակում առանձնացնում էր այն փաստերը և երևույթները, որոնք սերտ կապերի մեջ էին բնագիտության կարևորագույն  խնդիրների հետ: Օրգանական աշխարհի առաջացման հարցը դեռ նրա առջև այնպես պարզորոշ չէր դրվել, չնայած սկսել էր ուշադրություն դարձնել այնպիսի բաների վրա, որոնցում էլ հենց գտնվում էր այս խնդրի լուծման բանալին: 

 

Այսպես. ճամփորդության հենց սկզբից նրան սկսեցին հետաքրքրել բույսերի և կենդանիների բնակության հարցը: Օվկիանոսային կղզիների ֆաունան նրան գրավեց ճամփորդության հենց սկզբից, որում մեծ դեր խաղացին Գալապագոսյան կղզիները, և որոնք դասական հող էին բնագետի աչքին:

 

Նրա համար հատկապես մեծ հետաքրքրություն էին ներկայացնում անցումային տեսակները, որոնք էլ գտնվում էին համակարգողների, «լավը» փնտրողների ուշադրության կենտրոնում: Դարվինը նման տեսակներից մեկի մասին նշել է. «Այն պատկանում է նրանց  թվին, որոնք շփվելով մյուս ընտանիքների հետ, այժմ միայն դժվարացնում են բնագետ-համակարգողների գործը, սակայն, վերջ ի վերջո, կարող են օգնել մեծ ծրագրի  ճանաչմանը, որի համաձայն ստեղծվել են կազմակերպված կենդանիները»: 

 

Հարավային Ամերիկայի պամպասներում նա բախվեց մեկ այլ փաստի ևս, որը հիմք դարձավ էվոլուցիոն տեսության՝ տեսակների աշխարհագրական ժառանգորդություն:  Նրան հաջողվեց գտնել բազմաթիվ բրածո մնացորդներ, ու նաև նկատել մեռած ֆաունայի կապը ժամանակակից Ամերիայի ֆաունայի հետ (օրինակ, հսկայական մեգաթերումների համրուկների, բրածո զրահամորթեների  հետ և այլն), : 

 

Այս գիտարշավի ընթացքում Դարվինը հավաքեց լեռնային տեսակների և քարացուկների հսկայական հավաքածու, ստեղծեց հերբարիումների և  կենդանիների խրթվիլակներ: Նա գիտարշավի վերաբերյալ մանրամասն նոթեր գրեց, և հետագայում օգտվեց գիտարշավի ժամանակ հավաքած նյութերից ու գրառումներից: 

 

1836 թվականի հոկտեմբերի 2-ին Դարվինը վերադարձավ ճամփորդությունից: Այդ ժամանակ նա արդեն 27 տարեկան էր: Կարիերայի հարցը լուծվեց ինքն իրեն, առանց երկար մտածելու: Նրա ձեռքին կար հսկայական նյութ, հարուստ հավաքածուներ, նա արդեն ուներ հետագա ուսումնասիրությունների պլաններ, մնում էր գործի անցնել: Դարվինն այդպես էլ արեց: Հաջորդ 20 տարիներին նա զբաղվեց իր հավաքած նյութերի ուսումնասիրությամբ:

 

Եվ ահա՝ Չարզլը բարձրացավ «Բինգլ» առագաստանավի տախտակամած որպես սովորական լաբորանտ, այն էլ մեծ կասկածներով, իսկ վերադարձավ Անգլիա... որպես պրոֆեսիոնալ կենսաբան, հոյակապ գիտնական՝ Չարլզ Դարվին անվամբ: Նրա ճամփորդությունների նոթատետրը մեծ հաջողություն ունեցավ: Անարվեստ պարզությունը նրա գլխավոր առավելությունն էր: Դարվինին չի կարելի համարել լավ ստիլիստ, սակայն բնության նկատմամբ սերը, նուրբ դիտարկումը, հետաքրքրությունների լայն շրջանակը  չեզոքացնում էին գրվածքի գեղեցկության պակասը: 

 

 ՉԱՓԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ

 

Ճամփորդությունից հետո նա մի քանի ամիս ապրեց Քեմբրիջում, ապա տեղափոխվեց Լոնդոն, ուր ապրեց հինգ տարի՝ հիմնականում գիտնականների շրջապատում: Սովոր լինելով բնության մեջ ապրելուն, նա նեղվում էր քաղաքային կյանքից: 

 

Գիտնականներից նա մտերմացել էր Լայելի և Գուկերի հետ: Նրանց ընկերությունը շարունակվեց մինչև Դարվինի մահը: Գուկերը շատ է օգնել նրան իր հսկայական գիտելիքներով, իր հերթին հետազոտությունների նոր աղբյուր գտնելով:

 

Ընդհանրապես, այս տարիները եղան Դարվինի կյանքի ամենագործունյա տարիները: Նա հաճախ էր լինում հասարակության  մեջ, շատ էր աշխատում, կարդում, և երեք տարվա ընթացքում դարձավ Երկրաբանական ընկերության պատվավոր քարտուղարը: 

 

1839 թվականին նա ամուսնացավ իր զարմուհու՝ միսս Էմմա Վէջվուդի հետ: Այդ ընթացքում նրա առողջությունը օր-օրի վատանում էր: 1841 թվականին նա գրում է Լայելին. «Ինձ համար տխուր էր համոզվերը, որ աշխարհը ուժեղներինն է, և որ ես ոչինչ անել չեմ կարող, բացի գիտության բնագավառում ուրիշների հաջողություններին հետևելը»: Բարեբախտաբար այդ տխուր կանխազգացումները չիրականացան, սակայն նրա մնացած ողջ կյանքն անցավ հիվանդության դեմ պայքարում:  Աղմկող քաղաքային կյանքը նրա համար անտանելի էր դարձել, ինչպես նաև թույլ առողջությունը ստիպեց նրան հեռանալ քաղաքից, 1842 թվականին նա տեղակայվեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող Դաունում, որը նա գնել էր հենց այդ նպատակով, և այստեղ նա ապրում է մինչև կյանքի վերջ՝ քառասուն հանգիստ, գործունյա տարիներ:  Դարվինն արթնանում էր շատ վաղ , գնում կարճ զբոսանքի, ժամը ութին մոտ նախաճաշում, և աշխատում էր մինչև ուշ երեկո: Դա նրա լավագույն աշխատաժամն էր: Տասն անց կեսից սկսում էր կարդալ նամակները, որոնք ստանում էր մեծ քանակությամբ, հետո նորից էր սկսում աշխատել, որից հետո իր աշխատանքային օրն ավարտված էր համարում, և եթե գործը հաջող էր ընթանում, նա հաճույքով ասում էր . «Այսօր լավ աշխատեցի»: 

 

Սիրում էր զբոսնել ցանկացած եղանակի, սիրելի շան՝ Պոլլիի ուղեկցությամբ: Շներին շատ էր սիրում, նրանք էլ նույն  կերպ էին պատասխանում: Միապաղաղ կյանքը երբեմն գունազարդվում էր՝ Լոնդոնում ծնողներին այցելելով: 

 

Ընտանեկան կյանքում նա երջանիկ էր: Սակայն, կարելի է ասել, որ 40 տարվա Դունում անցկացրած կյանքի ընթացքում ոչ մի օր չի եղել, որ նա հիվանդության զգացողություն չունենար: Միայն ծայրահեղ զգուշությունը, կանոնակարգվածությունը թույլ տվեցին նրան ապրել մինչև խոր ծերություն: Չնայած հիվանդությունն ու թուլությունը թույլ չէին տալիս նրան երկար աշխատել, սակայն նրա ճշգրտությունը, մեթոդականությունն աշխատանքի ժամանակ, և մասնավորապես, հաստատակամաությունը, որով նա անցկացրեց իր հետազոտությունը տասնյակ տարիներ, փոխհատուցում էին այն հիվանդության վնասը: Հեռավոր վայրերում հավաքած յուրօրինակ գիտական նյութն ուսումնասիրելով՝ նա գրել է մի հիմնաքարային աշխատություն Երկրի ողջ կենդանական աշխարհի ծագման և զարգացման մասին, աշխատություն, որը կենսաբանական գիտության մեջ բեկում առաջացրեց: Ոչ շատ վաղ անցյալում հայտնի ալարկոտ Չարլզ Դարվինը զարմացնում է իր աշխատասիրությամբ: Իհարկե, ի ծնե դանդաղկոտությունը մեկ անգամ չէ, որ նրա հետ չար կատակներ արեց: Գիտնականը, ով սովորել էր մի քանի անգամներ կրկնել նույն փորձարկումը, նորից նույն  փաստերը բերել, երկար տարիներ աշխատել է իր «Տեսակների ծագումը» աշխատության վրա: 

 

Այդ նույն ժամանակ մեկ այլ երիտասարդ կենսաբան հեռավոր Ասիայի հարավ-արևելյան անտառներում, Դարվինից անկախ, զբաղվում էր նույն գործով: Միայն ընկերների պնդմամբ Դարվինը որոշեց հրապարակել և իր տեսակետը պնդել: Դարվինի կենսագիրներից մեկը գրում է. «Նման ուղեղում սկզբից միտքը ծագում է այնքան դանդաղ, որ թվում է այն գրեթե չկա, իսկ հետո պարզ է դառնում, որ այն այնտեղ եղել է մշտապես...»

 

«Զգացմունքների արտահայտության մասին» գրքում ցույց է տրված, թե որքան մանրազնին է նա հետևել իր երեխաներին: Նա մտել է նրանց կյանքի և հետաքրքրությունների ամենափոքրիկ մանսրամասնությունների մեջ, խաղացել նրանց հետ, կարդացել, սովորեցրել, հավաքել միջատներ ու տարբերակել դրանց, և միևնույն ժամանակ նրանց ազատություն տվել ու ընկերական վերաբերվել: 

 

Գործնական հարաբերություններում Դարվինը շատ ճշգրիտ էր: Իր հաշիվներում նա շատ ուշադիր էր, տարվա վերջին վերջնահաշվարկ էր անում ինչպես վաճառականը: Հայրը նրան թողել էր ժառանգություն, որը հերիք էր անկախ և համեստ կյանքի համար: 

 

Սեփական գրքերը նրան մեծ եկամուտ բերեցին, որով Դարվինը հպարտանում էր, և ո՛չ թե փողի համար, այլ որ ինքը ևս կարող է իր հացը վաստակել: Դարվինը հաճախ դրամական օգնություն էր տալիս աղքատ գիտնականներին, իսկ կյանքի վերջին տարիներին, երբ նրա եկամուտները շատացել էին, որոշել  էր իր փողերի մի մասը ներդնել գիտության զարգացման համար: 

 

Համբերատարությունն ու վճռականությունը, որոնցով Դարվինը աշխատում էր, շլացուցիչ են:  «Պանգենեզիսի» հիպոթեզը ժառանգականության մասին 25 տարվա մտորումների արդյունքն են: «Զգացմունքների արտահայտության մասին» գիրքը նա գրել է 33 տարի շարունակ. 1839 թվականից հավաքած նյութերը նա տպագրել է 1872 թվականի հրատարակված գրքում: Տեսակների ծագման խնդրի վրա աշխատել է 21 տարի՝ 1837-ից 1858 թվականներին, մինչև որ վճռել է տպագրել գիրքը:  

 

Կարելի է ասել, որ հասարակությունը, մանկական բարեմտությունը, համեստությունը Դարվինին  ավելի հայտնի էին  դարձրել, քան նրա «Տեսակների ծագումը» և մյուս գրքերը: Գրքերում ևս արտահայտվում էր նրա բարոյական անձը. ծայրահեղ ներողամտությունը մյուսների հանդեպ և սեփական անձի նկատմամբ խստությունը ստեղծում էին նրա հիմնական բնութագրիչ գծերը: 

 

ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԿՐՔԵՐ

 

Գիրքը մեծ հաջողություն ունեցավ և մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ հակասում էր Երկրի վրա կյանքի առաջացման ավանդական պատկերացումներին: Նրա պնդումներից ամենաքաջ մտքերից էր այն, որ էվոլյուցիան շարունակվել է մի քանի միլիոն տարի: Դա հակասում էր աստվածաշնչյան այն ուսմունքին, որ աշխարհը ստեղծվել է վեց օրում և այդ օրվանից ի վեր անփոփոխ է: Այսօր գիտնականների մեծ մասն օգտագործում է Դարվինի ումունքի մոդեռնիզացված տարբերակը՝ բացատրելու կենդանի օրգանիզմներում փոփոխությունները: Ոմանք էլ չեն ընդունում այն՝ կրոնական մոտիվներից ելնելով: 

 

Դարվինը բացահայտեց, որ օրգանիզմերը պայքարում են մեկը մյուսի հետ՝ սննդի և կենսամիջավայրի համար: Նա նկատել էր, որ անգամ նույն տեսակի շրջանակներում կան այնպիսինները, որոնք առավել մեծ շանսեր ունեն ապրելու: Այսպիսինների սերունդն էլ ժառանգում է այդ յուրահատկությունը՝ այն դարձնելով ընդհանուր: Իսկ նրանք, որոնք նման առավելություն չունեն, մեռնում են: Այսպիսով, բազմաթիվ սերունդներ հետո ողջ տեսակն ունենում է այդ դրական հատկանիշը: Այս գործընթացը կոչվում է բնական ընտրություն: Նրան հաջողվեց լուծել կենսաբանության կարևոր՝ օրգանական աշխարհի ծագման և զարգացման մասին խնդիրը: Կարելի է ասել, որ կենսաբանական ողջ գիտելիքը երկու հատվածի է բաժանվում ՝ մինչև Դարվինը և Դարվինից հետո: 

 

Այս տեսության հաջողություններից մեկը պետք է համարել Դարվինի գրքի արժանիությունը: Բավարար չէ միայն ասել գաղափարը, այն պետք է կապել փաստերի հետ: Դարվինը միայն գաղափարը չէ, որ տալիս էր, նա այն կապում էր բազմաթիվ գիտությունների հետ, բերում փաստեր, հետևանքներ: Նա ո՛չ միայն օրենք էր ստեղծում, այլ նաև ապացուցում էր, թե ինչպես է այդ օրենքը գործում տեսության ամենատարբեր ոլորտներում: 

 

Դարվինի գրեթե բոլոր հետազոտությունները  լույս տեսան «Տեսակների ծագում»-ից հետո: Բացառություն են կազմում միայն անձրևաորդերի մասին հետազոտությունը և մի քանի փոքրիկ նշումներ: Մնացած բոլորը նվիրված են բնական ընտրության բացահայտման խնդիրներին: 1862 թվականին նա հրատարակեց «Խոլորձների փոշոտումը» աշխատությունը, ապացուցելով, որ բուսականությունը ադապտացվում է շրջակա միջավայրին նույնքան հետաքրքիր կերպով, որքան կենդանական աշխարհը:

 

Որոշ ժամանակ նա իր հետազոտությունները նվիրում է բուսական աշխարհին՝ իր յուրաքանչյուր գրքով զարմացնելով բուսաբաններին: «Միջատակեր բույսեր» և «Մագլցող բույսեր» աշխատությունները լույս տեսան միաժամանակ՝ 1875 թվականին: 

 

Դարվինն իր ներդրումն ունեցավ նաև գենետիկայում՝ տեսակների խաչավորման հետ կապված փորձեր սկսելով: Նա ապացուցեց, որ բույսերը, որոնք ստացվում են խաչավորման արդյուքնում, ավելի կենսունակ և բերքատու են, քան սովորական ինքնափոշոտման ժամանակ: 

 

Գործնականում Դարվինի բոլոր նոր աշխատանքները սենսացիա էին դառնում գիտական աշխարհում: Ճիշտ է, դրանցից բոլոր չէ, որ ընդունվում էին ժամանակակիցների կողմից, օրինակ՝ «Բերքատու հողի գոյացումը թրթուռների գործունեության եղանակով»: Նրանում Դարվինը բացատրում էր թրթուռների օգտակարությունը, որոնք բնական կերպով խառնում են հողը: Այսօր, երբ քիմիական միջոցներով հողի պարարտացումն ընդունված է ամեն քայլափոխի, այս խնդիրը դարձյալ արդիական է: 

 

Դարվինի հետաքրքրությունները միայն  տեսականով չէին ավարտվում: Իր աշխատանքներից մեկում, նա գործնական խորհուրդներ է տալիս անգլիական ցեղական «կրտած» խոզերի աճեցման հարցում: 

 

Նրա գաղափարները տեղ էին գտնում բազմաթիվ աշխատություններում, գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչներն ընդունում էին բնագետի մեծ վաստակը: 1864 թվականին նա ստացավ բարձր բարգև՝ Կոպլեևյան ոսկե մեդալ: 1867 թվականին նրա շնորհվում է «Роur lе merite» շքանշանը: Բոննի, Բրեսլավլի, Լոնդոնի համալսարանները նրան պատվավոր դոկտոր ճանաչեցին, Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի ակադեմիաները՝ թղթակից անդամ: Դարվինն այս ամենին շատ անտարբեր էր: Նա կորցնում էր դիպլոմները և հարկ էր լինում ընկերներին հարցնել, թե որդյոք ինքը այսինչ ակադեմիայի անդամ է թե՝ ոչ: 

 

Ուժերը պակասում էին: Նա այնքան մահվանից չէր վախենում, որքան թուլությունից, գիտակցության կորստից, անաշխատունակությունից: Բարեբախտաբար նա չապրեց մինչև այդպիսին դառնալը: 1881 թվականի վերջին Դարվինն իրեն շատ վատ զգաց, շուտով էլ չէր կարողանում տնից դուրս գալ, սակայն շարունակում էր գիտությամբ զբաղվել ու դեռ 1882 թվականի ալրիլի 17-ին հետևում էր ինչ-որ փորձի:

 

Գիտնականի խելքը չէր թուլացել, ու միայն մահը ընդհատեց նրա հզոր գործը: Ապրիլի 19-ին դարվինը մահացավ 74 տարեկան հասակում: Նրա մարմինը տեղափոխվեց Վեստմինստերյան աբբայություն և թաղվեց Նյուտոնի գերեզմանի կողքին: XIX դարի գիտնականներից Դարվինի նման խորը և ունիվերսալ ազդեցություն դժվար թե որևէ մեկ ուրիշն ունենար: Բնական ընտրության միջոցով օրգանական աշխարհի զարգացման գործընթացը բացատրելով՝ նա դրանով իսկ ապահովեց էվոլյուցիոն տեսության հաղթանակը, որի մասին ասվել էր դեռ  վաղուց, բայց գիտության մեջ տեղ չէր գտել: Բավական էին արդյոք նրա բերած փաստերը բոլոր երևույթների զարգացումը բացատրելու համար, դեռ պարզ չէ: Դա ցույց կտա ապագան.սակայն ապագա կենսաբանությունն էլ էվոլյուցիոն կենսաբանությունն է: 

 

Այո, նաև մյուս գիտությունները՝ սոցիալական գիտությունները, անթրոպոլոգիան, հոգեբանությունը,  էթիկան և այլն ձևավորվել են և ձևավորվում են էվոլյուցիոնիզմի հիմնահարցով, այնպես որ Դարվինի գիրքը զգալի նոր դարաշրջան էր ո՛չ միայն կենսաբանության, այլ ամբողջ մարդկային մտքի զարգացման պատմության մեջ:

Սկզբնաղբյուր. “Ֆարմացևտ պրակտիկ” 9-10-2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը
Փետրվարի 7-ին ծնվել է ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, անհատական հոգեբանության համակարգի հիմնադիր Ալֆրեդ Ադլերը

Ալֆրեդ Ադլերը ծնվել է 1870 թ. փետրվարի 7-ին Վիեննայում: Մանուկ հասակում նա մի քանի անգամ մահվան շեմին է եղել: Երբ Ալֆրեդը երեք տարեկան էր, նրա փոքր եղբայրն անկողնում մահացավ, որտեղ նրանք քնում էին միասին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը
Փետրվարի 1-ին ծնվել է ռուս բժիշկ-հոգեբույժ, ակադեմիկոս, ռեֆլեքսաբանության և պաթոփսիխոլոգիայի հիմնադիր Վլադիմիր Բեխտերևը

Վլադիմիր Միխաիլի Բեխտերևը ծնվել է 1857 թ. փետրվարի 1-ին (հունվարի 20-ին): Նրա հայրը եղել է կրտսեր պետական ծառայող, Բեխտերևների հին տոհմի ներկայացուցիչ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն
1859 թ. հունվարի 9-ին ծնվել է ռուս հայտնի բժիշկ-հոգեբույժ Պյոտր Պետրովիչ Կաշենկոն

Պյոտր Պետրովիչ Կաշենկոն ծնվել է 1859 թ. հունվարի 9-ին (1858 թ. դեկտեմբերի 28) Եյսկ քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս): Նրա հայրը եղել է ռազմական բժիշկ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին
Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս ռազմական բժիշկ, ռուսական համաճարակաբանության հիմնադիր Դանիել Սամոյլովիչը

Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Նոյեմբերի 15-ին ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը
Նոյեմբերի 15-ին  ծնվել է մանկական հոգեբան, պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ավգուստ Կրոգը

Ավգուստ Կրոգը ծնվել է  1874թ. նոյեմբերի 15-ին Գրենայում (Դանիա): Դեռ մանկուց նա հետաքրքություն էր ցուցաբերում գիտության նկատմամբ, շատ ժամանակ էր անց կացնում դրսում՝ հետևելով միջատներին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը
Հոկտեմբերի 24-ին (1493 թ.) ծնվել է Պարացելսը

1493 թ. հոկտեմբերի 24-ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Գոգենհեյմ): Գոգենհեյմերի ընտանիքը սերում էրհին ազնվական տոհմից: Բայց,ավելի ուշ,գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը
Հոկտեմբերի 16-ին ծնվել է Ուիլիամ Մորտոն. մոռացված հերոսի ստվերը

Անեսթեզիան նյարդերի զգայունության կրուստն է: Արհեստական անեսթեզիան կիրառվում է վիրահատությունների ժամանակ անզգայացման նպատակով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը
Մայիսի 28-ին ծնվել է Ֆրանսիացի բժիշկ, անատոմիայի պրոֆեսոր, գիլյոտին գաղափարի հեղինակ Ժոզեֆ Գիլյոտենը

Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենը (Գիյոտեն) ծնվել է 1738 թ. մայիսի 28-ին Սենտեում (Ֆրանսիա): Նա բժշկություն էր ուսումնասիրում Ռեյսում և Փարիզում՝ 1768 թ. ավարտելով Փարիզի համալսարանը: 1789 թ. մայիսի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը
Մայիսի 13-ին ծնվել է հնդիկ բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը

Ռոնալդ Ռոսսը ծնվել է 1857թ. մայիսի 13-ին Ալմորում, բրիտանական բանակի սպայի ընտանիքում: Երբ տղան դարձավ 8 տարեկան, նրան ուղարկեցին Անգլիա՝ սովորելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը
Մայիսի 2-ին ծնվել է ամերիկացի մանկաբույժ Բենջամին Սփոքը

Բենջամին Սպոկը ծնվել է 1903թ. մայիսի 2-ին ԱՄՆ-ի Նյու-Հեյվեն նահանգում: 1925թ. Սփոքն ավարտել է Յելի համալսարանը, որտեղ և 1929թ. ստացել է դոկտորի աստիճան: 1944-1946թթ. նա ծառայել է պահեստային զորքերում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը
Ապրիլի 11-ին ծնվել է Սովետական և ռուս գիտնական, ակադեմիկոս, լազերային բժշկության հիմնադիրներից Նիկոլայ Դևյատկովը

Նիկոլայ Դմիտրիևիչ Դևյատկովը ծնվել է 1907 թ. ապրիլի 11-ին Վոլոգդում, վաճառական ծագման արհեստավորի ընտանիքում: Ավարտելով Վոլոգոդյան ռեալ ուսումնարանը՝ գնացել է Լենինգրադ, որտեղ սովորել և լաբորանտ է աշխատել Լենինգրադի ֆիզիկատեխնիկական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկագիտության զարգացման գործում ներդրում ունեցած 10 կանայք
ԵՊԲՀ. Բժշկագիտության զարգացման գործում ներդրում ունեցած 10 կանայք

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել հետաքրքիր դեպքեր ու փաստեր բժշկագիտության մասին: Այս անգամ ընտրել ենք աշխարհին հայտնի կանանց անունները, որոնք հետք են թողել այս կարևոր ոլորտի պատմության մեջ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ