Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում, որ մաշկաբան եմ դառնալու, որովհետև շատ բան այդ աշխատանքում ինձ համար անընդունելի էր։ ․․․Բայց հասկացա, որ կարելի է հաղթահարել: Ձգտում էի լավ բժիշկ դառնալ, բայց՝ ոչ մաշկաբան․․․ Դարձա՛ մաշկաբան, աշխատում եմ մաշկաբան․․․ գերազանցությամբ ավարտել և պաշտպանել եմ մաշկաբանական ծրագրով թեզը ՝ հեռամաշկաբանության վերաբերյալ: Դա նոր ձևավորվող ոլորտ է, գրականություն գրեթե չկա, սակայն օգնում են գործընկերներս:

2020-21 թթ ուսուցման արդյունքում նաև առողջապահության կազմակերպիչ եմ, ԵՊԲՀ -ի և Մենեջմենթ Ֆիքսի կողմից կազմակերպված «Բուժհաստատությունների կառավարում և բիզնես վարչարարություն» ծրագրի մագիստրոս:

Նոր միավորված Մաշկաբանության և այրվածքաբանության կենտրոնում աշխատելը, նաև իմ հիանալի ուսուցիչներն ու ավագ ընկերները մեծ դեր ունեցան՝ հասկանալու, թե ինչ հետաքրքիր մասագիտություն է մաշկաբանությունը: Բանակում իմ ավագ ընկերներից Պետրոսը Մանուկյանը, ով հիմա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն է, ինձ սովորեցրեց, որ առողջությունը, անկախ ամեն ինչից, ամենակարևորն է, և անհնարինն անգամ պետք է անել՝ հանուն դրա: Ծառայության տարիների ընթացքում ավելի ամրացավ այն գիտակցությունը, որ  պետք է պայքարել մարդու կյանքի համար առանց որևէ ակնկալիքի, որպես մարդ, որպես ազգի նվիրյալ անդամ:

Բանակից վերադառնալիս արդեն իմ մեջ ունեի մաշկաբանին ու մաքառելու կամքը: Խոստովանեմ, որ սիրում եմ նկատվել.․․ Դա էլ միացավ․․․ Արդյունքում ձևավորվեց այս հետաքրքիր ծրագիրը, որն այժմ իրագործում եմ:

 

մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան


Անցումը բժշկի մասնագիտությունից՝ ադմինիստրատորի, դրանց տարբերությունները և համադրումը, դրականն ու բացասականը․․․

Բժշկի ամենադժվար գործը ոչ այնքան բուժառուի բուժումն է, որքան նրա հետ որպես մարդու՝ աշխատելը, ինչը միշտ կարևորել եմ: Ամեն օր ընդունել մոտավորապես 40 պացիենտ և որպես անհատի էի վերաբերվել, ջանքեր են պահանջվում, ի վերջո՝ սպառվում ես․․․ Եվ այսպես 20 տարի․․․

Հիմա պատասխանատու եմ ոչ թե 30-40, այլ բոլոր պացիենտների համար, մի ամբողջ օրգանիզմի համար, որը կոչվում է «Մաշկաբանական ազգային կենտրոն» գումարած՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

Պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ ծանր գործը, ինձ շատ հետաքրքիր է միշտ որևէ նոր բան ուսումնասիրելը․ հիմա այրվածքաբանություն եմ ուսումնասիրում․․․

Արցախում պայթյունից հետո հասկացա, որ դա անհրաժեշտություն է: Շատերն աջակցեցին, գործում էինք մեկ միասնական թիմով՝ Նախարարից սկսած։ Թիմային աշխատանքը միշտ եմ կարևորել, այժմ ինքս եմ փորձում այն իրականացնել:  Ձևավորվել է հրաշալի բժշկական թիմ: Արցախյան դեպքերի օրերին աշխատում էին օր ու գիշեր՝ օրական կատարելով 10-15 վիրահատություն: Օգնության եկած իսպանացի բժիշկներն ասում էին, որ իրենք մեկ օրում միայն 4 վիրահատություն  են կատարում:

Խոսենք երկու կենտրոնների միավորման մասին։

2020-ից սկսվեց և 2022-ին որոշում կայացվեց միավորել այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնները՝ հաշվի առնելով այն, որ այրվածքը մաշկի վնասում է, և մաշկաբանության հետ նրա զուգորդումը բուժական առումով կարևոր է։

Ամբողջ աշխարհում մաշկաբանությունը նաև վիրաբուժական մասնագիտություն է, և մենք պատրաստվում ենք այդ փոփոխություններն անել: Նախարարության կողմից կա անհրաժեշտ աջակցություն, և մաշկաբանները վերապատրասումներ անցնելուց հետո կկարողանան վիրահատական միջամտություններ կատարել:

Զարգացման մոտակա հեռանկարների մեջ դիտարկվում է նաև առանձին այրվածքաբանական թևի ուժեղացումը, արագ ծավալվող կենտրոնի ստեղծումը, որն, անհրաժեշտության դեպքում, կարողանա սպասարկել մեծ քանակի բուժառուների: Կներդրվեն այսօր դեռ անհասանելի թվացող մեթոդներ, դեղեր, հետազոտական մեթոդներ և բուժման ընթացքն առավել արդյունավետ կլինի:

Երկու կենտրոններն ունեն համատեղ զարգանալու հնարավորություն, բայց նաև յուրաքանչյուրը զարգանալու է նաև առանձին: Կենտրոնը կարողացավ ապացուցել, որ կենսունակ օրգանիզմ է, կարող է ինքնուրույն աշխատել, զարգանալ, մեծացնել գործունեության ծավալները, ինքնաբավ դառնալ, բնականաբար, պետության աջակցությամբ:

Հիմքն արդեն դրված է, մյուս հարցերն ավելի հեշտ լուծելի են, մնում է միայն սկսել:

 

մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան


Ի՞նչ նշանակալի փոփոխություններ կան մաշկաբանության ոլորտում։

Վերջին 5 տարիների ընթացքում մաշկաբանությունն էապես փոխվել է մեր հանրապետությունում: Կարծում եմ, պատճառը նաև Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան է, որը հիմնադրվել է 2014-ին: Այս ընթացքում արդեն 20-ից ավելի ուղեցույց է պատրաստվել, մի շարք փաստաթղթեր են մշակվել, բայց ավելի ակտիվ գործունեությունն սկսվել է 2018-ից: Տարեկան 5-6 միջոցառում է անցկացվում, ինչը,  բնականաբար, նպաստում է փորձառության և որակի փոփոխության: Մեր հիմնական նպատակն էր փոքրաթիվ մարդկանցով ոգևորել ոլորտի մասնագետներին:

Մաշկաբանության ազգային կենտրոնը 3 տարվա ընթացքում ձեռք է բերել սարքեր, որոնք երկար ժամանակ անիրականանալի երազանք էր թվում: Ներկայում որակյալ բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր սարքերն առկա են: Ընդ որում, պարբերաբար նոր սարք կամ ծառայություն է ավելանում: Ձևավորվել է նաև ուժեղ ու միասնական թիմ:

Ընթացիկ և առաջիկա ի՞նչ ծրագրեր կան։

Այժմ աշխատում ենք ուղեցույցների գործելակարգերի, դրանց որակը բարձրացնելու վրա: Փորձելու ենք հասնել աշխարհում առկա զարգացումներին: Օրինակ, Եվրոպական մաշկավեներակաբանական ասոցիացիաներն ունեն որակավորման քննություն, որը պարտադիր չէ, սակայն բոլորի համար ցանկալի է որպես նոր ձեռքբերում: Այդ քննության բարեհաջող հանձնելը զարգացման բավականին լուրջ մակարդակի մասին է խոսում:

Այժմ ամբողջ աշխարհում բժշկության տարբեր ոլորտներում և մաշկաբանության մեջ ևս իրականացվում են սքրինինգային հետազոտություններ․ չես սպասում, որ հիվանդը գա հետազոտման, այլ փնտրում ես նրան: Ակտիվ հայտնաբերումը կարևորագույն գործոն է բնակչության առողջության վիճակը բարելավելու համար: Կան հիվանդություններ, օրինակ, մելանոման, որը վաղ հայտնաբերման դեպքում միանգամայն բուժվող է: Կարելի է ընդամենը մի փոքրիկ սարքով՝ դերմասկոպով հայտնաբերել և փոխել բուժառուի  հետագա կյանքի ընթացքը:

Սեռավարակների ակտիվ հետազոտությունն էլ նպաստեց պարզել, օրինակ, որ սիֆիլիսը շատ տարածված է մեզ մոտ: Կարևոր խնդիր է հղիների մոտ՝ մանկաբաձական ծառայություններին զուգահեռ, սեռավարակների հայտնաբերումը, և առողջ երեխայի ծննդին նպաստելը:

Մաշկաբաններիս համար հաջորդ կարևոր խնդիրը դիսպանսեր հսկողության գաղափարն է: Մաշկային հիվանդությունների մեծ մասը քրոնիկական են, ձգձգվող և պահանջում են մշտական հսկողություն: Դրա ներդրումը պահանջում է ժամանակ և կամք: Մասնագիտական դաշտը պատրաստ է, հաջորդ տարի սկսելու ենք այն կյանքի կոչել:

Հեռաբժշկությունը զարգացնելը նույնպես կարևորագույն հարցերից է: Արցախի շրջափակումն փաստեց դրա անհրաժեշտությունը: Դա կարևոր է նաև մարզերի բնակչության համար: Անհրաժեշտ է հեռավար բուժօգնությունը ճիշտ կազմակերպել, առանց հիվանդի մայրաքաղաք գալու՝ տեղում:

 

մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան


Մեր կենտրոնը պատրաստ է այդ գործն իր վրա վերցնել:

Կան այլ կարևոր ուղղություններ ևս, որոնք պետք է զարգացնել: Մեր նպատակներից մեկը գենոդերմատոզների կենտրոն ստեղծելն է, որի հետ կապ կունենան հանրապետության բոլոր մասնագետները և, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվություն կստանան:

 

Որքանո՞վ է ապահովվում ոլորտի մասին տեղեկատվությունը։

Ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար մեծ դեր ունի վստահելի տեղեկատվության առկայությունը, որի պակասը կա, և հիմա փորձում ենք լրացնել այդ բացը: Մեր բուժառուները առողջության մասին դեռևս թերի գիտելիքներ ունեն:

 20-30 տարի առաջ, միգուցե, մաշկաբանական հանրությունը պատրաստ չէր իր վրա վերցնել այդ հիվանդների բեռը, բայց հիմա պատրաստ ենք,  ունենք բժշկական այն ներուժը, որով կարող ենք Հայաստանի բոլոր բուժառուներին՝ պսորիազ, էկզեմա և այլն, որակյալ բուժում ապահովել:

Իրականացված աշխատանքների արդյունքում կենտրոնի թե՛ հիվանդների, թե՛ ծառայությունների քանակը վերջին 3 տարվա ընթացքում գրեթե կրկնպատկվել է:

Սա անցումային փուլ է, և եթե ամրացնենք մեր դիրքերը, մաշկաբաններն ավելի մեծ պահանջարկ կունենան:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ