Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը

Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց Ռադիոլոգիայի կենտրոնի ԷՆՄԳ լաբորատորիայի հիմնադիր


Նյարդաբանի մասնագիտական բարդ ճանապարհ եք անցել. ինչի՞ց սկսվեց:


80-ականների սկզբին հայրս հիվանդացավ` ծանր նյարդաբանական հիվանդություն, որն այդպես էլ Հայաստանում չախտորոշվեց: Ծնողներս ստիպված մեկնեցին Մոսկվա, որտեղ ախտորոշումից հետո սկսեց բուժվել: Հեռվից-հեռու բուժման գործընթացը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծում:


Այդ ժամանակ բժշկական համալսարանի ուսանող էի, և նյարդաբանի մասնագիտությունն ընտրելուս առաջին պատճառը հորս վիճակն էր:

 

Մյուս պատճառը նրանում էր, որ թեև շատ նյարդաբանական հիվանդություններ գրեթե չեն բուժվում, ախտորոշման գործընթացը պահանջում է տրամաբանություն և գիտելիքների մեծ ծավալ, ինչն ինձ համար այն դարձնում էր հետաքրքիր ու գրավիչ:


Ինչպե՞ս միտք հղացավ հասնել Ամերիկա և բերել մի մեթոդ` էլեկտրանեյրոմիոգրաֆիան, որի կարիքն այնքան կար պատերազմի ճանապարհին կանգնած մեր երկրի համար:


Երկրաշարժից հետո՝ 1988-ին, ԱՄՆ-ից շատ բժիշկներ այցելեցին Հայաստան, և շատ խնդիրների բախվեցին: Դրանցից էին տարբեր վնասվածքների ժամանակ նյարդերի, մկանների վնասվածքները, որոնց ախտորոշման համար կիրառվող մեթոդները չէին համապատասխանում միջազգային բժշկության մակարդակին: Եվ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 1990-ից սկսեց բժիշկների վերապատրաստումներ կազմակերպել Միացյալ նահանգների լավագույն բժշկական կենտրոններում։


Ինքս այդ ժամանակ նորավարտ էի, վարժ խոսում էի անգլերեն, ուստի ընդգրկվեցի բժիշկների առաջին խմբում: ԱՄՆ-ում աշխատում էի պերիֆերիկ նյարդերի լաբորատորիայում, սովորում հիվանդությունների ախտորոշման մեթոդները, բուժման ընտրության մոտեցումները: Երբ վերադարձա, անհրաժեշտ գիտելիքները և փորձը ներդնելու համար ՀՕՖ-ի օգնությամբ ձեռք բերվեց նաև առաջին նեյրոմիոգրաֆը:

 

Կիսվեք, խնդրե՛մ, Ձեր փորձով:


Մեթոդը ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին, սակայն բուռն զարգացում է ապրել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ցավալի է, բայց փաստ, որ պատերազմները խթանում են գիտության զարգացումը: Արդեն ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում մեթոդը կիրառելի էր:


Մեթոդը հնարավորություն է տալիս հետազոտել ծայրամասային (պերիֆերիկ) նյարդերը, մկանները, նյարդ-մկանային կապակցությունները, ողնուղեղային բջիջները, գտնել նյարդի վնասվածքը, վնասման աստիճանը, վնասման տեղը, հաջորդիվ`գնահատել բուժման ընթացքը:

 

Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը

 

Ինչո՞ւ էր այդ մեթոդն այդքան անհրաժեշտ վիրավոր զինվորներին:


Ցավոք, մենք առճակատվեցինք ժամանակակից պատերազմի առանձնահատկություններին: Պատերազմը փոխել է իր դեմքը: Եթե անգամ զինվորը պաշտպանիչ հագուստ է կրում, նրա վեջույթները անպաշտպան են մնում: Բազմաբեկորային վնասվածքների ժամանակ, բեկորները թափանցելով վերջույթների մեջ, վնասում են ոսկրերը, մկանները, անոթները, նյարդերը` առաջացնելով ոսկրա-նյարդա-անոթային համակցված ծանր վնասվածքներ: Մեթոդը հնարավորություն է տալիս նույնիսկ ծանր վնասվածքների դեպքում ճիշտ ախտորոշել, գտնել վնասվածքի տեղակայումը: Եվ որքան շուտ է այն իրականացվում, այնքան ճիշտ և արդյունավետ է բուժման ընթացքը:


Կա՞ն էլեկտրամիոգրաֆիայի կիրառման արդյունավետության անառարկելի փաստեր:


Ճշգրիտ ախտորոշման դեպքում խուսափում ենք բժշկական սխալներից, այլապես հնարավոր է երկարատև ու անարդյունք «բուժել» հիվանդին, և պարզվի, որ վնասվածքի տեղում ձևավորվելել են անվերադարձ փոփոխություններ, կամ սպիացման գործընթացը խոչնընդոտել է, որ նյարդն աճի ու վերականգնվի:

 

Խոսենք հայ-ամերիկյան համագործակցության մասին:


1988-ից առայսօր ՀՕՖ-ը բազմաթիվ բժշկական ծրագրեր է իրականացրել, վերապատրաստել բազմաթիվ մասնագետների: Պատերազմի ժամանակ սերտ համագործակցել ենք ֆրանսիացի մասնագետների հետ` հատկապես Լիոնի համալսարանական հիվանդանոցից, որոնք 2021 թվականից առայսօր 3 ամիսը մեկ Հայաստան են գալիս` ծանր հիվանդների բուժման և փորձի փոխանակման համար: Նրանք սովորեցնում են նոր մեթոդներ, կիսվում իրենց փորձով և մեզնից էլ սովորում ժամանակակից ռազմական վնասվածքներով հիվանդների վարման մեր փորձը:


«Յուրաքանչյուր հիվանդ հնարավորություն է տալիս մի բան ավելի սովորել, չէ՞ որ բժշկությունն այն մասնագիտությունն է, որ մինչև կյանքի վերջը սովորելու բան ունես»,- այսպես եք արտահայտվել 2013 թվականին «Առողջապահության լրատու» շաբաթաթերթին տրված հարցազրույցում: Այսօր ի՞նչ կավելացնեք Ձեր այս համոզմունքին:


Չնայած 10 տարի է անցել այդ հարցազրույցից, կյանքս նույն կերպ շարունակվում է: Ոչինչ չի փոխվել, թերևս` հակառակը, գործունեության ծավալն ավելի է ընդլայնվել:


«Երջանկություն է, որ մասնագիտական քո միջամտությամբ կարող ես օգնել ո՛չ միայն հիվանդ մարդկանց, այլև երիտասարդ բժիշկներին», - դարձյալ Ձեր խոսքերն են: Տարիներ անց ինչպիսի՞ն են այսօրվա երիտասարդները, և շարունակո՞ւմ եք Ձեր առաքելությունը:


90-ականներից սկսած ընդգրկվել եմ տարբեր կրթական ծրագրերի աշխատանքներում` ՀՕՖ-ի հետ ամերիկան ծրագրերն էին, հետո եվրոպական` Զալցբուրգյան բժշկական սեմինարները: Վերջին տարիներին միոգրաֆիայի հետ կապված ծրագրերն են հոգեհարազատ դարձել:
Երբեմն հետևում եմ մեր երիտասարդ գործընկերներին, որոնք արդեն հայտնի, անգամ արտերկրում ճանաչված մասնագետներ են, հիշում նրանց առաջին փորձերը, առաջին հաջողությունները: Հաճելի է գիտակցելը, որ դա նաև մեր ջանքերի պտուղն է:

 

Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը

 

Պատմեք, խնդրե՛մ, ամերիկահայ բարերար Նազարյանների ընտանիքի մասին, ովքեր ներդրում ունեն ռադոլոգիայի կենտրոնի կայացման գործում:


Նազարյանների ընտանիքի ավագ որդին՝ Լևոն Նազարյանը, հայտնի բժիշկ- ռադիոլոգ է, աշխատում է Ջեֆերսոնի ռադիոլոգիայի կենտրոնում, ԱՄՆ և սերտ կապեր ունի մեր համալսարանի հետ, ինչը համագործակցության առիթ դարձավ: Երբեմն փոքր գործից է սկսվում մեծ գործը: Նազարյանների ընտանիքն օգնեց համալսարանական ռադիոլոգիայի կենտրոնի ստեղծմանը;


Կենտրոնը ներկայում ունի գրեթե բոլոր ժամանակակից ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բազմապրոֆիլային հիվանդանոցի համար: Այն առայսօր նաև ուսուցողական կենտրոն է: Այստեղ իրականացվում են անոթների, նյարդերի, գլխուղեղի, ողնուղեղի հետ կապված բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:


ՀՕՖ գործունեության շրջանակում Դուք «Զալցբուրգյան միջազգային բժշկական սեմինարներ» ծրագրի համակարգողն եք. ի՞նչ տվեց ծրագիրը, և ինչպիսի՞ն է ծրագրի այսօրը:


Զալցբուրգյան ծրագրերը բազմաթիվ էին՝ 10-ից ավելի տարբեր մասնագիտական ուղղությամբ: Անցկացվում էր բաց մրցույթ` արտերկրից հրավիրված դասախոսների կողմից, և յուրաքանչյուր երկրից ընտրվում էին մի քանի մասնագետներ:


Այժմ ծրագիրը շարունակվում է այլ համակարգով, առավել ընդլայնուն է, ավելի շատ մասնագետներ են դիմում Հայաստանից և գործընթացն է հեշտացված, քանի որ այսօրվա մեր մասնագետներն ավելի ակտիվ են` գիտաժողովներին մասնակցության, վերապատրաստումներ անցնելու առումով և ավելի վարժ են տիրապետում անգլերենին:


Կյանքն ընթանում է առաջ բոլոր ասպարեզներում, և մեր երիտասարդ մասնագետները՝ նույնպես: Ցավալի է, որ մեր մասնագետների մի մասը տեղափոխվում են Եվրոպա, ԱՄՆ… Բայց նրանց փոխարեն գալիս են նորերը:

 

Հարցազրույց նյարդաբան, բ.գ.թ. Բելլա Գրիգորյանի հետ. իր գործին նվիրյալը

2015 թվականին Դուք պարգևատրվել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի շքանշանով, կկիսվե՞ք մեզ հետ:


Աշխատանքում չես մտածում պարգևների մասին, բայց միշտ հաճելի է, երբ այն գնահատվում է: Դա նշանակում է հաղթահարված փուլ և կարելի է առաջ անցնել` դեպի նոր ձեռքբերումներ, և շարունակել ծառայել հիվանդներին, հասարակությանը, բժշկական միջավայրին:


Որպես վերջաբան. նպատակ, որին հասնելը սպասված երջանկություն էր և նպատակ, որի ճանապարհին եք…


Երբ նոր էի սկսել նյարդաբանի ճանապարհը, պետք է զբաղվեի ծայրամասային նյարդերի բուժմամբ ու մեկնեցի ԱՄՆ, այնտեղ զգացի, որ պրակտիկորեն ոչինչ չգիտեմ:


Հիմա, երբ նայում եմ անցածս ճանապարհին, երջանկություն է, որ բավականին մեծ ու որակով գործ է կատարվել, որ վաստակում ես այն աշխատանքով, որը նաև հաճույքով ես անում: Բավարարվածություն է օգնել բուժառուներին` ապաքինվել, գործընկերներին` կրթվել և ճիշտ ուղղորդվել մասնագիտական հարցերում:


Այդքանով հանդերձ, միշտ կա գիտակցումն այն բանի, որ շատ բան դեռ չգիտենք, անելիքներ դեռ շատ կան, և դա անվերջ գործընթաց է:

 

Բժշկությունը զարգանում է շատ արագ, և պետք է վազել նրա հետևից, չմնալ տեղում: Այսպիսի ասացվածք կա. «Եթե ուզում ես մնալ տեղում՝ շարժվիր առաջ», որովհետև հետ կմնաս, եթե չշարժվես առաջ»: Որքան էլ փորձված մասնագետ լինես՝ այն ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար առաջ ընթանալը պարտադիր է:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ