Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«…Ու փոխվեց ամեն ինչ». «Վաստակավոր բժիշկ» շարքից` Վիլեն Հակոբյան. Սալուտեմ ամսագիր

«…Ու փոխվեց ամեն ինչ». «Վաստակավոր բժիշկ» շարքից` Վիլեն Հակոբյան. Սալուտեմ ամսագիր

«Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա...»
Մեր զրուցակիցը վաստակաշատ գիտնական ու կրթության հմուտ կազմակերպիչ, ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանն է։


- Նախ, ցանկանում եմ ողջունել ձեր` ժամանակի պայմաններից չբխող, սակայն շատ հրատապ ու կարևոր նախաձեռնությունը՝ միտված նոր ամսագրի ստեղծմանը։ Վստահ եմ, որ այն մեծ լսարան ու հավատարիմ ընթերցողներ կունենա, ինչու ոչ, հետագայում նաև՝ միջազգային ճանաչում։ Բարի երթ։


- Խոսենք Ձեր կյանքի ամենահիշարժան օրերի մասին:


- Կյանքիս ընթացքում հիշարժան օրեր եղել են։ Բայց դրանցից մեկը` 1954-ի հուլիսի 30-ը, փոխեց իմ կյանքի ուղին: Հենց այդ օրը մի կերպ ստացա միջնակարգ կրթության վկայականն ու շտապեցի գործերս հանձնել Երևանի պետական համալսարան։ Ուզում էի ֆիզիկոս դառնալ, բայց գործերս այնտեղ չընդունեցին։ Ու ես տխուր, համարյա արտասվելով, փաստաթղթերը ձեռքիս, Աբովյան փողոցով դեպի բժշկական ինստիտուտ էի քայլում։ Այն ժամանակ ես այնքան էլ լավ չգիտեի քաղաքը։ Ուշադրությունս գրավեց մի հայտարարություն բժշկական ինստիտուտ ընդունվելու մասին։ Եղբորս հետ էի, առանց վայրկյան անգամ վարանելու շտապեցի բժշկական ինստիտուտ, հանձնեցի գործերս, բայց այն պայմանով, որ մեկ տարի անց հետ եմ վերցնելու, և շարունակելու եմ ֆիզիկայի գծով։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց իմ կյանքում։ Մեկ տարի սովորեցի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում:

 

Գերազանց առաջադիմություն ունեի, և երբ տարեվերջին ցանկացա վերցնել գործերս, ռեկտոր Ղևոնդյանը կտրականապես մերժեց խնդրանքս, ինչի համար ես նրան երախտապարտ եմ։


- Ե՞րբ և ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:


- Բժշկականում սովորելիս ուզում էի բուժող բժիշկ դառնալ, թեև երկու տարի բախտ վիճակվեց աշխատել, բայց գիտական ղեկավարս՝ Սիմոն Միրզոյանը համոզեց և ամեն ինչ արեց, որ ֆարմակոլոգիայի ուղին բռնեմ։


«…Ու փոխվեց ամեն ինչ». «Վաստակավոր բժիշկ» շարքից` Վիլեն Հակոբյան- Բարդ մասնագիտության ճանապարհին խոչընդոտների ու դժվարությունների պակաս, երևի թե, չեք ունեցեք, ո՞րն այս պահին հիշեցիք, կպատմե՞ք:


- 19 տարի եղել եմ բժշկական համալսարանի ռեկտորը։ Բախտ է վիճակվել աշխատել հրաշալի կոլեկտիվի հետ, և երբևէ ինձնից, իմ աշխատանքից դժգոհություններ չեն եղել։ Անշուշտ, ընդդիմախոսեր եղել են, ինչը միանգամայն նորմալ է։ Որպես ղեկավար եղել եմ խստապահանջ, բայց միևնույն ժամանակ սրտացավ յուրաքանչյուրի հանդեպ։ Այդ բնավորության գիծը ծնողներիցս եմ ժառանգել։

 

Եթե զգացել եմ որևէ աշխատողի կամ ուսանողի հանդեպ, որ անտեղի կոպիտ եմ եղել, չեմ ամաչել կատարած սխալիս համար ներողություն խնդրել։ Քրիստոսի պատվիրաններով եմ առաջնորդվել, աստվածավախ մարդ եմ՝ «Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կուզեիր, որ վարվեին քեզ հետ»։


- Իսկ հիմա` Ձեր կյանքի ամենախենթ անակնկալի մասին…


- Դժվարանում եմ ասել։ Հավանաբար, չեմ ունեցել։ Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա, երբ նախկին ուսանողուհիներիցս երկուսին հանդիպեցի ու նրանք ասացին, թե ինչպես էին կուրսով սիրում դասերս։ Նրանք արդեն պրակտիկ բժիշկներ են։ Խոստովանեցին, որ առաջին շարքերում էին նստում և գիտեին օդեկոլոնիս անունը, որ նրանց դուր էր գալիս հագուկապս...


- Ու դարձյալ ամենաուրախ ու նվիրական օրերի մասին…


- Ամենաուրախալի օրը երևի առաջին զավակիս ծննդյան օրն էր։ Դրանից ոչ պակաս կարևոր ու շրջադարձային էին իմ դիսերտացիաների պաշտպանությունների օրերը` հատկապես դոկտորականի, որ Կազան քաղաքում էր։


- Ի՞նչը կփոխեիք, եթե նորից վերապրեիք կյանքը:


- Եթե նորից, ապա կրկին նույն ճանապարհը կբռնեի...

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ