Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ինանց Սուրեն. պատերազմը` փորձության քուրա

«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ինանց Սուրեն. պատերազմը` փորձության քուրա

«Առաջին անգամ, երբ կամավոր մեկնում էի, բացի հայրենիքին ծառայելու ցանկությունը, կար և ինքս ինձ ուղղված հարցը, որի պատասխանն էի ուզում գտնել՝ արդյո՞ք ես համարձակ,  պինդ տղամարդ եմ: Որովհետև, որքան էլ ցանկանաս, մինչև պայքարի մեջ չմտնես, չես հասկանա, ընդունա՞կ ես դրան, թե` ոչ»:


Խոսենք Ձեր մասնագիտական ճանապարհի մասին


Մասնագիտությամբ աշխատում եմ 1980–ից, սկզբում Ապարանում եմ աշխատել՝ Ծաղկավետի շրջանում, հետո տեղափոխվել եմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն և այսօր էլ աշխատում եմ այստեղ:


Ե՞րբ հասկացաք, որ ապագայում Ձեզ միայն բժիշկ եք պատկերացնում: Դա Ձե՞ր որոշումն էր:


Ես դպրոցում շատ լավ եմ սովորել բնական գիտությունները՝ մաթեմատիկա, ֆիզիկա, շատ լավ նկարում էի: Դպրոցն ավարտելիս հայրս խորհուրդ տվեց ոչ թե ինժեներ դառնալ, ինչպես ես էի որոշել, այլ՝ բժիշկ: Տատս՝ հորս մայրը, ծծնդաբերության ժամանակ մահացել էր, և հայրս՝ հանրապետության վաստակավոր քիմիայի մանկավարժը, ցանկացել է բժիշկ դառնալ: Սակայն դա նրա մոտ չի ստացվել, ստիպված է եղել քիմիայի ֆակուլտետում սովորել, որ շուտ աշխատանքի անցնի: Այդ պատճառով բոլորին խորհուրդ էր տալիս բժիշկ դառնալ: Մեծ քույրս սրտաբան է, եղբայրներս` ատամնաբույժներ, ես էլ հետևեցի հորս խորհրդին: Իհարկե՛, դեր ուներ նաև այն, որ մարդկանց օգնելն ինձ համար միշտ եղել է կարևոր, ես ինձ բավարարված ու լավ եմ զգում, երբ կարողանում են որևէ մեկին օգնել: Այդ պատճառով միշտ հաճույք եմ ստացել իմ աշխատանքից:


Բայց երազանքս, իհարկե՛, ճարտարապետ դառնալն էր: Հիմա էլ շատ եմ կարդում շինարարության վերաբերյալ գրականություն և, եթե ինչ-որ հարց է լինում, վիճակից լուծում եմ գտնում:


Արցախ գնալու ցանկությունը և՞ս մարդկանց օգնելու մղում էր:


Առաջին անգամ, երբ կամավոր մեկնում էի, բացի հայրենիքին ծառայելու ցանկությունը, կար և ինքս ինձ ուղղված հարցը, որի պատասխանն էի ուզում գտնել՝ արդյո՞ք ես համարձակ,  պինդ տղամարդ եմ: Որովհետև, որքան էլ ցանկանաս, մինչև պայքարի մեջ չմտնես, չես հասկանա, ընդունա՞կ ես դրան, թե ոչ: Մինչև մահվան դեմ առ դեմ չկանգնես, կրակոցների տարափի տակ չլինես, չես հասկանա՝ վախկո՞տ ես, թե` ոչ:


Միակ բանը, որից վախեցել եմ, գերությունն է եղել, որովհետև գիտեի, թե թուրքը որքան դաժան է, որքան կարող է նվաստացնել, ստորացնել: Ինձ համար ավելի գերադասելի էր մահը, քան գերի ընկնելը. Դե մի օր ծնվել ենք, մի օր կմեռնենք, այդ փիլիսոփայությունը միշտ ինձ հետ է, և մահից չեմ վախենում:


Հայրենասիրության զգացումը դաստիարակությա՞ն արդյունք է:


Երբ մարդը մանկությունից դաստիարակվում է մարդասեր, ընտանիքասեր, սովորում է սիրել մարդուն, երեխային, ընկերոջը, հայրենասիրությունն ինքնստինքյան ծնվում է նրա մեջ:
Իրավիճակը ծնում է մարդուն: Մեզ հարևան մի աղքատ ընտանիք կար՝ տղան վատ սովորող, փնթի հագնված, բայց Արցախում առյուծ էր:


Խոսենք արցախյան պատերազմից:


Հիվանդանոցում գլխավոր բժիշկը հայտարարեց, որ մասնագետներ են անհրաժեշտ Արցախ մեկնելու համար՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ և վիրաբույժներ: Առաջինը ես գնալու ցանկություն հայտնեցի, չնայած մեր գլխավոր բժիշկը դեմ էր, որովհետև փոքր, անչափահաս երեխաներ ունեի: Բայց ասացի, որ դա իմ պարտքն եմ համարում:


Սկզբում՝ 1992-ին, աշխատել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Երկրորդ անգամ գնացի 1994-ին: Ցանկանում էին ինձ  3 ամսով ուղարկել Հայաստանի սահմանային գոտիներ՝ Գորիս կամ Վարդենիս, բայց ես հրաժարվեցի, որովհետև Արցախ էի ուզում մեկնել, որտեղ արդեն աշխատանքի փորձ ունեի:


Մեկնեցի:  Ստեփանակերտի հոսպիտալում դեռևս աշխատում էր իմ նախկին գործընկեր Վալերի Մարությանը: Վալերին ինձ ասաց, որ Ֆիզուլին ամենաթեժ տարածքներից մեկն է և այնտեղի դաշտային հոսպիտալում անեսթեզիոլոգ չկա: Ես պատրաստ էի մեկնել ցանկացած տեղ, որտեղ կարիք կար:


Մեկնեցի ուղղաթիռով: Պարզվեց, որ հոսպիտալից 10 կմ վրա պատերազմական գործողություններ են, դա իհարկե շատ մոտ է հոսպիտալի համար, և հրետանային կրակոցները միշտ լսվում էին:


Ընդունված չափանիշներով հոսպիտալը պետք է հեռու լինի առաջնագծից, բայց հնարավորություններ չկային: Տարոն Տոնոյանը նոր էր ինստիտուտն ավարտում, բայց արդեն կազմավորել էր այդ դաշտային հոսպիտալը և ղեկավարում էր այն: Հրաշալի էր ղեկավարում և բոլորին ոգեշնչում էր իր կերպարով ու օրինակով:


Արդեն որպես մասնագետ կայանում էր Գևորգ Գրիգորյանը: Նա այլ փորձված մասնագետների հետ էր աշխատում և շատ լավ վիրաբույժ դարձավ: Գևորգն այսօր քաղաքի առաջին վիրաբույժներից է: Այնտեղ աշխատում էին Հադրութի այսօրվա գլխավոր բժիշկ- վիրաբույժ Արայիկը, ուսանող Ամիրյան Կամոն, ով ինստիտուտում իր դասերը 2-րդ, թե 3-րդ կուրսից թողել, եկել էր, գնում էր միայն քննությունները հանձնելու համար և շատ կարևոր օգնող ձեռք էր մեզ համար:


Ֆիզուլիի հոսպիտալում աշխատեցի մինչև պատերազմի ավարտը, զինադադարը:


Ինչպիսի՞ն էին հոսպիտալի պայմանները:


Մի ադրբեջանցու բնակարան էր վերածվել փոքրիկ հոսպիտալի. սենյակներից մեկը որպես հանգստյան սենյակ և ննջասենյակ էր օգտագործվում, մի այլ սենյակ, որը մեծ պատշգամբ էր՝ ընդունարան էր ծառայում և այնտեղ վիրավորներին էինք ընդունում, տեղավորում, սենյակներից հաջորդը ծավալել էինք որպես վիրահատարան, մի սենյակն էլ հետվիրահատական սենյակ էր համարվում: Հիգիենիկ ոչ մի պայման չկար:


Կարմիր խաչն էր օգնում, անընդհատ գալիս էին, հետաքրքվում, թե ինչ է պետք: Մի անգամ Գորիս գնացող կար: Եվ, քանի որ, Գորիսի գլխավոր բժիշկը՝ Ամիրյան Սլավիկն, իմ համակուրսեցին էր, արտակարգ մի տղա, թղթի վրա գրեցի,  որ ինչ-ինչ անհրաժեշտ բաներ ուղարկի: Նա մի բան էլ ավելին էր ուղարկել:


Տարոնը շատ լավ էր կազմակերպել աշխատանքը: Աշխատում էինք գիշեր-ցերեկ, անընդհատ, և օրվա որ ժամին էլ անհրաժեշտ լիներ, պատրաստ էինք օգնություն ցույց տալ:  Մեծ ծավալի վնասվածքները, իհարկե, ցերեկն էին լինում՝ մարտական գործողությունների արդյունքում, գիշերը հիմնականում բերում էին նշանառուների կողմից գլխից վիրավորվածներ: Վիրահատում էինք, իսկ 2-3 օր հետո հիվանդներին տեղափոխում էինք Ստեփանակերտ, քանի որ հնարավոր չէր այդ փոքր հոսպիտալում նրանց երկար պահել: Հետվիրահատական սենյակը փոքր էր և մի 5-6 մահճակալ հազիվ էինք տեղավորել:


Ուժերը չէին հերիքում, քիչ էին բուժքույրերը, որոնք մոտիկ տեղերից գալիս էին գիշերը հերթապահելու:


Շատ դժվար էր վիրավորներին տեղից-տեղ տանելը, ճանապարհները քանդված էին, դժվարանցանելի: Այդ պատճառով հիվանդներին անպայման բժիշկ էր ուղեկցում, որպեսզի պետք լինելիս օգնություն ցուցաբերեր:


Այնպես որ, պայմանները բարդ էին: Իրավիճակ է եղել, երբ վիրաբույժները 3 սեղանի վրա աշխատել են, անզգայացման սարքերը չե հերիքել: Սովորական մթնոլորտային օդով փաստորեն անզգայացում էինք անում: Դրանք եզակի դեպքեր են եղել, բայց եղել են:


Ամենատպավորված վտանգավոր իրավիճակները և հիշվող դեպքերը արցախյան ազատամարտի օրերին…


Եղել են, իհարկե, վտանգավոր իրավիճակներ: Մի օր, երբ սովորականի պես վիրահատում էինք,  «ռացիայով», որը միշտ մեր կողքին էր, որպեսզի միշտ տեղյակ լինենք տիրող իրավիճակին, լսեցինք, որ սահմանագիծը ճեղքվել է, և ադրբեջանցիները առաջ են գալիս: Մենք անելանելի վիճակի մեջ էինք. չգիտեինք, ինչպես վարվել, հիվանդի վիրահատությունը շարունակե՞լ՝ գերի ընկնելու վտանգով, թե՞…
Այստեղ Տարոնի՝ ղեկավարի ձիրքն իրեն ցույց տվեց: Նա ասաց. «Հանգիստ վիրահատությունը շարունակեք, ոչ-ոք այստեղից դուրս չգա, ես հիմա կգամ: Եթե զանգեմ, ասեմ՝ արագ մեքենա նստեք և վիրավորների հետ գնացեք՝ կգնաք»:  Նա ավտոմատն ուսեց ու ոտքով գնաց դեպի ռազմական գիծ:


Իհարկե, լավ է, որ մերոնք կարողացան պահել սահմանը, թե չէ անգամ զենք չունեինք, որ կարողանայինք կռվել: Ամբողջ հոսպիտալում մի ավտոմատ կար՝ 1941 թվականի, որի փողը շատ օգտագործվելուց ծռվել էր և թեք էր կրակում: Այդ մասին իմացանք, երբ մի օր, ազատ ժամանակ, որոշեցինք դաշտում կանաչի հավաքել՝ ժենգյալով հաց սարքելու համար, նաև փորձել կրակել: Կրակեցինք, տեսանք մի՝ տեղ ուղղում ենք, գնդակը այլ տեղ է գնում:


Հիշում եմ, մի օր էլ, երբ մեր բժիշկները՝ 4-5 հոգի, մեքենայով Երևան վիրավոր տեղափոխելիս, սխալմամբ ընկել էին ադրբեջանցիների տարածք: Երկու մեքենայով էին եղել, առջևի մեքենայում նստած գնդապետը՝ տեսնելով, որ դիմացը թուրքեր են, հետ է շրջվում և հետևից եկողներին հասկացնում, որ փախչեն: Այս բժիշկներն էլ մեքենան շրջել են, բայց դարձյալ խորացել են նույն տարածքի մեջ: Վերջում, այնուամենայնիվ հաջողվել է կրակոցներից պայթած անիվներով մի կերպ հետ գալ: Ցավոք, գնդապետին գերի էին վերցրել և սպանել: Հետո մերոնք մի ազերի բռնեցին, որ կարողանան նրա հետ փոխարինել:


Մի անգամ էլ, Ֆիզուլիի ուղղությամբ լայնամասշտաբ մարտ սկսվեց, որի մասին հետախույզները նախօրոք տեղյակ էին արդեն: Մարությանն, այդ իմանալով, վիրաբույժների խմբով եկել էր: Մեծ հոսպիտալ ծավալեցինք՝ մեծ վրաններով և պատրաստվեցինք շատ վիրավորներ ընդունել: Բայց, բարեբախտաբար, մերոնք պահեցին գիծը և ամեն բան հանդարտվեց: Այդ ուժեղ լարումից հետո բեռնաթափում էր պետք: Բոլորս դաշտ գնացինք, խոտերը նոր էին դուրս եկել, հավաքեցինք, երեկոյան ժենգյալով հաց սարքեցինք, կերանք-խմեցինք, ծիծաղեցինք, երգեցինք, ուրախացանք:


Երևի դա է նման իրավիճակներում դիմանալու բանաձևը:


Մարդը չի կարող անընդհատ մռայլ լինել, ամենադժբախտ պահին էլ պետք է և հումորը չկորցնել, և կյանքի նկատմամբ` լավատեսությունը: Պետք է հիշել, որ միշտ էլ Աստված մի դուռը փակում է, մյուսը՝ բացում: Ոչ էլ մահից պետք է վախենալ, ոչ-ոք այս աշխարհում հավերժ չի ապրել: Մի անգամ, մեկ շաբաթով կարողացա տուն գալ, շատ զարմացա, որ  մարդիկ այստեղ խաղաղ, իրենց առօրյայով են ապրում, ասես պատերազմ չկա: Մի մասն այնտեղ հայրենիք է պաշտպանում, սրանք այստեղ անտարբեր ապրում են:

 

Ինչպիսի՞ն են մարդկային հարաբերությունները պատերազմական իրավիճակում, երբ ասես բոլոր պայմանները կան հոգու լուրջ փորձության համար: Ի՞նչ դասեր են տվել այդ տարիները:


Պատերազմի նման ոչ մի այլ հիմնավոր փորձություն չկա մարդու համար, ամեն բան պարզ երևում է: Նման պայմաններում ավելի լավ է երևում մարդու ով լինելը, նրա էությունը, պարզ հասկացվում է, թե ով է եկել նվիրված աշխատելու, ով՝ պարզապես ցույց տալու, որ ահա` եկել եմ, ով քեզ հետ հաց, դժվարություն կկիսի, ով կողքիդ կկանգնի: Ես հիացած եմ շատ մարդկանցով, և նաև հիասթափված եմ շատերից:


Այդ տարիները մեծ հետք են թողել, սովորեցել են ավելի սթափ դառնալ, հասկանալ, որ այն մարդկանց հետ, ովքեր անվստահելի են, իմաստ չունի ընկերություն անել: Իսկ մարդիկ կան, որոնց հետ իրավունք չունես ընկերությունդ դադարեցնելու՝ արդեն իրար գտել եք, և դա արդեն կայացած ընկերություն է:


Ահա որպես անբիծ մարդու ճանաչեցի այնտեղ Գևորգ Գրիգորյանին: Մենք երբեմն մեզ թույլ էինք տալիս հանգիստ ժամանակ մի բաժակ խմել, իսկ նա մի կաթիլ էլ չէր խմում, ասում էր՝ ես անընդհատ պետք է սթափ լինեմ, վիրաբույժը ես եմ: Ես Գևորգից շատ բան եմ սովորել, հասկացել, օրինակ վերցրել: Գևորգը Գևորգ է, իր նման շատ քիչ մարդու գիտեմ՝ նվիրյալ, իսկական հայրենասեր:


Դա, իհարկե՛, նաև մասնագիտական փորձառություն էր:


Այո, իհարկե՛: Միանգամից մասսայական վիրավորներ էին բերում՝ 5-6-10, և պետք էր շտապ կողմնորոշվել, թե որին առաջինը օգնություն պետք է ցույց տրվեր և որին` ինչպիսի օգնություն: Այնտեղի վիրավորներն այստեղ չկան: Այնտեղ բազմաբեկորային, տարբեր համակցված վնասումներ էին, և՛ կրծքավանդակի, և՛ գլխի, և՛ որովայնի: Եվ վիրաբույժը պետք է հասկանար, թե որտեղից սկսի վիրահատությունը և որտեղ վերջացնի:


Մենք ինստիտուտում անցել էինք ռազմա-դաշտային վիրաբուժություն, բայց այստեղ արդեն գործելու ժամանակն էր: Դա շատ մեծ փորձառություն էր: Եվ դրանից հետո, երբ գալիս էինք Երևան, շատ ինքնավստահ էինք մեզ զգում, գիշերային հերթապահություններն այստեղ արդեն «խաղ ու պար» էին:


Ձեր մեջ կա՞ր վրիժառության, ատելության զգացում թշնամու նկատմամբ:


Ճիշտ է, գնացել եմ պատերազմ, բայց իմ մեջ ատելություն այդ ազգի նկատմամբ չկար և չի էլ առաջացել, որովհետև, երբ նրանց գերիներին վիրահատում էինք, տեսնում էի, որ մեզ նման մարդիկ են: Հայրս միշտ ասում էր՝ կապ չունի մարդը սև է, սպիտակ, գեր, թե նիհար, նա մարդ է: Պարզապես, ադրբեջանցիների մոտ հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, դա դարերով է գալիս: Իհարկե՛, կարևոր է նաև գենետիկան, մենք շատ հին մշակույթի ազգ ենք և մեր արժեքները տարբերվում են նրանց արժեքներից:

 

Այսօր մեր ազգը պահպանվել է դրա շնորհիվ:


Պատերազմի մասնակից բժիշկները նույնպես նվիրյալներ են և իրենց կյանքը վտանգելով են մեկնել, արդյո՞ք բավարար ուշադրության են նրանք արժանացել վերադարձից հետո:


Շատերին այստեղ որևէ գնահատական չէին տալիս, բայց ես շնորհակալ եմ, մեր պրոֆմիության նախագահը հիվանդանոցի կողմից ինձ սանատոր ուղեգիր առաջարկեց: Ես հրաժարվեցի՝ ինձ ի՞նչ է եղել, առողջ մարդ եմ, տվեք ընտանիքիս, երեխաներիս ուղարկեմ հանգստյան տուն: Մեկ շաբաթյա Լոռու հանգստյան ուղեգիր տվեցին: Գոհ եմ:


Իսկ արցախյան հերոսնե՞րը…


Արցախ մտելու պահից անվերջ Կոմանդոսի մասին պատմություններ եմ լսել, դուրս եմ եկել, էլի շարունակ լսել եմ: Բոլորը հիացած էին նրա խելքով, ռազմական տաղանդով: Բայց այժմ մարդիկ կան, ովքեր չեն էլ ճանաչում Կոմանդոսին: Իսկ նա միայն Շուշիի ազատագրման հեղինակողը չէ: Ամեն բան նա էր վարում: Բոլորը Կոմանդոսի մոտ էին գալիս խորհրդի համար: Նա շատ համեստ մարդ է, կարող է մտնել, դուրս գալ ու մարդիկ անգամ չիմանան, որ դա Կոմանդոսն էր:


Պատերազմ մեկնողի ընտանիքն էլ ինչ որ «ծառայություն» է անցնում…


Կինս նույնպես բժիշկ է, և ես շնորհակալ եմ նրանից, որ երբեք դեմ չի եղել իմ գնալուն՝ եթե գտնում եմ, որ պետք է՝ գնամ:
Մի անգամ Տարոնի հետ գնացինք կապով լսելու, թե Քելբաջարում ինչ վիճակ է: Ես խնդրեցի մի քանի վայրկյանով տուն զանգել, ասել, որ լավ եմ: Թույլ տվեց: Իսկ կինս ոչ ավել, ոչ պակաս, հարցնում է, թե որտեղից եմ խոսում: Մեր կապը շտապ անջատեցին, որ ես չհասցնեմ հանկարծ ինչ-որ բան ասել, որովհետև դա գաղտնի տեղեկություն էր:


Եթե նորից…


Աստված չանի, որ նորից պատերազմ լինի, բայց եթե լինի՝ չնայած տարիքս արդեն անցել է, բայց հարյուր տոկոսով նորից կգնամ: Ես լիարժեք ունակ եմ, եթե այստեղ կարողանում եմ աշխատել, այնտեղ էլ կաշխատեմ:
Այն ժամանակ, երբ հետ եկա, ես հասկացա, որ եթե մեռնեմ, իմ երեխաներին պահող չի լինի: Եղբորս խնդրեցի, որ ինձ մի բան պատահելու դեպքում երեխաներիս տիրություն անի: Շատերն ասում էին՝ ո՞ւր ես գնում, հո գիժ չե՞ս:  Իսկ հիմա երեխաներս մեծացել են, իրենք երեխաներ ունեն. Ինձ ի՞նչն է պահում:


ՆԱՆԵ



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ