Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Արա Աշոտի Այվազյան. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Արա Աշոտի Այվազյան. armeniamedicalcenter.am

Արա Աշոտի Այվազյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` բուժական գործ մասնագիտացմամբ, կարմիր դիպլոմով: Ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան, ընդունվել և ավարտել է Պրիորի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի օրդինատուրան: Որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո վերադարձել է Երևան, հաջորդաբար ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան և դոկտորանտուրան Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնում:

Վերջին 15 տարիների ընթացքում ղեկավարել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, գիտական կենտրոնի փակվելուց հետո, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

 

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Արա Աշոտի Այվազյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Այվազյանը բժշկի հագեցած ու լի ճանապարհ է անցել, բժշկի, ում համար իր մասնագիտությունը թեպետ դժվար, բայց գերագույն հաճույք, սեր, կոչում և մղում է եղել: Այդ ճանապարհը նա համարում է սեփական ձեռքերով հրաշքներ կերտելու ճանապարհ, երբ գալիս են «ծռված, թեքված երեխաներ» և ուղղված վերադառնում կյանք, երբ մանկական ուղեղային կաթվածով երեխայի մայրը տեսնում է, որ իր երեխան չորեքթաթ վիճակից սեփական ոտքերով տուն է վերադառնում, երբ… Կարելի է անվերջ շարունակել, բայց ավելի լավ է բժիշկն ինքը պատմի իր մասին:

Ի՞նչ է բժշկությունը Ձեզ համար. մասնագիտությո՞ւն, թե՞…

Ինձ համար բժշկությունը ապրելաոճ է: Հաճախ են բժիշկներն ասում, թե իմ ինչին էր պետք բժիշկ դառնալը, բայց կարծում եմ դա սկսվում է պատահաբար կամ մանկական երազանքով: Բայց աշխատանքի հետ վերափոխվում սիրո և նվիրվածության պես մի բանի:
 

Շատ բժիշկներ ամուսնանում են հենց բժիշկների հետ, և դա պատահականություն չէ:

Բժշկությունն ասես հոգու անհագ պահանջ է , եթե դու, իրոք, սիրում ես քո մասնագիտությունը, ապրում ես դրանով: Շատ հնարավորություններ եմ ունեցել մեկնել արտասահման` ավելի լավ պայմաններով աշխատելու, բայց հասկացել եմ մի պարզ բան, որ մեր երկրից լավը չկա: Ցավալի է լսել, թե ինչպես են ոմանք այլ կերպ մտածում: Այդ մարդիկ, եթե գնան արտասահման, տարբեր երկրներ, նոր միայն կհասկանան մեր երկրի դրական կողմերը: Այն վիրահատությունները, որոնք մենք ենք իրականացնում, ցուցադրում արտերկրում, ապշեցնում են օտարերկրյա բժիշկներին, նրանց համար անհավատալի է, թե մեր օգտագործած նյութատեխնիկական բազայով ինչպիսի մեծ արդյունքներ ենք ստանում:

 

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Արա Աշոտի Այվազյան
Ինչո՞ւ ընտրեցիք հատկապես մանկական բժշկությունը:

Ինձ համար երեխաների հետ աշխատելն ավելի պատասխանատու և հաճելի է, որովհետև երեխաներին շատ եմ սիրում: Իսկ երբ տխուր արատավոր երեխան բուժվում է և ժպտալով առողջացած դուրս գրվում, այդ հաճելի զգացողության հետ դժվար է ինչ-որ բան համեմատել… Ի՞նչը կարող է երեխաներին առողջություն և ժպիտ պարգևելուց ավելի լավ լինել:

Զբաղվում եմ մանկական բնածին և ձեռքբերովի արատների բուժմամբ. ծուռթաթություն, ծուռվզություն, բնածին հոդախախտեր և այլն: Կոնքազդրային հոդի տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ ենք կատարում:

Աշխատում եմ բարորակ ուռուցքներով, ուռուցքանման հիվանդություններով հիվանդ երեխաների հետ. էքզոսթոզներ, օստեոիդ-օստեոմաներ, անևրիզմալ և սոլիտար կիստաներ և այլն: Զբաղվում եմ նաև արթրոսկոպիաներով, որը նոր ոլորտ է: Այդ մեթոդով ծնկան հոդի տարբեր տիպի վիրահատություններ ենք իրականացնում:

Լինո՞ւմ են վհատության, հուսահատության պահեր, և ի՞նչն է օգնում նման դեպքերում:

Այս մասնագիտությունը պետք է սիրել, որ չսիրես, չես կարող աշխատել, նվիրվել: Ես սիրում եմ իմ գործը:


Իսկ հուսահատությունը կապված է մարդկանց վերաբերմունքի և բժշկության խնդիրների հետ: Հիմնականում դրանից է, որ մարդիկ երբեմն բժշկությունը համեմատում են առևտրի ոլորտի հետ: Սակայն բժշկությունը շուկայական ծառայություն չէ, բժիշկը մատուցող չէ, կանաչեղեն, կարտոֆիլ ծախող չէ, առևտրական չէ, բժիշկը պետք է չզբաղվի ֆինանսական գործերով: Բժիշկը պետք է հարգված լինի, ֆինանսապես կախում չունենա, նա պետք է կենտրոնանա միայն հիվանդ մարդուն առողջացնելու և շուտ ոտքի կանգնեցնելու վրա: Բայց նաև՝ ֆինանսի հետ գործ չունենալու ֆոնի վրա, բժիշկը պետք է լինի ամենաապահովված խավերից մեկը: Մեր ոլորտում պահանջվում են անընդհատ վերապատրաստումներ արտերկրում: Դա կապված է մեծ գումարների հետ և ամբողջությաբ ինքնաֆինանսավորվում է:

 

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Արա Աշոտի Այվազյան
Բժշկությունից զատ ունե՞ք հոգուն հարազատ այլ զբաղմունքներ:

Այո, սիրում եմ տուրիզմը, զբաղվում եմ մոդելավորմամբ` տանկեր, ինքնաթիռներ, նավեր, պատրաստելով, սիրում եմ մոտոսպորտը:

Մենք պատերազմող երկիր ենք. զինվորների բուժմամբ զբաղվելու, Ձեզ զինվոր զգալու առիթ ունեցե՞լ եք:

Որպես բժիշկ 2 տարի ծառայել եմ բանակում՝ Վարդենիսում, այնուհետև կենտրոնական զինվորական հոսպիտալներում: Ցուցաբերել եմ բուժօգնություն բազմաթիվ վիրավորների, զինվորների, սպաների, բազմաթիվ վիրահատություններ եմ կատարել: Մասնակցել եմ բանակի աջակցությանը միտված տարբեր գործողությունների: Բժշկական նեղ մասնագիտական օգնություն եմ կազմակերպել արդեն ծառայությունն ավարտելուց հետո, շատ աշխատանք եմ տարել, որ հոսպիտալները ստանան անհրաժեշտ սարքեր:

Ստեփանակերտում բժիշկների հետ միասին կատարել ենք բազմաթիվ բարեգործական վիրահատություներ, ես՝ երեխաներին, մյուսները՝ մեծահասակներին, ամեն բան մեզ հետ տարել ենք, վիրահատել տեղում և հետ վերադարձել:

2020թ պատերազմի առաջին օրից կամավոր մեկնել եմ Արցախի Մարտունի քաղաքի հիվանդանոց, որտեղ շուրջ 3 շաբաթ անընդմեջ կատարել եմ վիրահատություններ ու ցուցաբերել նեղ մասնագիտական բուժօգնություն մեր վիրավոր զինվորներին ու քաղաքացիներին, ինչպես նաև` օտարերկրյա լրագրողներին: Վիրահատությունները կատարվում էին 24/7 ռեժիմով` չընդհատվող ռմբակոծությունների տակ:

Հիվանդանոցի էվակուացիայից հետո տեղափոխվել եմ Վարդենիսի հոսպիտալ` մինչև պատերազմի ավարտ:

Չեմ ասի, թե ինձ զինվոր եմ զգացել, ես ինձ զգում եմ Հայաստանի քաղաքացի, որն իր երկրի համար բոլոր բնագավառներում ցանկանում է օգնած լինել իր հնարավորություններին համապատասխան:

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից. «Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Արա Աշոտի Այվազյան


Ի՞նչն եք կարևորում բժիշկ-մարդու խառնվածքում:

Բժիշկը պետք է, նախ, ադեքվատ անձնավորություն լինի, հիվանդներին վերաբերվի որպես իր հարազատի, միշտ լինի համբերատար: Նա պարտավոր է հիվանդին բացատրել հիվանդության հետ կապված ամեն բան, բոլոր հնարավոր ելքերը, վերջնական որոշումը կայացնում է հիվանդը, և նա պետք է ճիշտ հասկանա իրավիճակը՝ ճիշտ վճիռ կայացնելու համար:

Ինձ համար հիվանդի առողջությունը առաջնային է, նույնիսկ, եթե հիվանդը չի կարողանում գումար ձեռք բերել անհրաժեշտ բուժօգնության համար, պետք է օգնել նրան, գումար ձեռք բերելու ճանապարհներ գտնել:

Օրթոպեդիկ պլանային վիրահատությունների համար պետությունը մետաղական կոնստրուկցիաների վճարը չի ապահովում, բայց կան անապահով երեխաներ: Մինչև կորոնավիրուսային պանդեմիան մենք կազմակերպել և հասել էինք այն բանին, որ տարբեր բարեգործական կազմակերպություններ օգնում էին այդպիսի երեխաների, ես ինքս խնդրում էի այդ կազմակերպություններին, որ նման երեխաներին կարողանայինք վիրահատել:

Կան դեպքեր, երբ անզոր ես, և խոստովանում ես, որ անզոր ես, բայց եթե չնչին հնարավորություն անգամ կա, աշխատում ես ամեն բան անել, որ օգնես հիվանդին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ