Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Մեդ-Պրակտիկի զրուցակիցն է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը

Մեդ-Պրակտիկի զրուցակիցն է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը

–   ՀՕՖ-ի կազմավորման պահից բժշկական, առողջապահական ծրագրերն իրենց արժանի տեղն են գտել առ այսօր: 1988 թվականին՝ անմիջապես երկրաշարժից հետո, Ամերիկայի արևելյան ափից պատվիրակություն ժամանեց Հայաստան՝ պարզելու, ինչպես և ինչով կարող են  մարդկանց օգտակար լինել: Պատվիրակության կազմում երեք ակնառու անձինք էին՝ արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը, Գևորգ  Հովնանյանը և նյարդավիրաբույժ Էդգար Հովսեփյանը:

 

Առաջին գաղափարը բարեգործական հիմնադրամի ձևավորումն էր ԱՄՆ-ում, ինչի միջոցով ուղղորդված և նպատակային ծրագրեր պետք է կյանքի կոչվեին Հայաստանում: Այցի ընթացքում բժիշկ Հովսեփյանը լուրջ խնդիրներ է հայտնաբերում առողջապահության ոլորտում, մասնավորապես՝ բժշկական կրթության: Արդյունքում ձևավորվում է գաղափար. հումանիտար բժշկական օգնությանը զուգահեռ՝ իրականացնել զարգացման ծրագրեր, այդ թվում՝ բժշկական կրթության:


–   Բժշկական ի՞նչ ծրագրեր մշակվեցին և իրականացվեցին Հայաստանում:


–   Առ 1988-ից Հայաստանում իրականացված ծրագրերի շարքում հարկ է առանձնացնել հատկապես բժշկական առաքելությունները. հումանիտար դեղորայքի և սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ տարբեր բժշկական խմբերով բարդ վիրահատությունների և բժշկական օգնության կազմակերպումը: Ամենակարևորը, որ չեմ կարող չմատնանշել, 1996-2000-ականներին՝ բժիշկ Էդգար Հովսեփյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ առաջատար կլինիկաներում Հայաստանից շուրջ 100 բժիշկների 3-6 ամսվա վերապատրաստումների իրականցումն էր, ովքեր նախապես անգլերենով մասնագիտական կուրս անցան: Վերադառնալով հայրենիք՝ առողջապահական դաշտ բերեցին բազմաթիվ նորարարություններ: Ավելի ուշ՝ 2002թ.,  վերադարձած բժիշկների մի ամբողջ խումբ միավորվեց ՀՕՖ-ի «Բժշկական շրջանավարտների միությանը»՝ ստեղծելով ամուր ու հուսալի ուժ ոլորտում:  


–   Ի՞նչ գործունեություն է ծավալում ՀՕՖ-ի «Բժշկական շրջանավարտների միությունը»:


–   Ի սկզբանե նպատակը եղել է 1996-2000-ականներին ՀՕՖ-ի ծրագրով ԱՄՆ-ում վերապատրաստված և Հայաստան վերադարձած մասնագետների շնորհիվ ստեղծել, այսպես կոչված, «ձնագնդի էֆեկտ». գործընկերների հետ գիտելիքների և փորձի փոխանակմամբ նպաստել նոր առաջընթացի: Այս ամենը համակարգելու և իրականացնելու համար պետք էր ստեղծել մասնագիտական խորհուրդ՝ ունակ որոշումներ կայացնելու: …Եվ դարձավ պրոֆեսիոնալների ուժեղ խումբ: 


Մեդ-Պրակտիկի զրուցակիցն է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահaական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը«Բժշկական շրջանավարտների միությունը» Հայաստանի առողջապահության ոլորտում այսպես սկսեց իր հաջողության դատապարտված գործունեությունը՝ իրականացնելով զարգացման ամենատարբեր ծրագրեր: Ամենանշանակալի ձեռքբերումներից էր այն, որ 2003 թվականին միությունը շահեց «Բաց հասարակության ինստիտուտի» Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների կոորդինացման իրավունքը Հայաստանում, շատ կարևոր ծրագիր, ինչն առ այսօր զարգացող երկրների մասնագետների համար լավագույններից է:


–   Միավորման շրջանակը չի՞ թարմացվում:


–   Թարմացվում է բժիշկների ներգրավմամբ, ովքեր «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրի» շրջանակում, որպես կամավորներ, աշխատանքներ են իրականացնում 2005 թվականից սկսած:


–   Նկատում եմ, որ ձեր բոլոր ծրագրերը փոխկապակցված են, այսինքն՝ մի ծրագրի մասնակիցը հետագայում օգտակար է նաև այլ ծրագրերում:


–   Այո՛, ծրագրերի հիմքում կա «վերադարձնելու» գաղափարը: Սակայն դա արվում է ոչ պարտադրաբար, կա պարզապես ներքին մղում: Ով ի վիճակի է այս կամ այն կերպ վերադարձնելու ինչ-որ բան, ՀՕՖ-ն իր հերթին խրախուսում է:


Մեդ-Պրակտիկի զրուցակիցն է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահaական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը–   Նշեցիք  Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների մասին. ո՞րն է այդ ծրագրի ամենամեծ օգտակարությունը: 


–   Ամենամեծ օգտակարությունը յոթօրյա սեմինարների ընթացքում ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորներից հայ մասնագետների մի շարք տեսական գիտելիքների ձեռքբերումն է, հաջորդիվ՝ մեկամսյա պրակտիկ գործունեությունը ավստրիական կլինիկաներում: Արդյունքներն ավելի քան խոսուն են և մեկնաբանման կարիք անգամ չունեն: Ի դեպ, Հայաստանն իր ակտիվությամբ առաջատարներից է թե՛ ծրագրի մասնակիցների թվով, թե՛ որակական արդյունքներով:


–   Խոսենք «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրի» մասին:


–   Հայաստանում աշխատող շատ բժիշկներ, մասնավորապես, ովքեր աշխատում են հեռավոր շրջաններում, ի վիճակի չեն մասնակցելու մասնագիտական վերապատրաստման ծրագրերի, որոնց կարևորությունն, ինքնին, հասկանալի է: Խնդրի լուծմանը միտված՝ 2005 թվականին «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագիր» մշակվեց: 2006 թվականին՝ ստանալով Առողջապահության նախարարության հավանությունը և անցնելով պիլոտային փուլ, ծրագիրը կյանքի կոչվեց: Բազմաթիվ բժիշկներ Հայաստանի Հանրպետությունից, նաև Լեռնային Ղարաբաղից ու Ջավախքից, վերապատրաստումներ անցան: Այս ծրագիրը գաղափարով ու կառուցվածքով բավականին նման է Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների ծրագրին. այս դեպքում ևս վերապատրաստումները տևում են մեկ ամիս, և բոլորն աշխատում են բարի կամքի դրսևորումով: Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում մոտ 500 բժիշկ է վերապատրաստվել Հայաստանից և 120 բժիշկ՝ Լեռնային Ղարաբաղից: 2011-ին ԱՄՆ-ի «Ամերիկահայ բժիշկների միություն»-ը լրացուցիչ ֆինանսավորում տրամադրեց, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ Լեռնային Ղարաբաղից մասնակիցների թիվն ավելացնել:   


–   Դեպք կամ դիպված Ձեր գործունեության ժամանակահատվածում, որն ամենատպավորիչն է Ձեզ համար:


–   2009 թվականին առաջին անգամ էի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Առիթն իմ մասնակցությունն էր Նյու Յորքում Հայ բժիշկների 10-րդ համաշխարհային համաժողովին: Առաջին անգամ օտար լեզվով (անգլերենով) զեկույց էի ներկայացնելու… Հուլիսի 4-ն էր, քանի որ նաև Անկախության տոնն էր, հույս ունեի, որ դահլիճը դատարկ կլինի (ժպտում է,- հեղինակ): Բայց այնտեղ էր պատվարժան բժիշկ Էդգար Հովսեփյանը, ասել կուզե՝ մեկ մարդու պես եկել էին սպասվածից ավելին: Ինձ համար տպավորիչ էր՝ ելույթով հանդես գալ նման լսարանի առջև: Այնուհետև ՀՕՖ-ի նյույորքյան գրասենյակում պարգևատրման արարողություն էր… Հաճելիորեն զարմացած էի. շատ երախտավորների թվում Հայաստանի առողջապահության ոլորտում ունեցած ներդրման համար շնորհակալագրի արժանացա նաև ես:  


–   Այս տարին հոբելյանական է. լրանում է «Մարզային բժիշկների վերապատրաստման ծրագրի» 10-ամյակը: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:


–   10-յակին ընդառաջ իրականացվելիք գործունեությունը առիթ կլինի՝ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու առողջապահական հրատապ խնդիրներին: Իհարկե՛, ծրագրերը շարունակվելու են՝ ենթարկվելով ժամանակի թելադրանքով անհրաժեշտվող փոփոխություններին: Երևանում հուլիսին սպասվելիք 4-րդ Հայկական միջազգային բժշկական համաժողովի շրջանակում նախատեսում ենք անցկացնել կարևորագույն թեմաների շուրջ քննարկումներ: Առաջիկա տարիներին մեր ուշադրության կենտրոնում կլինեն շարունակական առողջապահական կրթության, երեխաների թերսնման, կրծքով սնուցման և մի շարք այլ խնդիրներ, որոնց հետ կապված ծրագրերն արդեն ընթացքի մեջ են: Պատրաստվում ենք սկսել ծերունական բժշկության զարգացման նոր ծրագիր: Կարծում ենք, այսօր ծերունական բժշկության հարցը՝ խնդրահարույց լինելով հանդերձ, անհրաժեշտ ուշադրության չի արժանացել, ինչը հարկ է շտկել:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի KAREN, բարև Ձեզ: Ձեր հարցին պատասխանում է Մեդ-Պրակտիկ կայքի ադմինիստրացիան: 1 գենի մուտացիա հետերոզիգոտ ձևով նշանակում է, որ կա պարբերական հիվանդության համար պատասխանատու  գենի մեկ մուտացիա, այսինքն ԴՆԹ- կառուցվածքի փոփոխություն տվյալ գենի երկու ալելներից միայն մեկում: 

KARE N

02.03.2015

barev dez xndrumem patasxanek im txai mot haytnabervele mek mutancia heterozigot dzevov xndrumem asek da inche nshanakum

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ