Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Բնածին խլությունն արդեն բուժելի է։ Մեր հյուրն է Արթուր Շուքուրյանը

Բնածին խլությունն արդեն բուժելի է։ Մեր հյուրն է Արթուր Շուքուրյանը

Աուդիոլոգիական սկրինինգ և խխունջային ներպատվաստում. բնածին խլությունն արդեն բուժելի է։  Սեպտեմբերի 30-ը խուլերի միջազգային օրն է: 1951 թվականից, խուլերի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման պատվին, սեպտեմբերի չորրորդ կիրակին նշվում է որպես խուլերի միջազգային օր:

 

Այս օրվա հետ կապված, ինչպես նաև Հայաստանում խլության դեմ պայքարի, ոլորտի խնդիրների, ձեռքբերումների ու անելիքների մասին զրուցեցինք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Արթուր Շուքուրյանի հետ:

–    Սեպտեմբերի 30-ը նշվում է որպես խուլերի միջազգային օր: Ես գիտեմ, որ հաճախ անցկացվում են անգամ խուլերի գեղեցկության միջազգային մրցույթներ: Չե՞ք կարծում, որ նման օրեր առանձնացնելն ինքնին հանգեցնում է հասարակության ու խուլերի հասարակության միջև ջրբաժանի առաջացմանը:


–    Դե գիտե՞ք` չեմ կարծում, թե ճիշտ է խուլերի համար նման օրերի առանձնացումը: Իրոք, տպավորություն է ստեղծվում, թե մենք միտումնավոր առանձնացնում ենք նրանց մեզնից ու մատնանշում, որ նրանք «տարբեր են»: Թեև կա նաև հարցի մյուս կողմը: Հավասարությանը տուրք տալով՝ կկանգնենք այն հարցի առաջ, որ այնուամենայնիվ նրանք ի զորու չեն լինի մեզ հավասար ֆիզիկական տվյալներով մասնակցել գեղեցկության մրցույթների և այլնի: Այնուամենայնիվ, անջատումը չպետք է այդքան խիստ արվի:

–    Իսկ նման օրերի առանձնացումը որևէ կերպ նպաստու՞մ է խուլերի խնդիրների վերհանմանն ու լուծմանը:


–    Անշուշտ, այդ օրերին ողջ հասարակության ուշադրությունն ասես սևեռվում է նրանց կողմը, մարդիկ հասկանում են, որ կան նման խնդիր ունեցող անձինք, նրանք, գուցե, օգնության և իրենց հանդեպ վերաբերմունքի փոփոխության կարիք ունեն:

–    Համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ հանճարներ, որոնք  խուլ են եղել. ճի՞շտ է, որ երբ թույլ է մարդու մի զգայարանը, դրա փոխարեն առավել ակտիվ են գործում մյուսները: Եվ այս տեսանկյունից, կարելի՞ է արդյոք խլությունը համարել արատ:
Ճշմարտության հատիկ կա այն պնդման մեջ, որ երբ մարդու մի զգայարանը լիարժեք չէ, նա աշխատում է ամեն կերպ այդ բացը մյուսներով լրացնել, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե բոլոր խուլերը հանճարներ են: Ամեն ինչ կախված է մարդուց:


–    Բազմաթիվ խուլ երիտասարդներ  տարբեր  լրատվամիջոցների տված հարցազրույցների ժամանակ պնդում են, որ իրենց չեն համարում «այլ», պարզապես գտնում են, որ խոսում են ուրիշ լեզվով, ու դա բուժման կարիք չունի: Եթե այսպես նայենք հարցին, ինչպե՞ս կմեկնաբանեք խնդրի առկայությունն առհասարակ:


–    Բնականաբար, նման գաղափարները ի հայտ են գալիս, երբ խուլերը ցանկանում են, ասես, իրենք իրենց ոգևորել: Բայց այդ խնդիրը հարցականի տակ դնելը, իհարկե, սխալ է. այն կա, և թե' բժիշկները, թե' սոցիալական համապատասխան կառույցները, թե' հիվանդները լուրջ անելիքներ ունեն այդ խնդրի լուծման հետ կապված:

–    Խնդիրը կա: Իսկ ի՞նչ աստիճանի դեպքում է այն համարվում արատ, օրինակ, ո՞ր աստիճանի խլության դեպքում կարող են ապագա զինվորին չզորակոչել բանակ:


–    Չորորդ աստիճանի ծանրալսությունն է համարվում խլություն, որի դեպքում էլ զորակոչումը բացառված է:

–    Գիտեմ, որ կա արդեն մեթոդ, որը հնարավորություն է տալիս բուժել բնածին խուլությունը: Կմանրամասնե՞ք:


–    Այո, արդեն ներմուծված է ախտորոշման պետական ծրագիր`նորածնային աուդիոլոգիական սկրինինգ: Սա լսողության ստուգման հատուկ ծրագիր է, որը հնարավորություն է տալիս նորածնի մոտ` ծնված իսկ պահին, հայտնաբերել լսողական ապարատի խնդիրները և համապատասխան քայլեր ձեռնարկել: Եթե ախտորոշումը որևէ նորածնի մոտ հայտնաբերում է խնդիր, տվյալ երեխան վերցվում է մշտական հսկողության տակ: Ծնունդից երեք ամիս անց երեխան կրկին ստուգվում է. եթե լսողական խնդիրները շարունակում են առկա լինել, 6 ամիս հետո նորից է ստուգվում: 1 տարեկանում արդեն որոշվում է նրա հետագան. նա կա'մ պետք է կրի լսողական ապարատ, կա'մ վիրահատվի, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ վերականգնել լսողությունը:

–    Մեթոդն արդեն անցե՞լ է փորձարկում: Կա՞ն արձանագրված բուժման դեպքեր:


–    Այո, արդեն շուրջ 50 երեխա անցել են ախտորոշումն ու բարեհաջող վիրահատվել: Նրանց մի խումբն արդեն հաճախում է սովորական հանրակրթական դպրոց:

–    Խոսքը թանկարժե՞ք բուժման մասին է: Արդյո՞ք բոլոր խուլերը կունենան համապատասխան միջոցներ այդ մեթոդով բուժման կուրս անցնելու:


–    Ցավոք, և' ախտորոշման մեթոդը, և' վիրահատությունը բավական թանկ են ու մեծ գումարներ են պահանջում: Այս պատճառով հաճախ փորձում ենք ոչ թե հիվանդից գանձել բուժման գումարը, այլ դիմել ու գտնել հովանավորներ, բարերարներ, հիմնադրամներ, որ կօգնեն իրագործել բուժումը:

–    Իսկ պետական հովանավորությու՞ն...


–    Կա, երկու ծրագրերն էլ, ինչպես արդեն նշեցի, պետական են, և առողջապահության նախարարությունը անպայմանորեն տրամադրում է որոշակի գումարներ:

–    Ինչպե՞ս  կգնահատեք մեր բժշկության ձեռքբերումներն այս ոլորտում:


–    Այսօր մեզանում բավական լավ են  գործում երկու պետական ծրագրերն էլ` և' աուդիոլոգիական սկրինինգը, որի մասին արդեն խոսեցինք,  և' խխունջային ներպատվաստումը, որը հենց վիրաբուժական միջամտությամբ խլության բուժման ծրագիրն է: Դրանք ներմուծվել են շնորհիվ առողջապահության նախարարության ջանքերի: իրականում ոչ բոլոր զարգացած երկրներում  կան նման պետական ծրագրեր, ինչը խոսում է այն մասին, որ մենք այսօր ձգտում ենք և մոտ ենք կանգնած խլության բուժման միջազգային ստանդարտներին:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ