Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Հակաբեղմնավորման մեթոդները. ինչ են նախընտրում հայ կանայք։ Մեր հյուրն է Լիլիթ Կուջոյանը

Հակաբեղմնավորման մեթոդները. ինչ են նախընտրում հայ կանայք։ Մեր հյուրն է Լիլիթ Կուջոյանը

2007 թվականի սեպտեմբերի 26-ը Հակաբեղմնավորիչների միջազգային օրն է (World Contraception Day): Օրվա հետ կապված թեմաների շուրջ զրուցեցինք գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Կուջոյանի հետ:


Ձեր կարծիքով, զարգացա՞ծ է արդյոք Հայաստանում հակաբեղմնավորիչներից օգտվելու մշակույթը:


– Վերջին երկու տասնամյակներում շատ մեծ ուշադրություն է դարձվում հակաբեղմնավորիչների գործածությանը: Բոլոր մասնագետները եկել են այն եզրակացության, որ ծնելիությունը պետք է կարգավորվի: Պետք է կարողանանք պլանավորել կնոջ հղիությունների և ծննդաբերությունների քանակը, իսկ դա կարելի է անել միայն հակաբեղմնավորիչների միջոցով: Նախկինում, երբ հակաբեղմնավորիչներին այդքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում` հատկապես Հայաստանում, շատ բարձր էր արհեստական վիժումների թիվը, այսինքն՝ ծնելիությունը կարգավորվում էր անցանկալի հղիությունների ընդհատմամբ: Իսկ աբորտները, ինչպես գիտեք, վատ ազդեցություն են թողնում կնոջ օրգանիզմի վրա: Վերջին տարիներին Հայաստանում կրթական մակարդակն այս առումով բավականին բարձրացել է, սկսել են մեծ ուշադրություն դարձնել հակաբեղմնավորիչներին։ Կանայք ավելի հաճախ են դիմում բժիշկներին և ստանում անհատական մոտեցում:


Ինչպե՞ս ընտրել հակաբեղմնավորիչ միջոց, ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել :


– Նախ ասեմ, որ «իդեալական» հակաբեղմնավորման մեթոդն անհատական է: Առհասարակ, հակաբեղմնավորիչը պետք է լինի արդյունավետ` հնարավորինս նվազագույն կողմնակի ազդեցություններով, լինի մատչելի` գնային առումով և հեշտ կիրառելի: Սրանք են հիմնական այն պահանջները, որոնք պետք է ունենան հակաբեղմնավորիչները:


Հակաբեղմնավորման ի՞նչ միջոցներ կան, որո՞նք են ամենատարածվածները:


– Միջոցները տարաբնույթ են` ներքին ընդունման հորմոնալ հաբեր, հեստագեններ («մինի-պիլի»), հրատապ հակաբեղմնավորիչ մեթոդեր, ներարգանդային հակաբեղմնավորիչներ (ՆԱՊ), քիմիական տեղային սերմնասպաններ, պահպանակներ, ֆիզիոլոգիական մեթոդներ, տղամարդու և կնոջ ամլացում, ներարկային հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Տարբեր երկրներում մարդիկ տարբեր նախընտրություններ ունեն:


Իսկ որո՞նք են նշվածներից ամենաարդյունավետները:


– Գոյություն ունի Պեռլի ցուցանիշ, որը կազմվել է երկարատև ուսումնասիրությունների արդյունքում և տոկոսային հարաբերությամբ ցույց է տալիս, թե որ հակաբեղմնավորիչ մեթոդն ինչքանով է ապահով: Վերջին տարիներին, որպեսզի ավելի ճշգրիտ որոշվի հակաբեղմնավորիչի արդյունավետությունը, մասնագետներն օգտվում են հենց այդ ցուցանիշից: Օրինակ` ներքին ընդունման հակաբեղմնավորիչ հաբերի Պեռլի ցուցանիշը 0.1-1 է (այսինքն` մեկ տարվա ընթացքում 100 կնոջ մոտ եղել է 0.1-1 հղիություն), ինչը բավականին ցածր թիվ է և վկայում է մեթոդի բարձր արդյունավետության մասին: Հորմոն պարունակող ներարգանդային պարույրների ցուցանիշը ևս բավականին ցածր է` 0.5, իսկ այն պարույրներինը, որոնք հորմոն չեն պարունակում` 1-2 է, հեստագեններինը՝ 1-3, պահպանակները` 2-5: Ըստ այս ցուցանիշների՝ ամենաարդյունավետ հակաբեղմնավորիչ միոցները ներքին ընդունման հաբերը և հորմոն պարունակող ներարգանդային պարույրներն են:


Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ հակաբողմնավորիչները կնոջ օրգանիզմի վրա:


– Օրինակ. ՆԱՊ-ի տեղադրման պայմաններին չհետևելու դեպքում, կարող են լինել փոքր կոնքի օրգանների բորբոքային խնդիրներ կամ պարույրի ինքնաբեր «արտանկում»:


Ներքին ընդունման հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք, լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում և արդյունավետորեն կանխարգելում են անցանկալի հղիությունը, միաժամանակ ունեն կողմնակի աղդեցություն` պայմանավորված իրենց հիմնական բաղադրիչ էստրոգենների քանակից: Ինչքան միկրոդոզավորված է էստրոգենային բաղադրիչը, այնքան քիչ է բացասական ազդեցությունը: Իսկ բացասական ազդեցությունները կարող են դրսևորվել սիրտ-անոթային համակարգի որոշ խնդիրների առաջացմամբ, քաշի փոփոխությամբ և այլն: Հակաբեղմնավորիչ հաբերը, սակայն, ունեն նաև շատ դրական ազդեցություններ` բուժական առումով: Եթե հաբերը նշանակվում են տարբեր հորմոնալ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ, ընդ որում` նաև էնդոկրին պատճառներով անպտղություն ունեցող կանանց, ապա հակաբեղմնավորիչները, բացի իրենց բուն գործառույթից, ունենում են նաև բուժիչ ազդեցություն:


Տեղային քիմիական սերմնասպանների կողմնակի ազդեցությունն էլ այն է, որ երկարատև կիրառման դեպքում կարող է առաջացնել հեշտոցի նորմալ միջավայրի խախտում:


Հակաբեղմնավորման ո՞ր միջոցից են ավելի հաճախ օգտվում հայ կանայք:


– Տարիներ շարունակ օգտվում էին ընդհատված սեռական հարաբերության միջոցով կամ ֆիզիոլոգիական օրացույցային մեթոդից: Ներկայումս ավելի հաճախ օգտվում են պղինձ պարունակող ներարգանդային պարույրներից:


Նշված հակաբեղմնավորման միջոցներն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել, ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել:


– Օրացուցային և ընդհատված սեռական հարաբերության մեթոդները շատ հին են, և արդյունավետությունն էլ շատ ցածր է: Սրանք կայուն բացասական ազդեցություն ունեն սեռական հարաբերության ընթացքի վրա: Կինը կենտրոնանում էայն մտքի վրա, որ սեռական հարաբերությունն ընդհատվի, և կորցնում զգայունությունը սեռական հարաբերության ժամանակ: Ի տարբերություն այս մեթոդների, ներարգանդային պարույրի դեպքում սերմը լցվում է կնոջ օրգանիզմ, իսկ այն շատ դրական ազդեցություն ունի կնոջ օրգանիզմի համար: Լավացնում է մաշկի որակը, նպաստում կրծքագեղձերի առողջությանը և այլն: Պղինձ պարունակող պարույրները գտնվում են արգանդի խոռոչում և բացի այն, որ խոչընդոտում են ձվաբջջի բեղմնավորմանը, անգամ թույլ չի տալիս տեղի ունենա իմպլանտացիա (պտղաձվի ներդրումն արգանդի լորձաթաձանթում), եթե ձվաբջիջը բեղմնավորվել է։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս ներարգանդային պարույրի կողմնակի ազդեցության այն վտանգը, որն անվանում ենք արտարգանդային հղիություն: Սակայն ներարգանդային պարույրները, որոնք հորմոն են պարունակում, պրակտիկորեն զերծ են պահում այս կողմնակի ազդեցություններից:


Իսկ ո՞ր դեպքերում են հակացուցված ներարգանդային պարույրները:


– Եթե կա հղիություն, բնականաբար չենք կարող տեղադրել: Եթե կան սուր և ենթասուր բորբոքային խնդիրներ, ևս չի կարելի տեղադրել: Բացարձակ հակացուցումներից է դեռահաս տարիքը: Չծննդաբերած աղջիկներին ներարգանդային պարույր չի տեղադրվում: Ներարգանդային պարույր տեղադրվում է միայն ծննդաբերած կանանց, և միայն այն դեպքում, երբ նրանք ունեն մեկ սեռական զուգընկեր:


Աշխարհում ավելի ընդունված միջոցը ո՞րն է:


– Աշխարհի տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են, բայց հիմնական մոտեցումը հետևյալն է. մշտական զուգընկեր ունեցող կանանց համար նախապատվությունը տրվում է հորմոնային հաբերին և ներարգանդային պարույրներին, իսկ անկանոն սեռական կյանքով և մի քանի սեռական զուգընկեր ունեցող կանայք հիմնականում կիրառում են պահպանակ, տեղային սերմնասպաններ և հրատապ հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբեր: Օրինակ՝ զարգացած եվրոպական երկրներում շատ են կիրառվում ներարկային հեստագենային հորմոնալ միջոցներ (դեպո), որոնց արդյունավետությունը բավականին բարձր է , ազդեցությունը` երեք ամիս:


Ի՞նչ հաճախականությամբ կարելի է օգտագործել հակաբեղմնավորիչներ:


– Հակաբեղմնավորիչ հաբերը, ըստ սխեմայի, կարելի է նշանակել դաշտանի առաջին օրվանից` 21 օր ( յոթ օր ընդմիջումից հետո նոր տուփի սկիզբն է) և այդպես անընդմեջ կարելի է նշանակել նույնիսկ մինչև 5 տարի, սակայն ընթացքում պետք է անպայման հետազոտվեն կրծքագեղձերը, կատարվի սեռական օրգանների սոնոգրաֆիա, զննվի արգադնի պարանոցի վիճակը, հայտնաբերվի բորբոքային խնդիրների առկայության փաստը:


Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) տեղադրվում են 5 տարի ժամկետով: Անկախ նրանից, կինն ունի գանգատ, թե ոչ, 5 տարի հետո ներարգանդային պարույրը պետք է անպայման հեռացվի: Չի կարելի այս ժամկետը գերազանցել, և, եթե հակաբեղմնավորման մեթոդը ընտրված է նույնը, ապա պետք է փոխարինել նոր ՆԱՊ-ով:


Գնային տեսանկյունից ո՞ր հակաբեմնավորիչն է ավելի մատչելի:


– Իհարկե, հորմոն պարունակող ներարգանդային պարույրներն ավելի թանկ են, քան պղինձ պարունակողները: Ինչ վերաբերում է հորմոն պարունակող հորմոնալ հաբերին, ապա, ի վերջո, 5 տարվա կտրվածքով ստացվում է, որ ներարգանդային պարույրն ավելի մատչելի է, քան հորմոնալ հաբերը:


Պետք է շեշտեմ, որ հակաբեղմնավորիչ մեթոդը չպետք է ընտրվի միմիայն արժեքային նախապատվությամբ, քանի որ, կրկնում եմ, մոտեցումը անհատական պետք է լինի:


Խորհուրդ եմ տալիս ոչ կանոնավոր սեռական կյանքով ապրող և մշտական զուգընկեր չունեցող կանանց օգտվել միայն կանանց և տղամարդկանց պահպանակներից, տեղային քիմիական սերմնասպաններից: Այս դեպքում գոնե սեռավարակների հավանականությունը հասցվում է նվազագույնի:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ