Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանի հետ:


Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց ստեղծել կաթվածների բուժման ծառայություն` Գյումրիում:


2019-ի փետրվարի 1-ից Հայաստանում ներդրվել են իշեմիկ կաթվածների բուժման նորագույն մեթոդներ`պետպատվերի սահմանում։ Այդ բուժման մեթոդները` թրոմբոլիտիկ թերապիան և թրոմբէկտոմիան, ամբողջ աշխարհում համարվում են բուժման չափանիշներ և շատ արդյունավետ են։


Թրոմբոլրտիկ թերապիայի դեպքում երակից ներարկվում է հատուկ դեղորայք, որը թրոմբներ քայքայելու հատկություն ունի:

 

Վիրահատական բուժման` թրոմբէկտոմիայի դեպքում, ոտքի կամ ձեռքի զարկերակից մտնելով` ներանոթային եղանակով հասնում ենք ուղեղի անոթները խցանած թրոմբին և հեռացնում այն` վերականգնելով ուղեղի արյան նորմալ շրջանառությունը։

 

Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյան

 

Այս մեթոդների կիրառումը իշեմիկ կաթվածի բուժման գործընթացում հեղափոխական մոտեցում է:


2019 թվականից պետությունը ֆինանսավորեց մեթոդների կիրառումը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար հանրապետության երկու կենտրոնում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում, սկսեց գործել «Իշեմիկ կաթվածի պետական ծրագիրը»:  Վերջերս ծրագրին միացավ նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը:


Երեք կենտրոնը գործում է Երևանում և սպասարկում է մայրաքաղաքի ու հարակից մարզերի բնակչությանը, բայց կաթվածի բուժման այս մեթոդները հնարավոր է կիրառել միայն շատ սահմանափակ ժամանակի ընթացքում, երբ ուղեղի վնասումը դեռ շատ չի խորացել: Հեռու մարզերից մայրաքաղաք տեղափոխված պացիենտների դեպքում դրանք  գրեթե կիրառելի չեն`  հիվանդի համար թանկարժեք ժամերի կորստի պատճառով: Ակներև է, որ մարզերում ևս առկա էր կաթվածի բուժման ծառայություն ունենալու պահանջն ու անհրաժեշտությունը:

 

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում.

 

Առաջին մարզային կենտրոնը հիմնադրվեց Գյումրիում. ս/թ մարտի 10-ին բացվեց Գյումրի  բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայությունը: Մինչև այդ,  ամիսներ  շարունակ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում:


Այս ամենը հնարավոր դարձավ ՀՀ առողջապահության նախարարության, նրան կից կաթվածի խորհրդի մասնագետների (տեղի և արտասահմանում աշխատող հայազգի  բժիշկների), ինչպես նաև Շիրակի  մարզպետարանի ու Գյումրի բժշկական կենտրոնի ղեկավարության համագործակցության և ջանքերի շնորհիվ։


Մենք պլանավորում ենք հեռաբժշկության օգնությամբ հիվանդների բուժման որակն է՛լ ավելի բարձրացնել։ Բարդ դեպքերի ժամանակ հնարավոր կլինի կատարել հիվանդների տվյալների փոխանակում այլ կենտրոնների հետ  և ստանալ խորհուրդներ  տեղի ու արտերկրի մասնագետների կողմից:


Դա աշխարհում կիրառվում է վաղուց:

 

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. 


Բաժանմունքն արդեն ունի՞ իր փոքրիկ պատմությունը:


Այո, ժամանակակից մեթոդների կիրառման արդյունքում արդեն բուժվել է 10 պացիենտ, քայլառքայլ բարելավվում է նաև կաթվածով և այլ նյարդաբանական հիվանդություններով հիվանդների ախտորոշման ու բուժման որակը Գյումրի ԲԿ-ում։ Նախատեսված է սպասարկել մեր և հարակից մարզերի հիվանդներին:


Խոսենք թիմի մասին, ի՞նչ մասնագիտական ճանապարհ են անցել թիմակիցները:


Այս աշխատանքը միայն թիմային սկզբունքով է հնարավոր իրականացնել: Անհրաժեշտ է 24-ժամյա հերթապահություն, ցանկացած պահի անձնակազմը պետք է պատրաստ լինի պացիենտ ընդունել` մշտապես կապի մեջ լինելով շտապօգնության ծառայության հետ, քանի որ րոպեներն անգամ շատ կարևոր են:


Ներկայում աշխատում է չորս բժիշկ՝ երեք նյարդաբան և ես`որպես նեյրոինտերվենցիոն վիրաբույժ ու նյարդաբան:  Շուտով թիմին կմիանա հինգերորդ նյարդաբանը (նախատեսված է 6-7 մասնագետ):


Ես ռազմական բժիշկ եմ և մոտավորապես 20 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերի տարբեր օղակներում։ Նախքան Գյումրի տեղափոխվելը 2 տարի աշխատել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի ծառայությունում որպես նեյրոինտերվենցիոն վիրաբույժ։


Ունեմ երկու մասնագիտություն` նյարդաբանություն և նեյրոինտերվենցիոն վիրաբուժություն։ Երկրորդը ձեռք եմ բերել` 3 տարի ուսանելով Շանհայում` Չինաստանի ռազմաբժշկական համալսարանում: Մեր նյարդաբանները երիտասարդ և խոստումնալից մասնագետներ են.  երկուսը ծննդով Գյումրիից են, նյարդաբանը տեղափոխվել է Երևանից։  


Բոլորմասնագետները մինչև ծրագրի մեկնարկը պրակտիկ փորձ են ձեռք բերել «Էրեբունի» ԲԿ կաթվածի թիմի հետ` ամիսներ աշխատելով և հերթապահելով։

 

Որքանո՞վ է ծառայության տեխնոլոգիական և սարքերով հագեցվածությունը համապատասխանում արդի պահանջներին:


Տեխնիկական հագեցվածությամբ շատ մոտ ենք միջազգային չափանիշներին և աշխատում ենք միջազգային ուղեցույցներով: Այժմ կենտրոնում առկա են մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆներ,  անգիոգրաֆ, գործում է ՀՀ ում ամենաբարձր երրորդ կարգի վերակենդանացման բաժանմունք, շատ հագեցած  սրտաբանական ծառայություն և  ինվազիվ սրտաբանություն,  անոթային վիրաբուժության  ծառայություն, լաբորատոր, և գործիքային  այլ հարակից ծառայություններ:


Հարկ եմ համարում նշել, որ բուժման արդյունավետության համար ավելի կարևոր է մոտիվացված և պրոֆեսիանալ մասնագետը:

 

Եթե կան լավ մասնագետներ, մշակված աշխատաոճ և առողջ աշխատանքային մթնոլորտ, ապա աշխատանքը կլինի որակյալ:


Մասնագիտական հարցերում մեզ շատ են օգնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի թիմի մասնագետները, արտերկրից  (Ֆրանսիա, Չինաստան, Կանադա, ԱՄՆ) հայազգի հայրենասեր և պրոֆեսիոնալ բժիշկներ, նաև իմ  ուսուցիչները` Չինաստանից։ «Էրեբունի» ԲԿ-ից 2-3 շաբաթով մեզ մոտ մասնագետներ են գործուղվում` տեղում ուժեղացնելով մեր թիմը։ Նրանց հետ մենք  ունենք մասնագիտական և ընկերական սերտ շփում:

 

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում.


Մի քիչ վիճակագրություն. ի՞նչ տարածաշրջան կարող է սպասարկել կենտրոնը, և որքա՞ն պացիենտ կարող է միաժամանակ բուժվել:


Կաթվածը խիստ վտանգավոր և տարածված հիվանդություն է: Այն աշխարհում և մեզ մոտ մահվան երկրորդ պատճառն է, հաշմանդամության` առաջին պատճառը Հայաստանում: Հայաստանի վիճակագրական տվյալները բավականին թերի են: Մեր ունեցած տվյալների համաձայն տարեկան մոտավորապես 5000 նոր կաթվածի դեպքեր են արձանագրվում: Հավանաբար, իրական թիվն ավելի մեծ է, քանի որ շատ դեպքերում այս հիվանդությունը չի ախտորոշվում. հիվանդները տանն են բուժվում, մահվան ելքեր են լինում՝ առանց ախտորոշման:


Կաթվածի բուժման ծրագրի նպատակն է իջեցնել մահացությունը և հաշմանդամությունը, որը մեզ մոտ  շատ բարձր  է` համեմատած զարգացած երկրների։


Թրոմբոլիտիկ թերապիան հնարավոր է իրականացնել հիվանդության նշանները սկսելուց 4,5 ժամվա ընթացքում, իսկ թրոմբէկտոմիան` մոտավորապես 6-7 ժամվա ընթացքում, բացառիկ դեպքերում` մինչև 24 ժամ, եթե ուղեղի վնասումը շատ չի խորացել։ Այդ դեպքում վիրահատության իրականացնելն անիմաստ է և վտանգավոր։ Որքան շուտ ենք սկսում բուժումը, այնքան արդյունավետությունը բարձր է, բարդությունները՝ քիչ:

 

Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյան

 

Ինչպե՞ս է կազմակերպվում  հիվանդների վերականգնողական շրջանը:


Կաթվածի բուժման մեջ մեծ նշանակություն ունի վերականգնողական բուժումը։ Շատ դեպքերում վերջույթների թուլության, խոսքի խանգարման և այլ նշանների   շտկման համար երկարատև աշխատանք է պահանջվում: Դրանով զբաղվում են մեր վերականգնողական բաժանմունքի մասնագետները:


Մենք շատ ենք կարևորում նաև կանխարգելման աշխատանքները` տարբեր օղակներում։


Ձեր խոսքը` գործընկերներին:


Մարզերում աշխատելն իր առավելություններն ունի, չնայած կան որոշ դժվարություններ: Ցանկանում եմ երիտասարդ բժիշկներին կոչ անել՝ լինել ավելի համարձակ և աշխատել մարզերում, դա ազգանվեր, պատվաբեր աշխատանք է և հետագայում մեծ հաջողությունների տանող ճանապարհ: Մարզերում նունպես կան հիանալի աշխատանքային պայմաններ, պետք է գալ, մնալ և ուժեղացնել տեղի բժշկությունը: 

 

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում

 

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ