Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. հարցազրույց Աննա Շիրինյանի հետ

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. հարցազրույց Աննա Շիրինյանի հետ

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիներին իրականացված աշխատանքների, ձեռքբերումների մասին զրուցեցինք գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ:


-Տիկին Շիրինյան, պատմեք, խնդրեմ, գրադարանի վերջին տարիների ձեռքբերումների մասին:


-Գիտաբժշկական գրադարանը շարունակում է համալրել իր հավաքածուն, ինչպես ավանդական տեղեկատվական աղբյուրներով, այնպես էլ էլեկտրոնային բժշկական գրականությամբ: Մեր վերջին ձեռքբերումները շատ են հարստացրել գրադարանի հավաքածուն: Այդ հարցում մեզ օգնության ձեռք մեկնեց Ռուսաստանի հայ բժիշկների և հայ մասնագետների «VIVA» բարեգործական կազմակերպությունը, ու արդեն երկրորդ անգամ է գրադարանին նվիրաբերում է արժեքավոր գրականություն:
-Գրքերի ի՞նչ հավաքածուի մասին է խոսքը:


-Գրադարանի հավաքածուն համալրվեց բժշկական գրականության վերջին հրատարակություններով` ախտորոշման, անեսթեզիոլոգիայի, գինեկոլոգիայի վերաբերյալ:


Հաջորդ ձեռքբերումը նոր սերնդի լավագույն կլինիկական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից է, կոչվում է DynaMed Plus: Նրա միջոցով կարելի է գտնել կլինիկական հարցերի ապացուցված պատասխանները: Շտեմարանի ձեռքբերման հարցում մեզ օգնեց ԱՄՆ հայ-ամերիկյան բժիշկների միավորումը՝ հանձինս նախագահ Արմոնդ Կոթիկյանի: Կազմակերպությունն արդեն գրադարանի համար շտեմարանի մեկ տարվա բաժանորդագրություն է իրականացրել և, եթե հետագայում ընթերցողների քանակն ավելանա, համագործակցությունը կշարունակվի ևս մի քանի տարի:


-Ինչպե՞ս կարելի է օգտվել նոր շտեմարանից:


- DynaMed Plus–ից օգտվելու նպատակով անցկացվեց վեբինար, որի ժամանակ ներկայացվեց  շտեմարանը՝ իր որոնողական համակարգով:  Վեբինարի միջոցով ցուցադրվեց, թե ինչպես կարելի է ճիշտ որոնել, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Միջոցառմանը ներկա էին ո՛չ միայն բժշկական գրադարանավարները, այլ նաև Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ, կլինիկական օրդինատորներ:

 

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. Հարցազրույց Աննա Շիրինյանի հետ


- Ուրիշ ի՞նչ շտեմարաններ են առկա գրադարանում:


- Մենք ունենք նմանատիպ էլեկտրոնային այլ շտեմարաններ, որոնցից հատկապես ուշագրավ է Կոկրենյան գրադարանը: Եթե խոսում ենք ապացուցողական բժշկության մասին, ապա առաջին հերթին, պետք է օգտվել հենց Կոկրենյան գրադարանից: Դա ապացուցողական 6 շտեմարանների հավաքածու է, որը ստեղծված է բժշկական որոշումներ կայացնելիս հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար, այն  ներառում է նաև  համակարգված ամփոփ տեսություններ:


Հաջորդ, դարձյալ  շատ կիրառելի շտեմարանը կոչվում է HINARI` Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտեմարանը, որի մեջ ներառված են 2000-ից ավելի գիտական հրատարակություններ, գրքեր, պարբերականներ և այլն: Արդեն մի քանի տարի է, որ բաժանորդագրության միջոցով գրադարանին հասանելի է այս շտեմարանը:


Բացի վերը նշվածներից, ունենք նաև Springer հրատարակության լավագույն գրքերի էլեկտրոնային տարբերակները՝ 6000-ից ավելի միավոր:


-Ինչպե՞ս կարելի է դառնալ գրադարանի ընթերցող:


-Գրադարանից կարող են օգտվել բնականաբար բժիշկները, որովհետև այն խիստ մասնագիտական տեղեկատվական աղբյուրների կենտրոն է: Ընդամենը պետք է այցելել գրադարան, գրանցվել և օգտվել:


-Կա՞ն շտեմարաններ, որոնցից օգտվելու համար որոշակի կարգավիճակ պետք է ունենալ: Կարո՞ղ է, օրինակ, առաջին կուրսի ուսանողը օգտվել ծառայությունից:


- Որևէ խնդիր չկա: Ուսանողը, ցանկության դեպքում, կարող է օգտվել էլեկտրոնային դասագրքերից, ատլասներից և այլ ուսուցողական նյութերից: Կլինիկական օրդինատորների և պրակտիկ բժիշկների համար, ովքեր ունեն գիտելիքներ և փորձ՝ նախատեսված են այլ էլեկտրոնային շտեմարաններ:


-Շտեմարանից օգտվելու համար գրադարանի տարածքում լինելը պարտադի՞ր է:


-Քանի որ էլեկտրոնային շտեմարանների բաժանորդագրությունը բավականին թանկ է և ձեռք են բերվում հիմնականում նվիրատվությունների միջոցով, հետևաբար,  շտեմարանների մուտքն ապահովում ենք միայն գրադարանի տարածքում՝  փորձելով չխախտել պայմանագրերում նշված կետերը:

 

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի վերջին տարիների ձեռքբերումները. Հարցազրույց Աննա Շիրինյանի հետ


- Ինչպիսի՞ հետագա զարգացման պլաններ, ծրագրեր ունեք:


- Հույս ունենք, որ հետագայում հնարավորություն կունենանք ձեռք բերել ավելի շատ էլեկտրոնային բժշկական շտեմարաններ, որոնց մուտքը հասանելի կլինի ո՛չ միայն գրադարանից, այլև բժշկական  կենտրոններից և բժիշկները կկարողանան տեղում օգտվել դրանցից: Սա է ժամանակակից և ընդունված տարբերակն աշխարհում :


Ընթերցողները նույնպես կարող են բաժանորդագրվել և ձեռք բերել էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հնարավորություն, սակայն  դրանք բավականին մեծ գումարներ արժեն և ավելի նպատակահարմար է օգտվել դրանցից գրադարանի միջոցով։ Ինչո՞ւ վճարել, եթե գրադարանում այն անվճար է և մեկի փոխարեն մի քանի շտեմարանից կարելի է օգտվել: Սա նույնպես ընդունված է աշխարհում։


-Եթե բժիշկները չեն ուզում գրադարանից օգտվել, այլ ցանկանում են ինքնուրույն համացանցից գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, որքանո՞վ է դա նրանց հասանելի:


- Ամեն ինչ հասանելի է համացանցում։ Սակայն հավաստի և  ճշգրիտ տեղեկատվություն ձեռք բերելու համար անհրաժեշտ են տեղեկատվական գրագիտության հմտություններ։ Բացի դրանից, հավաստի, գիտական, արժեքավոր տեղեկատվության համար, այնուամենայնիվ, պետք է վճարել։  

 



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ