Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՍՈՆՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. Հեղինակային իրավունքի ոտնահարումը Հայաստանում գերակա խնդիր է

ՍՈՆՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. Հեղինակային իրավունքի ոտնահարումը Հայաստանում գերակա խնդիր է

Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն է: Օրը հաստատել է մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեան 1999թ. հոկտեմբերի նիստում: Այս օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման հարցում նորարարությունների նշանակությունը:

 

Թե ինչ է մտավոր սեփականությունը, ինչպես է այն պաշտպանվում Հայաստանում, ինչ պատժամիջոցներ են կիրառվում հեղինակային իրավունքները ոտնահարողների նկատմամբ և թեմային հարող մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ Մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի պետ Սոնյա Վարդանյանի հետ:


–   Սկսենք սկզբից. Ի՞նչ է մտավոր սեփականությունը:


–   Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն, որ ներառում է գյուտերը, ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները և աշխարհագրական նշումները,և հեղինակային իրավունք` ֆիլմերը, գրական,  երաժշտական, արվեստի այլ ստեղծագործությունները։ Հարակից իրավունքները ներառում են. կատարողների իրավունքները` իրենց կատարումների, հնչյունագիր արտադրողները` իրենց ամրագրած հնչյունագրերի, հեռարձակող կազմակերպությունները` իրենց պատրաստած ռադիո և հեռուստատեսային ծրագրերի նկատմամբ:


–   Պետական կառույցների կողմից մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանն օժանդակող քայլեր արվու՞մ են, եթե այո, խնդրում ենք մանրամասնել:


–   Իհարկե արվում են: Պետությունն իրականացնում է մտավոր  սեփականության պաշտպանության քաղաքականություն, միանում է  մտավոր սեփականության ոլորտի բոլոր կարևորագույն կոնվենցիաներին, միջազգային փաստաթղթերին, ապահովում է օրենքների  համապատասխանությունն այդ կոնվենցիաների դրույթներին: Քանի որ գործ ունենք մտավոր ստեղծագործական աշխատանքի հետ, ինչը անընդհատ զարգացող գործընթաց է, մշակվում են նաև ժամանակակից չափանիշներին համապատասխան  դաշտը կարգավորող օրենքներ:


–   Այսօր ինչպիսի՞ն է Հայաստանում մտավոր ոլորտում նորարարությունների չափանիշը` համեմատած այլ երկրների հետ։


–   Տարեկան հաշվարկով գյուտերի և օգտակար մոդելների մոտ 200 հայտ է  ներկայացվում: Սակայն գյուտը կյանքի կոչելը, իրականացնելը կախված է մի շարք ֆինանսական խնդիրների հետ: Ներկայացվող հայտերից շատ քչերն են պետական կամ մասնավոր հովանավորում գտնում: Գրեթե բոլոր գյուտերն ու նորարարությունները մնում են թղթի վրա, բայց գյուտարարն ազատ է վաճառել այն որևէ այլ երկրի կամ մասնավոր անձի: Դրսում ֆինանսական իրավիճակն ավելի կայուն է: Բնականաբար այն երկրները, որոնք ավելի զարգացած են, քան Հայաստանի Հանրապետությունը, չեն կարող համեմատվել մեր ցույց տված չափանիշների հետ:  Պատկեր տխուր է, մեր հասարակությանը, պետությանը թերևս չեն հետաքրքրում գյուտերը, նորարությունները:


ՀՀ Մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի պետ Սոնյա Վարդանյան–   Համացանցային ոլորտում մտավոր սեփականության իրավունքների պահպանման վերաբերյալ գործող որոշումներ կա՞ն, եթե ոչ, ակնկալվու՞մ են:


–   Դրանք ավելի շատ առնչվում են հեղինակային իրավունքի ոլորտին: Համացանցի օգտակարության մասին բոլորս գիտենք, այն հնարավորություն է տալիս հեշտությամբ ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը, երաժշտությունը, գրականությունը,   ֆիլմերը, նկարները, հեշտությամբ ներբեռնել դրանք, արտատպել, պատճենել: Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին գործող օրենքում կան դրույթներ, որոնք ապահովում են հեղինակների իրավունքները համացանցում: Այն թույլ է տալիս կիրառել նաև բազմաթիվ տեխնիկական միջոցներ, որոնք թույլ չեն տալիս արտատպել հեղինակի ստեղծագործությունները: Սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ, այնուամենայնիվ, շրջանցել օրենքը, հաղթահարել տեխնիկական միջոցների պատնեշը,  հաջողությամբ ստացվում է շատերի մոտ: Համացանցում հեղինակային իրավունքները խախտողները ենթարկվում են նույնպիսի պատասխանատվության, ինչպես, օրինակ, որևէ նյութականի հեղինակային իրավունքը ոտնահարելու դեպքում: Կան կայքեր, որոնք աշխատում են այնպիսի լիցենզիաների հիման վրա, որոնք  թույլ են տալիս յուրաքանչյուրին ցանկացած քայլ կատարել ստեղծագործության հետ, վերափոխել, ձևափոխել, ներբեռնել, տարածել, վաճառել: Սակայն այս լիցենզիաների առկայությունն առայժմ հակասող է մեր օրենսդրությանը, ըստ որի` հեղինակի ստեղծագործության յուրաքանչյուր  օգտագործման համար պետք է վարձատրվի հեղինակը:


–   Կա՞ գործող իրավական կանոնադրություն մտավոր սեփականության վերաբերյալ, եթե այո, հասանելի՞ է հանրությանը։


–   Մտավոր սեփականության ոլորտում մենք ունենք բոլոր անհրաժեշտ օրենքները: Դրանք են` Գյուտերի և օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին օրենքը, ապրանքային նշանների մասին օրենքը, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքը: Այս բոլոր օրենքները տեղադրված են մեր գործակալության կայքում (aipa.am), հասանելի են բոլորի համար: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ առանձին աշխատել, պարզաբանել օրենքի ցանկացած  հոդված, խորհրդատվություն տրամադրել:


–   Ինչպե՞ս է ամրագրվում անձի հեղինակային իրավունքը որևէ ստեղծագործության վրա:


–   Մտավոր սեփականության ոլորտում գյուտերը, ապրանքանշանները գրանցվում են պետականորեն,  իսկ հեղինակային իրավունքի ոլորտն արմատապես տարբերվում է: Հեղինակային իրավունքն առաջանում է ստեղծագործության ստեղծման փաստով և չի պահանջում պետական գրանցում , որևէ փաստաթուղթ  և այլն: Պետք չէ որևէ մարմնի դիմել հեղինակային իրավունք ձեռք բերելու համար, պարզապես կարելի է ստեղծագործության օրինակի վրա դնել ծանուցման նշան ` © և դրա կողքին հեղինակի մասին տեղեկություն: Շատ հեղինակներ մտավախություն ունեն, թե ինչպես կարելի է դիմել դատարան, երբ ոչ մի փաստաթուղթ չունեն առ այն, որ ստեղծագործությունը քո մտավոր սեփականությունն է: Դատավորներն էլ հաճախ պահանջում են հեղինակի իրավունքները հաստատող թուղթ։ Այստեղ արդեն անելանելի դրության մեջ է հայտնվում հեղինակը: Միջազգային հեղինակային, գրական-գեղարվեստական երկերի պահպանության մասին Բերնի կոնվենցիան, որտեղ նշվում է, որ հեղինակ ճանաչվում է այն անձը, ում անունը գրված է ստեղծագործության վրա: Այսինքն` մենք պետք է հեղինակ ճանաչենք նրան, ում անունը գրված է ստեղծագործության վրա, քանի դեռ չի հայտնվել մեկը, ով կդիմի դատարան և կապացուցի, որ հեղինակը ստեղծագործության վրա գրված անուն-ազգանունով անձը չէ, այլ ինքն է:


–   Թերևս ոչ մեկի համար գաղտնիք չէ համացանցում տիրող այն քաոսային վիճակը, երբ  արտատպությունների քանակը թույլ չի տալիս անգամ գտնել սկզբնաղբյուրը: Հետաքրքիր է` ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում համացանցում արտատպություններ կատարողների, հեղինակային իրավունքը ոտնահարողների դեմ:


–   Յուրաքանչյուր արտատպություն պետք է լինի հեղինակի թույլտվությամբ, իսկ շատ դեպքերում նույնիսկ չեն նշում հեղինակի անունը, ինչը հեղինակության խախտում է,: Եթե չկա թույլտվություն, հեղինակը կարող է դիմել դատարան: Մինչ այդ կարելի է զգուշացնող նամակ գրել արտատպողին կամ արտատպող ընկերությանը: Սա մեղմ ճանապարհն է, որը նախազգուշացնող բնույթ ունի: Եթե մեղավոր կողմը ընդունում է հեղինակի արդարացի պահանջը, միջոցներ է ձեռնարկում` սխալն ուղղելու, այս տարբերակում ամեն ինչ հարթվում է ազնիվ ու հեշտ ճանապարհով: Եթե հրաժարվում է կատարել  պահանջները, հեղինակն իրավունք ունի դիմել դատարան և պահանջել հեղինակության ճանաչում (երբ նշված չէ անունը),  խախտում պարունակող գործունեության (արտատպություն) կասեցում, կարող է պահանջել նաև իր կրած վնասի հատուցում, կորցրած օգուտի`կատարած աշխատանքի դիմաց սպասվելիք հոնորարի կրկնակի չափով հատուցում օրինախախտի կողմից: Ամենակարևորը` հեղինակը կարող է պահանջել նաև դատավարության վճռի հրապարակում զանգվածային լրատվության ցանկացած միջոցում:  


–   Կոնկրետ համացանցային մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ որոշումների ընդունման ի՞նչ ակնկալիքներ կան մոտ ապագայում միջազգային ասպարեզում և Հայաստանում։


–   Մենք միացել ենք համակարգչային հանցագործությունների դեմ կոնվենցիային, որը կանխարգելիչ միջոց է այդ ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ: Միացել ենք նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության 2 պայմանագրերին` Հեղինակային իրավունքի և Կատարումների և  հնչյունագրերի մասին: Այս պայմանագրերը գործ ունեն թվային միջավայրի հետ, կարգավորում են  հեղինակների, կատարողների  իրավունքները համացանցում և կոչվում են համացանցային պայմանագրեր: Այս 2 պայմանագրերն են, որ ստեղծագործությունը հանրությանը մատչելի դարձնելու դեպքում հեղինակի իրավունքները պաշտպանելու համար  առաջարկում են հատուկ տեխնիկայի, պաշտպանիչ միջոցների կիրառում, որպեսզի հեղինակը կարողանա սահմանափակել, արգելել ցանկացած գործողություն` կապված իր ստեղծագործության հետ: Հեղինակային իրավունքի ոլորտում մենք կարծես թե ակնկալիքներ չունենք, քանի որ բոլոր անհրաժեշտ կոնվենցիաներին միացել ենք, հետևում ենք միջազգային կարևորագույն միջոցառումներին` ուղղված ոլորտի կարգավորմանը:Ոլորտի հիմնական խնդիրը մնում է այն, որ, ունենալով կատարյալ օրենսդրություն, մենք այն չենք կիրառում կամ մասամբ ենք կիրառում պրակտիկայում:  Այժմ աշխատանքներ են տարվում մտավոր սեփականության պաշտպանիչ միջոցների կիրառումը հզորացնելու ուղղությամբ:


–   Կարծում եք մենթալիտետի խնդիր կա՞ այստեղ:


–   Այո, միանշանակ: Քանի որ մարդիկ չեն տեսնում մտավոր սեփականությունը, այն շոշափելի չէ, նյութական չէ, նրանք դժվարանում են գնահատել դրա արժեքը, հեղինակի իրավունքը:


–   Տիկին Վարդանյան, օրվա թեմայի հետ կապված ունե՞ք խորհուրդ մեր ընթերցողներին:


–   Կցանկանայի, որ  հեղինակներն ակտիվ լինեին  իրենց հեղինակային իրավունքների պաշտպանության գործում: Հույս ունեմ, որ մեր դատական մարմիններն այսուհետ է´լ ավելի ակտիվ կլինեն նման հարցերում, քանի որ 2 տարի շարունակ նրանք ուսումնասիրում են այս ոլորտը: Այսօր մտավոր սեփականության հարցը շատ հրատապ է մեր երկրում: Եվ ոլորտի բոլոր հարցերը իրենց պատասխանները կստանան միայն համատեղ ջանքերի շնորհիվ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ