Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՂԱՇՅԱՆ. Լաբորատոր կենդանիները Հայաստանում անուշադրության են մատնված

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՂԱՇՅԱՆ.  Լաբորատոր կենդանիները Հայաստանում անուշադրության են մատնված

Ապրիլի 24-ը էկոլոգիական օրացույցում նշված է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: Այն ընդունվեց 1979թ. Կենդանիների հանդեպ դաժան փորձարկումների դեմ պայքարող միջազգային ասոցիացիայի կողմից: Նախնական շրջանում այս օրը մի շարք երկրներում ուղեկցվում էր բազմաթիվ ակցիաներով, կենդանիների պաշտպանությանն ուղղված կոչերով, որոնք կազմակերպվում էին տարբեր երկրներում գործող էկոլոգիական կամ  կենդանիների պաշտպանությանն ուղղված հասարակական կազմակերպություների ակտիվիստների կողմից: Այսօր օրը նշանակալից է դարձել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ, ակցիաներ են կազմակերպվում, որոնց մեջ ներգրավված են նաև հանրաճանաչ կենդանասերները:

 

Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա թեմայի շուրջ զրուցեցինք Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Նաղաշյանի հետ:


–   Պարոն Նաղաշյան, ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է, որը հաստատվել է համաշխարհային հասարակության ուշադրությունն այդ խնդրի վրա սևեռելու նպատակով։ Հայաստանում որևէ կերպ ուշադրության արժանանու՞մ է այդ գաղափարը։


–   Ոչ մի կերպ այդ օրը Հայաստանում ուշադրության չի արժանանում: Կասկածում եմ նաև, որ այն մարդիկ, ովքեր լաբորատորիաներում զբաղվում են կենդանիների վրա տարբեր փորձարկումներ կատարելով, գիտեն այս օրվա մասին: 6 տարի, լինելով ԱԱԼԱՍ (AALAS) համաշխարհային կազմակերպության անդամ, որը զբաղվում է միմիայն լաբորատոր կենդանիների բազմացմամբ, շահագործմամբ, ինքս էլ առաջին անգամ եմ լսում, որ ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում նշանավորվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության օր:


–   Որո՞նք են լաբորատոր կենդանիները:


–   Մուկ, սպիտակ առնետ, ճագար, ծովախոզուկ, շուն, կատու: Սրանք բոլորը լաբորատոր կենդանիներ են: Ի դեպ, արտասահմանում օգտագործում են միայն գծային կենդանիներ, գենետիկորեն մաքուր կենդանիներ, իսկ մեզ մոտ` խառնացեղ:


–   Ո՞ր խնդիրներն են առաջացնում  լաբորատոր կենդանիների պաշտպանության հարցը:


–   Լաբորատոր կենդանիներին հիմնականում օգտագործում են ներքին օրգաններ ստանալու և տարբեր գիտահետազոտական փորձարկումներ իրականացնելու նպատակով: Այստեղ խնդիր է առաջանում, թե ինչպես են կենդանիներին ենթարկում սպանդի: Նախկին ԽՍՀՄ-ում առողջապահության նախարարը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի չէր թույլատրվում որևէ մանիպուլյացիա կատարել լաբորատոր կենդանիների հետ` առանց թմրեցման (նարկոզ):  Մյուս խնդիրն այն է, թե ինչպես են այդ կենդանիներին կերակրում: Մեր լաբորատորիաներում կենդանիները մի կերպ են իրենց գոյությունը պահպանում, հյուծված են շատ:


Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Նաղաշյան–   Ի՞նչ կերպ են վերաբերվում թափառող կենդանիների հետ, ի՞նչ ճակատագրի են արժանանում նրանք։


–   Թափառող կենդանիների հարցը Հայաստանի համար մշտական խնդիր է մնում: Խնդիրը մեծամասամբ ֆինանսական է: Քաղաքապետարանն ունի հատուկ ջոկատ, որը հավաքում է թափառող կենդանիներին, բայց թե ինչ ճակատագրի են նրանք արժանանում, չեմ կարող ասել: Կան նաև նվիրյալներ, ովքեր հավաքում են թափառող կենդանիներին, ժամանակավոր կացարան տրամադրում, բայց չեմ կարծում, որ նրանց ֆինանսական միջոցները բավականացնեն տվյալ հարցում էական փոփոխություններ կատարելու:


–   Ինչպե՞ս լուծում գտնել հարցին, ինչպիսի՞ն է արտասահմանյան փորձը:


Կարելի է չիպավորել թափառող կենդանիներին: Ամբողջ Եվրոպայում կիրառելի է այս տարբերակը: Մարդիկ քայլում են փողոցով, եթե շուն է հանդիպում, կարող են պարզապես շրջանցել, քանի որ գիտեն այն հաշվառված է ու պատվաստված:


–   Ի՞նչ պայմաններ են ներկայացվում փորձաքննության ենթարկվող կենդանիների ընտրության հարցում։ Ի՞նչ մաշտաբներ կան Հայաստանում։


–   Հայաստանում հիմա մեկ կամ երկու անհատներ են, ովքեր զբաղվում են այս կենդանիների բուծմամբ, մատակարարմամբ: Շատ վատ վիճակում է լաբորատոր կենդանիների առողջությունը: Եթե լաբորատոր կենդանին առողջ չէ, ուրեմն իր հետ կատարված փորձերն էլ չեն կարող ճշգրիտ լինել: Կենդանիների մեծ մասը տառապում է ճիճվային հիվանդությամբ: Հատկապես սպիտակ առնետները, մկները, ճագարները տառապում են այս հիվանդությամբ: Տարածված է նաև քոսը: Այս ամենը գալիս է այն պայմաններից, որտեղ պահվում են կենդանիները: Եթե արտասահմանում մտնեք որևէ վիվարիում, այնտեղից հիացած դուրս կգաք, իսկ Հայաստանում միայն զզվանքով կարելի է մտնել վիվարիում:


–   Կա՞ն ծրագրեր, որոնք իրականացվում են ի պաշտպանություն լաբորատոր կենդանիների, Հայաստանում որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է այս հարցի կարգավորման շուրջ:


–   Բացարձակապես ոչինչ: Առհասարակ Հայաստանում ոչ ոքի այս հարցը չի հետաքրքրում:

–   Լաբորատոր կենդանիների վերաբերյալ գիտության զարգացման սկզբնական փուլում էթիկական հարցերը ակտուալ չեն եղել, քանի որ այդ «ճյուղի» թափն այդքան էլ մեծ չէր, սակայն այսօր կարելի է ասել գլոբալ խնդիր է։ Ինչքանո՞վ է խնդիրը հրատապ Հայաստանում։


–   Ճիշտ եք, էթիկական հարցերը արծարծված չէին: Սա եղավ անցած դարի 70-ականների վերջին, երբ աշխարհում մեծ աղմուկ բարձրացավ, թե  ինչպես են նրանց սպանում, շահագործում և այլն: Միայն նախկին ԽՍՀՄ-ի վերջին տարիներին մեր առողջապահության նախարարությունը կենդանիներին պարտադիր քնեցնելուց  հետո միայն օրգաններն օգտագործելու որոշում ընդունեց: Կենդանին չպետք է ցավ զգա, սթրես ապրի: Կենդանու ապրած առաջին սթրեսն անմիջապես ազդում է փորձի որակի վրա:  Հայաստանում հարցն այնքանով է հրատապ, որ մարդիկ չեն հասկանում դեռևս այս հարցի կարևորությունը:  Եթե քաղաքում որևէ վարակ տարածվի, համաճարակ սկսվի, այդ դեպքում լաբորատոր կենդանիների վրա կատարվող կենսաբանական փորձերի կարիք կունենանք: Եթե նման դեպքում հիվանդության հարուցիչը ներարկենք կենդանուն, բնականաբար, պետք է հիվանդագին գործընթաց տեղի ունենա, իսկ եթե կենդանին առողջ չէ, փորձի արդյունքը չի կարող ճշգրիտ լինել: Այսօրվա դրությամբ մեզ համար սա ամենակարևոր հարցերից մեկն է: Մենք պետք  է կարողանանք ճիշտ օգտագործել լաբորատոր կենդանիներին, որպեսզի նրանց միջոցով  առանձնացնենք, դիֆերենցնենք հարուցիչները: Անգամ այսպիսի տարրական գործառույթների համար պիտանի չեն մեր լաբորատոր կենդանիները:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարինե

24.04.2013

փորձարկողների վրա պիտի իրենց փորձերն արվեն ,որ հասկանան`յուրաքանչյուր կենդանի էլ մարդու նման ցավ է զգում ,ունի գիտակցություն և սարսափում է մարդու հրեշ տեսակից:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ