Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն

Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը: Կադրային քաղաքականություն

Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը Երևանի քաղաքապետարանի առողջապահության ևսոցիալական ապահովության վարչության պետ պարոն Արմեն Սողոյանի հետ։

 

- Պարոն Սողոյան, ինչպիսի՞ն է Երևան քաղաքում բժշկական կադրերի և նրանց աշխատանքով ապահովելու գործընթացը։


- Երևան քաղաքում ներկայումս առկա է բժշկական կադրերի գերհագեցածություն։ Մեր ունեցած բուժհիմնարկների հզորությունները, որոնք ժառանգություն ենք ստացել դեռևս խորհրդային ժամանակաշրջանից, չեն համապատասխանում այսօր գործող շուկայական հարաբերություններին ու բժշկական տեխնոլոգիաների զարգացման ֆոնի վրա ստեղծված նոր չափանիշներին։ Բնականաբար Երևանում առկա կադրային ռեսուրսը զգալիորեն գերազանցում է պահանջարկի քանակը։ Սակայն, ի տարբերություն, օրինակ` կրթական համակարգի, առողջապահության բնագավառում իրականացված օպտիմալացման ծրագրերը չուղեկցվեցին աշխատողների զանգվածային կրճատումներով, հաշվի առնելով այն, որ գործ ունենք բժիշկների հետ, որոնք բացի առողջապահական համակարգից այլ տեղ երևի թե չեն կարող աշխատել։ Բացի այդ, չմոռանանք, այսօր չենք կարող կրճատման միջոցով միանգամից ազատվել կադրերի մեկ երրորդ "ավելցուկից", քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ։ Չնայած խնդրի արդիականությանը, առայժմ ոչ մի քաղաքական ուժ չի ընտրել կրճատումների միջոցով հարցը լուծելու ճանապարհը։ Խնդիրն առկա է, և պետք է լուծման ուղիներ փնտրել։ Թերևս կարելի է մի քանի մոտեցումներ կիրառել։

 

Դրանցից է օրինակ` առաջիկայում նախատեսված` ֆիզիկական անձանց լիցենզավորումը կամ ատեստավորումը, ինչը հնարավորություն կընձեռնի կատարել բուժաշխատողների ակադեմիական գիտելիքների գնահատում։ Այսինքն` աշխատելու իրավունք կստանան այն մարդիկ, որոնք կհամապատասխանեն որոշակի մակարդակի։ Ինչպես տեսնում եք, այս դեպքում չեն խախտվի արդարության սկզբունքները, և աշխատանքը կորցրած մարդը կիմանա, որ այն կորցրել է համապատասխան գիտելիքներ չունենալու պատճառով։ Միաժամանակ պետք է նշել, որ լիցենզավորումն ու ատեստավորումը զուտ կադրերի կրճատման նպատակ չեն հետապնդում. նրանց նպատակն է նախ և առաջ բարելավել առողջապահության որակը։

 

Մեզ մոտ դեռևս չի կայացել նաև առողջապահական շարունակական կրթության համակարգը։ Դրանց սաղմերը նոր են սկսել ներդրվել, և շատ կարևոր է ի սկզբանե ճիշտ մոտեցումների սկզբունքը։ Ցավոք, այս գործընթացում դեռևս հաշվի չի առնվում բժշկի տարբեր միջազգային գիտաժողովներին ունեցած մասնակցությունը։ Մինչդեռ որևէ մեկը չի կարող ապացուցել, որ Հայաստանի որևէ ուսումնական հաստատությունում անցկացրած 2-3 շաբաթյա վերապատրաստման ցիկլը ավելի կարևոր է, քան որևէ լուրջ միջազգային գիտաժողովին սեփական զեկույցով հանդես գալն ու սեփական կարծիքը պաշտպանելը։ Կարծում եմ, որ այս համակարգը պետք է ներդրվի, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն տարվում են։ Հուսով ենք, որ առաջիկայում դրական արդյունքներ կունենանք։

 

Հաջորդ խնդիրը, որը բազմիցս շահարկվել է մեզ մոտ, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հարցն է։ Կառավարությունն իր համապատասխան որոշմամբ սահմանեց այն կանոնները, որոնցով հիսուն և ավելի տոկոս բաժնեմաս ունեցող պետական կազմակերպությունների, ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ատեստավորման և նշանակման նոր կարգ է սահմանվում։ Ըստ սահմանված կարգի ՊՈԱԿ-ների տնօրենների տարիքը չպետք է գերազանցի վաթսունհինգը։ Այս սահմանափակումը չի վերաբերում նույն ոլորտի ընկերություններին. պարզապես պետությունը չէր կարող իր օրենքները տարածել ընկերությունների տնօրենների վրա, քանի որ կարող են լինել բաց կամ փակ բաժնետիրական ոչ պետական ընկերություններ, որտեղ արդեն բաժնետերերի ժողովն է որոշում, թե ինչ տարիքի մարդու կնշանակի տնօրեն։ Դժվար է ասել, թե ինչպե՞ս և ե՞րբ կհաջողվի օրենսդրորեն լուծում տալ այս խնդրին, որպեսզի հավասար պայմաններ ապահովվեն մասնավոր և պետական սեկտորներում գործող նույն օղակներում։ Բացի այդ, նոր աշխատանքային օրենսգրքի ընդունումից հետո սահմանվեց, որ գործնականում մեր երկիրը որոշակի քաղաքական կուրս է վերցնում, և հաստիքային հարաբերություններից անցնում ենք պայմանագրային հարաբերությունների։ Այժմ առկա են որոշակի խնդիրներ` պայմանավորված նախկինից եկած 0,5 կամ 0,25 դրույքով աշխատողների հետ, քանի որ ունենք որոշակի հակասություններ։ Այսպես. առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված չափորոշիչներով սահմանվում է բնակչության սպասարկման նվազագույն, օպտիմալ և առավելագույն քանակները, որ պետք է ունենան բժշկական հաստիքները։ Եթե սպասարկվող հիվանդների քանակը նվազագույնից պակաս է, ապա պետությունից համապատասխան գումար չի ստացվում կամ շատ քիչ է ստացվում։ Ենթադրենք` որևէ պոլիկլինիկա սպասարկում է 10 հազար բնակիչ ունեցող թաղամաս, այնինչ որոշ մասնագիտությունների բժիշկների համար նվազագույն քանակը 30 կամ 50 հազարն է։ Այս դեպքում հարց է առաջանում` պե՞տք է տվյալ մասնագետը այստեղ աշխատի, թե՞ ոչ։ Իհարկե՛, պետք է աշխատի, քանի որ անհրաժեշտ է սպասարկել բնակչությանը։ Բայց ինչպիսի՞ վարձատրությամբ։ Նման դեպքում, մասնագետին պահելով 0,25 դրույքի վրա և չտալով նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, նվազագույն աշխատավարձի նորմի հետ կառաջանա որոշակի հակասություն։ Մյուս կողմից, եթե հատկացված գումարների հաշվին թերծանրաբեռնված բոլոր բժիշկներին պոլիկլինիկան առնվազն նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ տա, չի բացառվում, որ պետականորեն տվյալ բուժհաստատությանը հատկացված ողջ գումարը նույնիսկ չբավարարի աշխատավարձերին։ Սա խնդիր է, որը պետք է լուծվի որևէ կոմպրոմիսային տարբերակի միջոցով։

 

Այսօր արդեն տնօրենների նշանակումը իրականացվում է մրցույթով և բոլոր տնօրեններն աշխատում են պայմանագրային սկզբունքով։ Հինգ տարին լրանալուց հետո նրանք պետք է ատեստավորվեն։ Արդեն իրականացվել է երկու մրցույթ, որոնց արդյունքում նշանակվել են երկու պոլիկլինիկաների տնօրեններ։ Այսինքն. այսուհետ, բոլոր այն դեպքերում, երբ առաջանում են թափուր պաշտոններ, հայտարարվում են մրցույթներ։

 

- Կարո՞ղ են արդյոք նաև մրցույթներ հայտարարվել բժշկի հաստիքների համար։


- Իհարկե, մրցույթը ամենադեմոկրատական մեթոդն է, և շատ լավ կլիներ։ Այսօր մի քանի բժշկական կենտրոններ արդեն ունեն դրա փորձը, սակայն դա միայն այդ կազմակերպությունների ղեկավարության նախաձեռնությունն է, քանի որ պետականորեն չկան որոշակի նորմատիվ փաստաթղթեր։


- Եթե պետական բժշկական համալսարանի կադրերի հսկայական ավելցուկ կա, ո՞րն է մասնավոր բուհերի իմաստը։


- Ընդահանրապես շատ քիչ երկրներ կան, որտեղ բժշկական կրթությունը հանձնվել է մասնավոր սեկտորին։ Երկրների մեծ մասում (Արևելյան Եվրոպա և հետխորհրդային երկրներ) պետությունը պահպանել է կրթական մոնոպոլիան, և բժշկական կադրերի պատրաստմամբ զբաղվող որևէ մասնավոր կառույց գոյություն չունի։ Մեզ մոտ այդ ժամանակը բաց է թողնված, ու այսօր Հայաստանում բժշկական կադրեր պատրաստող մասնավոր բարձրագույն կրթական հաստատությունները իրողություն են, և չեմ պատկերացնում այն մեխանիզմը, որով հնարավոր կլինի դրանց գործունեությունը դադարեցնել։ Դա կարող է բավական լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ։ Իհարկե, հենց սոցիալական առումով էլ այս վիճակը գոհացուցիչ չէ։ Ընդունենք, որ շուկայական հարաբերությունների պայմաններում մարդը ուզում է բժիշկ դառնալ (դա իր իրավունքն է), ինչպես նաև հետագայում աշխատանք գտնել։ Բայց երբ երկիրն ունի կադրային գերհագեցվածություն ու շարունակում ենք մեծ քանակով մասնագետներ պատրաստել, արդեն այդ խնդիրը վեր է աճում և՛ սոցիալականի, և՛ քաղաքականի։

 

Կարծում եմ պետք է ներդրվի կրեդիտային համակարգ, առավել ևս, երբ պետությունը գնացել է առողջապահական համակարգի ապակենտրոնացման, երբ Երևանում ավելի շատ մասնավոր բժշկական կազմակերպություններ կան, քան պետական։ Այստեղ շատ կարևոր է պետության կարգավորիչ դերը. պետք է սահմանել կադրերի մասնագիտական որակի պարտադիր ապահովում և մատուցված բժշկական օգնության որակի խիստ վերահսկողություն, որը մեզ մոտ բավական բարձիթողի վիճակում է։ Ճիշտ է, արդեն կառավարության կողմից հաստատվել է մի ժամանակացույց, որով առողջապահության նախարարությունը պետք է ներկայացնի տարբեր մասնագիտությունների ստանդարտները, որոնք արդեն պարտադիր կլինեն գործունեությամբ զբաղվողների համար և կծառայեն բուժօգնության որակի վերահսկմանը, սակայն, կրկնում եմ, հատկապես մասնավոր սեկտորում այսօր վերահսկողությունը չափազանց բարձիթողի վիճակում է։

 

- Ի՞նչ եք կարծում` արժե՞ արդյոք վերականգնել այն ավանդույթը, երբ նորավարտ բոլոր բժիշկներին ուղեգրում էին մի քանի տարի ժամկետով աշխատելու մարզերում։


- Ուզում եք` հավատացեք... Շատ լավ գաղափար է. ուղղակի դրան որևէ իրավական հիմք չի ստացվում ամրակցել, թեև բժշկական համլսարանը արդեն տեղեկացրել է, որ կան համաձայնագրեր մարզպետարանների հետ, ըստ որոնց տվյալ ուսանողի ուսման վարձը վճարում են մարզերը, իսկ ուսանողը պարտավորվում է հետագայում աշխատել տվյալ մարզում։ Դա իսկապես ողջունելի գաղափար է, քանի որ եթե հետադարձ հայացք գցենք այսօր հանրապետությունում կայացած բժիշկների անցած ուղու վրա, ապա կտեսնենք, որ նրանց ճնշող մեծամասնությունը իր աշխատանքային ուղին սկսել է շրջաններում, որտեղ ինքնուրույն աշխատելով մեծ փորձ է կուտակել և՛ մասնագիտական առումով, և՛ որոշակի դժվարություններ հաղթահարելու պահին վճռականություն ու պատասխանատվություն ցուցաբերելու առումով։


- Ինչպե՞ս եք տեսնում երիտասարդ կադրերի հետագա ուղին։


- Դժվար է երիտասարդ մասնագետի ուղին, սակայն այն կադրը, որն իր կլինիկական օրդինատուրան կամ հետդիպլոմային այլ կրթությունը ստանում է մի հիմնարկում, որտեղ 2-5 տարի լինում է ղեկավարների աչքի առջև, եթե կարողանում է իրեն դրսևորել լավագույն կողմերով, ապա հավանական է, որ նրա համար կստեղծվեն աշխատանքային պայմաններ։ Եվ հակառակը, եթե հետբուհական կրթության ընթացքում նա չկարողանա դրսևորել ապագա բժշկին անհրաժեշտ հատկանիշներ, հավանաբար լուրջ դժվարություններ կունենա։ Բացի այդ այսօր արդեն ուժի մեջ է մտած ընտանեկան բժիշկներիի անհատական և խմբային պրակտիկայի գործունեությունը կարգավորող կառավարության որոշումը, որով լայն հնարավորություն է ընձեռվում բոլոր ընտանեկան բժիշկներին իրենք իրենց համար աշխատատեղեր ստեղծելու հարցում։ Հաջողություն մաղթենք մեր բոլոր բժիշկներին, հատկապես երիտասարդներին։

 

Մեր համակարգն այն եզակիներից է, որի աշխատողները կարողացան դիմանալ և՛ երկրաշարժի, և՛ պատերազմական, և՛ անցումային շրջանի տնտեսական դժվարություններին և պատվով կրեցին իրենց բեռն ու հավատարիմ մնացին իրենց կոչմանը, բնականաբար առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ