Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը։

 

Նա ներկայացրեց ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովի ընթացքում։

 

 

 

Պրոֆեսոր Բարալիակոսը, ով գլխավորում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնը (Գերմանիա), EULAR-ի՝ Ռևմատիզմի դեմ պայքարի ռևմատոլոգիական լիգայի ընտրված նախագահն է, ընդգրկված է բոլոր հեղինակավոր ռևմատոլոգիական ամսագրերի խմբագրական կազմում, Երևանում մի շարք դասախոսություններ է կարդացել՝ հայ մասնագետներին հնարավորություն տալով ծանոթանալ ժամանակակից գիտական հայտնագործություններին:
 

 

«Շատ հաճելի է այստեղ` Երևանում գտնվելը: Իմ թեման սպոնդիլոարթրիտն է` մեջքի ցավի գանգատ, որը չափազանց տարածված է ընդհանուր բնակչության, հատկապես` երիտասարդների շրջանում: Մենք փորձում ենք իրազեկել ընտանեկան բժիշկներին, ռևմատոլոգներին, ռադիոլոգներին, թե ինչպես վաղ ախտորոշել այս հիվանդությունը և բուժել: Կարևոր է հաշվի առնել, որ սպոնդիլոարթրիտը, իրականում, մեծահասակների հիվանդություն չէ, ինչպես հաճախ կարծում են ռևմատոլոգիական հիվանդությունների մասին խոսելիս: Մենք խոսում ենք երիտասարդ տղամարդկանց մասին, որոնք երբեմն անգամ ի վիճակի չեն աշխատանքի գնալ: 

 

 

Նրանք ունեն խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է վաղ ախտորոշում և վաղ բուժում: Եվ այս բոլոր քննարկումների առանցքային թեման այն է, թե ինչպես կրթել ընտանեկան բժիշկներին, ռադիոլոգներին, նույնիսկ օրթոպեդներին, ռևմատոլոգներին` հիվանդության վաղ փուլերում ճիշտ ախտորոշման ուղղությամբ:

 

Սա չափազանց կարևոր թեմա է: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ  ինձ այստեղ հրավիրելու և գործընկերներիս հետ այս մասին զրուցելու հնարավորության համար:»,- ասել է պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը:

 

 

Նա նաև կարևորել է․  «Ուրախ կլինեմ, եթե այս միջոցառումը խթանի Ռևմատոլոգիայի ազգային ասոցիացիայի և տեղի ռևմատոլոգների միջազգային նախագծերի շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանում բարձրացնի ռևմատոլոգիայի ոլորտում իրազեկվածության և պրոֆեսիոնալիզմի մակարդակը:

 

Ես հավատում եմ, որ մենք հաջողության կհասնենք: Այսպիսի միջոցառումներն անցյալում հաջողություն են ունեցել, ու վստահ եմ, որ սա շարունակական կլինի: EULAR-ն, անշուշտ, աջակցում է բոլոր այս ջանքերին»:   

 

 

Պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսի հետ համագործակցության մասին խոսել է «Վարդանանց» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Մագդա Օսիպյանը։   

 

«Այս համագործակցությունը կենտրոնի համար լայն հորիզոններ կբացի և թույլ կտա ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան ռևմատոլոգիական բաժանմունք։ Մենք կկարողանանք ներգրավել եվրոպական լավագույն մասնագետներից մեկին, ով հեռահար խորհրդատվություններ է տրամադրելու մեր բուժառուներին։ Նրա մասնակցությունը կլինիկական տարբեր դեպքերի վերլուծությանը և քննարկումներին՝ անգնահատելի ներդրում կլինի մեր մասնագիտական աճի գործում։ Բացի այդ, սա հիանալի հնարավորություն է` մասնակցելու գիտահետազոտական նախագծերին, որոնք առանցքային են ռևմատոլոգիայի զարգացման գործընթացում:

 

Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի ամբողջ առողջապահական համակարգի վրա»: