Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

6IMCA. սրտանոթային սիմպոզիումին ընդառաջ, հարցազրույց Հմայակ Սիսակյանի հետ

6IMCA. սրտանոթային սիմպոզիումին ընդառաջ, հարցազրույց Հմայակ Սիսակյանի հետ

2023 թվականի հուլիսի 8-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում /Ամիրյան 2/, Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում, տեղի կունենա սրտանոթային սիմպոզիումը։


Սիմպոզիումին հրավիրված են աշխարհահռչակ մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի դաշնությունից, Եվրոպայից, Հայաստանից:
Կազմակերպիչն է Հայ օգնության ֆոնդի շրջանավարտների ասոցիացիայի /FARFAA/ սրտաբանական խումբը:


Սիմպոզիումը կընթանա երեք տարբեր թեմաներին նվիրված նիստերով.

  1. Նորարարություններ սրտանոթային հիվանդությունների բուժման գործընթացում,
  2. ESC- վերջին ուղեցույցները հայ սրտաբանների համար,
  3. Ինտերվենցիոն սրտաբանության նիստ:

 

Ներկայացնում ենք մեր զրույցը սիմպոզիումի նախաձեռնող-կազմակերպիչ ԵՊԲՀ  թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի հետ։


Որպես նախաձեռնող կազմակերպիչ Դուք մասնակցել եք նաև սրտաբանական նախորդ սիմպոզիումներին. ինչո՞վ է առանձնանում այս սիմպոզիումը։

 

Միջազգային համահայկական սիմպոզիումը կազմակերպվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ և հիանալի հարթակ է հայ և ոչ հայազգի միջազգային փորձագետների հադիպման, նորություններով, փորձով փոխանակվելու և  համագործակցության եզրեր գտնելու համար:
Համագումարի շրջանակում կազմակերպվում են նեղ մասնագիտական սատելիտային սիմպոզիումներ, որտեղ ներառված է նաև կլինիկական և տեսական սրտաբանությանը սրտաբանությանը նվիրված սիմպոզիումը։ Նպատակն է, առաջին հերթին, Հայաստանի բժիշկներին ծանոթացնել սրտաբանության ոլորտի ուղեցույցներին վերաբերող վերջին նորություններին, որոնք ընդգրկում են բժիշկների ամենօրյա աշխատանքում հիմնական մոտեցումները: Սրտաբանության տարբեր հիվանդությունների դեպքում այդ ուղեցույցները  ամեն 4-5 տարին մեկ ենթարկվում են փոփոխության: Ուղեցույցը բավականին ծավալուն է՝ 80-100-120 էջ, յուրաքանչյուր  հիվանդության վերաբերյալ համապատասխան նրբություններով, առանձնահատկություններով, բուժման փոփոխություններով, և հարկ է դրանք հասցնել ամենօրյա պրակտիկայով զբաղվող բոլոր սրտաբաններին՝ Երևանում, մարզերում, Արցախում:


Վերջին 1-2 տարվա ընթացքում մշակված ուղեցույցները սիմպոզիումի ընթացքում նույնպես կլուսաբանվեն, և կարևորն այն է, որ դա կիրականացվի լուրջ փորձագետների կողմից:


Երկրորդ թեման նվիրված է ինտերվենցիոն սրտաբանությանը, որը շատ արագ զարգանում է ամբողջ աշխարհում: Սրտաբանության այս ուղղությունն առավելապես կախված է տեխնոլոգիական հնարավորություններից, որոնց ներդրումը Հայաստանում ունի դժվարություններ: Ներկայացվելու են այդ ասպարեզում վերջին նորությունները՝ փականային միջամտություններ, ստենտավորումների բարդ դեպքեր և այլն:


Տարբեր երկրներից հրավիրված են հայտնի մասնագետներ. օրինակ, Ռուսաստանի ամենաառաջատար մասնագետներից՝ պրոֆեսոր Ալեքյանը, պրոֆեսոր Տեր-Ակոբյան Արմենը,  Ռուսաստանի /Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի/ այլ առաջատար ինտերվենցիոն հայազգի սրտաբաններ, ԱՄՆ-ից առաջատար սրտաբաններ Սարգիս Քիրամիջյանը,  Ռաֆիկ Գրիգորյանը:


Գրեթե երկար ժամանակ սրտաբանության նորարարական և տեսական ոլորտում նոր զարգացումներին նվիրված միջոցառումներ չեն կազմակերպվել: Ուստի որոշեցինք ներկայացնել «Գիտությունից անցում դեպի կլինիկական սրտաբանություն» թեմայով նիստ, որի շրջանակում կզեկուցենք դեռևս շատ չօգտագործվող, բայց արդի սրտաբանության գիտահետազոտական ոլորտում վերջին նորությունների մասին: Դա կներկայացվի աշխարհահռչակ Ռոջեր Հաջարի, Թաֆթսի համալսարանում աշխատող մեր հայտնի  շրջանավարտներից Քնարիկի, Մադրիդի առաջատար հիվանդանոցներից մեկում աշխատող Գրիգորյան Լիլիանի /ցողունային բջիջներ, գենային թերապիա/ կողմից:

 


Մասնակիցները միայն սրտաբաննե՞ր են, թե՞ հրավիրված են նաև այլ մասնագետներ։


Քանի որ սիմպոզիումը նեղ մասնագիտական է, մասնակցում են հիմնականում սրտաբանները:


Ինչպիսի՞ն է տեղեկությունների հասանելիությունը Հայասըանում այս պահին և ապագայում։


Ուղեցույցները գործնականում կիրառվում են, պարզապես անհրաժեշտություն կա նոր մոտեցումներին ծանոթանալու: Ինտերվենցիոն մեթոդները ևս կիրառվում են մեր հիվանդությունների բուժման գործընթացում, սակայն շատ  միջամտական մեթոդներ կան, որոնք կամ չեն կիրառվում, կամ քիչ են կիրառվում: Դա կապված է հասանելիության խնդիրների հետ, սակայն մենք արդեն պետք է պատրաստ լինենք դրանց ներդրմանը:


Իսկ նորարարական մոտեցումները, որոնք սրտաբանության ոլորտում ամենաժամանակակից պատկերացումները և հետազոտական աշխատանքներն են ներառում, նույնիսկ ԱՄՆ-ում և այլ երկրներում դեռևս ոչ բոլորին են հասանելի:


Որքա՞ն է միջոցառման տևողությունը, և ովքե՞ր են կազմակերպիչները։


Միջոցառումը 1 օր է տևելու: Միջոցառման կազմակերպումը վստահվեց ինձ, քանի որ 8 տարի և 4 տարի առաջ ևս ես եմ ղեկավարել:
Կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդի շրջանավարտների ասոցիացիան է՝ FARFAA -ն, որը հիմնականում սրտաբանական խումբ է,  և որի հետ երկար տարիներ արդեն համագործակցում ենք:


Որպես մասնագետ Ձեզ համար ո՞ր թեման է ամենասպասվածը։


Բոլոր թեմաներն էլ շատ հետաքրքիր են, բայց կառանձնացնեի Ռոջեր Հաջարի գենային, բջջային թերապիայի ոլորտում նորությունները, դեղերի ստացումը, նաև ինտերվենցիոն սրտաբանությունը, նրա զարգացումները առաջիկա 10-20 տարիների ընթացքում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ