Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Այսուհետ ասոցիացիայի բոլոր անդամները առաջնորդվելու են էթիկայի կոդեքսով. Հայկական հոգեբուժական ասոցիացիա

Այսուհետ ասոցիացիայի բոլոր անդամները առաջնորդվելու են էթիկայի կոդեքսով. Հայկական հոգեբուժական ասոցիացիա

Օրերս Երևանում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 10-րդ համագումարը։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի վերընտրված նախագահ Արմեն Սողոյանը։

 

Նրա ձևակերպմամբ՝ համագումարն ինքնին բացառիկ էր ու տարբերվում էր այլ տարիներին կազմակերպված համագումարներից, քանի որ օրակարգում հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսի ընդունման հարցն էր դրված։ 

 

«Համագումարն ինքնին տարբերվող էր։ Առաջին հերթին, նրանով, որ հաշվետվությունից և ղեկավար կազմի ընտրությունից զատ, իրականացվեցին որոշ կանոնադրական փոփոխություններ և, ամենակարևորը, ինչը բացառիկ էր՝ ընդունվեց հոգեբույժի մասնագիտական էթիկայի կոդեքսը։ Այն տևական ժամանակ քննարկման փուլում էր։ Գործընթացին ներգրավված էին և՛ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը,  և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ Առողջապահության նախարարությունը»։

 

Ա. Սողոյանի փոխանցմամբ՝ համագումարին ներկա էին հանրապետության բոլոր հոգեբուժական ծառայությունների մասնագետները, հոգեկան առողջության ոլորտի առաջատար մասնագետները՝ ընդհանուր թվով 119 մասնակից։

 

«Նման ընդգրկուն մասնակցությունն աննախադեպ էր։ Կարող եմ փաստել, որ վերջին 20 տարիների ընթացքում նման բան չի գրանցվել։  Այսուհետ ասոցիացիայի բոլոր անդամներն առաջնորդվելու են նաև էթիկայի կոդեքսով, և այդ կոդեքսի շրջանակում նրանց գործողությունների համար նաև ասոցիացիան է պատասխանատու լինելու՝ ասոցիացիան երաշխավորում է իր բոլոր անդամների գործունեության համապատասխանությունն այդ կոդեքսին:

 

 

Վստահ եմ, որ էթիկայի կոդեքսին հավատարիմ մնալու դեպքում մասնագետը որևէ խնդիր չի կարող ունենալ։ Ավելին, նա կլինի ամենապաշտպանված մասնագետը։

 

Ասոցիացիայի շրջանակում գործելու է Էթիկայի կոմիտե` մասնագիտական էթիկայի բոլոր տեսակի խնդիրները քննող մարմին։ Էթիկայի կոմիտեն նշանակվում է ասոցիացիայի Խորհրդի կողմից՝ Գործադիր վարչության ներկայացմամբ։ Գործնականում էթիկայի կոմիտեն իր ոլորտում իրավասու է ասոցիացիայի նախագահին համահավասար որոշումներ ընդունելու, ինչպես նաև Գործադիր Վարչությանը առաջարկություն ներկայացնելու պատժամիջոցներ կիրառելու՝ ընդհուպ մինչև զրկելու ասոցիացիայի անդամակցությունից»։

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա. Սողոյանը շեշտեց, որ հոգեբուժությունն ինքնատիպ ոլորտ է և մշտապես առնչություն ունի իրավական դաշտի հետ ։

 

«Հոգեբուժությունն ամենաինքնատիպ և ամենախոցելի ոլորտներից է, քանի որ մենք մշտապես գործ ունենք հոգեկան ոլորտի ժամանակավոր կամ երկարատև խնդիրներ ունեցող անձանց հետ, և հնարավոր են չարաշահումներ այդ անձանց նկատմամբ։ Այդ խնդիրն առկա է ո՛չ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ խոցելի խմբում գտնվող պացիենտները լինեն պաշտպանված»։ 

 

 

Խոսելով առաջիկա ծրագրերից, Ա. Սողոյանն ասաց, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան կյանքի կոչելու բազմաթիվ ծրագրեր ունի։ 

 

«2020 թվականին Հայաստանում նախատեսել ենք անցկացնել Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտաժողով։ Է՛լ ավելի սերտ կլինի համագործությունը պետական կառույցների հետ։ Այսօր, բարեբախտաբար, պետությունն ավելի բաց քաղաքականություն է որդեգրել բոլոր ոլորտներում և պատրաստակամ է գործակցել հասարակական կազմակերպությունների հետ, ու ժամանակի ընթացքում առավել կկարևրովի մասնագիտական ասոցիացիաների դերը»։
Եզրափակելով խոսքը, Ա․Սողոյանը հավելել է, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիան կշարունակի իր սերտ գործակցությունը Համաշխարհային  հոգեբուժական ասոցիացիայի հետ և ո՛չ միայն:

 

«Հուսով եմ էլ ավելի սերտ բանակցություններ կտարվեն միջազգային կապերի ամրապնդման հարցում. նախատեսվում է ստեղծել ասոցիացիայի մասնաճյուղեր Արցախում, Մոսկվայում և այլ տարածաշրջաններում»։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ