Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը. hhpress.am

Մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը. hhpress.am

Հոկտեմբերի 13-ին և 14-ին «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության եւ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Համաժողովին մասնակցում է 38 սփյուռքահայ եւ օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից։ Շուրջ 250 սրտաբան Հայաստանից եւ Արցախից կմասնակցի համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին։


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ համաժողովը նպատակ ունի նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը եւ նրանց միջեւ փորձի փոխանակմանը։ Նա ընդգծեց. «Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովին եւս կարեւորվեց սփյուռքը մասնագիտորեն կազմակերպելու գաղափարը։ Այդպիսի բացառիկ մասնագիտական համախմբում է նաեւ ստաբանների եվրակովկասյան համաժողովը»։


Նախարարը շնորհակալություն հայտնեց «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանին՝ 6-րդ անգամ հայրենիքում նման ներկայացուցչական կազմով սրտաբանների համաժողովը կազմակերպելու համար։ «Վստահ եմ, որ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը Եվրոպայում կներկայացնի համաժողովի քննարկումների, մասնագիտական փորձի փոխանակության արդյունքները։ Սիրելի՛ սրտաբաններ, առողջ հասարակություն ունենալու համար ձեզանից շատ բան է կախված։ Համաժողովին մաղթում եմ արգասաբեր գործունեություն»,–նշեց սփյուռքի նախարարը։


Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաեւ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում կա սիրտ–անոթային համակարգի խնդիրներ ունեցող շուրջ 247 հազար հիվանդ։ Նա հույս հայտնեց որ նշանավոր սրտաբանների փորձի փոխանակումն իր նպաստը կբերի Հայաստանում սիրտ–անոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման գործին։


Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բազմակողմ է, եւ սրտաբանության ոլորտում մասնագետների ակտիվ կապերը, փորձի փոխանակումը իրենց նպաստը կբերեն երկու երկրների ոլորտների զարգացմանը։ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը շնորհակալություն հայտնելով սփյուռքի եւ առողջապահության նախարարություններին՝ ընդգծեց, որ համաժողովը շարունակում է հետաքրքրել ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների մասնագետներին։ «Շնորհակալ եմ Փոլ Բարրագանին, որ արդեն 20 տարի է հայ մասնագետների կողքին է եւ վերապատրաստում է նրանց»,–նշեց Մատիկյանը։


Այնուհետեւ ելույթ ունեցավ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած սրտաբաններին։ Բարրագանը շեշտեց, որ ներկաներից շատերն ունեն մասնագիտական լուրջ փորձ, եւ միմյանց լսելու արդյունքում նոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն։


Համաժողովի պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեցին մասնագիտական զեկույցները։


Նշենք, որ համաժողովի աշխատանքները կշարունակվեն այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ