Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սիմպոզիում՝ նվիրված բժշկական գենետիկայի ոլորտին

4-ՐԴ ՀՄԲՀ. Սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի շրջանակում, կազմակերպվեց սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին:

 

Հրավիրված էին անվանի մասնագետներ, ովքեր աշխատում են տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Դանիայում, ԱՄՆ-ում:


Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Թամարա ՍարգսյանՄեդ-Պրակտիկի հետ զրույցում Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Թամարա Սարգսյանը նշեց՝ երջանիկ է, որ երկար ու հանգմանալից նախապատրաստական աշխատանքների արդյունքում կազմակերպվել է այս շատ արդյունավետ սիմպոզիումը:


«Ինձ համար չափազանց կարևոր է, որ բոլոր մասնակիցները սիրով են եկել և մեծ պատրաստակամությամբ: Մենք անընդհատ լսում էինք ցողունային բջիջների, մոլեկուլային բժշկության մասին, բայց դրանք կարծես շոշափելի չէին դառնում: Այսօր այդ թեմաներին Երևանում անդրադառնում են լավագույն մասնագետները՝ ներկայացնելով գենետիկայի ժամանակակից նվաճումները: Արտասահմանցի գործընկերների շնորհիվ՝ մենք պարբերաբար տեղեկանում ենք ամենաարդիական մոտեցումներին, ամենաթարմ նորություններին»,- ներկայացրեց պրոֆեսոր Սարգսյանը:

 

Սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին Սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին

 

Նրա խոսքով՝ մեր օրերի ամենաթարմ մոտեցումներից է անհատականացված բժշկությունը՝ յուրաքանչյուր մարդ իր յուրահատուկ գենետիկայով, և ստանդարտներ կիրառելը հնացած մոտեցում է: «Ժամանակը քիչ է, բայց, կարծում եմ, կհասցնենք անդրադառնալ ամենակարևոր հարցերին: Նաև շատ ուրախ եմ, որ ունենք երիտասարդ մասնակիցներ. համոզված եմ, որ նրանք այս գիտելիքների հիման վրա դեռևս անելու են լավագույն բացահայտումները»,- հույս հայտնեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը:


Մեդ-Պրակտիկը զրուցեց նաև սիմպոզիումի ժամանակ դասախոսություններով հանդես եկած անվանի մասնագետների հետ:


Պրոֆեսոր Ալան Հովնանյան,  Փարիզ, Նեկերի հիվանդանոցՊրոֆեսոր Ալան Հովնանյան,  Փարիզ, Նեկերի հիվանդանոց, դասախոսության թեման. «Գենետիկական մաշկային հիվանդություններ՝ ախտաբանական ֆիզիոլոգիայի հիման վրա բուժման նոր միջոցներ»

Շատ բարձր մակարդակով կազմակերպված հանդիպում է, և ես պարզապես հիացած եմ հայաստանցի մասնագետների պատրաստվածությամբ գենետիկայի ոլորտում: Թամարա Սարգսյանի կենտրոնի շնորհիվ՝ ամրապնդվում են մեր կապերը, տեղի է ունենում փորձի փոխանակում, հարստացում: Այս համագումարը լավ կամուրջ է, որը պետք է ամրանա տարբեր թրեյնինգների իրականացմամբ:


Պրոֆեսոր Գրիգորի Ենիկոլոպով, Նյու Յորք, Cold Spring Harbor լաբորատորիայի վարիչՊրոֆեսոր Գրիգորի Ենիկոլոպով, Նյու Յորք, Cold Spring Harbor լաբորատորիայի վարիչ, դասախոսության թեման. «Կլինիկական նպատակով ցողունային բջիջների կիրառումը  և նյարդագենեզը»


Մեծ հաճույքով համաձայնեցի մասնակցել այս հանդիպմանը, մանավանդ որ մասնակից բժիշկներից շատերի հետ արդեն ծանոթ էի: Համագումարի շրջանակում ներկայացրել եմ վերջին տարիների ամենալուրջ բացահայտումներից մեկը՝ նոր նեյրոնների առաջացումը հասուն ուղեղում: Մենք արդեն հաշտվել էինք այն մտքի հետ, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, բայց այսօր պարզվում է, որ ուղեղի շատ կարևոր հատվածներում մշտապես նոր նեյրոններ են առաջանում: Հենց դա էլ ներկայացրել եմ:

Պրոֆեսոր Միքայել Աղաջանյան, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ, Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչՊրոֆեսոր Միքայել Աղաջանյան, Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ, Մոլեկուլային բժշկության ինստիտուտի վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, դասախոսության թեման. «Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի բուժման նպատակով ԴՆԹ վակցինաների օգտագործումը»


Ես ներկայացրել եմ իմունաթերապիան քաղցկեղի ժամանակ: Սա բավականին նոր ուղղություն է. հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկայով պայմանավորված՝ իմունաթերապիան կարող է չափազանց արդյունավետ լինել քաղցկեղից վերականգնվող օրգանիզմի համար: Ես հիացած եմ այն հետաքրքրվածությամբ, որ հայաստանցի մասնագետները ցուցաբերում են գենետիկայի ոլորտում նորույթների կիրառման հանդեպ:


Դոկտոր Կարինե Սարգսյան, Ավստրիա, Գրացի Բիոբանկի տնօրենԴոկտոր Կարինե Սարգսյան, Ավստրիա, Գրացի Բիոբանկի տնօրեն, դասախոսության թեման. «Անհատականացված բժշկություն՝ այսօր և վաղը»


Ես հիացած եմ, թե ինչքան ակտիվ են բժիշկներն ու ինչ սուր հարցեր են տալիս: Հրավիրված մասնագետներից յուրաքանչյուրը լավագույններից է իր ոլորտում. հատուկ ընտրված են, և նրանցից շատ բան ունենք սովորելու: Կարելի է միայն հպարտանալ, որ այդպիսի ճանաչում ու գիտելիքներ ունեցող մասնագետներ են այսօր Երևանում: Քննարկված թեմաներից ինձ հետաքրքրեցին հատկապես ուղեղի աճը խթանող նոր մեթոդները, որոնք դեռևս կենդանիների վրա փորձարկումների փուլում են: Ես առաջիններից կլինեմ, որ կփորձարկեմ այդ մեթոդները: Ընդամենը մի քանի տարի առաջ դեռ կար այն պնդումը, որ նոր նեյրոններ չեն առաջանում, բայց արդեն ապացուցված է հակառակը: Պրոֆեսոր Ենիկոլոպովն այդ մեթոդը ներկայացրեց իր դասախոսության ժամանակ: Ես հիացած եմ և՛ որպես գիտնական, և՛ որպես պարզապես մարդ, ով հետաքրքրված է այս մեթոդով:

 

Սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին Սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին Սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ