Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հ. Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը

Հ. Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում, ներկա էին բժիշկներ, պատմության մասնագետներ: Մեդ-Պրակտիկը գրքի գաղափարի հղացման, ստեղծման պատմության և այլ հարցերի շուրջ զրուցեց հեղինակի՝ Հարություն Մինասյանի հետ:

–   Ինչպե՞ս  ծնվեց նման գիրք գրելու գաղափարը:


–   Լինելով պրակտիկ բժիշկ-հոգեբույժ՝ շուրջ 20 տարի զբաղվում եմ նաև բժշկության պատմությամբ, ստեղծել եմ Հայ բժշկության թանգարան-հավաքածու: Հետաքրքրվում եմ հայ բժշկության պատմության, նշանավոր հայ բժիշկների կենսագրություններով, նրանց արած գործով: Սա իմ տասներորդ գիրքն է:


Նախորդ գրքերս հրատարակելու ընթացքում, երբ ուսումնասիրում էի արխիվներ, պարբերականներ, գրքեր՝ տպագրված աշխարհի տարբեր երկրներում, իմ տեսադաշտում անընդհատ հայտնվում էին բժիշկներ, ովքեր աշխատել և ապրել էին Թուրքիայի տարածքում, և իրենց կյանքի որևէ հատվածում բանտարկվել էին, կամ աքսորվել, իսկ նրանց մեծ մասը 1915 թվականին ենթարկվեց ցեղասպանության: Այդ բոլոր կենսագրականներն առանձնացնում էի: Եկավ մի պահ, երբ բավական շատ նյութ էր հավաքվել: Հինգ տարի առաջ սկսեցի զբաղվել մտահղացմանս իրականացմամբ: Գիրքը հրատարակվեց անցյալ տարվա վերջին, և լավ է, որ հասցրեցի դա անել հարյուրամյակին ընդառաջ: Հրատարակվեց պետական պատվերով, 400 տպաքանակով: Գրքում ներկայացված է 470 բժշկի կենսագրություն: Նրանց բժիշկներ են և բժիշկ-ուսանողներ, ատամնաբույժներ ու ժողովրդական բժիշկներ:


Հարություն Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը–   Խնդրում եմ համառոտ ներկայացնել. շա՞տ էին ականավոր մասնագետները:


–   19-րդ դարից սկսած՝ Թուրքիայում ժողովրդական բժշկությունը սկսեց փոխարինվել գիտական բժշկությամբ: Այդ տարիներին Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում գործում էին բազմաթիվ միսիոներական կազմակերպություններ, որոնք բացում էին դպրոցներ, քոլեջներ, որոնցում սովորում էին հիմնականում հայ պատանիներն ու երիտասարդները:  Նրանցից շատերը որպես մասնագիտություն ընտրում էին հենց բժշկությունը և կրթությունը շարունակում եվրոպական երկրներում: Ավարտելուց հետո, վերադառնալով իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը, աշխատում էին որպես բժիշկ: Եկավ մի պահ, երբ կրթված բժիշկների թիվն արդեն բավականին շատ էր: Կոստանդնոպոլսում հայ բժիշկները հիմնեցին առաջին բժշկական ընկերությունը, որը կոչվում էր Կայսերական բժշկական ընկերություն, որի անդամների ութսուն տոկոսը հայեր էին: Նրանք հետագայում ստեղծեցին նաև առաջին բժշկական ուսումնական հաստատությունը, որը կոչվում էր Կայսերական բժշկական բարձրագույն ուսումնարան: Առաջին բժշկական դասագրքերի հեղինակները ևս հայեր էին, ընդ որում՝ սկզբում դրանք գրվում էին ֆրանսերեն, քանի որ թուրքերեն բժշկական տերմինաբանություն չկար: Երբ երիտթուրքերի կառավարությունը որոշեց հայերին բնաջնջել, այդ դաժան իրողության մեջ հայտնվեցին նաև բժիշկները, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել էին կայսրության բնակչությանը բժշկելուն և կրթելուն:

Հ. Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը–   Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:


–   Նույն մարդու կենսագրությունը ստիպված եմ եղել փնտրել մի քանի աղբյուրներում, քանի որ բավականին դժվար է այդ օրերի մասին հավաստի և ամբողջական տեղեկատվություն գտնելը: Օգտվել եմ գրքերից, պարբերականներից, տարբեր անհատներից, ովքեր տվյալներ են տվել իրենց հարազատների մասին: Չեմ կարծում, որ գտել ու մեկտեղել եմ բոլոր բժիշկներին. գուցե դեռ կրկնակին հնարավոր լինի գտնել: Բայց առաջին քայլն արված է այս հետազոտության ուղղությամբ:


Իմ գրքի համար որպես նախատիպ ծառայել են Գասպար Կարոյանի ԱՄՆ-ում տպագրված գիրքը՝ «Նահատակված հայ բժիշկներ», Թեոդիկի «Նահատակված հայ մտավորականներ»-ը, «Տարեցույցներ»:


–   Ունե՞ք նախկինում գրքեր բժիշկների մասին:


–   Հինգ հատոր հրատարակել եմ աշխարհի հայ հոգեբույժների մասին. գիրքը կոչվում է «Հարյուր հայ հոգեբույժներ: Կենսագրական բառարան», մեկ ուրշ գիրք նվիրված է ստալինյան բռնաճնշումներին ենթարկված հայ բժիշկներին. կոչվում է «111… բռնադատված հայ բժիշկներ. 1920-1954 թթ.: Կենսագրական բառարան», հաջորդը  կոչվում է «16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ: Կենսագրական բառարան»: Իմ խնդիրն է պատմության գզրոցներից դուրս բերել և աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի բժշկական մշակույթ ենք ունեցել Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Հարություն Մինասյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների ու ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան» գրքի շնորհանդեսը–   Ի՞նչ նոր գրքեր եք նախատեսում:


–   Ւնձ մոտ այժմ ամենաքիչը հինգ գրքի նյութ է հավաքվել: Հրատապ ուզում եմ տպագրել գրքեր Ադրբեջանի և Վրաստանի հայ բժիշկների մասին: Ցանկանում եմ գիրք հրատարակել նաև հայ բժիշկ-գրողների մասին: Բժիշկները շատ են զբաղվել գիր-գրականությամբ. Հավաքել եմ շուրջ 300 անուն, սկսել եմ հավաքել նաև նրանց հեղինակած գրքերը: Այսօր ունեմ 150 բժիշկ-գրողների շուրջ 500 գիրք: 2010 թ. Ժողովրդական արվեստի թանգարանում ցուցահանդես կազմակերպեցի, որը կոչվում էր «Հայ բժիշկները՝ հայ գրականության մշակներ»: Երևելի բժիշկ-գրողներից են Ծերենցը, Ռուբեն Սևակը, Ժորա Հարությունյանը, Զորի Բալայանը և ուրիշներ:

–   Դուք նշեցիք հայ բժշկության թանգարանի մասին. ի՞նչ նախաձեռնություն է դա:


–   Վերջին երեսուն տարիների ընթացքում ես ստեղծեցի մի հավաքածու, որը պայմանականորեն կոչվում է «Հայ բժշկության թանգարան»: Հավաքածուի մեջ մտնում են լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր, բժշկական գործիքներ, առարկաներ, բժիշկների անձնական իրեր և այլ: Շուրջ 30 000 ցուցանմուշ: Նպատակս է Երևանում ստեղծել Հայ բժշկության թանգարան: Այդպիսի թանգարաններ կան շատ ու շատ երկրներում: Կա մեծ հավաքածու. խնդիր է դարձել տարածքի ձեռքբերման հարցը: Կցանկանայի, որ այն լիներ ո՛չ միայն թանգարան, այլև թանգարան-ինստիտուտ: Նաև շատ կուզեի, որ վերականգնվեր ԵՊԲՀ բժշկության պատմության ամբիոնը. հարություն առներ այդ գիտությունը, չանտեսվեր, և մեր երիտասարդ բժիշկները՝ պրակտիկ գործունեությանը զուգահեռ, զբաղվեին նաև բժշկության պատմությամբ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ