Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփեց տարին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփեց տարին

ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականին շարունակել է համակարգում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները` առաջնորդվելով ՀՀ Նախագահի կողմից տրված հանձնարարականներով և ՀՀ նոր կառավարության ծրագրով: Այդ մասին դեկտեմբերի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


Հարցին՝ բժիշկների հանդեպ վստահության բարձրացում կա՞, Ա. Մուրադյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Համակարգի հանդեպ վստահության ձևավորման համար անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ։ Մենք խորապես համոզված ենք, որ չափորոշիչների և չափագրման ներդրումը միտված կլինի դաշտի հանդեպ վստահության ձևավորմանը»:


Անդրադառնալով Հայաստանում գրանցված առողջապահական ցուցանիշներին, Ա. Մուրադյանն նշեց, որ Հայաստանի Հանրապետության առողջապահական ցուցանիշները, ի տարբերություն նախկին ԱՊՀ երկրների, լավագույններից մեկն է համարվում: «Կանանց կյանքի միջին տևողությունը՝ 77 է, տղամարդկանցը՝ 82:  Պետք է նշեմ, որ մայրական և մանկական մահացությունների գրանցված թիվը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն նվազել է: Մյուսը՝ իմունականխարգելման ցուցանիշն է: Մեզ մոտ ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունն այսօր կազմում է  1%-ից ավելի ցածր ցուցանիշ, ինչը պայմանավորված է 92-93% իմունականխարգելման ծրագրով»:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն ՄուրադյանԽոսելով իմունականխարգելման ծրագրի մասին Ա. Մուրադյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ իրականացվել է իմունիզացիայի`պատվաստումների ծրագիր զինակոչիկների համար. «Ի տարբերություն նախորդ տարիների, երբ պատվաստումներն իրականացվում էին հավաքագրման կետում, այս տարի առաջնային բուժօգնության օղակում՝ պոլիկլինիկաներում են իրականացվել պատվաստումներն, ինչը թույլ է տվել խուսափել բարդություններից. հետպատվաստումային շրջանում նրանց առողջական վիճակը լիարժեք հսկողության տակ է գտնվել»:


Հարցին, թե ինչպես կմեկնաբանի բժիշկների հանդեպ կատարած բռնությունները, հատկապես շտապ օգնության աշխատակիցների վրա, ի՞նչ չափորոշիչներ են գործում շտապ օգնության համակարգում, Ա. Մուրադյանն ասաց. «Խիստ դատապարտելի եմ համարում նման բռնության դեպքերը բուժաշխատողների նկատմամբ, անկախ նրանց ունեցած մեղքի բաժնից: Եվ եթե մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում, ապա այս խնդիրները կարող է որոշել միայն դատարանը, ինքնադատաստան ներկայացնելը`խիստ դատապարտելի, զազրելի երևույթ է, այն էլ մեզ՝ առողջացնողներիս հանդեպ: Ինչ վերաբերում է չափորոշիչներին և շտապօգնության աշխատանքներին, ապա այս բոլոր ցուցանիշներն այսօր խիստ գրանցվող ցուցանիշներ են. շտապ օգնության մեքենան տեղում է լինում մինչև 15 րոպե Երևան քաղաքում և մինչև 20 րոպե՝ մարզերում: Այդ երկու դեպքերը, որոնք տեղի են ունեցել Գյումրի քաղաքում, բացարձակ կապված չեն եղել ուշացման հետ, այլ ուղղակիորեն կապված են անմարդկային և, անհարմար չեմ զգա ասել՝ անբարոյական մոտեցման հետ: Ես նաև կարծում եմ, որ այս աշխատանքները չափագրելով՝ կամրագրվեն բժիշկների իրավունքները: Սա օրենսդրական դաշտի խնդիրներ են, և մենք պետք է անպայման եկող տարվա մեջ կարողանանք լուծել այս խնդիրները ևս»:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփեց տարինԱ. Մուրադյանն ընդգծեց, որ Հայաստանում շտապ բուժօգնության ծառայությունների բարելավմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրերի շրջանակներում օգոստոսին գործարկվել է շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգը. ծառայության բոլոր բրիգադներին տրամադրվել են պլանշետներ, մեքենաները համալրվել են GPS վերահսկման համակարգով:  

                         
Ա. Մուրադյանը խոսեց նաև ալյուրի հարստացման ծրագրի մասին, որն այս օրերին բուռն քննարկվում է մամուլում: «Նման ծրագրերը հանրային շահերն ապահովելու միտում ունեն: Տարբեր երկրներում նմանատիպ ծրագրերը տասնյակ տարիներ հաջողությամբ գործում են: Այս ծրագիրն իրականացնելով՝ կկարողանանք ազդել մի շարք հիվանդությունների վրա, ինչպիսիք են, օրինակ` սակավարյունությունը, սիրտ-անոթային հիվանդությունները և այլն: Նման ծրագրի իրականացման արդյունքում կնվազի մահացությունների թիվը Հայաստանում: Այսինքն՝ ծրագրի իրականացումն ուղղակիորեն կապահովի առողջական վիճակի բարելավում: Ծախսարդյունավետության տեսանկյունից, մեր երկրում, ըստ մասնագետների՝ կլինի 1 միավորի դիմաց 17 միավոր»:


Ասուլիսի ընթացքում Ա. Մուրադյանը տեղեկացրեց, որ 2015 թ. սոցիալական փաթեթի շահառուների համար կկազմակերպվեն կանխարգելիչ բժշկական ստուգայցեր (Check-Up): Ծրագրի ներդրման համար 2014-ին նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել. գնահատվել են առաջնային օղակի կարողությունները, ձևավորվում է շահառուների առցանց շտեմարան: Գալիք տարում նոր թափ կհաղորդվի բնակչության առողջությունը վտանգող ծխելու, ալկոհոլը չարաշահելու, անառողջ սննդի, ֆիզիկական թերակտիվության, ավելորդ քաշի և այլ ռիսկերի դեմ պայքարին։ Կապահովվի շահագրգիռ գերատեսչությունների փոխհամաձայնեցված աշխատանք։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ