Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ապացուցողական բժշկության հիմունքներին նվիրված «Երիտասարդ գիտնականների դպրոցը» մեկնարկել է

Ապացուցողական բժշկության հիմունքներին նվիրված «Երիտասարդ գիտնականների դպրոցը» մեկնարկել է

Հանրապետական գիտաբժշկական գրադարանում շուրջ 30 երիտասարդ բժիշկներ այս օրերին մասնակցում են «Երիտասարդ գիտնականների դպրոց» ծրագրին` «Ապացուցողական բժշկության հիմունքներ» խորագրով:

 

10-օրյա դպրոցի մեկնարկի առթիվ՝ Մեդ-Պրակտիկը զրուցեց Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանի հետ:

 


Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյան–   Հանրապետական գիտաբժշկական գրադարանը պարբերաբար հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնություններով, ինչպե՞ս կազմակերպվեց այս դպրոցը:

 

–   Դպրոցն իրականացվում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակում: Անցյալ տարի մրցույթ հայտարարվեց, մենք ներկայացանք մեր ծրագրով, և այն հաղթող ճանաչվեց: «Երիտասարդ գիտնականների դպրոց»  է կոչվում ծրագիրը՝ նվիրված ապացուցողական բժշկության հիմունքներին: Այն ենթադրում է դասընթացներ, որոնք կտևեն տասը օր:

 

–   Ինչո՞ւ ընտրեցիք հենց ապացուցողական բժշկությունը:

 

–   Թեման շատ արդիական է, և ունենք հսկայական բաց այդ ուղղությամբ: Բժիշկներից շատերը միայն հասկացությանն են ծանոթ, չունեն անհրաժեշտ տեղեկացվածություն: Մեր գրադարանն արդեն շուրջ 10 տարի հրատարակում է ապացուցողական բժշկությանը նվիրված հանդես: Բացի այդ, վերջին տարիներին մենք նաև դասախոսություններ, տարբեր հանդիպումներ ենք կազմակերպում այս թեմայի շրջանակում: Այդ ամենն առավել համակարգված, ընդգրկուն տարբերակով ներառված է «Երիտասարդ գիտնականների դպրոցի» դասընթացում: Բացի տեսական մասից, լինելու է նաև գործնական հատված, օրինակ՝ ինչպես իրականացնել տեղեկատվության որոնում:

 

–   Ո՞րն է դպրոցի հիմնական նպատակը:

 

–   Առաջին հերթին, իհարկե՛, ապացուցողական բժշկության մասին տեղեկացվածության բարձրացումը: Բացի այդ, սրանով ևս մեր գրադարանն իրականացնում է իր գլխավոր առաքելություններից մեկը՝  տեղեկատվական գրագիտության խթանումը: Մարդիկ չգիտեն ինչպես գտնել ճիշտ տեղեկատվությունը: Իսկ ապացուցողական բժշկության հիմքում հենց տեղեկատվությունն է, արժեքավոր, որակյալ տեղեկատվությունը: Զարգացած երկրներում բժշկությունը վաղուց ընտրել է այս ճանապարհը:

 

–   Ի՞նչ արձագանք է ստացել միջոցառումը:

 

–   Երբ տարածեցինք հայտարարությունը, անմիջապես ստացանք արձագանքներ. ցանկացողները գրանցվեցին: Ուրախ ենք, որ երիտասարդները հետաքրքրված են: Նրանց շարքերում կան նաև ուսանողներ: Սա թե՛ նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն է, թե՛ շփման հարթակ: Ի դեպ, արդեն ունենք Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա, որին անդամագրվելը գուցե հետաքրքրի երիտասարդներին:


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն ՀովհաննիսյանԱպացուցողական բժշկության մասին զրուցեցինք բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանի հետ, ում դասախոսությունները լսելու հնարավորություն ունեն «Երիտասարդ գիտնականների դպրոցի» մասնակիցները

 

–   Իսկապե՞ս այդքան արդիական է ապացուցողական բժշկությունը:

 

–   Զարգացած երկրներում ապացուցողական բժշկությունը դարձել է բժշկական գործունեության, կրթության և գիտության նախընտրելի, ամենից շատ կիրառվող ոճը: Այսօր այն ամբողջովին մտել է բժշկական առօրյա:

 

–   Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում:

 

–   Պասիվ է: Միայն ինչ-որ բժիշկների նախաձեռնությամբ կազմակերպվում են այս թեմայով դասախոսություններ, հանդիպումներ, օրինակներից մեկն էլ այս դպրոցն է: Ամեն ինչ գտնվում է քարոզչական փուլում:

 

–   Դուք ինչպե՞ս եք պատրաստվում նյութը մատուցել այս դպրոցի դասընթացի շրջանակում:

 

–   Դասախոսությունների, սեմինարների, ինտերակտիվ պարապմունքների տեսքով:

 

Ապացուցողական բժշկության հիմունքներին նվիրված «Երիտասարդ գիտնականների դպրոցը» մեկնարկել է–   Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների հետաքրքրվածությունը:

 

–   Հայտերն ավելի շատ էին, քան մենք կարող էինք ընդունել: Մյուսների համար նորից կկազմակերպենք դպրոց: Երիտասարդները շահագրգռված են ստանալու այս գիտելիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք այսօրվա սերնդի համար. երիտասարդները, լինելով թարմ ուժեր, հույս են ներշնչում:

 

–   Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն երեք գլխավոր հատկանիշները, որոնք առավելություն են տալիս ապացուցողական բժշկությանը:

 

–   Այն բժշկության առանձին ոլորտ չէ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոճ է, մոտեցում: Ապացուցողական բժշկությունն առաջին հերթին ենթադրում է քննադատաբար կարողանալ ընթերցել, հասկանալ և կիրառել գիտաբժշկական գրականությունը: Երկրորդը՝ կարողանալ կիրառել բժշկական պրակտիկայում ամենահավաստի, զտված  տեղեկատվությունը: Առողջապահության կազմակերպման գործում, լինի նոր հիվանդանոցի հիմնում կամ բաժանմունքի ստեղծում, բուժման նոր ուղղության ներդրում, թե մեկ այլ բան, պետք է հիմնվել փաստերի, ապացույցների վրա, ոչ թե անհիմն ցանկությունների… Այսինքն՝ գիտական հիմնավորվածությունը պետք է սկզբունք դառնա առողջապահության յուրաքանչյուր կազմակերպչի համար:

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Սեղմել այստեղ կարդալու տեքստը
   

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը Մեդ-Պրակտիկին մանրամասներ ներկայացրեց ծրագրի, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների դպրոցին» աջակցության մասին:

 

–   Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին և միտված է աջակցելու երիտասարդ գիտնականներին: Չորս հիմնական ուղղություններով է զարգանում ծրագիրը. դրանք են՝ երիտասարդ գիտնականներին գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրում, երկրորդը՝ գիտական դպրոցներին, գիտաժողովներին և նմանատիպ միջոցառումներին  աջակցություն, երրորդը՝ մրցանակաբաշխության կազմակերպում ու անցկացում, չորրորդը՝ գիտական դրամաշնորհների տրամադրում: Այս չորս ուղղություններով արդեն երկու տարի ակտիվ գործունեություն է ծավալվում: «Երիտասարդ գիտնականների դպրոցին»  ֆինանսական աջակցություն է տրամադրվել, քանի որ մենք կարևորում ենք երիտասարդ գիտնականների գիտական ակտիվությունը, նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորություններ ստեղծելը:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հանրապետական գիտաբժշկական գրադարան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ