Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Քննարկվեցին ընթացիկ ծրագրերն ու համակարգի զարգացման տեսլականը

Քննարկվեցին ընթացիկ ծրագրերն ու համակարգի զարգացման տեսլականը

ՀՀ առողջապահութան նախարար Դերենիկ Դումանյանի հրավերով աշխատանքային կարճատև այցով Հայաստանում է գտնվում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը։ Այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում  նախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Ջակաբին իր հրավերն ընդունելու համար և վստահեցրեց, որ նրա այցը դրական լուրջ ազդեցություն կունենա հետագա համագործակցության վրա։


Մինչ ԱՀԿ-Հայաստան համագործակցության հարցերի քննարկումը Դերենիկ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները և այն մոտեցումները, որոնք առաջիկա տարիներին առողջապահական քաղաքականության հիմքում են լինելու։ Նախարարը կարևորեց  հատկապես ԱՀԿ-ի քաղաքականությանը համահունչ ՀՀ Առողջապահության քաղաքականության հայեցակարգի մշակումը, որի հիմնական ուղղությունների շուրջ էլ կձևավորվեն բարեփոխումների ապագա ծրագրերը։ Դերենիկ Դումանյանը խոսեց նաև վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջապահական համակարգի ֆինանսավորման հայեցակարգի, դեղորայքային քաղաքականության, հանրային առողջապահական ծառայությունների զարգացման, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սկրինինգների իրականացման,  մոր և մանկան առողջության պահպանման, առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում ծառայությունների տրամադրման կազմակերպման և կառավարման օրինակելի մոդելի, ինչպես նաև ախտորոշման ու բուժման չափորոշիչների ներդրման և այլ ծրագրերի մասին։ 


Անդրադառնալով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ արդյունավետ աշխատանքին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ վերջերս  ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստերից մեկում մանրամասն ներկայացվել են այդ համագործակցության արդյունքները։ 
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը վստահեցրեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է աջակցելու ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերին։ Նա բարձր գնահատեց հատկապես Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ծրագրի դրական արդյունքները, ինչպես նաև մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազումը։ Ընդգծեց, որ դեռևս լուրջ խնդիր է հանրապետությունում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մեծ տարածվածությունը, ուստի խրախուսելի են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսվող սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգները։ Տիկին Ջակաբը կարևորեց նախարարության հաստատակամությունը համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, մանավանդ, որ դրան նպատակաուղղված ծրագրերն ու մոտեցումները բխում են եվրոպական ուղեցույցներից։


Նախարար Դումանյանը Ժուժաննա Ջակաբին շնորհակալություն հայտնեց ինչպես այցի, այնպես էլ աջակցության պատրաստակմության համար։


Վաղը կազմակերպվող համատեղ աշխատաժողովում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության լույսի ներքո մանրամասն կքննարկվեն գերակա խնդիրների շուրջ իրականացվող ծրագրերն ու գործողությունները։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. telegraf.lv
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ