Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնն ընդլայնում է բուժծառայությունների շրջանակը

ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնն  ընդլայնում  է բուժծառայությունների շրջանակը

Համահայկական բանկի գրասենյակում տեղի ունեցավ  բանկի և ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնի միջև երկարաժամկետ վարկային պայմանագրի ստորագրման արարողությունը: 315 մլն դրամի վարկը տրամադրվեց ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնի բուժծառայությունների ընդլայնման և զարգացման ծրագրի ֆինանսավորմանը:


ՄԵԴԱՍԻՍՏ կենտրոնը  Հայաստանում գործող և դինամիկ աճ ունեցող բուժհաստատություն է, որը զարգանում է որպես ընտանեկան և ապահովագրական բժշկության կենտրոն: ՄԵԴԱՍԻՍՏ-ի  հիմնադիր Լևոն Ալթունյանը  մեզ հետ զրույցում պարզաբանեց կենտրոնի նպատակները. «ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնը ստեղծված է` լրացնելու հայրենական բժշկության այն բացը, որն այսօր առկա է բարձր տեխնոլոգիաների ու սպասարկման ոլորտներում: Այդ բացը մենք լրացնելու ենք առաջին հերթին գերժամանակակից սարքավորումներով, որոնցից մեկի ֆինանսավորման պայմանագիրն այսօր կնքվեց, իսկ հետո` ինտելեկտուալ մտքով: Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել այս նպատակները՝ համագործակցելով ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշորագույն կլինիկաների հետ, որտեղ պարբերաբար հյուրընկալվելու են մեր մասնագետները և անցնելու են վերապատրաստման դասընթացներ»:


Վարկային պայմանագրի կնքման, ձեռքբերվելիք տեխնիկայի ու նոր հնարավորությունների մասին զրուցեցինք ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Խաչատրյանի հետ:


ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնն  ընդլայնում  է բուժծառայությունների շրջանակը–  Պարոն Խաչատրյան, 1-2 տարի է, ինչ ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնը զբաղվում է նաև ախտորոշմամբ ու բուժմամբ:  Ինչպե՞ս  կատարվեց անցումն  այս նոր  գործառույթներին:


–  Այո, կարելի է ասել, որ վերջին 1-2 տարում է, որ ամբողջական ծավալով կատարում ենք նաև ախտորոշիչ ու բուժման գործառույթներ: Մինչ այդ ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնը ավելի շատ զբաղվում էր հիվանդներին համապատասխան մասնագետների մոտ կամ կլինիկաներ ուղեգրելով: Ժամանակի ընթացքում որոշեցինք ընդլայնել մեր գործառույթների ոլորտը, և կյանքը ցույց տվեց, որ կայացրել ենք ճիշտ որոշում, քանի որ դա էր ժամանակի պահանջը: 


–  Այսօր ստորագրեցիք վարկային պայմանագիր, որը հնարավորություն կտա գնելու բարձրորակ տեխնիկա: Կբնորոշե՞ք դրա կարևորությունը Ձեզ համար:


–  Այսօր մեզ համար հիրավի կարևոր օր էր: Սարքերը, որ ձեռք կբերվեն ստացված գումարով, կլինեն մեր գործունեության ամրացման միջոցների մի մասը միայն, քանի որ  մեր շեշտադրումը եղել և մնում է մատուցվող ծառայությունների որակը:


–  Խնդրում եմ մանրամասնեք, թե  հատկապես ի՞նչ ներդրումներ կարվեն ստացված 315  միլիոն դրամով:


–  Մենք հնարավորություն ենք ստանում ձեռք բերելու Toshiba հայտնի ընկերության 2012 թվականի արտադրության գերժամանակակից ռենտգեն-ախտորոշման  սարքը և համակարգչային տոմոգրաֆ:


–  Ի՞նչ նոր հնարավորություններ ունեն այդ սարքերը: Կա՞ն հիվանդություններ, որոնք նախկին սարքավորումներով հնարավոր չէր ախտորոշել, իսկ Ձեր նախընտրած նոր տեխնիկան կտա այդ հնարավորությունը:


–  Կան բժշկական տարբեր նրբություններ, որոնցով պայմանավորված՝  այս տեխնիկան առավելություններ ունի: Խոսքը նման տարբերակումների մասին չէ, ինչպիսին էր Ձեր օրինակը, բայց, այս նոր սարքերի հստակությունը անհամեմատ մեծ է, նկարահանվող կտրվածքներն ավելի շատ ու խիտ են, ինչը տալիս է բազմաշերտ ուսումնասիրության հնարավորություն, նաև ավելի շատ ֆունկցիաներով են օժտված: Հետևաբար` եթե համեմատենք այլ սարքավորումների հետ, սրանք բոլորովին այլ որակ են ապահովում, բացառիկ են Հայաստանում ու տարածաշրջանում,  հագեցած են նոր տեխնոլոգիական հնարավորություններով:


ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնն  ընդլայնում  է բուժծառայությունների շրջանակը–  Ե՞րբ է նախատեսվում տեխնիկայի ներկրումը:


–  Դեռևս բանակցությունների փուլում ենք: Ամեն դեպքում,  նախատեսում ենք ներկրել մոտակա 2-3 ամիսների ընթացքում: Շուտով պատրաստ կլինի սարքավորումների համար նախատեսված տարածքը, աշխատանքներն ընթացքի մեջ են:


–  Նոր տեխնիկան հնարավորություն կտա՞ հասնելու եվրոպական չափանիշներով ախտորոշմանն ու բուժմանը:


–  Անշուշտ, ունենալով լավորակ տեխնիկա, մենք ավելի մեծ վստահություն ձեռք կբերենք մեր օտարերկրյա գործընկերների հանդեպ և կկարողանանք արտահանել մեր ծառայությունները: Մեր ախտորոշումները այսուհետ ընդունելի կլինեն արտասահմանյան հայտնի կլինիկաների համար, այսինքն՝ եթե մենք հետազոտենք որևէ հիվանդի և ուղարկենք բուժվելու արտերկրում, հետազոտություններն այնտեղ այլևս չեն կրկնվի, հիվանդը պարզապես ստանա մեր ախտորոշմանը համապատասխան բուժում: Բացի այդ, մենք կկարողանանք մատուցել ծառայություններ եվրոպական կլինիկաներին: Օրինակ, եթե Լոս Անջելեսում կատարվի որևէ հետազոտություն, նրանք կարող են առցանց  կապի մեջ մտնել մեզ հետ, և մենք կկատարենք համապատասխան ախտորոշում:


–  Իսկ ի՞նչն է նրանց շահագրգռելու, այն, որ  այստեղ այդ ծառայությունն ավելի մատչելի՞ է:


–  Ես չէի ցանկանա շեշտը դնել միայն գումարային կողմի վրա: Պատճառներից մեկը կարող է լինել, ասենք, ժամային խնդիրը:


-–  Կա՞ն էլի նպատակներ` իրականացնելու ձեռք բերված գումարով:


–  Բացի ռենտգեն-ախտորոշման  և համակարգչային տոմոգրաֆիայի սարքերից, մենք նաև կվերազինենք մեր լաբորատորիան: Ցանկանում ենք  ընդլայնել բուժծառայությունների շարքը, հնարավոր է ավելացնել աշխատանքային ժամանակահատվածը, որպեսզի հաճախորդը կարողանա օգտվել մեր ծառայություններից իրեն ավելի հարմար ժամին, ասենք՝ 18:00-ից հետո:


–  Դա ենթադրում է  նաև բուժանձնակազմի թվի ա՞ճ:


–  Կարծում եմ` այո, հատկապես, եթե նկատի ունենանք, որ նախատեսվում է աշխատանքային դարձնել նաև կիրակի օրերը:

 

Ցանկանանք ՄԵԴԱՍԻՍՏ բժշկական կենտրոնին հաջողություններ իր ձեռնարկած աշխատանքներում` ի նպաստ նաև մեր երկրում բժշկության զարգացման։

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ